«Մենք զոհաբերեցինք մեր դաշնակցին, փլուզեցինք Հայաստանը, ինչ ենք ի պատասխան ստանում»
19.04.2021 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
«Միջազգային Եվրասիական շարժման» առաջնորդ Ալեքսանդր Դուգինի բացահայտումները կարող են յուրատեսակ դետոնատոր դառնալ Հայաստանում։ Ռուս-հայկական դաշինքի մասին առասպելը վերջնականապես ցրվեց։
«Պուտինն ու Ալիևը դժվարությամբ են ստեղծել այն մոդելը, որը դրական արդյունքներ է բերել Բաքվին Ղարաբաղում, շատ դժվարությամբ․․․» , – ասել է Դուգինը Մոսկվա-Բաքու ադրբեջանական գործակալության հետ հարցազրույցի ժամանակ։
Դուդինը պնդում է, որ Մոսկվան «արել է այն ամենը, ինչը իրենից պահանջվում էր», կատարել է բոլոր խոստումները․ «Մենք նպաստել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, մենք օգնել ենք Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը։ Բայց ԵՏՄ-ին անդամակցել պետք է, այլապես ստացվում է, որ մենք զոհաբերել ենք մեր դաշնակցին, իսկ ի պատասխան ստանում ենք մեզ հետ ոչ մի փաստաթղթով դաշնակից չհամարվող ուժի հզորացում։ Հիմա Բաքվի հերթն է»։
Դուգինը նաև հայտարարել է, որ Հայաստանը որպես պետություն պետք է վերագործարկել, և նա չի հասկանում, թե «ինչի համար են այնտեղ կռիվ անում, եթե ամեն ինչ փլուզված է»։ Այլ կերպ ասած, Դուգինը խոստովանում է, որ Պուտինը ոչ միայն խոստացել է և «վերադարձրել» է Ղարաբաղը Ադրբեջանին, օգնել է խաղաղություն հաստատել, այլ նաև նպաստել է նրան, որ Հայաստանը «փլուզվի»։
Դուգինի բացահայտումները բուռն արձագանք են առաջացրել հայկական շրջանակներում։ Սեփական դիրքորոշումները «հակառուսականության» թեզով պնդողներն այլևս չունեն փաստարկներ․ Դուգինի միջոցով Մոսկվան հաստատել է այն, որ չկա ոչ մի ռուս-հայկական դաշինք, կան ռուս-թուրքական համաձայնություններ։
Հայ հանրության խորքում արդեն հասունանում է դրա գիտակցությունը, և Դուգինի հայտարարությունները կարող են խթանել ինքնիշխան գործընթացներ։ Ճիշտ է, ինչպես ասում է Դուգինը, քաղաքական դաշտում դա բարդ կլինի․ «Երկու կողմերն էլ, և գործող վարչապետը, և ազգայնականները ցանկանում են ավելի մեծ քայլերով շարժվել դեպի Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդում: Այս երկու ուժերի կողմից Ռուսասատնից Հայաստանի կախվածության գիտակցումը, իմ կարծիքով, էապես պարզեցրել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակը», ասել է նա։
«Կարծում եմ, որ Պուտինն ու Փաշինյանը ուղղակի պայմանավորվել են Հայաստանից շպրտել ամերիկացիներին, որպեսզի վերջիններս իրավիճակը բարդացնելու տարբերակ չունենան», ասում է Դուգինը։ Սա խիստ հատկանշական է թվում ռուս-արևմտյան սրացման, Թուրքիայի ակտիվացման, որը սպասում է հաջորդ հարվածը հասցնելուն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների և Ապրիլի 24-ի ֆոնին, երբ ԱՄՆ նախագահ Բայդենը կարող է ասել «ցեղասպանություն» բառը։
Ինչո՞վ են պայմանավորված նման բացահայտումները։ Արդյոք Դուգինը կարծում է, թե Հայաստանն այլևս կորցնելու բան չունի, և պետք է գոնե Ադրբեջանից բռնվել։ Ռուսաստանի ջղաձգությունը մատնում է նրա վիճակի բարդությունը և այն ենթադրությունների ճշմարտացիությունը, որ Ռուսաստանը կարող է հեռանալ Հարավային Կովկասից։ Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը չմտնի ԵՏՄ։
lragir.am/2021/04/19/635379/