Ադրբեջանն այսօր անում է այն, ինչը Հայաստանը չարեց 1994-ին իր հաղթանակից հետո

ԿԱՅԾ ՄԻՆԱՍԵԱՆ

Ադրբեջանն այսօր անում է այն, ինչը Հայաստանը չարեց 1994-ին իր հաղթանակից հետո

14.05.2021 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը

Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի հետ կապված ԱՄՆ կոնգրեսականները կոչով դիմել են նախագահ Բայդենին: Սա կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ իրավիճակի վրա:

Այդպիսի սադրանքներ Ադրբեջանի կողմից տեղի են ունենալու մինչև ընտրությունները, որպեսզի դժվար վիճակի մեջ դնեն Հայաստանի այսօրվա իշխանություններին և գլխավորապես Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ուժ տան ընդդիմադիր ուժերին, գլխավորապես Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի անկայուն մթնոլորտ ստեղծվի Հայաստանում և կայուն վիճակ ստեղծվի, եթե Ռոբերտ Քոչարյանը դառնա վարչապետ: Այսինքն ռուսները երկու շահ ունեն. մի կողմից օգնել Քոչարյանին՝ տկարացնելով Նիկոլ Փաշինյանին, և այդ դեպքում կունենան իրենց ուզած թեկնածուն Հայաստանի գլխին, կամ շարունակել Փաշինյանի հետ ու հանգիստ ձևով նոյեմբերի 9-ի պայմանագիրն իրագործել:

Այս երկու ծրագրերի մեջ Մոսկվան հանգիստ է: Սա ռուսական խաղ է: Իսկ Հայաստանի խաղը հետևյալն է. Փաշինյանը պետք է լուրջ համարի այդ սադրանքը՝ ցույց տալու համար, որ ինքը «ազգային» վարչապետ է, «ազգային» ղեկավար է և պատրաստ է պաշտպանել Հայաստանի սահմանները: Քոչարյանը ճիշտ հակառակը, պետք է ցույց տա, որ Փաշինյանը բերել է անկայունություն ու տկարություն, իսկ Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի տկարությունը: Ադրբեջանի խաղը հետևյալն է. լինի Փաշինյանը, թե Քոչարյանը, իրենց համար կարևոր չէ, որովհետև հիմա իրենք զորավոր ուղղակի կապեր ունեն Ռուսաստանի հետ և Թուրքիայի հետ: Ադրբեջանցիներն, օգտագործելով ընտրապայքարի անկայուն վիճակը, ցանկանում են ավելի հեռուն գնալ:

Նրանք կանաչ լույս ունեն Ռուսաստանից: Մյուս կողմից ադրբեջանցիներն առաջ են գնում բոլոր կողմերին ցույց տալու համար, որ Ադրբեջանը զորավոր պետություն է, և որ Թուրքիան անպայման պաշտպանելու է Ադրբեջանին: Թուրքիայի խաղը հետևյալն է. հետևել իրադարձություններին, պաշտպանել Ադրբեջանին, բայց մյուս կողմից «լավ աշակերտ» լինել ամերիկացիների առջև: Արևմուտքի, գլխավորապես ԱՄՆ-ի խաղը հետևյալն է. հետևել դեպքերին և իմանալով, որ ռուսները փորձում են թե տկարացնել Փաշինյանին, թե ուժ տալ Քոչարյանին, չմտնել այդպիսի կեղտոտ խաղի մեջ, բայց պետք է օգնել Փաշինյանին:

Եվ եթե Արևմուտքը ավելի հստակ ձևով, հայտարարություններով օգնի Փաշինյանին, ընդդիմադիր ուժերը կսկսեն հայտարարել, թե Փաշինյանը արևմտամետ է, Արևմուտքի մարդն է: Բայց ես չեմ կարծում, թե Բայդենը որևէ հայտարարություն անի այս առնչությամբ: Եթե Ամերիկայի կողմից լինի հայտարարություն, ապա դա կլինի կամ պետքարտուղարության կողմից, կամ ԱՄՆ դեսպանի կողմից, ոչ ավելին:

Հայաստանում, ըստ էության, մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, և մենք տեսնում ենք, թե ընդդիմադիրներն ինչպես են արձագանքում այս իրավիճակին: Ներքաղաքական զարգացումների վրա ինչպիսի՞ ազդեցություն կունենան Սյունիքի դեպքերը:

Այո, նախընտրական քարոզարշավի մեջ ենք, և Փաշինյանն ու Քոչարյանը այդ խաղը պետք է խաղան: Քոչարյանը հանգիստ է, որովհետև ինքը օգտագործում է այդ իրադարձությունները՝ ցույց տալու համար, թե Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է անկայուն Հայաստանը, վտանգված Հայաստանը: Իսկ Նիկոլ Փաշինյանը պետք է ամեն ինչ անի պաշտպանելու համար Հայաստանը, զբաղվելու անվտանգության հարցերով, ոչ թե ընտրապայքարի հարցերով: Ըստ էության, կարող ենք ասել, որ Ադրբեջանը մասնակցում է Հայաստանի ընտրապայքարին:

Ռուսաստանից մենք պետք է այլ ակնկալիքներ չունենայի՞նք՝ հաշվի առնելով, որ այս զարգացումները հաջորդեցին Լավրովի այցելությանը Բաքու և Երևան:

Այո, հենց այդ պատճառով է, որ այս սադրանքը գոյություն ունի: Ադրբեջանն օգտագործում է առիթը, որ Հայաստանում ընտրապայքար է: Ադրբեջանն իր հաղթանակից հետո այսօր անում է այն, ինչը Հայաստանը չարեց 1994-ին իր հաղթանակից հետո: Այսինքն ավելի հեռուն գնալ, ավելի կոշտ լինել: Եթե հիշում եք, 1994-ին, երբ հայերը հաղթեցին պատերազմում, դրանից հետո չօգտագործեցին ոչ մի բան: Ալիևը ճիշտ հակառակն է անում, որովհետև որքան որ Ռուսաստանը, Արևմուտքը պասիվ մոտենան որևէ սադրանքի, Ադրբեջանը շարունակելու է իր սադրանքները:

www.lragir.am/2021/05/14/641762/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail