Ֆրանսիայում հայամետ մթնոլորտ է, սակայն ՀՀ իշխանությունը կարծեք թե միտված չէ այս հնարավորություններից օգտվելու

Ֆրանսիայում հայամետ մթնոլորտ է, սակայն ՀՀ իշխանությունը կարծեք թե միտված չէ այս հնարավորություններից օգտվելու

03.05.2021 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Մեր զրուցակիցն է Եվրոպայի Հայկական դաշնության նախագահ, ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը

Վերջին շրջանում Ֆրանսիայի խորհրդարանականների Հայաստանում գտնվելու ժամանակ պարզ դարձավ, որ նաև խորհրդարանական նախաձեռնություններով են հանդես գալու Արցախի խնդրի հետ կապված: Ի՞նչ ակնկալիքներ կան և ինչպես եք գնահատում Ֆրանսիայի այս ակտիվությունը:

Այս ակտիվությունը պետք է կապել Ֆրանսիայում վերջին ամիսներին ստեղծված հայամետ մթնոլորտի հետ՝ հայտնի ազդակներից ելնելով: Այդ ազդակներից մեկն այն է, որ այսօր Ֆրանսիայում քաղաքական առումով մեծ հակադրություն կա Թուրքիայի հետ: Ֆրանսիայում իսլամականության դեմ պայքարը, Էրդողանի վարած ագրեսիվ քաղաքականությունը, մասնավորապես, որպես ֆրանսիական և թուրքական շահերի բախման հետևանք, Միջերկրական ծովում եղած բախումները, Լիբիայում եղած հակադրությունները, այս ամենը ստեղծել են մթնոլորտ, որտեղ ֆրանսիական հանրային կարծիքը, քաղաքական դասը գիտակցում է, որ պետք է օգնել Հայաստանին և հայությանը, հատկապես այս պատերազմից հետո ստեղծված պայմաններում:

Այս ամենի ֆոնին Ֆրանսիայի ժողովրդի կամքն արտահայտող խորհրդարանի երկու պալատներում գործընթացներ սկսվեցին, որոնք բավական մեծ հաջողություն գտան, մասնավորապես, Արցախի ճանաչման գործընթացը: Խորհրդարանի երկու պալատները բացարձակ մեծամասնությամբ ընդունեցին որոշում: Սենատի նախագահի գլխավորությամբ այցելությունը Հայաստան և Արցախ մեծ նշանակություն ունի: Դա չի նշանակում, որ Ֆրանսիան պատրաստվում է իր քաղաքականությունը փոխել Հարավային Կովկասում, որովհետև որոշ չափով տարբերություններ գոյություն ունեն Ֆրանսիայի պետական քաղաքականության, ԱԳՆ-ի վարած քաղաքականության և խորհրդարանականների միջև:

Այս տարբերությունները բավական կարևոր են: Խորհրդարանական գործընթացը տակավին մեծ ազդեցություն չի թողնում պետական քաղաքական գործընթացների վրա, պետական վերաբերմունքում մեծ փոփոխություններ չեն եղել: Հիմա կացությունը հետևյալն է. պատերազմի հետևանքով Մինսկի խումբը չեզոքացված է, և Ֆրանսիան շահագրգռված է Մինսկի խմբի վերականգնման գործընթացով: Հիմա որքանով այս ճանաչումները կառավարության կողմից կօգտագործվեն որպես ճնշման միջոց Թուրքիայի և Ադրբեջանի վրա, ասելով, որ Ֆրանսիայում տրամադրություններն այսպիսին են, և եթե չթողնեք, որ Մինսկի խումբը վերականգնվի և իր պատասխանատվությունը նորից վերցնի, մենք կարող ենք Արցախը ճանաչել:

Արցախի ճանաչման խնդրին շատ ընդդիմանում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն և հավանաբար, առանց խոսքի, առանց արտահայտվելու նաև երկրի նախագահը: Բայց նախագահը շատ ավելի հայամետ կեցվածք ունի: Այստեղ կարելի է որոշակի դերերի բաժանում տեսնել Նախագահի և ԱԳ նախարարի միջև: Նախագահն, անշուշտ, հույս չի տալիս, բայց կատեգորիկ կերպով դեմ չէ Արցախի ճանաչմանը: Խորհրդարանի երկու պալատներն ընդունեցին, և ամեն անգամ նախագահը խուսափել է այս թեմայով խոսել:

Ուրեմն ճիշտ է, որ Ֆրանսիայում նոր հակաթուրքական, հակաադրբեջանական, հայամետ մթնոլորտ է ստեղծվել, որից օգտվելու համար ՀՀ իշխանությունները կարևոր քայլեր պետք է անեն: Որովհետև ինքնին այս մթնոլորտը բավարար չէ, որպեսզի Հայաստանը կարողանա օգտվել: Մի բանում առայժմ կարելի է տեսնել, որ մտադրությունների համախմբում կա որոշ չափով. խոսքը Մինսկի խմբի վերականգնման ու վերաիմաստավորման մասին է:

Առայժմ այսքանը, բայց Ֆրանսիայի հանրային կարծիքն այնքան հայամետ է դարձել, որ ափսոս կլինի, եթե ՀՀ իշխանությունները չկարողանան հստակ ծրագրեր ներկայացնելով չօգտվել այդ կացությունից:

Հայաստանի իշխանությունների կողմից բավարար ջանք չկա՞ այս ուղղությամբ, այդ թվում հայ-ֆրանսիական հարաբերությունների էլ ավելի սերտացման համար:

Դեսպանի ջանքերը բավարար են, բայց այս խնդիրն այլևս դեսպանի մակարդակի չէ: Այս խնդիրը պետությունների միջև ուղիղ համագործակցության խնդիր է: Հիմա մեծ հնարավորություններ կան, մասնավորապես, Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի Հայաստան այցելությունից հետո շատ հստակ ձևով երևում է, որ Ժերար Լարշեն, որ շատ պատկառելի անձնավորություն է, քաղաքական մեծ փորձառություն ունեցող, իրենց կուսակցության ամենակարկառուն դեմքն է, և նրա տրամադրությունները Հայաստանի հանդեպ փայլուն են: Շատ հայամետ և իսկապես գործնական ոլորտ է ուզում մտնել:

Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները չեն արել պետք եղածը և կարծեք թե միտված չեն այս հնարավորություններից օգտվելու, մինչդեռ հսկայական հնարավորություններ կան: Մասնավորապես, Ժերար Լարշեն Հայաստանում հայտարարեց, որ 2022 թվականի առաջին կիսամյակին Ֆրանսիան նախագահելու է ԵՄ-ում: Հայաստան-ԵՄ համաձայնագիրը մեծ հնարավորություններ է տալիս Հայաստանին ոչ թե գումարներ ստանալու, այլ Հայաստանում, օրինակ, հսկայական ոլորտներում մակարդակը բարձրացնելու համար:

Սա նշանակում է, որ Հայաստանում գիտական, քաղաքագիտական բարձր մակարդակի մարդկանց հատուկ մարմիններ պետք է ստեղծվեն, որ կարողանանք այս կացությունից օգտվել, մասնավորապես, Ֆրանսիայի միջոցով, Ֆրանսիայում ստեղծված հայամետ մթնոլորտի միջոցով, որը հավերժական չի կարող լինել: Պետք է Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների մակարդակը էլ ավելի բարձրացնել:

Իրականում խնդիրը ոչ թե ԵՄ-ի հետ թղթի վրա կնքված համաձայնագրերն են, այլ այդ համաձայնագրերի արժևորումը, դրանք իրականության վերածելը: Ըստ իմ տեղեկությունների Հայաստանը եղած չափով չի օգտվում դրանից:

Վերջերս Պուտին-Մակրոն զրույց եղավ, և շատերը խոսում են այն մասին, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո օրակարգ է գալիս Արցախի ճանաչման հարցը, և ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից պատերազմի ժամանակ որոշակի լռությունից հետո հիմա բոլորովին այլ գործընթացներ են սպասվում: Ընդհանուր առմամբ Արցախի խնդրում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ջանքերը կարո՞ղ են մեծ պտուղներ տալ:

Ես այսօր չեմ հավատում, թե կարող է բեկումնային ինչ-որ բան լինել Արցախի հարցում: Մեծ հնարավորություն է ստեղծելու Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը: Այսօր և Հայաստանը, և Ռուսաստանը, և Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, հետաքրքրված են դրանով, որովհետև բոլորն էլ նեղ կացության մեջ են: Այսօր մենք տեսնում ենք, որ Դոնբասի հակամարտության մեջ Թուրքիան Ուկրաինայի կողմն է բռնել, հակառուսական տրամադրություններ է դրսևորում՝ զենք ու սպառազինություն տրամադրելով:

Մենք տեսնում ենք, որ ինչ-որ տեղ Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի, որ առանձին դեմ դիմաց չգտնվի Թուրքիայի առջև: Այս ֆոնին լավագույն լուծումը, ինձ թվում է, Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումն է: Սակայն դա չի նշանակում, որ անմիջապես քայլեր պետք է տեղի ունենան: Այդուհանդերձ, Հայաստանը դեռևս մեծ հնարավորություններ ունի նոր առաջարկներ անելու: Եվ այդ առաջարկները այն պարզունակ առաջարկները չեն, որ պետք է Ադրբեջանի միջոցով Ռուսաստանի հետ ճանապարհները բացենք և այլն:

Շատ ավելի համարձակ քայլերի անհրաժեշտություն ունի Հայաստանը՝ առանց իր անվտանգությունը ստորադաս դարձնելու: Կարծում եմ՝ ընդհանրապես, Հայաստանի արտաքին քաղաքականության մեծ խնդիր կա, որովհետև պրոակտիվ և ավելի գործնական քաղաքականության կարիք ունի Հայաստանը: Այս իրավիճակից դուրս գալու համար շատ ավելի հմուտ քաղաքականության կարիք ունի, որը այսօր չկա: Օրինակ, վերջերս շատ խոսվեց Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին վաճառած արբանյակների մասին:

Ես չգիտեմ, թե Հայաստանի իշխանությունները, մասնավորապես նախագահն ու վարչապետը ինչ են ասում Ֆրանսիայի իշխանություններին այս հարցի վերաբերյալ: Դրա փոխարեն այս հայամետ քաղաքական և սոցիալական ընդհանուր մթնոլորտից օգտվելով Հայաստանը պետք է այդ արբանյակների վաճառքի դիմաց ուրիշ բաներ ուզի Ֆրանսիայից: Օրինակ, Հայաստանը պետք է ստեղծի տիեզերական մեծ գործակալություն, որը կարող է ԵՄ-ից շատ մեծ աջակցություններ ստանալ ոչ միայն դրամական, այլև այդ ոլորտում Հայաստանում գիտության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Երկրորդ, այդ տիեզերական գործակալությունը պետք է համագործակցություն սկսի մասնավորապես զուտ ֆրանսիական արբանյակների տվյալներից օգտվելու համար: Այդ տվյալները, օրինակ, կարելի է օգտագործել Արցախում հուշարձանների պահպանության գործում: Ամենահեշտն այն կարող է լինել, որ Հայաստանը կարողանա իր հուշարձանները պահպանել այդ տվյալների միջոցով, եթե մինչ այդ ադրբեջանցիներն ամբողջը ոչնչացրած չլինեն: Դրա հնարավորությունները շատ մեծ են և պետք չէ սպասել, որ Ֆրանսիան որպես պետություն անի սա:

www.lragir.am/2021/05/03/639063/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail