Մեծ արկածախնդրություն․ Հայաստան հիմնադրամի փողերը «վերադարձրի՞ն» Արցախ
26.03.2021 | Արցախ | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:
Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, որոշվել է Արցախում 110 միլիարդ դրամի բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր իրականացնել: «Ծրագիրն առաջարկվում է իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով և ֆինանսավորել հետևյալ համամասնությամբ. այս պահին հիմնադրամի հաշիվներում կա վերջին դրամահավաքի արդյունքներով գոյացած շուրջ 58 միլիարդ դրամ, և Հայաստանի կառավարությունը կտրամադրի 52 միլիարդ դրամ», ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նման ծրագիրը թույլ է տալիս Փաշինյանին եւ Հարությունյանին միանգամից լուծել մի քանի խնդիր։ Խոսքն առաջին հերթին Հայաստան հիմնադրամի մասով Սփյուռքի դժգոհությունների մասին է։ Հիշեցնենք, որ հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի վերջին նիստի ժամանակ բաց տեքստով խոսվել է հիմնադրամի գումարների մի մասը Հայաստանի բյուջե փոխանցելու կամայական որոշման անընդունելիության մասին։
Զարմանալի զուգադիպությամբ պարզվում է, որ 2020 թ․նոյեմբերի 24-ին ՀՀ բյուջե է փախանցվել, այո, 52,7 մլրդ․ դրամ։ Այսինքն, ստացվում է, որ Հայաստանը Արցախին տալիս է հիմնադրամում եղած 58 մլրդ դրամը եւ «վերադարձնում» է այն կասկածելի 52 մլրդը, որը փոխանցել է բյուջե։
Հայաստանի կառավարությունը միանգամից երեք հարց է փորձում «լուծել». «մաքրում է» իրեն Սփյուռքի առաջ, «լավություն է» անում Արցախին՝ թեկուզ Սփյուռքի հաշվին եւ ձեռքերը լվանում Արցախից, որպեսզի հետո «արդարանա», թե Արցախը վերականգնվում է ոչ թե Հայաստանի, այլ Սփյուռքի փողերով։
Արայիկ Հարությունյանը եւս կարեւոր խնդիր է լուծում, քանի որ հիմա կարող է ասել, որ փող է բերել Արցախ եւ «պոկել» Հայաստանից հիմնադրամի բոլոր փողերը։
Այս ամենում մտահոգիչ մեկ այլ հանգամանք կա․ կա՞ն արդյոք բավարար երաշխիքներ, որոնք թույլ են տալիս այդքան գումար ներդնել շինարարության մեջ եւ մարդկանց ապագան կապել Արցախի հետ։ Արցախցիները իրենց ապագան առանց այն էլ Արցախի հետ են կապում, բայց ՀՀ եւ ԱՀ Անվտանգության խորհրդներից ուզում են լսել ոչ թե փողերի մասին, այլ անվտանգության երաշխիքների եւ երկու պետությունների հետագա հարաբերությունների ձեւաչափի մասին։ Նրանք չեն ուզում պատանդ լինել մի քաղաքականության, որի վերջնական նպատակը չի հայտարարվում։ Առավել եւս՝ ՀՀ բանակը Արցախից դուրս բերելու եւ ռուսերենը Արցախում երկրորդ պաշտոնական լեզու դարձնելու ֆոնին։
«Այսօր մենք քննարկումներ ենք ունենալու Անվտանգության խորհուրդների կազմերով, քննարկելու ենք անվտանգային միջավայրի և ապագայի շուրջ մեր ռազմավարական պատկերացումների վերաբերյալ հարցեր», ասել է Փաշինյանը:
«Այդ նախագծերում միշտ հաշվի ենք առնում այսօրվա իրականությունը, զուգահեռ պլանավորում հողահատկացման, բնակիչների հետագա զբաղվածության ապահովման աշխատանքները, քննարկում ենք նաև կոոպերացիայի ժամանակակից մոդելներ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։
lragir.am/2021/03/26/630183/