
Համշենի լեռերուն, կեդերուն, ձովերուն հեքիաթներե Հայաստանի ծեն կուգա, մեր սիրդերնիս, ծեր սիրդերուտ գաբ էլլի…
Համշենցի Մահիր Օզքանին առաջին անգամ հանդիպել եմ 2008թ. Երևանում, երբ գործընկերներիս հետ կազմակերպում էի Համշենի մշակույթին և պատմությանը նվիրված շաբաթ Հայաստանում: Այդ ընթացքում ներկայացվեց ցուցահանդես, գիտաժողով և առաջին անգամ կայացան համշենական «Վովա» խմբի համերգները:
Հայաստանում առավել հաճախ սկսեցին խոսել ու քննարկել Համշեն աշխարհի առասպելական գոյության, ծպտյալ հայերի, նրանց ծագման ու ինքնության հարցերը: Ցավոք, մեծ մասամբ դրանք պտտվեցին ու կանգ առան՝ «Դուք ձեզ հայ համարու՞մ եք, թե՞ ոչ» հարցի կողքին:
Մահիրը ոչ լուսանկարիչ էր, ոչ լրագրող, ոչ գիտնականների խմբի անդամ, ոչ էլ երաժիշտ, բայց լսելով այդ նախագծի մասին՝ շտապել էր միանալ Հայաստան եկող խմբին, քանի որ այս այցելությունը բացառիկ և անակնկալ հնարավորություն էր իր համար: Նա ևս, շատերի նման, գալիս էր իրեն ու հայրենակիցներին տարիներ, դարեր շարունակ տանջող հարցի պատասխանը փնտրելու՝ «Ո՞վ ենք մենք»:
Այս այցելությունը ինքնաճանաչման դժվար ու ցավալի մի ճամփորդություն էր, որը, ինչպես հետո ինքն ասաց, շատ բան փոխեց Մահիրի կյանքում: Ես համառորեն նրան Մհեր էի անվանում, իսկ նա ժպտում էր և ասում՝ «այո, Մհեր»:
Վերադարձին նա իր հետ ավանդական հուշանվերներից բացի, տարավ հայերեն գրքեր, ձայնագրություններ, իսկ որոշ ժամանակ անց իմացա, որ բարելավում է իր հայերենը, զբաղվում է Համշենի բանահյուսությամբ, հավաքում և փրկում է ժողովրդական հեքիաթներ, մանիներ, օրորոցային երգեր, ասացվածքներ, որոնք ժամանակ առ ժամանակ սկսեցին տպագրվել «ԱԿՕՍ» թերթում, հնչել ռադիոկայաններից մեկում և Համշենի մշակույթը ներկայացնող մի ինտերնետային բլոգում։
Հետո ֆեյսբուքում նրա անվան ներքո կարդացի նրա հայկական անունը՝ Մհեր Բեքարյան: Մհերն այն համշենցիներից է, ովքեր բացահայտ հաստատում են իրենց հայկական ինքնությունը: Նրան վստահաբար կարելի է համարել համշենական մտավորականության ներկայացուցիչ: Ներկայումս զբաղվում է մանկավարժությամբ, բանահավաքչությամբ և դասավանդում է դպրոցում: Թուրքական և հայկական մամուլում հաճախ են տպագրվում Մահիր Օզքանի հրապարակախոսական հոդվածները, որոնք անդրադառնում են համշենցիների ինքնության խնդիրներին, մշակույթի և լեզվի պահպանությանը:
«Ես առաջ մա, չկիդեմ թա շատ բիձիգ էի (պստիկ), աշխարհըս կիդեի լազեր գոն (կան), համշենցիներ գոն, ու ուրիշ մարդ չգո ու համշենցիներն ալ թուրք ին:,ասում էր Մհերը,- Հիմի կիդիմ՝ աշխարհս ասման չէ(այսպես չէ). հոզա(հոս-այստեղ) Կրասնոդարին համշենցիներին խոսումը (խոսքը, լեզուն) մեր խոսումիս բես ա, դեսա, անոնց հետ շատ լավ հասկցանք (իրար Ն. Հ): Հայերեն յոթ օր խոսելով՝ քիչ մը լավ աղավ(եղավ) ինձի համար»:
Տարիներ առաջ Մհերի այս տպավորություններից մենք զրուցում էինք հայաստանյան մի քանի վայրեր այցելելուց հետո: Խումբը եղել էր նաև Ծիծեռնակաբերդում: Աշխարհը փոքր էր ավելի, մինչ այդ, և սահմանափակվում էր լազեր, համշենցիներ, քրդեր և թուրքեր ծնող մի հսկա երկրի տարածքում. այդպես էին սովորեցրել նրանց: Նա խորապես ազդվել էր Ծիծեռնակաբերդից: Թանգարանում տեսածն ու լսածը՝ խառնվելով կոմիտասյան մեղեդիներին, հավերժական կրակի մոտ խոնարհել էին նրան՝ լուռ, ալեկոծ, ականջներում՝ կրակի տակից լսվող մարդկային ձայները:

«Գիագին դագնան(կրակի տակից) երգիներ կուգար, կիդե՛ս որդեղե, անդեղեն ես, միտքես էյև (այնտեղից ես մտքումս կամ մտածում էի) գնգդիքը, մարդիկը հողին դագնան (տակից) մեզի ծեն(ձայն) գուդան՝ գասին «Մեք հոզա իք»: Ես անդաղ աս հասկցա. հեդս աս ալ դանող ում (տանելու եմ) Թուրքիա»:
Մահիր Օզքանին այս անգամ հանդիպեցի Ստամբուլում: Մի խումբ հայ լրագրողներով «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա լրագրողների երկխոսություն» ծրագրի նախաձեռնությամբ այցելել էինք «Արաս» հրատարակչատուն: Այն Թուրքիայում կարևոր գործունեություն է իրականացնում՝ թարգմանելով և հրատարակելով գրքեր, որոնք արժեքավոր են փակ դռների տակ դեռևս պահվող գրականությամբ, ուստի նաև վերոնշյալ երկխոսության տեսանկյունից: Հենց այստեղ էլ իրականացվել էին վերջերս լույս տեսած «Համշենյան պատմվածքներ. համշեցնակ հեքիաներ» գրքի հրատարակչական աշխատանքները, հեղինակ՝ Մահիր Օզքան:
Այս ժողովածուի մեջ ընդգրկված պատմությունները իրենց մեջ ամփոփում են աշխարհից հեռու և աշխարհի մեջ թաքնված համշենցիների կյանքը, կենցաղը, լեզվամտածողությունն ու այս ամենի մեջ դեռևս ապրող մշակույթը: Նա հավաքել և գրել է երկու տասնյակից ավելի հեքիաթներ, պատմվածքներ, որոնց մեծ մասը լսել է համշենցի մոմիներից (մոմի՝ համշենի բարբառով նշանակում է մեծ մայր):
Մահիր Օզքանի հայերենն այս ընթացքում ակնհայտորեն լավացել էր, Համշենի բարբառի, իր սովորած արևմտահայերենի ու արևելահայերենի միաձուլումից ստացված մի յուրահատուկ հայերենով էլ նա պատասխանում էր հարցերին:
«Համշենին դիալեքթը հայերենեն քիչ մը տարբեր է. ես հիմի խոսելես արևելքահայերենով թա, արևմտահայերենով թա, համշեներենով թա… ես չկիդիմ, բոլորն ալ իրար խարնվաձ ին: Հայաստան մեկ (մի անգամ) շաբաթ մը գացի, հեդև (հետո)հինգ օր ալ գացի, անդեղ հայերեն քիչ մը խոսեցա: Իյեք օր (երեք օր) Բեյրութ գնացի (Բեյրութ կիրքը (գիրքը) ելավ հեդև, կիրքի համար գնացի), անդաղ ալ խոսեցա, համշեներենով խոսեցա անոնց մոդն ալ: Գամաց-գամաց խոսիք նա, իրար հասկիինք գու, բայց շուտ-շուտ խոսիք, չէ… (դանդաղ եթե խոսեք, իրար կհասկանանք, բայց արագ՝խոսեք՝ ոչ)»:
Ինչպես պատմեց հեղինակը, իր պատմությունները գրելու ամենամեծ խթանը եղել է «Ակոս»-ի այն ժամանակվա գլխավոր խմբագիր Սարգիս Սերոբյանի առաջարկը՝ գրել թերթում տպագրելու համար: Հայաստանում անցկացված Համշենի մշակութային շաբաթվա ընթացքում, հյուրանոցում զրույցի ժամանակ Ս. Սերոբյանը նրանից լսում է այդ հեքիաթներից մեկն ու անմիջապես ասում. «Այս պատմությունը գրի առ, մենք «Ակոսում» կտպենք»: Հնչում է Մահիրի զարմացած պատասխանը՝ «Ինչպե՞ս… ասոնք քիյելու (գրելու) հեքիա չեն, ասուշի՝ ասելու հեքիա ին, խոսելու հեքիա ին»: «Դու գրիր, կլինի»,- ասում է խմբագիրը: Հետագայում այս պատմվածքները, ինչպես նաև բանավոր մշակույթի գրառումները ժողովածու կազմելու հիմք հանդիսացան :
«Սա հեքիաթները իմ մայրիգեն, դադիին դադին (տատի տատից) ինձի հասցված հեքիաներ են և իմ աբրած, իմ գյանքան (կյանքից) էգաձ հեքիաներ են»,- ասում է Մհերը: Իսկ երբ առաջին պատմվածք- հեքիաթը տպագրվում է, մեկ շաբաթ անց Ս. Սերոբյանը զանգահարում է Մահիրին և ասում, որ նոր պատմություն գրի և ամեն շաբաթվա համար,- «Անկե ես ինձի դեսա՝ համշեներենով հեքիա կրվի գու (գրվում է), գարելի է. առաջ մը կիդեի՝ համշեներենը խոսելու լիզու ա, կիրուշի՝ կրելով լիզու չէ»:
Շարունակելի 1
http://hayernaysor.am





