Նրանք հանգելու են եզրակացության, որ աշխարհի համար ձեռնտու է, որպեսզի հայերը տիրապետեն այս տարածաշրջանին
02 ՅՈՒՆԻՍ 2021 – ԿԻԶԱԿԷՏ – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – Կարդալ նաեւ՝:
| Հարցազրույց | ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը
Պարոն Խաչատրյան, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու մասին է խոսք գնում այս փուլում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները։
Այստեղ արտառոց մի բան է տեղի ունենում, աշխարհում նման բան չկա։ Շատ խիստ կանոնակարգված գործընթացների մասին է տվյալ դեպքում խոսք գնում, որոնք պետք է կատարվեն որոշակի արարողակարգով։ Այսինքն՝ սկզբում պետք է երկրների միջև հարաբերություններ ստեղծվեն, հետո նոր հանձնաժողովներ։ Սա արտառոց երևույթների շարքից է։ Հայաստանի վերանախավը, ընդ որում, ընդդիմության զգալի մասը երկրի շահերից ելնելով չեն գործում, այլ հարմարվում են դրսից տարբեր կենտրոնների թելադրանքին։
Երկու հիմնական ճամբարներից, որոնք ընտրարշավի մեջ են մտել, մեկը մյուսին քննադատում են, և այդ քննադատության մեծ մասը ճիշտ է։ Երբ ասում են՝ տարբեր հարցումները ցույց են տալիս, թե ժողովուրդը չի կողմնորոշվում, թե որ կողմը լինի, ճիշտ են անում, որ այդ երկու բևեռների միջև չեն կողմնորոշվում։ Բայց սխալ են անում, որ չեն կողմնորոշվում երկրի շահի ուղղությամբ, այսինքն՝ չեն մերժում այդ երկու բևեռները։
Այսօր էլ ես փողոցում մարդկանց եմ հանդիպել, էլի ինձ փորձում են համոզել, թե որն է չարյաց փոքրագույնը։ Ես ասում եմ՝ մենք երեք տասնամյակ չարյաց փոքրագույնի ընտրությամբ եկանք հասանք այս օրին։ Ուղղակի չարը պետք է մերժել՝ մեծ կլինի, թե փոքր։
Արցախի համար ի՞նչ վտանգներ է պարունակում Ադրբեջանի հետ սահմանի ճանաչումը։
Եթե նայում ենք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, Արցախի հետ գրեթե կապ չունի կամ այնքան կապ ունի, ինչքան ՌԴ կամ ԱՄՆ որևէ քաղաքում բնակվող հայ բնակչությունը։ Հայաստանը 30 տարի հայտարարել է և հիմա էլ պնդում են, ընդ որում, իշխանությունը և ընդդիմությունը միաձայն, որ իրենք Արցախի երաշխավորն են՝ առանց ճշտելու, թե ինչ է Հայաստանը, ինչ է Արցախը։
Այսինքն՝ այդ պաշտոնական դիրքորոշման համեմատ «վերևներից» ճիշտ են ասում, որ Հայաստանի Հանրապետության սահմանների ճշտումը ոչ մի կապ չունի Արցախի գործընթացների հետ։ Բայց այդ արտահայտությունն ի սկզբանե սխալ է, որովհետև Արցախի հարց՝ որպես առանձին հարց, երբեք չի եղել 1989 թվականից հետո, որն ամրագրվել է 1990 թվականին։ Այն է՝ Արցախը Հայաստանի մաս է։
Ցավալիորեն ես երեկ հետադարձ կապ եմ ստացել ընտրությանը մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցչի կողմից, իմ մտերիմներից մեկին այսպես են արտահայտվել՝ «Խաչատրյանը լավ մարդ է, բայց Անկախության հռչակագրի ու Արցախի կարգավիճակի վերաբերյալ պերեդոզ է անում»։ Հիմա այդ մարդուն ես լավ եմ վերաբերվում, բայց ես ինչպե՞ս կարող եմ իր խոստացած ապագային լավատեսորեն նայել, եթե մարդը մասնակցում է ընտրություններին իր կուսակցությամբ և նման արտահայտություն է թույլ տալիս, փոխանակ մտածի, թե ինչ բան է Հայաստանը, ինչ բան է Արցախը։
Մեր Ազգային ժողովն ի՞նչ քայլեր պետք է անի Արցախի հարցով այս փուլում։
Արցախի կարգավիճակի և Անկախության հռչակագրի հարցերը բարձրացնող քաղաքական ուժերն ընտրություններին մասնակցելու առիթով պետք է պահանջեին, որ ընտրությունները նաև Արցախի տարածքում անցկացվեին, ինչպես դա եղել է 1990 թվականին։ Այդ պաhանջը չեղավ, և ես ենթադրում եմ, որ Հայաստանի ակտիվ քաղաքական դաշտում չկա որևէ քաղաքական ուժ, որը հավատարիմ է այդ հիմնարար սկզբունքներին։
Ես որևէ նախանշան չեմ տեսնում, որ եթե ընտրություններով նոր խորհրդարան ստեղծվի, միացման հարցը դրվելու է ներքին ու արտաքին քաղաքականության հիմքում։ Ես շարունակում եմ պնդել, որ Արցախը Հայաստանից օտարելը հանդիսանում է մեր ներքին և արտաքին հարաբերություններում բոլոր դժբախտությունների հիմնական պատճառը։
Եթե մենք պետականորեն չվերահաստատենք այդ դիրքորոշումը, որ Արցախը Հայաստանի անբաժան մաս է, մենք շարունակելու ենք մնալ կռվախնձոր արտաքին ուժերի ձեռքին, Արցախը շարունակելու է մնալ «տաք» կետ, որը միջազգային ուժերը պահում են որպես «տաք» կետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում միջամտեն տարածաշրջանային խնդիրներին։
Ուզում եմ միամիտ մարդկանց ասել, որ մանիպուլյացիաներով զբաղվող ուժերին բացարձակապես այդպիսի փոքր տերիտորիալ վեճերը չեն հետաքրքրում, նրանց համար կարևոր չէ, թե այդ վիճելի տարածքները տվյալ պահին որ հակամարտող կողմի վերահսկողության տակ կլինեն։ Նրանց հետաքրքրում է, որպեսզի երկու հարևաններին կռվեցնեն, թուլացնեն, իրենք այդ տարածքում դոմինանտ դեր պահպանեն։ Ընդ որում, ասածս վերաբերում է և Ռուսաստանին, և Արևմուտքին։
Ասածս ոչ միայն վատատեսություն է պարունակում, որ ոչնչանալու ենք՝ որպես պետություն, այլ նաև լավատեսություն է պարունակում։ Այն է՝ քանի դեռ մեր տարածքների համար արտաքին ուժերը մեր ձեռքով մեր երկրի ներսում կռվում են, դա նշանակում է՝ մենք ունենք առավելություն, արժեք ունենք։ Եվ երբ դա հասկանանք, գնահատենք ու գործի դնենք, այդ ժամանակ մենք կստանանք ըստ արժանավույնս։
Ես համոզվել եմ, որ եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ աշխարհաքաղաքական կենտրոնները, միասին նստեն ու որոշեն մեր տարածաշրջանի ու Հայաստանի խնդիրը, նրանք հանգելու են մեկ եզրակացության, որ ողջ աշխարհի համար ձեռնտու է, որպեսզի հայերը տիրապետեն այս տարածաշրջանին։ Խոսքը Հայաստանի զբաղեցրած աշխարհագրական դիրքի, այսինքն՝ հյուսիս-հարավ խաչմերուկի մասին է, որը հնուց հայտնի է եղել նաև Մետաքսի ճանապարհ։ Միայն հայերը կարող են անկողմնակալ այդ խաչմերուկն աշխատեցնել բոլոր կողմերի համար։ Հակառակ դեպքում, որևէ աշխարհաքաղաքական կենտրոն փորձում է տիրանալ այս խաչմերուկին՝ միակողմանի իր շահերին ծառայեցնելու համար։
Այնպես որ, սա աշխարհի համար հայ ժողովրդի կարևոր առաքելությունն է, և մենք պետք է տեր կանգնենք մեր երկրին, մեր տարածքներին։ Եվ այդ շրջանակում մենք պետք է հետապնդենք նաև մեր կորսված տարածքները վերականգնելու խնդիրը։
www.lragir.am/2021/06/01/645866/