Թուրքիան տագնապում է Ապրիլ 24-ից. Հնչում է «Մերձմոսկովյան երեկոների» սրտառուչ, տեղ-տեղ սպառնալից մեղեդին

Թուրքիան տագնապում է Ապրիլ 24-ից. Հնչում է «Մերձմոսկովյան երեկոների» սրտառուչ, տեղ-տեղ սպառնալից մեղեդին

29/03/202 – ԼՈՒՐ / ԱՆԴՐԱԴԱՐՁ / ԹՈՒՐՔԻԱ – ՀԱՅԱՍՏԱՆ: /UK Foreign Office Privately Admitted The 1915 Massacre of Armenians Was Genocide – Geoffrey Robertson/

Յենի Չաղ («Նոր Դարաշրջան», Բակիրքոյ, Կոստանդնուպոլիս) թերթի սյունակագիր, պատմաբան Արսլան Թեքինը հրապարակել է «Եթե ցանկանա, Հայաստանը Թուրքիա կշահի» վերտառությամբ մի ակնարկ: Պաշտոնական տեսակետներին մոտ շարադրանք է սա եւ որոշ շեշտադրումներ օգտակար է իմանալ, մանավանդ, դրանք շատ են նմանվել «հին եւ նոր Ռուսաստանները տարբեր են» նորագյուտ փաստարկներին (Զատուլին)՝ ի պատասխան Լենին-Քեմալ գործարքը դատապարտելու հայկական պահանջների:

Ապրիլ 24-ին բան չմնաց, գրում է Թեքինը: Դաշնակցական մտայնությունը գրոհելու է: Այդուհանդերձ, նոր շրջան ենք մտնում. Ադրբեջանում հայերի գրաված գրեթե բոլոր հողերը ազատված են: Մինչդեռ, հայերին Թուրքիայից անջատել մենք չենք կարող: Անցյալում, նաեւ պատմական պայմանների թելադրանքով, անցանկալի բաներ պատահեցին:

Հայ առաջնորդներից շատերը Արեւմուտքի ձեռքին խաղալիք դարձան, արդյունքում մեր երկրի բնիկ տարրը տուժեց: 1911-ից 1922 թվականներին Թուրքիան պատերազմի մեջ էր: Ամեն կողմից գրոհի էր ենթարկվել եւ ստիպված էր ապահովել ռազմաճակատի թիկունքը: Հայ ժողովուրդը, հիրավի ինչ ապսոս է, ինչ ապսոս, Օսմանյան Կայսրության սահմաններում մնալով քշվեց ներկայիս Սիրիա, Իրաք եւ Սաուդյան Արաբիա: Ճանապարհին շատ բան պատահեց: Շատ տառապեցին:

Այս հանգամանքները շարադրելիս մեջս այրվում է: Ասացի նոր շրջան ենք մտել: Հայաստանի, հատկապես սփյուռքի առաջնորդները պիտի դադարեցնեն Թուրքիայի հետ հաշիվ մաքրելը: Դու արեցիր, հետո միայն ես արեցի, դու սպանեցիր իսկ ես չսպանեցի վեճը շեղում է խնդրից:

Առաջին աշխարհամարտը վերջ դրեց Օսմանյան Կայսրության գոյությանը: Սկսվեց ազգային ազատագրական պայքարը: Թուրքիան փոխվեց, աշխարհը փոխվեց, բայց նոր Թուրքիայից պահանջները չպրծան: Պրծնելու են, ուզեն թե չուզեն ստիպված են լինելու: Վնասը մեզ չէ՝ պահանջատեր ֆանատիկոսներին է հասել ու դեռ պիտի հասնի:

Այս ընթացքին, ԱՄՆ նոր նախագահ Բայդենը անհեթեթ խոսսումներ է տվել, թե ընտրվելով ճանաչելու է «Հայոց ցեղասպանությունը», նշում է Արսլան Թեքինը եւ շարադրում Ջո Բայդենի հայտնի մոտեցումները: Բայդենի փաստարկները շինծու են, շարունակում է հեղինակը, որեւէ պատմաբան նման տեղեկություններ չի տա՝ հայամետ աղբյուրները նույնպես: Այնպիսի ձեւակերպումներ են կարծես թուրքերը այլ աշխարհներից եկած բարբարոսներ են:

Թեքինը հիշեցնում է ցեղասպանության ճանաչման պահանջով 38 սենատորների նամակի մասին, որ ուղղված էր նախագահ Բայդենին, այնուհետեւ շարունակում. Բայդենը հեռուն գնաց, մինչեւ հիմա Թուրքիայի հետ չի էլ խոսել: Մտադրությունը պարզ է: Եթե շարունակեց այսպես ծավալվել, ապա ոմանց թեւ կտա ու Հայաստան-Թուրքիա մերձեցման վրա խաչ կքաշի:

ԱՄՆ որտե՞ղ է, իսկ Թուրքիան ու Հայաստանը՝ ահա իրար կպած: Եթե հայերը սադրանքների չտրվեն, ապա ավելի են շահելու քան ինքը Թուրքիան: Վրաստանի հետ սահմանը բաց է, առանց վիզայի հատում անցնում ենք: Հայաստանի հետ ինչու չբացենք: Ամեն բան Հայաստանի ձեռքին է: Եթե ուզեց՝ Թուրքիա կշահի, եզրակացնում է Թեքինը:

թրգ. թուրքերենից

ezerk.am/?page_id=4414

Facebooktwitterredditpinterestlinkedinmail