Պատերազմում Ադրբեջանի հաջողությունը չի կարգավորել հակամարտությունը. Պետդեպ

Ջորջ Քենթ, ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ

Պատերազմում Ադրբեջանի հաջողությունը չի կարգավորել հակամարտությունը. Պետդեպ

10.04.2021 | Քաղաքականություն | Lragir.am,

Turkish Heritage Organization հաստատությունը օրերս կազմակերպել էր քննարկում Հարավային Կովկասի վերջին զարգացումների շուրջ: Մասնակիցների թվում էին գործող և նախկին դիվանագետներ ու վերլուծաբաններ, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը

Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Թուրքիան և Ռուսաստանը, Իրանի աջակցությամբ, առաջ են մղել, այսպես կոչված երեք գումարած երեք նախաձեռնությունը, որը զգալիորեն տարբերվում է Միացյալ Նահանգների և արևմտյան այլ գործընկերների կողմից վերջին երեք տասնամյակում որդեգրած տեսլականից, ասում է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը Հարավային Կովկասի վերաբերյալ Turkish Heritage Organization հաստատության քննարկմանը:

”Այսպես կոչված երեք գումարած երեք առաջարկը չափազանց տարբերվող այլընտրանքային տեսլական է, որը դուրս կթողնի ԱՄՆ-ին և արևմտյան որոշ այլ գործընկերների՛՛,- հայտարարել է Քենթը:

Քենթն ընդգծում է՝ ԱՄՆ աջակցում է Հարավային Կովկասում ժողովրդավարության, բարգավաճման, խաղաղության և անվտանգության հաստատումը, որը բխում է Միացյալ Նահանգների ռազմավարական շահերից: Նրա կարծիքով վերջին պատերազմում Ադրբեջանի հաջողությունը չի կարգավորել հակամարտությունը, ինչպես այն չէր կարգավորվել հայկական կողմի հաղթանակի ժամանակ ԼՂ առաջին պատերազմում: Ըստ ամերիկացի դիվանագետի, հակամարտության հիմնական ձևաչափը՝ Մինսկի խումբը այսօր առերեսվում է մի շարք մարտահրավերների: Կարևոր է հասկանալ, թե որքանով են հետաքրքված հակամարտող կողմերը այս մեխանիզմի վերականգման հարցում և ինչ մտադրություններ ունի Մոսկվան այս խնդրի շուրջ, նշել է ամերիկացի դիվանագետը:

՛՛ՌԴ-ը նախընտրեց հաստատել հրադադար Մինսկի խմբի վերահսկման մեխանիզմներից դուրս` լինելով հանդերձ այդ կառույցի անդամ: Նրանք հաստատեցին հրադադարը ուղղակիորեն, եռակողմ ձևաչափով՛՛,- նշում է Քենթը:

Ամերիկացի դիվանագետի կարծիքով վերջին պատերազմից հետո ստեղծվել է հնարավորություն Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար: Փոխպետքարտուղարի տեղակալը շեշտում է՝ առկա է ուղի՝ 2009 թ-ի համաձայնագրի խոստումները կյանքի կոչելու համար, որն այսօր շատ ավելի արդիական է, քան տասը տարի առաջ:

Իր հերթին Քաթարում Թուրքիայի նախկին դեսպան Միթհաթ Ռենդեն նշում է, որ առաջնային հարցերից է խաղաղ գոյակցության միջավայրի հաստատումը: Նա հույս է հայտնում, որ Վրաստանն ու Հայաստանը կմիանան հարաբերությունների բարելավման և տնտեսական համագործակցության ջանքերին: Թուրք նախկին դիվանագետը համակարծիք չէ երեք գումարած երեք նախաձեռնության վերաբերյալ փոխպետքարտուղարի տեղակալի կարծիքի հետ:

՛՛3+3-ը նոր հարթակ է, բայց, իհարկե, այն չի խանգարում Միացյալ Նահանգներին կառուցողական դեր խաղալ և փորձել աջակցել, ինչպես դա արվում էր նախկինում՛՛,- ասում է Միթհաթ Ռենդեն:

Ռենդեն շեշտում է՝ Թուրքիան Լեռնային Ղարաբաղում ՌԴ-ի հետ համատեղ կենտրոնի միջոցով իրականացնում է ոչ թե խաղաղապահ, այլ դիտորդական առաքելություն: Նա հիշատակում է 1994 թվականին իր կողմից վարած բանակցությունները Բուդապեշտում, երբ, ըստ նրա, Թուրքիային հաջողվել էր կանխել ռուսական խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի ԵԱՀԿ-ի դրոշի ներքո:

Ամերիկացի նախկին դիվանագետ, Մինսկի խմբի համանախագահի նախկին պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդն էլ իր խոսքում կարևորեց Մինսկի խմբի դերը հակամարտության վերջնական կարգավորման հարցում, սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է հասկանալ ինչպիսի դերակատարում պետք է ստանձնի այն: Ըստ Հոգլանդի, Ռուսաստանն այսօր հաստատել է ռազմական ներկայություն Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում, ուստի, նրա կարծիքով, Մոսկվան շահագրգրված չէ որևէ գործողության մեջ՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար: Անհրաժեշտ է բարձրացնել վստահության մակարդակը Թուրքիայի և ՀՀ-ի, ինչպես նաև Ադրբեջանի ու ՀՀ-ի միջև, նշում է Հոգլանդը՝ շեշտելով այս հարցում ԱՄՆ-ի կարևոր դերակատարումը:

՛՛ԱՄՆ-ը կարող է դեր ստանձնել այս հարցում, բայց մենք պետք է առնվազն բարձրացնենք մեր ներկայացուցչական մակարդակն այս տարածաշրջանում, և դա հնարավոր է անել բարձր մակարդակի այցելությունների միջոցով՛՛,- առաջարկում է դեսպան Հոգլանդը:

Քննարկման մեկ այլ բանախոս, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռոբերտ Չեքուտան իր հերթին ընդգծում է՝ այսօր ստեղծված կացությունը զայրույթ և խորը հիասթափություն է առաջացրել Հայաստանում, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի էր ունեցել 1990-ականներին պատերազմում պարտված Ադրբեջանում: Նախկին դեսպանը վստահ է՝ Վաշինգտոնը պետք է ստանձնի ավելի ակտիվ դերակատարություն տարածաշրջանում, երկխոսություն ծավալի Բաքվի ու Երևանի հետ՝ ստիպելով կողմերին վերանայել իրենց հռետորաբանությունը, ազգաբնակչությանը պատրաստի խաղաղ երկխոսության և ջանքեր գործադրի` հրադադարի փոխարեն տևական կարգավորմանը հասնելու ուղղությամբ: Այստեղ կարևոր է, ըստ նրա, Թուրքիայի դերը, որը կարող է նպաստել առաջխաղաղացմանը՝ վերականգնելով ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններն ու առևտրային կապերը: Հայաստանին անհրաժեշտ է տարածշարջանային ինտեգրացում, շեշտում է Չեքուտան:

Քննարկամը մասնակցող Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Ռոջեր Քենգասի կարծիքով էլ նախկինում Հարավային Կովկասում Մոսկվան ուներ միանձնյա գերակայություն, սակայն վերջին պատերազմը ցույց տվեց, որ իրավիճակն այստեղ փոխվել է: Ի դեմս Թուրքիայի, առաջ են եկել նոր խաղացողներ, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասով: Վերլուծաբանը վստահ է՝ Մոսկվան այսուհետ ստիպված է լինելու հաշվի նստել այս հանգամանքի հետ, գրում է Ամերիկայի ձայնը:

lragir.am/2021/04/10/633397/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail