Հայոց ցեղասպանութիւն – Առանց գիլյոտինի առաջընթաց չի լինում – Արա Նռանյան

Արա Նռանեան

Հայոց ցեղասպանութիւն – Առանց գիլյոտինի առաջընթաց չի լինում – Արա Նռանյան

15 ԱՊՐԻԼ 2021 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Էվոլյուցիո՞ն, թե՞ հեղափոխական զարգացում

Պատմությունը վկայում է, որ պետություններում հասարակարգային փոփոխություններն ընթացել են բոլորովին ոչ հարթ և խաղաղ ճանապարհով: Այսօրվա հզոր պետությունները` ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան և այլն, իրենց զարգացման ընթացքում անցել են տեսակային պայքարի ճանապարհով: Ստրկատիրությու՞ն, թե՞ արդյունաբերական զարգացում, բացարձակ միապետությու՞ն, թե՞ հանրապետություն և այլն:

Որքան էլ հզոր երկրները, մոռանալով սեփական պատմությունը, կոչ անեն մյուսներին «խելոք» մնալու, չեն կարող ժխտել այն հաստատումը, որ թույլ պետությունները համբերատարությամբ, աստիճանական էվոլյուցիայի արդյունքում չեն հասնի զարգացած պետությունների մակարդակին նույնիսկ հարյուրամյակներ անց: Պատմական որոշակի փուլում պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ, որոնք որակապես նոր մակարդակի կբարձրացնեն պետությունն ու հասարակությունը:

Պետությունները զարգանում են որոշակի մոդելներով: Իսկ տվյալ մոդելի ընտրությունը պայմանավորվում է հասարակության մեջ առկա տեսակներով: Այլ կերպ ասած` հասարակարգերի փոփոխությունները ոչ միայն դասակարգային, այլ նաև տեսակային պայքարի արդյունք են: Չէ՞ որ պայքարի ճամբարում կարող են լինել տարբեր սոցիալական շերտերի, նյութական կամ կրթական կարգավիճակի մարդիկ: Նրանց, սակայն, միավորում են միևնույն մտածելակերպը և սեփական հայրենիքում ապրելու և արարելու ընդհանուր կանոնների վերաբերյալ միասնական պատկերացումները: Բազմաթիվ են օրինակներ, երբ հարուստ ընտանիքի ներկայացուցիչն ունենում է ձախակողմյան հայացքներ կամ չքավորը գնում է բուրժուական գաղափարախոսության հետևից:

Տասնամյակների և նույնիսկ հարյուրամյակների ընթացքում պետության մոդելները կատարելագործվում են, իսկ հետո սպառվում կամ դառնում ժամանակավրեպ: Այդ ժամանակ լճացումից, նահանջից, թուլացումից խուսափելու համար հասարակությունը պետք է ի վիճակի լինի փոխելու պետության մոդելը և ձևավորելու առաջ եկած մարտահրավերներին դիմագրավելու ունակ հասարակական հարաբերությունների նոր համակարգ: Եթե պետությունը բարեհաջող հաղթահարում է այդ փուլը, ապա շարունակում է զարգացումը, իսկ եթե ոչ, ապա զիջում է իր դիրքերն ազգերի մրցակցության համաշխարհային մրցավազքում:

Եվ երբ առաջ է գալիս հասարակական նոր հարաբերությունների ձևավորման հրամայականը, դա հաճախ չի կատարվում ներհասարակական կոնսենսուսի միջոցով, ինչը, անշուշտ լավագույն տարբերակը կլիներ: Դա իրականացվում է կա՛մ առաջադիմական վերնախավի կողմից հանրությանը պարտադրելով, կա՛մ դիմադրող հին պահպանողական իշխանության փոփոխությամբ: Եվ քանի որ, որպես կանոն, հասարակության շերտերի եսասիրական շահերը գերիշխում են և թույլ չեն տալիս գնալ փոխզիջումների հանուն ապագայի և հանուն ընդհանուր շահի, ուստի, անկախ նրանից՝ նախաձեռնությունը գալիս է վերևից, թե ներքևից, նոր հասարակարգի ձևավորումը ուղեկցվում է ցնցումներով և բռնությամբ:

Այս խնդրին անդրադարձել էինք դեռ երկու տարի առաջ մեր «Նոր համընդհանուր կոնսենսուս և վճռական ռեֆորմներ` հանուն պետական շահի» հոդվածում: Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ եթե նոր համընդհանուր կոնսենսուսը չի կայանում գիտակցաբար, ապա այն պետք է ձևավորվի հանրության առաջադիմական հատվածի կողմից և դառնա հասարակության անդամների կեցության նոր կանոնը:

Տեսակների պայքարը ժամանակակից պատմության մեջ

Ինչպես արդեն նշեցինք, բազմաթիվ ժամանակակից պետությունների զարգացումը միշտ չէ, որ անցել է հարթ, սահուն, առանց քաղաքացիական բախումների և զանգվածային ընդվզումների: Որոշ պետություններում ապագայի ընտրությունն ուղեկցվել է արյունալի իրադարձություններով` քաղաքացիական պատերազմներ և հեղափոխություններ, դրանց ուղեկցող սահմռկեցուցիչ և դաժան իրադարձություններ:

Ընդամենը 150 տարի է անցել Ամերիկայի քաղաքացիական պատերազմից, որի պատճառով զոհվել կամ մահացել է ավելի շատ մարդ, քան կորցրել է ԱՄՆ-ն համաշխարհային պատերազմների ընթացքում: Կարող ենք տեսականորեն քննարկել, որ կարելի էր ընդունել այն ժամանակվա իրականությունը և չգնալ պատերազմի: Բայց չմոռանանք, որ քաղաքացիական պատերազմն ապահովեց երկրի միասնությունը, արդյունաբերական զարգացումը, ստրկատիրության վերացումը, առանց որոնց՝ այլ կլիներ ինչպես այդ տարածքի ապագան, այնպես էլ պետության տեղը համաշխարհային քաղաքակրթության մեջ: Աբրահամ Լինքոլնը` ԱՄՆ պատմության ամենանշանակալի և հարգված նախագահներից մեկը, գլխավորում էր արդյունաբերական Հյուսիսի զորքերը Համադաշնության դեմ պատերազմում՝ անցնելով դեպի առաջընթաց տանող ծանր ճանապարհով: Նա ընդդիմախոսներին ներգրավել էր նոր պետության շինարարության մեջ, առաջարկել վերակառուցման և համազգային համերաշխության ծրագիր, սակայն ունեցավ ողբերգական վերջաբան` սպանվելով գաղափարական ընդդիմախոսի կողմից:

ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը

Եվրոպական մայրցամաքի պատմությունը հարուստ է այնպիսի իրադարձություններով, որոնք փոխեցին դարաշրջանը և փոփոխություններ առաջ բերեցին ոչ միայն այն երկրներում, որոնցում դրանք տեղի ունեցան, այլ նաև ամբողջ աշխարհին: Նիդերլանդները, Անգլիան, Ֆրանսիան և եվրոպական այլ երկրներ դարեր առաջ գրելով իրենց պատմության դաժան էջերը, միաժամանակ ճանապարհ էին հարթում դեպի նոր տիպի հասարակություն: Անշուշտ, այն ժամանակ շատերը չէին կարող հասկանալ այդ իրադարձությունների աշխարհաքաղաքական, պատմական կամ փիլիսոփայական նշանակությունը: Բայց առաջընթացին խոչընդոտող հին դարաշրջանի հետ բախումը և նորի ձևավորումը ընձեռեցին այդ պետություններին հնարավորություն՝ առաջիններից մեկը մտնելու հասարակական նոր հարաբերությունների դարաշրջան, ինչը մինչ օրս նրանց տալիս է առավելություն այլ ազգերի նկատմամբ:

Անգլիայում 17-րդ դարի քաղաքացիական պատերազմը և բուրժուական հեղափոխությունը բնորոշվում էին խորհրդարանի և միապետականների, ֆեոդալների և նոր տիպի սեփականատերերի միջև պայքարով, ինչը համեմվում էր նաև կրոնական բաղադրիչով: Այն ուղեկցվեց Կառլ Առաջինի գլխատմամբ և Օլիվեր Կրոմվելի կառավարմամբ: ՈՒ թեև տասնյակ տարիներ անց երկիրը կրկին վերադառնում է միապետության, սակայն ընդունվում է խորհրդարանի գերակայությունն ու դերը պետական կառավարման համակարգում:

Ֆրանսիական մեծ հեղափոխությունը հին կարգերի տապալման և բացարձակ միապետության վերացման իր արդյունքներով ունեցավ խոշորագույն նշանակություն ոչ միայն այդ երկրի, այլ նաև բոլոր առաջադեմ մտածողների համար: Սոցիալ-տնտեսական և բյուջետային ճգնաժամը, հին վերնախավի անկարողությունը՝ դիմագրավելու նոր մարտահրավերներին, լուծելու կուտակված խնդիրները և իրականացնելու բարեփոխումներ, առաջացրին ժողովրդական ապստամբություն, որի առաջին քայլը սահմանադրական միապետության, իսկ այնուհետև հանրապետության ստեղծումն էր: Այստեղ նույնպես խոսքը միայն իշխանության փոփոխության մասին չէ: Աննախադեպ էին բարեփոխումները, որոնք իրականացվեցին ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում և հետո: Դրանք ընդգրկում էին կյանքի բազմաթիվ ոլորտներ` եկեղեցի, մասնավոր սեփականություն և մրցակցություն, դատական, հարկային, մաքսային համակարգեր և այլն: Հեղափոխությունն ուղեկցվում էր դաժանությամբ և զանգվածային մահապատիժներով: Ընդ որում, գիլյոտինի ենթարկվեցին ոչ միայն Լյուդովիկոս 16-րդը, Մարի Անտուանետը և արիստոկրատիայի ներկայացուցիչները, այլ նաև հեղափոխության բազմաթիվ մասնակիցներ հեղափոխության գաղափարներին «դավաճանելու» համար: Իսկ երբ գիլյոտինը չէր հասցնում, կիրառվում էին զանգվածային գնդակահարություններ:

Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ 2-րդը ընտանիքի հետ

Աշխարհաքաղաքական նման հեղափոխությունների ականատես և մասնակից դարձավ նաև հայ ժողովուրդը ավելի քան մեկ դար առաջ. մեկը` Օսմանյան կայսրությունում, մյուսը` Ռուսական կայսրությունում: Այս երկրներում նույնպես, ինչպես և վերը հիշատակված պետություններում, հեղափոխությունը մեկանգամյա գործողություն չէր, և հին հասարակարգի ջախջախումն ու նորի կառուցումը ընթանում էր փուլերով: Այդ պետությունները որոշակի ժամանակահատված մտան տևական անկայունության և հեղափոխությունների շրջապտույտի մեջ, որոնց ընթացքում նույնպես հաջորդ փուլի հեղափոխականները պատժում էին նախորդ փուլի հեղափոխականներին, ինչպես նաև իրենց շարքերից այն մարդկանց, ովքեր բավարար «հավատարիմ» չէին հեղափոխության գաղափարներին: Ընդ որում, Ռուսաստանում հեղափոխությունն ու քաղաքացիական պատերազմը ուղեկցվեցին ոչ միայն միապետի, այլև նրա ողջ ընտանիքի սպանությամբ…

Տեսակների պայքարը Հայաստանում 

Պետություններում հասկանալի պատճառներով էվոլյուցիոն զարգացման տրամադրությունները ավանդաբար ձևավորում է իշխող խավը, որը փորձում է իրեն ապահովագրել իշխանության կորստից, բողոքավոր հոսանքներից, հանրության ներսում ցավոտ գործընթացներից` արդարացնելով պատմական տվյալ ժամանակաշրջանում սեփական ձախողումները:

Ոչ անկախ պետության պայմաններում Հայաստանում ներտեսակային և աշխարհահայացքային պայքարը նմանատիպ դրսևորումներ չի ունեցել. հասարակարգը և պետության մոդելը թելադրվում էին իշխող կայսրությունների կողմից: 1918-1920 թ.թ. անկախ պետականության կորուստը և անայլընտրանք գաղափարախոսության հաստատումը հզոր պետության կազմում ճնշեց ներտեսակային պայքարը հայ ժողովրդի մեջ:

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում տարիներ շարունակ քաղաքական լարվածությունը, քաղաքացիական բախումները և ներտեսակային պայքարը զսպվում էին ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության կողմից: Դրան մեծապես նպաստում էին տարածաշրջանի իրավիճակը և պետության ու ժողովրդի անվտանգության արտաքին անմիջական սպառնալիքները: Քաղաքական ուժերը հաճախ խուսափում էին պայքարի սրացումից կամ կտրուկ գործողություններից՝ հանուն երկրի կայունության և անվտանգության: Իսկ խիստ վիճելի մոդելով պետությունը կառավարող իշխող ուժերը` շահարկելով անվտանգության խնդիրը, ամեն գնով հետապնդում էին մեկ նպատակ` պահել սեփական իշխանությունը:

Այս ամենի հետևանքով պետությունը ընթանում էր ըստ հրամցված կեղծ նեոլիբերալ գաղափարախոսոթյան, իսկ պետության զարգացման արդյունավետ դիսկուրսն ամբողջությամբ դուրս էր մղվում հասարակական և քաղաքական կյանքից: Քաղաքական փոփոխությունները տեղի էին ունենում բացառապես իշխանության շարունակական փոխանցումների միջոցով: Անկախ Հայաստանում չի եղել քաղաքական արդար մրցակցություն. իշխանությունները միշտ ունեցել են վերարտադրման «բոնուս»: Եվ զարմանալի չէ, որ երկրում ընտրություններով երբեք իշխանափոխություն տեղի չի ունեցել: Ընտրությունները ընդամենը արձանագրում էին արդեն իսկ իշխանության եկած անձով ձևավորված քաղաքական ստատուս քվոն: Նույնը տեղի ունեցավ նաև 2018 թվականին:

Այո՛, շատերի մոտ կար վախ՝ ընդվզելու անարդյունավետ իշխանության դեմ, կորուստներ չունենալու համար: Բայց այսօր պարզվեց, որ հանուն կայունության համբերատար դիտելը՝ ինչպես է հասարակության մի տեսակը խժռում մյուս՝ պետականամետ ու հայրենասեր տեսակին, երկրի վրա ավելի թանկ է նստում։

2020 թվականի պատերազմից հետո խորացած քաղաքական ճգնաժամը շատ բան բացահայտեց: Շատերը վաղուց էին գիտակցում և ահազանգում ներհասարակական խորքային հիմնախնդիրների մասին, սակայն հասարակության լայն հատվածների համար ողբերգության իրական մասշտաբները բացահայտվեցին հենց պատերազմից հետո: Պատերազմը ոչ միայն հիասթափության, այլ նաև սթափվելու և շատ բաներ վերաիմաստավորելու առիթ էր:

Վերջին ամիսների քաղաքական իրադարձությունները ստացան տարբեր բնորոշումներ` սկսած հայրենիքի փրկությունից մինչև պայքար իշխանության համար: Բայց առաջին հերթին այսօր Հայաստանում ընթանում է տեսակների պայքար:

Իսկ հնարավո՞ր է արդյոք տեսակների պայքար առանց գիլյոտինի:

Նոր հասարակարգ` քաղաքական սանիտարիայի միջոցով

Իշխանության փոխանցումները Հայաստանում ուղեկցվում են ճամբարափոխությամբ. երկրում փաստացի խրախուսվել են դավաճանությունը և հարմարվողականությունը: Սկզբունքայնությունը և գաղափարական կեցվածքը փոխարինվել են օրվա իշխանության քմահաճույքների կատարմամբ: Ծառայությունը պետությանը, այդ թվում` պետական ծառայությունը փոխարինվել է ծառայամտությամբ: Խորքային պետության կառուցման փոխարեն մեզանում մակերեսային ավտորիտար համակարգ էր, որը չէր նպաստում պետական շինարարությանը և պետական շահերով առաջնորդվող վերնախավի, պետական համակարգի, գործարար կամ մտավորական շրջանակների ձևավորմանը (տե՛ս  այստեղ կամ այստեղ):

Ամենից հարմարավետ իրենց զգում են առաջին հերթին դավաճանները, ճամբարափոխները, իշխանություններին ստրկամտորեն ծառայողները: Առաջնորդի պաշտամունքից մինչև ատելություն, և հակառակը շատերը անցնում են զարմանալիորեն արագ և հեշտ: Ամենախայտառակ հանձնարարությունների կատարումը, օրենքների խախտումները, խղճին, երկրին և պետությանը հակառակ գնալն արդարացվում են մեկ ժեստով` մատով դեպի վերև ցույց տալով: Պատասխանատվությունից խուսափելը և վերադասին ակնարկելը սեփական պահվածքն արդարացնող ինդուլգենցիան է:

Այս իշխանությունը նույնպես չկտրեց դատապարտելի շղթան, ինչը բնական է: Պետական մտածելակերպից, պետական կառավարման ու քաղաքական համակարգի մասին պատկերացումներից զուրկ պաշտոններ ստանձնածների խնդիրը բոլորովին այլ էր:

Հաջորդ իշխանության հավակնողները պետք է հստակ ազդակ հղեն հանրությանը, որ հաջորդ իշխանության օրոք այդպես չի լինելու: Հնարավոր չէ կառուցել նոր հասարակարգ առանց մաքրման, առանց քաղաքական սանիտարիայի: Բոլոր դավաճանները, ստրուկները, հակապետական տարրերը, օտարերկրյա գործակալները, թուրքասեր լոբբիստները, հին ու նոր տականքները, մեծ ու փոքր ապօրինություններ կատարողները` սկսած քննիչից մինչև բարձրաստիճան իշխանավորներ, շարքայինից մինչև մեծ աստղերով ուսադիրավորներ, օլիգարխից մինչև խորհդարանական պետք է խստորեն պատժվեն: Չպետք է թույլատրվի, որպեսզի պետությունը կործանման տանողները մատները վերև պարզելով ակնարկեն, թե իրենք մեղավոր չեն և այդ խայտառակությունները կատարվել են վերադասի ցուցումով:

Շատերն այստեղ կարող են ասել, որ շարքային ծառայողը, ոստիկանը, քննիչը, դատախազը, պատգամավորը, գործարարը, լրագրողը մեղավոր չեն, քանի որ երկրի ղեկավարության հրամանները չկատարելը կամ դեմ գնալը այդ մարդկանց համար հղի է հետևանքներով: Ինչու՞ պետք է պատժվեն այդ մարդիկ, առավել ևս, որ նրանք պատրաստ կլինեն ծառայելու հաջորդ իշխանություններին: Այո՛, հսկայական է առաջին անձի դերը պետության մեջ: Նա է ոչ միայն պաշտոնական, այլև բարոյահոգեբանական վիճակի առաջին թելադրողն ու վերահսկողը: Բայց մեկին մեղավոր ճանաչելով հասարակության առողջացում պարզապես չի կարող լինել: Զտումը պետք է անցնի «որոշումներ կայացնող, փոխանցող, կատարող» ամբողջական շղթայով:

Ազգային համերաշխությունը չի կարող հիմնված լինել համատեղ գործած հանցագործությունների կամ մեղքերի վրա:

Ռոբեսպիերի գլխատումը

Նոր տիպի պետություն կառուցելու համար պարտադիր է տոտալ քաղաքական սանիտարիան, որը պետք է՝

– յուրաքանչյուր անձի մեջ սերմանի պատասխանատվության զգացում սեփական խոսքի, գործի, վարքագծի և ամեն կարգի արարքների համար. տոտալ անպատասխանատվությունը պետք է փոխարինվի յուրաքանչյուր քաղաքացու` հասարակության մեջ սեփական դերն ու տեղն ամեն րոպե հիշելով` շարքային բանվորից և գյուղացուց մինչև երկրի նախագահ և վարչապետ,

– յուրաքանչյուր մարդուն հիշեցնի, որ իշխանության ճանապարհը տանում է նաև դեպի կառափնարան, ընդ որում՝ ոչ միայն գործած սխալների ու հանցանքների, այլ նաև անգործության համար:

Կառափնարանը պետք է լինի ցանկացած քաղաքացու աչքի առջև, հակառակ դեպքում այսօրվա քողարկված հակապետական գործունեությունը ծավալողը վաղը նույն ծառայությունն է մատուցելու հայրենիքը բացահայտորեն օկուպացրած օտարներին:

Գիլյոտինը պետք է վերաբերի ոչ միայն մարդկանց, այլ նաև բազմաթիվ ոլորտներում իրականացված քաղաքականությանը: Հայաստանը պետք է վերանայի իր վերաբերմունքն ու քաղաքականությունը տարբեր բնագավառներում` սկսած ներքին ոլորտային կարգավորումներից մինչև արտաքին աշխարհի հետ հարաբերություններ: Նոր իշխանությունը վերանայումներ պետք է անի այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, լրատվամիջոցների, տնտեսության ճյուղերի, ոլորտային քաղաքականությունների, պետական համակարգի, ուժային կառույցների, ամբողջ քաղաքական դաշտի ու գործիչների և ընդհանրապես յուրաքանչյուր մարդու հանդեպ մեր մոտեցումներում:

Չեն կարող և չպետք է շարունակեն պաշտոնավարել ներկա իշխանության կողմից նշանակված կամ ընտրված բազմաթիվ պաշտոնյաներ` ռեկտորներից մինչև տարբեր խորհուրդների և մարմինների անդամներ, հիմնարկների տնօրեններից մինչև ուժային կառույցների ղեկավարներ: Պետք է չեղարկվեն որոշակի դիրքից բարձր անձանց ստացած պարգևներն ու կոչումները:

Կա՞ն այստեղ վտանգներ: Իհարկե կան: Պատիժները կամ վերանայումները հանգեցնելու են նաև մի շարք կորուստների, սակայն այլընտրանք չկա: Կյանքի գիյլոտինը կարող է նույնիսկ որոշ չափով լինել անարդար կամ չափից ավելի խիստ: Բայց այս Սոդոմ և Գոմորը ուղղակի պահանջում է ջրհեղեղ:

Յուրաքանչյուրը պետք է ստանա արժանի պատիժ, որպեսզի հաջորդների համար դա լինի մեծ դաս: Իսկ եթե հաջորդները այդ դասը չքաղեն, ապա իրենք նույնպես պետք է պատժվեն: Ի վերջո, բոլոր արդեն հիշատակված երկրներում հեղափոխություններն ընթացել են փուլերով: Մեկ փուլով ինքնամաքրումը հաճախ բավարար չի լինում: ՈՒրեմն եթե չօգնեց, ապա քաղաքական, քաղաքացիական և սոցիալական սանիտարիան պետք է պարբերաբար կրկնվի, մինչև հասարակությունը ստեղծի ինքնամաքրման համակարգ:

Սույն մոտեցումները կարող են դուր չգալ դրսի և ներսի տարբեր ուժերին կամ կեղծ հումանիստներին: Ոմանք կփորձեն հերթական անգամ հայ ժողովրդին դասեր տալ և ապրել սովորեցնել: Դրանց պատասխանելը շատ հեշտ է: Վերջին ավելի քան մեկ դարում հայ ժողովուրդն այնպիսի «համալսարաններով» է անցել, որ անհրաժեշտության դեպքում պետք է ունակ լիներ ուրիշներին դաս տալ: Բայց, զավոք, նույնիսկ մեր սեփական դասերը լավ չենք սերտել, ինչի պատճառով մշտապես հաջողվում է հայ ժողովրդին շեղել ազգային պետություն կառուցելու ճանապարհից:

Եվ ուրեմն կառափնարանը պետք է կառուցվի, որովհետև առանց գիլյոտինի իսկական հեղափոխություն չի լինում:

Արա Նռանյան

Դրոշակ, թիվ 4 (1650), Ապրիլ 2021

www.yerkir.am/news/view/235533.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail