ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՆՈՐ ՀՐԱՇՔԸ ․ ԶԱՆԳԵԶՈՒՐ (Zangezur) | ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ GAREGIN NZHDEH
14.08.2014 – hayagitaran.
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՆՈՐ ՀՐԱՇՔԸ ․ ԶԱՆԳԵԶՈՒՐ (Zangezur) | ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ GAREGIN NZHDEH
Հայաստանից հեռանալիս հետս առել եմ Արաքսի հայկական ափին զինվորներիս զարնած վագրի մորթին՝ իմ միակ վարձատրությունը, Ջավալ փաշայի դաշույնը՝ իմ միակ պատերազմական ավարը, պարտություն չտեսած Սյունյաց դրոշը, թող դա դրվի կրծքիս վրա, գերեզմանիս մեջ, և մի հին Հայկազյան բառարան՝ իմ միակ մխիթարանքը տարագրանքիս մեջ:
Նժդեհ Գարեգին
Հայերի ակտիվ մասնակցությունն ու գիտակցված հերոսական գործունեությունն աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վստահություն էր ներշնչում, որ անկախ Հայաստանը կարճ ժամանակահատվածում կկարողանա ստեղծել տարածաշրջանի լավագույն մարտունակ բանակը: Սակայն դա տեղի չունեցավ, որտեղ իր մեղքի բաժինն ուներ ստեղծված արտաքին քաղաքական վիճակը, հատկապես բոլշևիկների վարած հակահայկական քաղաքականությունը: Բոլշևիկները թույլ չտվեցին արևմտյան ռազմաճակատում կռվող հայերին գալ Հայաստան, և կարմիր բանակի շարքերում նրանցից շատերը ստիպված էին կռվել Միջին Ասիայում և իրենց հուսադրել նրանով, որ կռվում և հաղթում են հայ ժողովրդի դահիճ Էնվեր փաշայի զորքերի դեմ: Չնայած սրան, գլխավոր մեղավորն այդ ժամանակ ՀՀ-ի կառավարությունն էր և քաղաքական էլիտան: Իշխանությունները չկարողացան ձևավորել ազգային գաղափարախոսություն՝ կապ բանակի և ժողովրդի միջև, նաև խոսելով հավասարության ու ժողովրդավարության մասին երկրում չկարողացան ստեղծել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ: Կիմ Բախշին, լինելով այդ կառավարության մասնիկը, իր «Երկու ամիս բոլշևիկյան բանտում» գրքում նկարագրում է իշխանությունների անտրամաբանական հակահայկական քաղաքականությունը: Խոսելով Հայաստանի, մուսուլմանների ապստամբության մասին, նա գրում է. «Հայկական խորհրդարանը չխորանալով իրողության մեջ բողոքներ էր ներկայացնում, երբ հայ բանակը փորձում էր ճնշել նրանց բացահայտ խռովությունները կամ պաշտպանվում էր, երբ թուրք սպաների ղեկավարությամբ ադրբեջանցիները հարձակվում էին հայ զինվորների վրա: Դրան հակառակ՝ երկրում խռովություններ հրահրող բոլշևիկները, ձերբակալվում հետո արագ ազատվում են ու նորից շարունակում իրենց քայքայիչ գործողությունը: Չկար տեղական ամուր իշխանություն, նույնիսկ հնարավոր չէր անվտանգ Աշտարակից Երևան հասնել: Եղան դեպքեր, երբ ձերբակալվել կամ բանակ են տարվել տղամարդիկ, միայն նրա համար, որ տեղական պաշտոնյան աչք է դրել նրա կնոջ վրա»: Այդպիսի պայմաններում ծիծաղելի է կարծել, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ բարոյապես ամուր, պետությանը նվիրված բանակ: Այն, որ կարելի էր միավորել հայությանը և տանել լիակատար հաղթանակի, կամ էլ բոլոր ճակատներում կնքել պատվաբեր հաշտություն, լավ երևում է Զանգեզուրի դեպքերից: Զանգեզուրը գտնվում էր ծանր վիճակում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Զանգեզուր ուղարկեց Գարեգին Նժդեհին: Երևանից նա Գորիս տարավ ընդամենը իր նշանակման հրամանը: Կյանքում նա ինչի որ հասավ, նախ պարտական էր զանգեզուրցիներին, հետո՝ իրեն: Պարտական էր այն գաղափարախոսությանը, որի սկիզբը Զանգեզուրում դրեց հենց ինքը՝ Նժդեհ Գարեգինը: 1920թ. օգոստոսի 10-ին, հայ-ռուսական պայմանավորվածության համաձայն, Կարմիր Բանակը պետք է մտներ Ղարաբաղ և Զանգեզուր: Դրա մասին կենտրոնական իշխանությունը հրահանգեց Գարեգին Նժդեհին: Լավ ճանաչելով բոլշևիկներին և նրանց միացած ադրբեջանցիներին, նա հրաժարվեց կատարել հրամանը: Բոլշևիկյան իշխանությունների և բանակի կեղծ խոստումների հետևանքով զանգեզուրցիները (սկզբնական շրջանում) դադարեցրին դիմադրությունը: Նժդեհ Գարեգինը մի քանի կողմնակիցների հետ քաշվեց Խուստուփ լեռը՝ չճանաչելով բոլշևիկների իշխանությունը: Նա վստահ էր զանգեզուրցիների գենային հիշողության և մարտական ոգու վրա, որի համար էլ այնտեղից նամակներ էր հղում Զանգեզուրի ժողովրդին, որոնցում՝ մի կողմից բարձրացնում էր նրանց մարտական ոգին, մյուս կողմից էլ՝ ներկայացնելով իրական վիճակը, նախապատրաստում էր նրանց նոր կռիվների: Զորավարի գրական տաղանդի լավագույն նմուշ կարելի է համարել Նժդեհի կոչը ղափանցիներին, որտեղ նա ասում է. «Ես՝ Դավիթ-բեկյան ուխտին հավատարիմ, շարունակում եմ մնալ քո լեռներում, ու ավելի հպարտ, քան էի: Դու արեցիր այն, ինչ ուզում էր թշնամին: Նա գոհ է քեզանից, անչափ գոհ, բայց գիտես, Կապան, թե որքան ուժեղ է նա ատում և արհամարհում քեզ… Դուրս, դուրս եկեք ձորերից: Դուրս ծմակներից՝ միանալու Դավիթ-բեկյան հզոր ուխտին»:
Բոլշևիկների վարած հակահայկական քաղաքականությունն ի վերջո լցրեց զանգեզուրցիների համբերության բաժակը և նրանք Զանգեզուրից ջախջախելով դուրս շպրտեցին բոլշևիկներին ու նրանց միացած ադրբեջանցիներին: Հայաստանի Հանրապետության անկումից հետո էլ Զանգեզուրը մնաց անառիկ: 11-րդ կարմիր բանակի հրամանատարական կազմն առաջարկեց Նժդեհին հանձնվել, պատճառաբանելով, որ Զանգեզուրը մնացել է միայնակ և ոչ ոք նրան օգնել չի կարող: Նա հպարտորեն, պատասխանեց. «Ես հավատում և հույս եմ դնում միայն Զանգեզուրի լեռների և ավելի հպարտ զանգեզուրցիների վրա»: Նժդեհի դեմ ուղարկեցին Խորհրդային Ռուսաստանի այդ ժամանակ ամենանշանավոր զորահրամանատար Կուռոչկինին, որը հադթել էր Կոլչակին, Լուտինիչին և Դենիկինին: Նա գոռոզաբար հայտարարեց, որ մեկ ամիս չանցած Գարեգին Նժդեհին և նրա 800 (այդքան էր Նժդեհի մշտական գայլավաշտերի ընդհանուր քանակը) զինվորներին շղթայակապ կբերի Մոսկվա: Միաժամանակ Զանգեզուրի վրա են հարձակվում Արևելքից՝ 11-րդ բանակի զորքերը, բոլշևիկացված Ադրբեջանը, արևմուտքից՝ Նախիջևան մտած քեմալական Թուրքիան: Չճշտված տվյալներով. 11-րդ բանակն այդ կռիվներում տվել է 15000 սպանված: Ավելի շատ էին գերիները: Նժդեհը նեղսրտված գրում էր. «Ես ու իմ զինվորները չենք կարող հսկել գերիներին, ես չեմ կարող նրանց գնդակահրել, երբեք ստորություն չեմ արել, բայց չեմ կարող նաև նրանց բաց թողնել: Կարմիր զինվորներն են ասում, որ եթե նրանց արձակեմ, իրենց ղեկավարները նորից նրանց ստիպելու են իմ դեմ կռվել»: Գարեգին Նժդեհը ոչ միայն զինվոր էր, այլ նաև միջնադարյան, ավելի ճիշտ հին հայկական ասպետ, որի համար էլ հպարտորեն իր հուշերում գրել է. «Ես ունեմ երկու սրբություն՝ հայրենիք և ճշմարտություն»: Երբ հյուսիսից Զանզեզուրի վրա հարձակում սկսեցին նաև երևանյան խմբավորման զորքերը, որոնք կազմված էին հիմնականում հայերից, կոտրվեց Նժդեհի պայքարի ոգին և նա ցավով գրեց. «Ինչպես կարող էի նրանց դեմ օգտագործել իմ մահաբեր վառոդի տակառները, իմ զենքը, երբ այնտեղից հայերեն լեզվով լսում եմ, մենք էլ հայ ենք»: Խոսելով 1920-1921թթ զանգեզուրյան դեպքերի մասին, տեղին է խոսել նաև մեկ այլ հանճարեղ իրական հայ քաղաքական գործչի՝ Ալեքսանդր Մյասնիկյանի մասին: Եթե հայ բոլշևիկներին մեծամասնությամբ կարելի է բնութագրել՝ միամիտ Շահումյանի և սադիստ Աթարբեկյանի կերպարներով: Վերջինս ցինիկաբար հայտարարում էր. «Մենք Ռուսաստանում կոտորել ենք 10 միլիոնից ավել մարդ, ոչինչ, եթե Հայաստանում էլ կոտորվեն 800000-ը, (դա ողջ Հայաստանի բնակչությունն էր) կարևորն այն է, որ հեղափոխությունը վերջնականապես չի հաղթանակել, եթե հայ բանվորն ու գյուղացին իրենց ձեռքով չեն թափել հայ բուրժուայի արյունը»: Նրա նմանները հասան իրենց նպատակին: Անիմաստ ձերբակալություններն ու բռնությունները 1921թ. փետրվարին, հայ բնակչությանը ստիպեցին ապստամբել և դուրս մղել Հայաստանից Կարմիր Բանակին: Ի վերջո նրանց ցանկությունը կատարվեց, Հայաստանում ևս տեղի ունեցավ քաղաքացիական պատերազմ: Ալեքսանդր Մյասնիկյանը եղել է այն նշանավոր բոլշևիկը, որ աչքի է ընկել՝ ինչպես քաղաքական գործունեության, այնպես էլ ռազմական գործունեության ուղղությամբ: Նա ընտրվել է Բելոռուսիայի հեղկոմի առաջին քարտուղար, եղել է Բելոռուսիայում գտնվող Կարմիր Բանակի հրամանատարը: Նա, իր հայրենիքի համար օրհասական պահին Հայաստան եկավ, որը Օրջոնիկիձեների, Նուրիջանյանների և Կասյանների պատճառով կանգնած էր կործանման եզրին: Նախկին կոմունիստ ղեկավարներ՝ Նուրիջանյանի, Աթարբեկյանի ջանքերով երկիրը գլորվել էր արյունահեղության և քաղաքացիական պատերազմի գիրկը: Հայաստան գալով նա հայտարարեց. «Հայաստանում պետք է կիրառել խորհրդային կարգերը, բայց առանց բառացի ընդօրինակման, առանց անպատճառ կրկնելու այն ամենը, որ տեղի է ունեցել Ռուսաստանում, որովհետև մեծ Ռուսաստանի կարմիր գոտին (նկատի ունի Ռուսաստանում անցկացվող տեռորի քաղաքականությունը) մեր վտիտ մարմնի վրա շատ երկար կլինի, ինչպես նոր գոտին՝ Սասունցի Դավթի մեջքին: Եվ դա կլինի ծիծաղելի, անգամ՝ վտանգավոր»: Նա հավատում էր բոլշևիզմին, բայց նաև իրական հայրենասեր էր։ Մյասնիկյանը եկավ Հայաստան, երբ Կարսի պայամանգրով բոլշևիկները ստիպեցին խորհրդայնացված Հայաստանին հրաժարվել ոչ միայն արևմտյան Հայաստանից, այլև Կարսից, Սուրմալուից, Նախիջևանից: Պատմում են, որ Մյասնիկյանը մի քանի շաբաթ չի արտասանել ոչ մի բառ, որից հետո կառավարության անդամների ներկայությամբ հայտարարել է.«Հողը տրվում է արյունով և պետք է վերցնել միայն արյունով»: Այդպիսի մարդը, որը լավ Էր հասկանում ստեղծված իրավիճակը, հասկանում Էր նաև Զանգեզուրի ու Ղարաբաղի նշանակությունը Խորհրդային Հայաստանի համար: Չկան փաստեր, բայց դեպքերի զարգացումը մեզ ենթադրել է տալիս, որ կապ կա Մյասնիկյանի ու Գարեգին Նժդեհի միջև, և Մյասնիկյանը Նժդեհին գաղտնի քաջալերում էր շարունակել պայքարը: Նժդեհի պայքարի շնորհիվ հույս էր արթնանում, որ Ստալինի և մյուս ուժերի ցանկությանը հակառակ Զանգեզուրն ու Ղարաբաղը կմնան Հայաստանին: Դեպքերն այդպես էլ զարգանում էին, երբ Գարեգին Նժդեհը դադարեցրեց իր պայքարն ու հեռացավ Պարսկաստան: Հետագայում էլ, մութ դավերի հետևանքով Ղարաբաղը կտրվեց և միացվեց Ադրբեջանին: Բայց բոլշևիկները չմոռացան Նժդեհի խոսքերը, որը հեռանալիս ասել էր. «Դուք գիտեք, որ ցանկության դեպքում ես միշտ հնարավորություն կունենամ մի քանի տասնյակ զինվորներով վերագրավել Լեռնահայաստանը, որպեսզի այս երկրի աշխատավոր գյուղացիությունը ստիպված չլինի մեկ էլ ինձ օգնության կանչելու, աշխատեք բավարարել հայ գյուղացիության և նրա մտավորականության արդար պահանջը»: Տարբեր ճանապարհներ ունեցան հայրենասեր, կոմունիստ Մյասնիկյանը և ազգայնական Գարեգին Նժդեհը: Մյասնիկյանը, տեղափոխվելով Թիֆլիս, Անդրկովկասյան Ֆեդերացիայի կառավարության կազմում շարունակում էր իր հայանպաստ գործունեությունը, որի համար էլ (հավանաբար) կազմակերպեցին ինքնաթիռի վթարը: Գարեգին Նժդեհն՝ իսկական հայրենասերի և ազգայնականի նման, մինչև վերջին օրը շարունակեց պայքարը: Հայկական գաղթօջախներում հայության պահպանման համար ամենածանրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն էին, որտեղ ազգերը դատապարտված էին ձուլման ու ոչնչացման: Նժդեհն իր գործունեությունը ծավալում է հենց այդ միջավայրում: Նա ազգայնական Հայկ Ասատրյանի հետ ձևավորում է Տարոնական, հետո Ցեղակրոն շարժումները, որոնք դառնում են գլխավոր ուժ հայապահպանության գործում:
1915-1922 թթ. ցեղասպանության հետևանքով, հայության մի խոշոր զանգված իր փրկությունը տեսնում էր հայուրացության մեջ: Եվ դա բնական էր: Արդեն՝ հայոց լեզուն, հայ լինելը ծանր բեռ էր ջարդի կոմպլեքսներ ստացած մարդու համար: Շատ հայեր իրենց երեխաներին դիտավորյալ ուղարկում էին օտարազգի դպրոցներ, իսկ տանն աշխատում էին նրանց հետ. հայերեն չխոսել: Այդպիսի ընտանիքի զավակներից մեկը հետագայում գրում է. «Հայրս չէր ուզում, որ ես հայ մեծանայի, հայ դառնայի, իմ ամեն մի հայերեն խոսքը նրան հիշեցնում էր իր հոր, մոր և ազգականների սպանվելը, իր իննամյա քրոջ խմբակային բռնաբարումը և մարդու տեսքով գազանների կողմից հոշոտվելը: Նա ինձ արգելում էր գնալ Տարոնական շարժման ժողովներին և եթե ես գնում էի այնտեղ, ինձ տուն չէր թողնում: Գարեգին Նժդեհն էլ իր հերթին հայտարարում էր, որ հայը միայն ընտանիքի ծոցում կարող է մեծանալ և ստիպում էր ինձ ժողովից հետո տուն գնալ: Ես երկու քարի, երկու ճշմարտության միջև էի, ամեն ժողովից հետո գալիս էի տուն և կծկվում դռան առաջ, որ առավոտյան՝ լույսը բացվելուն պես, նորից գնայի ինձ հոգեհարազատ մարդկանց մոտ: Ի վերջո հաղթեց ազգի ոգին. Ոչ միայն ես մեծացա հայ, այլև իմ հայրը վերադարձավ հայության գիրկը և հաղթեց այն սարսափները, որ իր մեջ մնացել էր մեծ ցեղասպանության պատճառով»:
1933թ. Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ Գերմանիայում իշխանության գլուխ անցան նացիոնալ սոցիալիստները: Ըստ Հիտլերի տեսության, մարդկությանը բաժանեցին երեք խմբի.
1. Արիացիներ, որոնք լինելով միակ արարող ազգերը, ստեղծել են համաշխարհային բոլոր քաղաքակրթությունները: Հիտլերի համար պետության կատարյալ մոդել էր Աքեմենյան Պարսկաստանը, իսկ արիացի ժողովուրդները՝ գերմանական ծագում կամ գերմանական արյան քանակություն ունեցող ժողովուրդները:
2. Առևտրականներ, որոնք ոչինչ չեն ստեղծում, սակայն կատարում են որոշակի դեր՝ իրականացնելով առևտրական կապ արիական ժողովուրդների միջև: Դրանց մեջ մտնում են սլավոնները, արաբները, հրեաները:
3. Քոչվորներ, որոնք համարվում էին նեգրերը, թուրքական ծագման ժողովուրդները և այլն:
Եթե երրորդ խմբին պատկանող ժողովուրդները պետք է ոչնչանային, ապա երկրորդ խմբին պատկանող ժողովուրդները պետք է որոշ քանակությամբ կրճատվեին, իսկ ազատ տարածքներում պետք է հաստատվեին արիական ժողովուրդները: Երրորդ Ռայխում արևելյան հարցերի մասնագետ էր համարվում Ռոբինտրոբը, որի կինը վրացուհի էր, և նա՝ համոզեց Հիտլերին, որ Կովկասում արիական ժողովուրդ կարելի է համարել միայն վրացիներին, իսկ հայերը՝ հրեա դարձած պարսիկներ են: Այս սահմանումից բխում էր, որ հայերի քանակությունը և տարածքները նույնպես պետք էր կրճատել, իսկ ազատված տարածքները հանձնել վրացիներին: Այդ մասին իմանալով, Գարեզին Նժդեհը և Հայկ Ասատրյանը գրեցին մի շարք աշխատություններ, որոնցում գիտականորեն ապացուցեցին հայերի հնդեվրոպական արիական ծագումը: Գարեգին Նժդեհը փորձեց կապ հաստատել Ադոլֆ Հիտլերի հետ և այդ աշխատությունները ներկայացնել նրան: Ռոբինտրոբի ջանքերով դա իրականացնել հնարավոր չեղավ: Դա Գարեգին Նժդեհին չհուսալքեց, նա կարողացավ այդ աշխատությունները հանձնել Իտալիայի առաջնորդ Մուսոլինիին, որն էլ աշխատությունների հետ ծանոթանալով դրանք հանձնեց Ադոլֆ Հիտլերին: Ադոլֆ Հիտլերը բարձր գնահատեց Գարեգին Նժդեհի գիտական գործունեությունը և ընդունեց հայության համար պատմական որոշում, որով հայերին ոչ միայն մտցրեցին արիական ազգերի ցուցակի մեջ, այլև՝ գերմանացիներից բացի, միայն հայերի անձնագրում սկսեցին դրոշմել արիացի բառը, որով գերմանացիների օկուպացված տարածքներում հայերի իրավունքները հավասարեցվում էին գերամանացիների իրավունքներին: Սրանով համակենտրոնացման ճամբարներից և մահից Եվրոպայում և օկուպացված Ռուսաստանում փրկվեցին մեկ միլիոնից ավելի հայեր:
1944 թ., երբ Խորհրդային բանակը մտավ Բուլղարիա, որտեղ բնակվում էր Գարեգին Նժդեհը, Բուլղարիայի ցարը՝ հաշվի առնելով այն մեծ ծառայությունները, որ Գարեգին Նժդեհը 1912 թ. մատուցել էր Բուլղարիային՝ կռվելով Թուրքիայի դեմ, առաջարկեց նրան իր ինքնաթիռով հեռանալ երկրից: Նժդեհը, գնահատելով իրավիճակը և հասկանալով, որ հայության ճակատագիրը շատ բանով կախված է Խորհրդային Միությունից, հրաժարվեց և հանձնվեց խորհրդային իշխանություններին: Նա բանտում գրեց և գիտականորեն ապացուցեց, որ քաղաքական նոր քարտեզում կան երկու հզոր պետություններ՝ հանձինս ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի: Նա ցույց տվեց, որ նոր պայմաններում Թուրքիան դառնալու է Ամերիկայի առաջատար հարվածող ուժը՝ ԽՍՀՄ-ի դեմ պայքարում: Նաև առաջարկեց իր ծառայությունը՝ Արևմտյան Հայաստանում պարտիզանական պատերազմ կազմակերպելու և Արևմտյան Հայաստանը գրավելու վերաբերյալ: Ստալինն անձամբ ընդունեց Գարեգին Նժդեհին և երկարատև քննարկում ունեցավ նրա հետ՝ հայերեն լեզվով. (հավանաբար չցանկանալով, որ մյուսները ծանոթանան քննարկվող նյութին): Այդ ծրագիրը հետագայում չիրականացավ, սակայն Նժդեհը բանտում ստեղծեց այնպիսի պայմաններ՝ որպեսզի ձախողվի հայերին Ալթայի երկրամաս ամբողջությամբ աքսորելու ծրագիրը, որն արդեն պատրաստ էր և որոշում էին իրականացնել:
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՆՈՐ ՀՐԱՇՔԸ ․
ԶԱՆԳԵԶՈՒՐ (Zangezur) | ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ GAREGIN NZHDEH
Հայ զինվորականությունն ու կազակությունը
նրանց դերը համաշխարհային պատմության մեջ
ԿԱՐԻՆԵ ՇԻՐԱԿ
ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
hayagitaran.am/2014/08/id-4628.html