Ստեփանակերտի Երկու Թաղերու Մէջ Բազմաբնակարան Շէնքեր Պիտի Կառուցուին
05 ԱՊՐԻԼ 2021 – ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արմէնփրէս».- Պատերազմին իբրեւ արդիւնք՝ Ստեփանակերտի մէջ հիմնովին քանդուած են շուրջ 40 շինութիւններ, որոնք ամբողջական վերակառուցման կարիքը ունին:
«Արմէնփրէս»ի հետ ունեցած զրոյցի մը ընթացքին այս մասին յայտնեց Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սամուէլ Ղուլեան: «Այս պահի դրութեամբ վերանորոգման աշխատանքներ են ընթանում Ստեփանակերտի տարաբնոյթ նշանակութեան կառոյցներում: Մասնաւորապէս վերանորոգւում է պատերազմի ժամանակ հրթիռակոծուած Ստեփանակերտի համար 10 դպրոցի շէնքը, որպէսզի երեխաները կարողանան այստեղ մանկապարտէզ յաճախել: Շարունակւում են վնասուած դուռ-պատուհանների եւ տանիքների փոխարինման աշխատանքներն ու վերանորոգման այլ աշխատանքներ՝ ընկերային ծրագրերով», ըսաւ Ղուլեան:
Ստեփանակերտի հրատապ հարցերէն փոխքաղաքապետը նշեց բազմաբնակարան շէնքերու տանիքներու վերանորոգումը եւ հոսող բաց կոյուղիներու փակումը։
«Մայրաքաղաքն արդի պահանջներին համապատասխանեցնելու համար նոր ճանապարհների նախագծման ու լայնացման անհրաժեշտութիւն է զգացւում: Պատերազմի հետեւանքով իրենց բնակավայրերից տեղահանուած արցախցիների զգալի մասը հանգրուանել է Ստեփանակերտում եւ աւտոմեքենաների (ինքնաշարժներուևԽմբ.) հոսքը մայրաքաղաքում նկատելիօրէն մեծացել է: Օրուայ որոշակի ժամերին Ստեփանակերտում գրեթէ անհնար է դարձել աւտոմեքենայ վարելը: Հիմնանորոգման կարիք ունեն նաեւ Ստեփանակերտի 4 դպրոցական շէնք, իսկ որոշ կրթօջախներում ընթացիկ վերանորոգման պահանջ է զգացւում», յայտնեց Սամուէլ Ղուլեան:
Ըստ անոր՝ պատերազմին իբրեւ արդիւնք Արցախի վերահսկողութենէն դուրս մնացած բնակավայրերէն տեղահանուած քաղաքացիները հիմնականօրէն կ՛ուզեն բնակիլ Ստեփանակերտի մէջ։ Թէեւ անոնք ժամանակաւոր բնակարաններ ունին, սակայն հիմնական հարցը կը մնայ բազմաբնակարան շէնքերու կառուցումը, որուն ուղղութեամբ քայլերու կը դիմեն իշխանութիւնները։
«Այս պահին Բազմաբնակարան շէնքերի կառուցման նպատակով չափագրման եւ նախագծման աշխատանքներ են ընթանում Ստեփանակերտի 2 ծայրամասային թաղամասերում: Այդպիսով՝ ապահովուելու է նաեւ մայրաքաղաքի համաչափ զարգացումը, եւ ենթակառուցուածքների ապահովման խնդիրը: Պարբերաբար բնակարանաշինական նոր նախագծէր են ներկայացւում քննարկման, որոնք Ճարտարապետական խորհրդի հաւանութեանն արժանանալուց յետոյ շինարարութիւնն օր առաջ սկսելու թոյլտուութիւն են ստանում: Այդ համատեքստում կարեւորւում է նախատեսուող տարածքում առաւելագոյն թուով բնակարանների կառուցումը», ըսաւ փոխքաղաքապետը։
asbarez.com/arm/387163/ստեփանակերտի-երկու-թաղերու-մէջ-բազմա/