ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՈՒՂՂԵԼ․ Հ․ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Armenia-Yerevan-Ararad

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՈՒՂՂԵԼ․ Հ․ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Սերգեյ Առաքելյան – 22 Հունիս 2021

Հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների թեմայով «Հրապարակը» զրուցել է «Քալիֆորնիա Քուրիեր» (The California Courier) շաբաթաթերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր, ամերիկահայ գրող Հարութ Սասունյանի հետ։

Պարո՛ն Սասունյան, ընտրություններ տեղի ունեցան, պաշտոնական տվյալներով՝ երեք ուժ անցավ Ազգային ժողով, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն ստացավ։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։

– Նախևառաջ ուզում եմ ասել, որ ընտրությունները տեղի ուենցան, և ընտրողների կեսն իր ընտրությունը կատարեց։ Եվ որոշեցին իր աթոռին վերադարձնել իշխող կառավարությանը և վարչապետին։ Անկախ այն բանից, թե ով համաձայն է այդ արդյունքներին, ով համաձայն չէ, մենք բոլորս պարտավոր ենք առնվազն հարգելու մեր ժողովրդի կամքը և շարունակելու մեր կյանքը։ Ընտրությունների մեջ այսպիսի հարցերը միշտ մեծամասնությունն է որոշում։ Եվ ինչ էլ որոշեն, հավանենք կամ չհավանենք, պետք է համակերպվենք։

Բայց բազմաթիվ ընտրախախտումներ գրանցվեցին՝ ուղղորդման դեպքեր արձանագրվեցին, մի քանի խոշոր համայնքներում միաժամանակ հոսանքազրկումներ եղան։ Սա արդեն կասկածների տեղիք չի՞ տալիս, որ կարող էին ինչ-որ ձևով մեքենայություն կատարել ընտրություններում։

– Ամեն ինչ կարելի է։ Բայց պարզապես ասել, որ այս է տեղի ունեցել կամ մեկ ուրիշ բան, դատարանային հարց է։ Դատարանները որոշելու են։ Հիմա մենք պարզապես ունենք ամբաստանություններ զանազան կողմերից։ Եվ ոչ մեկը չի կարող իմանալ՝ ո՞ր մեկը ճիշտ է, ո՞ր մեկը՝ սխալ։ Երբ որ փաստերը ներկայացնեն դատարան, դատարանը որոշում առնե, այն ատեն բոլորս էլ կիմանանք, թե իրականում ինչ է պատահել։ Այս րոպեին մենք հետևում ենք բոլոր ամբաստանություններին։

Ըստ Ձեզ՝ Հայաստանին, նաև Արցախին ի՞նչ ապագա է սպասվում, որ այսպիսի արդյունք գրանցվեց։

– Ես կարող եմ տալ իմ անձնական կարծիքը։ Իմ կարծիքով՝ Հայաստանի վիճակը թե՛ քաղաքական, թե՛  ռազմական առումով շատ ծանր է։ Եվ վախենում եմ, որ մոտիկ ապագային, մոտիկ օրերին ավելի վատ է լինելու ոչ միայն որպես հետևանք այդ ջախջախիչ պարտության, որ մենք կրեցինք, այլ այն պատճառով, որ մենք ունենք մի ղեկավար [Նիկոլ Փաշինյան], որ լրիվ անկարող է ղեկավարելու։ Եվ ամեն ինչ, որ անում և որոշում է ամեն օր, ավելի վատացնում է վիճակը։ Ինքը չի կարող ոչ մի բան ուղղել, բայց կառչել է իր աթոռին և անընդհատ խոսում է այն մասին, որ ինքն ուղղելու է ամեն ինչ։ Դժբախտաբար, այն մարդը, որ պատճառ է եղել այս ամբողջ կործանման, չունի ոչ մի կարողություն և՛ ոչ մի բան ուղղելու։

Պարո՛ն Սասունյան, խորհրդարան անցած ուժերը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներ), նաև «Բարգավաճ Հայաստանը», որ չորրորդ տեղը գրավեց ու չանցավ (պաշտոնական տվյալներով) խորհրդարան, ի՞նչ են կարող անել ընտրությունների հետ կապված։ Նաև մի քանի կուսակցություններ՝ «Զարթոնքը», «Հայոց հայրենիքը», «5165»-ը, նաև հենց խորհրդարանական ուժերը հայտարարեցին, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Ի վերջո, նրանք ի՞նչ կարող են անել այս իրավիճակում, ի՞նչ գործիքակազմ ունեն։

– Հստակ չէ, թե ինչ են իրենք որոշելու, վերջիվերջո։ Բայց կա՛մ պիտի գրավեն իրենց աթոռները, պայքարը մղեն Ազգային ժողովում՝ քաղաքական տեսակետից, կա՛մ էլ պիտի մերժեն իրենց մանդատները։ Եվ շատ հստակ չէ ինձ համար, թե սահմանադրականորեն ինչ հետևանքներ կլինեն, եթե մերժեն վերցնել իրենց մանդատները։ Կարող է՝ որպես հետևանք նոր ընտրություններ տեղի ունենան, կա՛մ էլ պարզապես իրենք զրկվում են այդ աթոռներից, և Ազգային ժողովը շարունակում է առնել իր որոշումներն առանց իրենց մասնակցության։

hraparak.am/post/cf329be744cd92407cce45f126870f21?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail