Հայաստանի համար հնչել է երրորդ զանգը. Թուրք հրապարակախոսի գնահատականը
18/04/2021 – ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ – ezerk.am
Անսահման տիեզերքի հեռավոր, կորած-մոլորված մոլորակ՝ Հայաստան-երկրին գրեթե չառնչվող երկրի՝ Թուրքիայի իշխող ուժի խոսափող Ենի Շաֆակ (ՆորԱրշալույս) թերթի նախկին խմբագիր, իսկ այժմ սյունակագիր Իբրահիմ Կարագյուլը անդրադարձել է Անատոլիայի ապագային: Անատոլիան, կամ Առաջավոր Ասիան, հիշեցնենք, հայերի մի քանի պետությունների, այդ թվում երկու իմպերիաների՝ Արտաշեսյանի եւ, հազար տարի անց, Հռոմեից Արեւելյանի բնօրրանն է: Այս ամենի վրա բուսած Թուրքիան հեղինակը հակադրում է հին քաղաքակրթություններին:
Կարագյուլը իր բնորոշած «Նոր Աշխարհի» ձեւավորման մեջ մեծ դեր է հատկացնում կորոնավիրուսի համաճարակին: Մինչդեռ, համաճարակից առաջ արդեն չնչին բացառությամբ աշխարհում ամենուր, իսկ Թուրքիայում հատկապես, առկա էր «պատմության շարունակության» որոնումը: Թուրք ազգապետության, համաթուրանականության, նեոօսմանիզի, իսլամականության եւ աշխարհիկության լայն ներկապնակի վրա նպաստավոր ընտրության փորձեր էին արվում: Այնուհետեւ առաջարկվեց առաջին հայացքից իրարամերժ տարրերի «կոկտեյլի» բաղադրատոմսը:
Կարագյուլի մինի-էսսեն պարունակում է Աշխարհ-Թուրքիա հավակնոտ ընդհանրացումներ: Նյութը ինքնին մի հավակնություն է, որ լավագույնս նկարագրում է կտրուկ փոփոխվող աշխարհի հանդեպ ժամանակակից հայերի եւ թուրքերի տրամագծորեն տարբեր մոտեցումները: Ավելի ճիշտ՝ առաջինների մոտեցման բացակայությունը, ապաքաղաքականությունը:
Ենի Շաֆակի սյունակագիրը [YS, 1] ենթադրում է, որ համաճարակը կհանգեցնի ուժերի շոկային տեղաշարժերի, տնտեսական/աշխարհաքաղաքական առանցքի շարժունակության եւ Արևելք-Արևմուտք ուժային քարտեզի արմատական փոփոխության՝ դրան հետեւող աշխարհագրական վերաձեւման հնարավորությամբ:
«Արևմտյան աշխարհակարգի ավարտն արդեն հայտարարված է: Երկրագնդի ճնշող մեծամասնությունն՝ Ասիայից Լատինական Ամերիկա, Աֆրիկայից մինչև Հարավային Ասիա այլևս չի ցանկանում ԱՄՆ-Եվրոպա կենտրոնով մի աշխարհում ապրել: Ասպարեզի վրա բացահայտ մերժում կա, և մերժման ձայնը օր-օրի ավելի բարձր է հնչում», – գտնում է հեղինակը:
Նա շարունակում է. «Արևմտյան կենսակերպի հմայքը չքվել է: Արևմտյան մշակույթն այլեւս անզոր է ազդելու զանգվածների վրա: Դրանց հետ Արևմուտքի հաղորդակցության հիմքը փլուզված է: Հնագույն քաղաքակրթություններ, հզոր քաղաքակրթություններ, մշակույթներ՝ աշխարհայացքի, կենսափորձի նորագույն նարատիվներով ու նորագույն հայցերով են ասպարեզ իջել:
«Ովքե՞ր են լինելու նոր դարաշրջանը հիմնող երկրները» հարցով արաջնորդվող Կարագյուլը գնահատականներ է ձեւակերպում: Արևմուտքի գերակայությունը արտադրության, սպառման, շուկայի, փոխադրության ուղիների, դիվանագիտության, անվտանգության տեսությունների և ընդհանուր ապահովության ոլորտներում արագորեն փլուզվում է: Բոլոր ազգերը, երկրները գլխապտույտ որոնումների մեջ են այս նոր դարաշրջանի ակնկալիքով:
Ոմանք փորձում են գոյություն պաշտպանել հին կաղապարի մեջ, ոմանք էլ աշխարհի փոփոխությունը տեսնելով, նպաստավոր դիրք, նոր հարաբերություններ և անվտանգության դաշտ են փնտրում: Ոմանք իր մտավոր ուժով այս վերափոխումը վերծանելու համար են մրցակցում, ոմանք էլ ՝ վերափոխումից առաջ անցած երկրներից մեկը դառնալու հավանությամբ:
Սրանք գնում են ամեն մի ռիսկի, դիմում վճրական քայլերի, մեծ նպատակներ հետապնդում, որպեսզի դառնան նոր դարաշրջանի հիմնադիր երկրներից մեկը: Թուրքիայի նման: Յուրաքանչյուր երկիր գտնվում է պարտադիր հետախուզման մեջ, և դրանով է գնահատվելու հետվիրուսյան աշխարհում տեղ գրավելու կամքի ուժը, գտնում է Կարագյուլը:
«Հետվիրուսյան աշխարհաքաղաքական ցնցումներին դիմակայելը, “Նոր Աշխարհի” կենտրոնում հաստատվելը Թուրքիայի հիմնական թիրախն է» պնդելով Կարագյուլը անցնում է եզրակացությանը: «Արդեն ասել եմ, որ ամենամեծ մրցամարտը մտքերում է տեղի ունենում: “Հին Աշխարհի” համար մարտնչողների եւ “Նոր Աշխարհը” զրոյից ֆորմատավորել ցանկացողների ամենադաժան մարտերը Թուրքիայում են: Փաստորեն, երկրի ներսում ծեծկռտուքի միակ պատճառը սա է: Ընդդիմությունը, ահաբեկչությունը, խնամակալությունը՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի «օրթաղ» միությունը ցանկանում են Թուրքիային դուրս թողնել այս խաղից:
Մենք էլ մեր հերթին, հարյուրամյակներից ժառանգած իմաստությամբ, նաեւ պահանջատիրությամբ շարժվում ենք “Նոր աշխարհին”, “Նոր Թուրքիային” ընդառաջ: Հետհամաճարակային աշխարհաքաղաքական ալիքը եւ ցնցումը, ինչպես աշխարհում ամենուր, Թուրքիայում էլ “հնի” ջատագովներին ծանր հարված են հասցնելու: Այս փոթորկից նրանք չեն պրծնի: Դրան ենք սպասում», – եզրակացնում է Իբրահիմ Կարագյուլը:
ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, ezerk.am