Արցախ – ԱրՊՀ-ում կայացել է գրող Սամվել Մհերյանի գրքերի շնորհանդեսը

ԱրՊՀ-ում կայացել է գրող Սամվել Մհերյանի գրքերի շնորհանդեսը

4 հունիսի, 2021, Հասարակական – Գիրքերու հետ:

Այսօր՝ հունիսի 4-ին, Արցախի պետական համալսարանում կայացել է «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն, գրող Սամվել Մհերյանի «Եւ եղաւ լոյս» և «Այբ Քէ» գրքերի շնորհանդեսը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա էին համալսարանականներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, զինվորականներ և մամուլի ներկայացուցիչներ:

Միջոցառումը սկսվել է տերունական աղոթքով: Շնորհանդեսը ողջույնի խոսքով բացել է ԱրՊՀ գիտության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը:

«Սամվել Մհերյանը, լինելով մեծ հայրենասեր, «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն, իրականացնում է հայրենանվեր գործունեություն: Հիմնադրամը հայրենակցական կազմակերպություն է և աշխարհին պատմում է հայոց ցեղասպանության մասին, իրականացնում պատմական արդարություն և ճշմարտացիություն տարածելու գործառույթ»,- նշել է բ.գ.թ., դոցենտ Զ. Սառաջյանը՝ հավելելով, որ հեղինակն իր ստեղծագործությունների առանցքում է պահել հայրենիքն ու Աստծուն, և նրա աշխատանքներն ազգային արժեքները քարոզելու նշանակությամբ են առանձնահատուկ:

«Հեղինակն իր առաջին քայլերը սկսել է Գ. Նարեկացուց, նա հայ ազգի համար սրտացավ մի բանաստեղծ է, ով հանուն իր ազգի փրկության՝ դիմում է Աստծուն՝ իր վրա վերցնելով մարդկային մեղքերը: Սամվել Մհերյանն իր «Այբ Քէ» աղոթական բանաստեղծությունների շարքով ապացուցեց, որ, որպես բանաստեղծ, ունի հարուստ բառապաշար, պատկերավոր մտածողություն և միանգամայն տարբերվող գեղարվեստական ոճ,- նշել է բ.գ.դ., պրոֆեսոր Ս. Խանյանը։

« «Եւ եղաւ լոյս» պատմավեպի ժանրային գլխավոր հատկանիշներից մեկը նրա՝ որևէ կանոնի չենթարկվելու ազատությունն է և ներժանրային բազմազանությունը՝ պատմական, կենսագրական, հոգեբանական, սոցիալական տարրերով”,- նշել է գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ Ն. Դավթյանը՝ հավելելով, որ նրա կերպարակերտմանը, խոսքարվեստին, բառաբարդումներով հեղինակային նորաբանություններին, անշուշտ, կանդրադառնան և՛ լեզվաբանները, և՛ գրաքննադատները՝ տալով արժանի գնահատական:

Ասկերանի Սբ. Աստվածածին եկեղեցու սպասավոր, շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Խանոյանը իր հերթին շնորհավորել է հեղինակին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և բարի ընթացք: «Բավականին բարդ օրեր ենք ապրում, բայց ժամանակն ընթանում է, և, կարծես, ավելի արագ: Յուրաքանչյուրս, ինչքան էլ հուսալքված լինենք, պարտավոր ենք շարժվել այդ ժամանակին համընթաց՝ դրանով իսկ հաղթանակ տանելով չարի և նրա փորձությունների դեմ»,- նշել է Տեր Մեսրոպ քահանա Խանոյանը:

Սամվել Մհերյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման ներկաներին և նախաձեռնողներին՝ կայացած հանդիպման, հնչեցրած բանախոսությունների և ելույթների համար: «Ինձ համար այսօրվա միջոցառումն առանձնացավ իր յուրահատուկ հուզականությամբ: Առանձնահատուկ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ միջոցառումը կազմակերպվում է Արցախում: Այսօր բոլորս աղոթքի կարիք ունենք: Երախտագիտություն եմ հայտնում, որ այսօր Արցախի պետական համալսարանում հնչեցին իմ «Այբ-Քէ» աղոթագրքից հատվածներ»,- մեզ հետ զրույցում ասել է Ս. Մհերյանը: Միջոցառման ընթացքում ներկաները հեղինակին են հղել իրենց հետաքրքրող հարցերը, ուսանողների կողմից հնչել են նաև ասմունքներ հեղինակի աղոթական բանաստեղծությունների շարքից:

Սամվել Մհերյանը միջոցառման բոլոր մասնակիցներին և համալսարանի գրադարանին նվիրել է իր տպագրված գրքերից:

artsakhpress.am/arm/news/144943/arph-um-kayacel-e-grox-samvel-mheryani-grqeri-shnorhandesy.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail