Նոր խմբեր են ձեւավորվում, հայի ուժը վերադառնում է․ ոչ մի բան մեզ չի կանգնեցնի
27.03.2021 | Հարցազրույց | ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող:
Lragir.am-ի զրուցակիցն է նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը
Պարոն Խաչատրյան, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, ի՞նչ սպասել այս գործընթացից։
Կոնկրետ ընտրական գործընթացները, այնպիսին, ինչպիսին քննարկվում էին, ինչպիսին համաձայնեցվեցին և սպասվում են, ինձ հետաքրքիր չեն, քանի որ արդեն քանի ամիս է՝ հայ իրականությունը, ավելի շուտ՝ իշխանական և քաղաքական վերանախավ կոչվածը բացարձակապես ադեկվատ չեն երկրի նկատմամբ։ Այսինքն՝ պատճառները անձերի մեջ են փնտրում, խմբավորումների, արդեն հայտնի անհետաքրքիր սխեմաներում։
Բայց մենք մի ժողովուրդ ենք, մի ազգ, մի պետություն, որն ունի խնդիրներ, որոնք պետք է ի ցույց դրվեն մեր ոխերիմ բարեկամներին ու թշնամիներին։ Հատկապես որ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ միջազգային իրավունքի սուբյեկտ է, որն օգտվում է մի շարք իրավունքներից, հատկապես որ Արցախը Հայաստանի մաս լինելով, այս պատերազմի ժամանակ դարձյալ օգտվում էր մի շարք իրավունքներից։
Մյուս կողմից, գիտեք ինչն է տրամադրող։ Բազմաթիվ և հասարակական, և մասնագիտական, և ինքնաբուխ խմբեր են ստեղծվել, մոտ 30-45 տարեկան անձանցից բաղկացած, որոնց մեջ նաև կան անհատներ, որոնք մինչև հիմա փորձել են մասնագիտական առումով խորանալ, բայց քաղաքականության մեջ չեն մտել։ Հիմա էլ այնպես չէ, որ քցվում են քաղաքականություն, բայց արդեն պատրաստակամություն են հայտնել ու մասնակցում են այդպիսի հայեցակարգերի մշակմանը։ Մի երկուսի դեպքում ինձ էլ են հրավիրել, ես էլ եմ մասնակցում, շատ ոգևորիչ է։ Չեմ կարծում, որ հենց այս ընտրական գործընթացներում իրենք էական ազդեցություն ձեռք կբերեն երկրի կառավարման հարցում, բայց մյուս կողմից, եթե այդ մթնոլորտը փոխվի, դա կարևոր է։
Եթե հայ մարդն իրեն զգա ժամանակակից աշխարհի, քաղաքակրթության կրող և հայ մարդն իր մասնագիտական, քաղաքակրթական գիտելիքներով մասնակցի քաղաքակրթական՝ իր բաժինն ունենալու հարցում, մնացած հարցերը կդառնան տեխնիկական հարցեր։
Մենք շատ արագ ինտեգրվող ժողովուրդ ենք, մենք 30 տարի բարդույթավորվել էինք՝ սա չի կարելի, նա չի կարելի, սա չի թողնի, նա չի թողնի։ Անձամբ ես մի քիչ բարդույթավորվել էի, որ Արևմուտքն էլ հավատարիմ չի մնում միջազգային իրավունքի այն դրույթներին, որոնց վերաբերյալ պարտավորություններ ունի, բայց հիմա արդեն պարզ դարձավ, որ ամբողջ մարդկությունը գտնվում է քաղաքակրթական մի փոփոխության մեջ։ Եվ այս քաղաքակրթության փոփոխության շրջանը կարող է 100 տարի տևել, բայց այս շրջանը շատ կարևոր է լինելու մարդկության համար։ Եվ հայ ժողովուրդը, եթե իր գենով, տարիքով, ամեն ինչով դեռ պիտանի է քաղաքակրթական զարգացմանը մասնակցելու, դա նշանակում է, որ ոչ մի բան մեզ չի կանգնեցնի։
Շատ ցավալի է, որ մենք 30 տարվա ռեսուրսներն այդքան բաց թողեցինք, բոլորովին պատադիր չէր, որ մենք այս կորուստներն ունենայինք, որոնց մի մասն այս պահին անդառնալի է թվում, բայց ընդամենը թվում է։ Բայց հիմա այսպես է ստացվել, եթե հայի խելքը վերադառնում է մեզ, հնարավոր է խնդիրները լուծել։
Արցախի հարցում քաղաքական դաշտը հստակ ասելիք ունի՞ այսօր։
Մենք չպետք է մոռանանք, որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է, անկախ նրանից, թե Արցախի որ մասն է օկուպացված, որ մասում են ապօրինի զորքեր տեղադրված։ Եթե մենք չենք ընդունում, որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է, դա նշանակում է, որ մեզ հաշմանդամի տեղ են դնում, մեր կարևոր օրգաններից մեկը կտրում են, ասում ենք՝ եթե մեզ պրոթեզ չտան, չենք կարող ոտքի կանգնել, եթե մեզ սոցիալական օգնություն չտան, չենք կարող աշխատել։ Բայց առանց սահմանները ճշտելու, առաջին հերթին պետք է հայտարարվի, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է։
Եվ դրանից բխի քաղաքականությո՞ւնը։
Դրանից պետք է սկսվի նոր փուլը։ Եվ շատ ճիշտ կլիներ, որպեսզի այս արտահերթ ընտրությունները, որոնք անցկացվելու են, Արցախի՝ հայկական վերահսկողության տակ եղած տարածքներում ևս անցկացվեին, որպեսզի արցախցիներն էլ իրենց զգային մեր ազգային օրգանիզմի մի մասը։
Այսինքն՝ նաև արցախցիները ընտրելու իրավունք ունենայի՞ն։
Մեր մեջ ասած՝ ունեն այդ իրավունքը։ 1989 դեկտեմբերի 1-ից այդ ընտրելու իրավունքն ունեն, և այդ իրավունքը արգելող, սահմանափակող որևէ որոշում չի եղել 30 տարում։ Ուղղակի անտեսվել է այդ իրավունքը։ Ձևավորվել են ընտրական հանձնաժողովներ, բայց Արցախի տարածքներում չեն ձևավորվել։ Մի ուրիշ օր են դրանք ձևավորվել, իրենք իրենց համար ընտրություն են անցկացրել ու ամբողջ աշխարհին հայտարարել են՝ մենք չճանաչված հանրապետություն ենք, բայց կարողանում ենք մեր գլուխը պահել, ավելի լավ ժողովրդավարություն իրականացնել, քան Ադրբեջանը։ Բայց թե ով պիտի ճանաչի այդ երկրի ու ժողովրդի մի մասին, այդ հարցը գցվել է ականջի հետև, հասել է այնտեղ, որ արդեն Արդբեջանն ու Թուրքիան ասում են՝ «Արցախի հարց էլ չկա»։
www.lragir.am/2021/03/27/630466/