Թուրքիայի Առաջին Հայ Կին Պատգամաւոր. Սելինա Տողան

16 ՅՈՒՆՈՒԱՐ 2016
ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցութիւնն է Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւնը (ԺՀԿ), կամ այնպէս որ Թուրքիայում են ասում` Ճէ. Հէ. Փէ. (Ճոմհուրրիէթ հալք փարթիսի):

Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւնը (ԺՀԿ) հիմնուել է 1923 թուականին, հիմնադրուել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, որը եղել է Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիրը` Օսմանական կայսրութեան տապալուելուց յետոյ:

ԺՀԿ-ն տասնամեակներ եղել է Թուրքիայում իշխանութեան գլուխ, այժմ համարւում է կառավարութեան ամենագլխաւոր ընդդիմադիր կուսակցութիւնը:

ԺՀԿ-ն համարւում է սոցիալ-դեմոկրատ կուսակցութիւն, հաւատացած է ընկերվարական սկզբունքներին ու Թուրքիայում ժողովրդավարութեան տարածմանն ու հաստատմանը:

ԺՀԿ-ն նաեւ անդամ է Ընկերվար միջազգայնական կազմակերպութեանը, որտեղ անդամ են ընկերվարական կուսակցութիւնները, դրանց շարքին` Հայ յեղափոխական դաշնակցութիւնը:

2015 թուականի նոյեմբեր 1-ին Թուրքիայում տեղի ունեցաւ երկրի խորհրդարանական 25-րդ ընտրութիւնները եւ ընտրուեց երկրի 26-րդ խորհրդարանը:

Թուրքիայի խորհրդարանի ընտրութիւնների համար թեկնածուներ են ներկայացնում կուսակցութիւնները, անհատները չեն, որ իրենց թեկնածու են դարձնում: Թուրքիայի խորհրդարանը ունի 550 աթոռ, ընտրութիւնների արդիւնքում ԺՀԿ-ն շահեց 134 աթոռ:

ԺՀԿ-ի թեկնածուների ցանկում առաջին անգամ լինելով ներկայացուած էր մի հայ կին` Սելինա Տողանը:

Սփիւռքի հայութեան համար թերեւս հետաքրքիր լինի, թէ ո՛վ է Ս. Տողանը, ինչպէ՞ս ընտրուեց նա Թուրքիայի խորհրդարանի պատգամաւոր եւ ինչե՞ր են ընդհանրապէս նրա մտքերն ու գաղափարները…

Նման հարցումների համար պատասխան ստանալու նպատակով հանդիպեցի Սելինա Տողանին. զրոյցի սկզբում Ս. Տողանը նախ համառօտ կերպով բացատրութիւն տուեց իր կեանքի ու գործունէութեան մասին, ապա ունեցանք շահեկան զրոյց:

Ստորեւ ներկայացնում եմ իմ հարցազրոյցը` Թուրքիայի խորհրդարանի առաջին հայ կին պատգամաւոր Սելինա Տողանի հետ:

* * *

Սելինա Տողան – Ծնուել եմ Պոլսում, 1977 թուականին, տարրական կրթութիւնս, այսինքն մինչեւ հինգերորդ դասարան յաճախել եմ հայկական «Տատրեան» վարժարան, յետոյ շարունակել եմ ֆրանսական դպրոցում: Միջնակարգս աւարտելուց յետոյ համալսարանում սովորել եմ իրաւաբանութիւն: 2004 թուականից մինչեւ խորհրդարանում պատգամաւոր ընտրուելս զբաղուել եմ փաստաբանութեամբ:

Միշտ փորձել եմ մեր հայկական համայնքում գործօն ներկայութիւն լինել, կամաւոր կերպով բազմաթիւ աշխատանքներ եմ ունեցել համայնքում. այնպէս որ, մեր համայնքում ճանաչուած դէմք եմ, իմ հայրիկս(1) էլ նոյնպէս ճանաչուած անձնաւորութիւն է Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան անդամ է եւ Պոլսի Պաքըրքէօյի (Պոլսի թաղամասերից) քաղաքապետութեան օգնականն է: Մեծացել ու դաստիարակուել եմ սոցիալ-դեմոկրատ գաղափարի տէր ծնողների միջոցով. այնպէս որ, հեռու չեմ այդ գաղափարաբանութիւնից:

Ամուսինս(2) էլ փաստաբան է եւ ճանաչուած անձնաւորութիւն է հայկական համայնքում:

Մեր հայկական համայնքի հարցերից ու առօրեայ խնդիրներից հեռու չեմ եւ ծանօթ եմ մեր դժուարութիւններին:

Հ.- Ինչպէ՞ս արծարծուեց ձեր թեկնածութեան հարցը:

Պ.- Երբ որոշուեց, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան կողմից, հայ համայնքի միջից էլ մի թեկնածու ներկայացուի, նախ իմ հայրիկիս անունը արծարծուեց, բայց քանի որ որոշուել էր, որ թեկնածուն անպայման կին լինի, ապա ես յարմար նկատուեցի, որ թեկնածու առաջարկուեմ, եւ կուսակցութիւնը իմ թեկնածութիւնը առաջադրեց. սա խորհրդանշական մի քայլ չէր, այլ պիտի ասել, որ քաղաքական մէկ կարեւոր քայլ էր. արդէն փոփոխութիւններ են կատարւում Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան մէջ, կուսակցութեան ղեկավարութիւնը աւելի է մօտեցել սոցիալ-դեմոկրատ սկզբունքներին:

Հ.- Ասացիք, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան մէջ փոփոխութիւններ են տեղի ունենում, ինչպիսի՞ փոփոխութիւններ են դրանք:

Պ.- Ինչպէս որ ասացի, կուսակցութիւնը աւելի է մօտենում սոցիալ-դեմոկրատ ուղղուն, Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւնը իրեն համարում է արդի կուսակցութիւն եւ այն, որ ժամանակի եւ ժամանակակից հարցերի հետ քայլ պիտի պահի, կուսակցութեան ղեկավարութիւնը երիտասարդացել է, փորձում է կին եւ տղամարդ հաւասարութիւնը նկատի ունենալ, օրինակ` այս շրջանի խորհրդարանական ընտրութիւններում կին թեկնածուների թիւը բարձրացրեց, արդէն շուրջ 20 կին պատգամաւոր ունի մեր կուսակցութիւնը խորհրդարանում, այս թիւը բաւական չէ, բայց անցեալի համեմատութեամբ աւելի առաջխաղացք է: Կուսակցութեան քատրերը փոխուել են. եթէ նախկինում կային պահպանողականներ, հիմա դրանք չկան, հիմա աւելի սոցիալ-դեմոկրատ գաղափարներով եւ ծրագրերով առաջնորդուող դէմքեր են ղեկավարութիւն դարձել, երիտասարդներ եւ կիներ կան գործի գլուխ:

Խորհրդարանական ընտրարշաւի ժամանակ եւ մեր հանրահաւաքներում կուսակցութիւնը շեշտ էր դնում աւելի ընկերային հարցերի վրայ, աշխատաւորութեան վիճակի բարելաւում, կանանց եւ երեխաների համար բարւոք վիճակի ստեղծում, քաղաքացիութեան հաստատութեան եւ հաւասար իրաւունքներ ունենալու հարց, այն որ քրտերի հարցը պիտի վերջապէս ունենայ իր լուծումը, դա պիտի նաեւ լուծուի խորհրդարանում, մասնագիտական յանձնաժողովներում, քրտերէնը պիտի դասաւանդուի դպրոցներում` քրտերի համար որպէս իրենց մայրենի լեզու, քրտական քաղաքներում կամ թաղամասերում հին քրտական անունները պիտի վերականգնուեն, եւ, ամենակարեւորը, որ ամէն ինչը պիտի լինի թափանցիկ եւ ոչ թէ ծածուկ:

Հ.- Արդեօք ձեր հայ լինելը կամ կին լինելը որեւէ արգելք կամ դժուարութիւն ստեղծե՞ց ձեր ընտրուելու ճանապարհին:

Պ.- Պիտի ասեմ, որ ես բնաւ դժուարութիւն չեմ ունեցել թէ՛ որպէս հայ եւ թէ՛ որպէս կին: Իմ թեկնածու առաջարկուելը մի ժողովրդավարական քայլ էր ժողովրդա-հանրապետական կուսակցութեան կողմից, իրենց համար շատ կարեւոր հարց էր, կուսակցութեան նախագահ Քըլըչտարօղլուն ինձ շատ հովանաւորեց: Ընտրարշաւի ժամանակ եւ հանդիպումների ընթացքում, սկզբում որոշ ազգային մօտեցումներ ունեցող անձնաւորութիւնների կողմից մի քիչ դիմադրութիւն կար իմ թեկնածութեան նկատմամբ, բայց երբ ես նրանց հանդիպում էի եւ ծանօթացնում էի ինձ, փոխւում էր նրանց կարծիքը, կարեւորը այն է, որ կարողանաս առաջ գնալ, պիտի կարողանալ նոր մթնոլորտ ստեղծել, նոր վիճակներ ստեղծել եւ առաջանալ…

Հ.- Ի՞նչ ծրագրեր ունէք, որպէս Թուրքիայի խորհրդարանի առաջին հայ կին պատգամաւոր:

Պ.- Ես արդէն սկսել եմ իմ աշխատանքներս, պիտի կարգաւորուի մեր համայնքի կալուածների տնօրինման հարցը. օսմանական ժամանակաշրջանից գոյութիւն են ունեցել հիմնադրամներ (թուրքերէնով` վաքըֆներ), որոնք իրաւական կառոյցներ են, մեր բոլոր դպրոցները, եկեղեցիները եւ հաստատութիւնները այդ հիմնադրամների անուան տակ են աշխատում, նոյնն է նաեւ միւս փոքրամասնութիւնների պարագան, այդ վաքըֆները կառավարութիւնից դրամական օգնութիւն չեն ստանում, միաժամանակ տասնամեակների ընթացքում կառավարութիւնների կողմից հաստատուել են բազմաթիւ օրէնքներ, որոնք սահմանափակել կամ կանխել են այս հիմնադրամների (վաքըֆների) աշխատանքները, նրանք որեւէ նիւթական աղբիւր չունեն, հայերի պարագային բարերարների օժանդակութիւններով է, որ գոյատեւում ենք, այս վաքըֆները պիտի կարողանան եկամուտի աղբիւրներ ունենալ, որ իրենց ենթակայ հաստատութիւններին կարողանան կառավարել. ներկայում գոյութիւն ունեցող օրէնքները այդ կապակցութեամբ թերի են, սահմանափակող են, դրանք պէտք է փոփոխութիւնների ենթարկել, փոքրամասնութիւնները իրաւունք պիտի ունենան իրենց հարցերը այդ ուղղութեամբ տնօրինելու, եւ ես հիմա աշխատում եմ այդ ուղղութեամբ, աշխատում եմ եղած օրէնքները կարգաւորել եւ հարկ եղած դէպքում նոր եւ ճիշդ օրէնքներ առաջարկել, սա իմ առաջնահերթ ծրագրերից է, ի հարկէ ես ամբողջ Թուրքիայի պատգամաւոր եմ, միայն հայութեան պատգամաւորը չեմ, երկրում գոյութիւն ունեն խտրականութիւններ, միաժամանակ գոյութիւն ունեն օրէնքներ` խտրականութեան եւ ատելութիւնը տարածելու դէմ, բայց դրանք չեն գործադրւում, պիտի աշխատեմ խտրականութեան դէմ գոյութիւն ունեցող օրէնքների ճիշդ գործադրման համար մեքանիզմներ գտնել… շատ գործեր կան, որ պիտի անեմ… ինչպէս ասացի` ես ամբողջ Թուրքիայի պատգամաւոր եմ:

Հ.- Եթէ ձեր կուսակցութիւնը խորհրդարանում մեծամասնութիւն դառնար եւ յաջողէր կառավարութիւն կազմել, արդեօք երկրի արտաքին քաղաքականութեան մէջ փոփոխութիւն կը ստեղծէի՞ք:

Պ.- Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնը անշուշտ պիտի փոխուի, մենք հիմա աւելի շատ թշնամիներ ունենք, քան բարեկամներ:

Հ.- Իսկ Հայաստան-Թուրքիա յարաբերութեան մասին ի՞նչ է ձեր կարծիքը:

Պ.- Թուրքիայի եւ Հայաստանի սահմանը պիտի բացուի, այս երկու ազգերը առիթը պիտի ունենան աւելի շատ միմեանց ճանաչել:

Հ.- Այդ ուղղութեամբ ի՞նչ կ՛ասէք սփիւռքի պարագային:

Պ.- Սփիւռքի պարագային էլ պիտի ասեմ, որ այս թշնամանքի ու խորթութեան պատճառը աւելի շատ այն պատճառով է, որ հայերը եւ թուրքերը միմեանց չեն ճանաչում, օրինակ` անցեալ ապրիլ 24-ի օրերին սփիւռքից շատ հայեր եկան Պոլիս, սա շատ լաւ երեւոյթ էր, սփիւռքահայերը առիթը պիտի ունենան, որ կարողանան աւելի լաւ իրենց բացատրել մեզ մօտ, եւ թուրքերէն լեզուով, ոչ թէ` հայերէնով, սա շատ կարեւոր հարց է, զանգուածային լրատուական միջոցներից պիտի օգտուել, օրինակ` հեռուստաալիքներ պիտի լինեն սփիւռքից կամ Հայաստանից եւ թուրքերէն լեզուով ծրագրեր ունենան, կապեր պիտի հաստատուի սփիւռքահայ հաստատութիւնների եւ Թուրքիայի հաստատութիւնների միջեւ, ճամբորդութիւններ, փոխադարձ այցելութիւններ եւ նման շփումներ:

Պոլիս

1.- Պրն. Երուանդ Օզուզուն` քաղաքապետի օգնական եւ Պոլսի պատրիարքարանի ժամանակի խորհրդատուներից, պոլսահայ մտաւորական եւ հասարակական գործիչ:

2.- Էրտալ Տողան` փաստաբան մարդկային իրաւունքների հարցով, թուրքական «Թարաֆ» օրաթերթի յօդուածագիր, նաեւ եղել է Հրանդ Տինքի սպանութեան թղթածրարի փաստաբաններից, մտաւորական եւ մարդկային իրաւունքների հարցերի պաշտպան:

ԱԶԴԱԿ
http://www.aztagdaily.com

Facebooktwitterredditpinterestlinkedinmail