Թուրանն արդեն չինական պատի տակ. Ինչու էր լռում Պեկինը Արցախում պատերազմի ժամանակ

Թուրանն արդեն չինական պատի տակ. Ինչու էր լռում Պեկինը Արցախում պատերազմի ժամանակ

26.03.2021 | Մեկնաբանություն | Lragir.am,

Այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սահմանեց «չարիքի առանցքը»՝ Չինաստան, Թուրքիա, Ռուսաստան, պատժամիջոցների առարկայական հայտարարությամբ, Պեկին շտապեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Սովորաբար, ԱՄՆ-ի հետ լարվածության հերթական փուլում Ռուսաստանի ղեկավարները «տղա են կանչում» Պեկինին, սպառնալով Չինաստանի հետ ռազմավարական դաշինքով՝ ընդդեմ ԱՄՆ-ի: Լավրովի այս այցն էլ այդ շարքից էր, նա գովաբանում էր Չինաստանի հաջողությունները Արեւմուտքի դեմ պայքարում: Փոխարենը, Չինաստանը վաղուց լուրջ չի ընդունում Ռուսաստանին, այն համարում է իր հումքային կցորդը եւ ամեն անգամ օգտագործում է ռուսների վիճակը՝ ավելի էժան ու ավելի մեծ քանակով ներկրելով էներգակիրներ, փայտանյութ, այլ հումք:

Այլ է Թուրքիայի պարագան: Լավրովի հետ հանդիպումից հետո Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին մեկնել է Անկարա, որտեղ իր թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Թուրքիան կշարունակի աջակցել Չինաստանին Սինծյանի հետ կապված հարցերում: Սինծյանը թյուրքալեզու ույղուրների շրջանն է, ույղուրները պայքարում են Չինաստանից անջատվելու համար:

«Սինծյանի հետ կապված հիմնախնդրի էությունը պայքարն է բռնության, անջատողականության դեմ: Հուսով ենք, որ թուրքական կողմը կշարունակի ըմբռնում ցուցաբերել եւ աջակցել Չինաստանին երկրի հիմնական շահերին ու հիմնական մտահոգություններին վերաբերող հարցերում»,- ասել է Վան Ին: Նա ասել է, որ Պեկինը պատրաստ է աշխատել Թուրքիայի հետ՝ չին-թուրքական ռազմավարական համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար:

Իր հերթին, Չավուշօղլուն երաշխիքներ է տվել, որ «Անկարան աջակցում է մեկ Չինաստանի սկզբունքին, երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու հանձնառությանը: Թուրքիան չի մասնակցի հակաչինական որեւէ ակցիայի, թույլ չի տա բռնի գործողություններ Չինաստանի դեմ իր տարածքում»:

Երեւանում շրջանի իր ամենամեծ դեսպանատունը կառուցելով, Չինաստանն ակնարկում էր իր գեոպոլիտիկ հավակնությունների մասին: Միեւնույն ժամանակ, Հայաստանի դեմ ռուս-թուրքական ահաբեկչական պատերազմին Պեկինի լռությունը աննկատ չմնաց:

Հատկանշական է մի հանգամանք եւս. անցյալ տարվա հոկտեմբերին ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվում էր Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հարցը, որը ներկայացրել էին ԱԽ մշտական անդամներ, Մինսկի խմբի համանախագահ եռյակը՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան: Սակայն ԱԽ անդամներից մեկը վետո էր դրել: Բացի այս եռյակից, ՄԱԿ ԱԽ անդամ են նաեւ Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը: Հայաստանում կասկածի սլաքներն անմիջապես ուղղվեցին Մեծ Բրիտանիայի կողմ, թվարկելով բավականաչափ հիմնավոր պատճառներ: Սակայն ոչ պակաս հիմնավոր պատճառներ ուներ նաեւ Չինաստանը, ինչպես պարզվում է Վան Ի-Չավուշօղլու բանակցությունից:

Բացի Սինծյանի խնդրից, Թուրքիան աջակցում է Կասպից ծովով Եվրոպան Չինաստանի հետ միացնող «Միջին տրանսպորտային միջանցքի» ձևավորման նախաձեռնությանը: Այս մասին օրերս հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը։

Արցախի պատերազմին Իրանի ու Չինաստանի պահվածքը ներկայում նրանց դրել է Անկարայից կախվածության մեջ: Թուրքական «երաշխիքները» խորացնելու են այդ կախվածությունը՝ դրանից բխող հետեւանքներով:

lragir.am/2021/03/26/630189/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail