Թող Ալիևը գլուխը պատով տա, սա հայկական գյուղ է ու մնալու է հայկական, ոչ թե Տեղ գյուղից այս կողմ Ադրբեջան է․ Աղավնոյի գյուղապետը վերաբնակեցման ծրագիր է անում
23.04.2021 | Արցախ | ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
Արցախի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը փորձում է վերաբնակեցման ծրագիր իրագործել Աղավնոյում։ Համայնքի ազատ բնակարաններում ապրելու համար տարբեր ընտանիքներ դիմել էին Չավուշյանին։ Համայնքի ղեկավարն էլ նամակ էր գրել Արցախի կառավարությանը՝ խնդրելով, որ հնարավորություն տան ազատ տները ներառել համայնքի բալանսում, որպեսզի կարողանան բաշխել Աղավնոյում ապրելու ցանկություն ունեցող ընտանիքներին։ Lragir.am-ի հետ զրույցում Անդրանիկ Չավուշյանն ասաց, որ Արցախի կառավարությունից գրավոր պատասխան չեն ստացել, բայց որոշել են համայնքի ավագանու նիստ անել ու ավագանու որոշմամբ լուծել բնակարանների բաշխման հարցը։
Ըստ նրա՝ համայնքում ներկայում ազատ 8 տան համար հերթագրվել է 28 ընտանիք։ Ընտրությունը կատարվելու է ըստ առաջնահերթության։ «Ուզողները շատ են, բայց մենք առաջնահերթ կարիք ունեցողներին կտանք։ Այնուհետև համայնքի հին տները, որոնք մարդիկ լքել են, դրանք էլ կբարեկարգենք ու կբաշխենք։ Ինձ պետք էր պետական որոշում, քանի որ այս տները պատկանում են պետությանը։ Եթե համայնքային լիներ, ես մի օրվա մեջ էդ ամբողջը կբնակեցնեի։ Հիմա կառավարությունից բանավոր ասել են, լիազորել են վարչակազմի ղեկավարին, ասել են՝ որոշեք։ Մենք էլ պիտի նստենք, որոշում կայացնենք, բաշխենք ժողովրդին»,- ասաց Չավուշյանը։
Ըստ նրա՝ առաջնահերթ հավանաբար Արցախում իրենց տները կորցրած ընտանիքներին կփորձեն վերաբնակեցնել Աղավնոյում։ Նախատեսում են համայնքում միջոցառում անցկացնել ու հենց այդ օրն էլ բաշխել բնակարանները։
«Մտածում ենք ապրիլի 25-ին մեծ միջոցառում անել, այդ բնակարանները բաշխել, բայց դեռ օրը հստակ չենք որոշել։ Նաև մտածում ենք ծառատունկ անել, որի գաղափարը հայի համախմբումն է։ Սա հայկական հող է, բոլորինն է, իմ ուղերձը դա է»,- ասաց նա։
Ըստ Չավուշյանի՝ նաև ուղերձ են հղում բարերարներին, որ գան ու Աղավնոյում աջակցեն բնակարանների կառուցմանը, մարդկանց վերաբնակեցմանն աջակցել։ «Թող Ալիևը գլուխը պատով տա, որ սա հայկական գյուղ է ու մնալու է հայկական, ոչ թե Տեղ գյուղից այս կողմ Ադրբեջան է։ Մենք այդպիսի արտահայտություններ չենք էլ ուզում լսել»,- ասաց նա։
Նախքան պատերազմը Աղավնոյում բնակվում էր 60 ընտանիք, ներկայում 30 ընտանիք է բնակվում՝ 110 մարդ։ Գործում է գյուղի դպրոցը, որտեղ այցելում է 34 երեխա։ Այդ թվում՝ Բերձորի երեխաներն են հաճախում Աղավնոյի դպրոց։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բերձորից դուրս եկած բնակիչները պատերազմից հետո չեն կարողանում բնակվելու նպատակով մեկնել համայնք, քանի որ ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս։ Անդրանիկ Չավուշյանն ասաց, որ իրենց համայնք գալու խոչընդոտ չկա։ «Չգիտեմ, եթե մարդ կա, ով ենթարկվում է ինչ-որ ուժերի, իրեն ինչ ասեն, շատ խելոք կատարող է․․․ Ես չեմ պատկերացնում, որ գնամ իմ տունը Լաչին, մեկն ինձ ասի՝ չէ, չպիտի ապրես։ Կասեմ՝ ես իմ տունն եմ գալիս, դու իմ անվտանգությունը չես ապահովում, որ ինձ թույլ տաս կամ չտաս։ Մարդիկ իրենք էլ են մեղավոր, ոչ թե մենակ ղեկավարությունը։ Էս տարբերակն աշխատում էր Սուսում, Բերձորում։ Ես ռուսին ասում եմ, բայց ասում է՝ խնդիր չկա, ցուցակը ներկայացրեք մարդկանց, բնակվեք։ Հիմա ո՞վ է ճիշտ։ Ես չեմ կարծում, որ ռուսը պիտի ասի՝ չէ մի բնակվիր քո տանը։ Ես կարծում եմ՝ իր գործը չէ, որոշող կողմ չէ։ Ինձ ճնշո՞ւմ է ազերին, որ մի բնակեցրու։ Չէ, ես բնակվում եմ, ի՞նչ կարաս անես»,- ասաց Չավուշյանը։
www.lragir.am/2021/04/23/636625/