Հայաստանը չի պարտվել. Ծնկի եկածը Ռուսահայաստանն է, դրանք տարբեր են
31.05.2021 | Մեկնաբանություն | Lragir.am,
Հայաստանի Հանրապետության ԱԳՆ յուրօրինակ ինքնալուծարման ակտը ընդգծում է խորհրդային շրջանից ժառանգած քաղաքական համակարգի անկենսունակությունը եւ նախընտրական փուլին որոշակի շեշտադրումներ հաղորդում: Այժմ արդեն նախկին նախարար Արա Այվազյանը հրաժեշտին խոսեց նահատակների առջեւ բոլորիս պարտքի մասին: Մեր զոհերը իրոք Հայաստանի համար էին՝ ոչ թե վերնախավ մագլցած մի քանի դյուժին թափագյոզների: Դրանց դեմն առնելու հնարավորությունը տակավին կա
Խորն է բոլորիս կորստյան ցավը ու այդպիսին պիտի լիներ, իհարկե: Բայց չպիտի բազմապատկվեր խուրդա գործիչների ապաշնորհությամբ ու անսրտությամբ: Չպիտի սրվեր զոհվածների հայացքի մեջ եղած Հայաստան-տեսլականի ու տապալված Ռուսահայաստանի միջեւ եղած վիհի խորությամբ: Այստեղ է հանրային ապատիայի արմատը: Մինչդեռ ծնկի եկածը Հայաստանը չէ: Ընդհակառակը, տղաները մեզ մի խորհուրդ են փոխանցել, որ ընդամենը պիտի արիություն ունենանք բառ առ բառ կարդալ ինչպես հին որմնագիր: Տանուլ տված ռազմական կամպանիան առիթ չէ գաղափարային եւ դիվանագիտական զենքերը վար դնելու համար: Ընդհակառակը, առիթ է շրջվելու եւ սխալների ակունքը տեսնելու համար:
Հայաստան տեսլականի մարմնավորումը այլեւս մեր ծանր անելիքն է: Նախընտրական փուլին կա որոշակի ներկապնակ, որի վրա կուսակցությունների փոխարեն քաղաքական խմբակներ են ու ակումբներ: 30 տարին բավարար չեղավ կուսակցությունների առաջացման համար եւ չէր էլ կարող լինել: Քանի որ Ռուսահայաստանը խորհրդայինի տնտեսական վերաձեւումն էր, ու դեռ ՀՀՇ-ով առաջացած քաղաքական խավի միակ փորացավը ետխորհրդային կարգի հարատեւությունն էր՝ իբրեւ սեփական գոյատեւման միակ գրավական: Արտասահմանից եկած ավանդական կուսկցությունները եւս Ռուսահայաստանի «հայրենի» հողին կոխելով, թորշնել ու այլասերվել են անճանաչելիության աստիճանի, վերածվելով նմանակողների ռետրո-համույթների:
Առավել եւս բացակայում է նախարարների «ստվերային կաբինետ» կազմավորելու հայկական ավանդույթը: Այդուհանդրձ, առկա ներկապնակը կարող է դեռ հարստանալ գիտելիք, համոզմունք եւ եռանդ ունեցող մարդկանցով: Հայտնի մարդկանցով, որոնք իրենց պաշտոնական դիրքերում կարողացել են նվիրումով դրսեւորել վերոհիշյալ հատկությունները:
Այդ մարդիկ ասպարեզի վրա են, անուններ չտանք: Նրանք կարող են տեսական մակարդակին հավելել իրենց գործնական փորձառությունը եւ ընտրություններին ընդառաջ մասնագիտական կարծիքների ամբողջական համակարգեր ձեւավորել: Դա կշրջի ընտրական կործանարար տրամաբանությունը ու «հներին» ու «նորերին» կմղի փոշոտ մայթեզր: Հուսանք, նրանցից շատերը կուզեն խուսափել այդ բախտից: Առջեւում անցնելիք ճանապարհ կա:
Կարդացեք նաեւ