Մտահոգիչ է, որ ԵՄ մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ ռազմագերիների հարցին անդրադառնում են Ադրբեջանի կեցվածքը վերարտադրելով՝ հարցը կապելով ականապատված տարածքների քարտեզների հետ
06 ՅՈՒԼԻՍ 2021 – ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար | Հարցազրույց | – Կարդալ նաեւ՝:
Մեր զրուցակիցն է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը
Պարոն Շիրինյան, ինչպե՞ս եք գնահատում ԵՄ-ի կողմից Հայաստանին 1,7 մլրդ եվրոյի աջակցության հատկացումը, որը ուղղվելու է նաև Սյունիքի մարզին: Ինչո՞վ է սա պայմանավորված և ինչ մեսիջներ է այն իր մեջ պարունակում:
Նախ պետըք է հստակ նշել, որ սա միայն Հայաստանին վերաբերող ծրագիր չէ, այլ ընդհանրապես ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 6 երկրների համար է, որին մաս են կազմում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան: Պետք է նաև հստակեցնել, որ խոսքը մեծ մասշտաբի ներդրումների մասին է, որը կարող է հասնել մինչև 17 մլրդ եվրոյի առաջիկա 5 տարիների ընթացքում: Այդ գումարից 1,7 մլրդ եվրոն Հայաստանի համար է հատկացվում: Այս ծրագիրը երկար աշխատանքի արդյունք է, որը ծնունդ առավ 2016-ին, երբ ԵՄ-ն միասնաբար այդ 6 երկրների հետ որոշեց նոր թափ հաղորդել «Արևելյան գործընկերության» երկրների տարբեր ոլորտների զարգացմանը: Հավանական է, որ ԵՄ-ն նկատի առնելով Հայաստանի հետպատերազմյան իրավիճակը, մի շարք վերաճշտումներ է արել դեպի Հայաստան ուղղվելիք ներդրումների առումով և շեշտը դրել է զուտ տնտեսական ոլորտների վրա, ինչպիսիք են ճանապարհները, միջին ու փոքր բիզնեսը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Բնականաբար, ողջունելի է այս ներդրումների հոսքը դեպի Հայաստան՝ հուսալով, որ տվյալ ոլորտներում իսկական առաջընթաց արձանագրվի: Սակայն եթե խոսքը նման մեծ գումարների մասին է, կարևոր է նաև խոսել արդյունավետության և թափանցիկության մասին: Կարծում եմ, որ դրա պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է, որպեսզի ամեն մի եվրո օգտագործվի նպատակահարմար ձևով՝ տվյալ ոլորտների և տվյալ քաղաքացիների կողմից:
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզին, ապա այստեղ նախատեսված ներդրումներն իրականում ընդհանուր գումարի մեջ շատ փոքր մասն են ներկայացնում՝ ընդամենը 80 մլն եվրո: Բայց իսկապես անչափ կարևոր է այդ մարզում բնակչությանն օգնություն հասցնելը, որպեսզի նրանք կարողանան գոյատևել ու զարգանալ իրենց շրջանում: Բայց պետք է ուշադիր լինել, որ հանկարծ այս ծրագիրը կամ որևէ այլ ծրագիր, մանավանդ, որ խոսքը երթևեկության մասին է, չներկայանա որպես տեղի բնակիչների անվտանգությունը խաթարող ներդրում: Հայաստանի քաղաքացին, մասնավորապես, սահմանամերձ շրջաններում ապրող քաղաքացիները պետք է առաջին հերթին այդ վախի մթնոլորտից դուրս, անվտանգ ու ապահով ձևով ապրեն, հակառակ պարագայում ցանկացած ներդրում իզուր կդառնա:
Ռազմագերիների վերադարձի հարցում ԵՄ-ի աջակցությունը ինչպե՞ս եք գնահատում և որքանով է հենց ԵՄ-ի միջնորդությամբ պայմանավորված վերջին ազատ արձակումը:
Նախ ուզում եմ շնորհավորել ազատ արձակված 15 ռազմագերիներին և նրանց ընտանիքներին՝ հուսալով, որ բոլոր ռազմագերիներն ազատ կարձակվեն: Բայց պետք է դատապարտել այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները ևս մեկ անգամ մեր ռազմագերիներին օգտագործում են որպես բանակցությունների օբյեկտ՝ նոր ռազմական կամ նոր քաղաքական շահեր արձանագրելու համար: Դա հակասում է Ժնևյան կոնվենցիային, հակասում է մարդու հիմնարար իրավունքներին:
Ադրբեջանը պետք է այս սկանդալային և հակամարդկային խաղերին վերջ տա: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա բավական ուժեղ բանաձևեր են ընդունվել ԵՄ անդամ մի շարք երկրների խորհրդարանների կողմից: Բայց այդ, Եվրախորհրդարանը ևս փաստաթուղթ է ընդունել, որով կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին՝ առանց որևէ նախապայմանի:
Պաշտոնական Բրյուսելը ևս ԵՄ արտաքին դիվանագիտական մարմինների և ներկայացուցիչների մակարդակով բազմիցս դատապարտել է Ադրբեջանին և կոչ արել ազատ արձակել ռազմագերիներին: Բայց ինչպես տեսնում ենք, ԵՄ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում այն լծակները չունի, որ կարողանա գործնական արդյունքներ արձանագրել՝ ներառյալ հայ ռազմագերիների հարցում:
Հետևաբար, նա պետք է բավարարվի փափուկ դիվանագիտությամբ կամ կողմերի հետ հանդիպելով, կոչեր ու հայտարարություններ հրապարակելով: Իրականում ես վստահ չեմ, որ վերջին ազատ արձակված 15 հայ ռազմագերիների թղթածրարում ԵՄ-ի ազդեցությունը իսկապես բարձր է եղել կամ ոչ: Սակայն ուզում են բացասական ձևով անդրադառնալ, որ ԵՄ մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ ռազմագերիների հարցին անդրադառնում են Ադրբեջանի կեցվածքը վերարտադրելով ու տարածելով՝ հարցը կապելով ականապատված տարածքների քարտեզների հետ: Դա մեզ համար անհասկանալի և անընդունելի է: Մասնավորապես, այս երկու թեմաներն իրար կապելն անհասկանալի է: ԵՄ-ն վերջին 30 տարիներին հնարավորություն ունեցել է մասնակցելու Արցախի ականազերծման գործին, կամ առնվազն դրա ֆինանսավորմանը, ինչպես օրինակ ԱՄՆ կառավարությունն է անում:
ՀԱՊԿ-ը հրաժարվեց աջակցել Հայաստանին՝ ասելով, որ տեղի ունեցածը սահմանային միջադեպ է և ՀԱՊԿ-ի տիրույթում չէ: Արդյոք Հայաստանը դրանից հետո պետք է դիմի միջազգային, այդ թվում եվրոպական կառույցներին այդ հարցով:
Նախ պետք է նշել, որ Հայաստանը կարիք ունի ամենաարագ ձևով վերականգնելու իր բանակը, իր անվտանգությունը պաշտպանելու ունակությունը, որպեսզի իր բնակչությունը և հողերը ինքնուրույն պաշտպանի: Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ միայն մենք ենք մեր հենարանը, ինչը փաստվեց նաև արցախյան վերջին պատերազմում: Կարծում եմ, որ բանակի վերականգնման գործը Հայաստանի կառավարության հստակ առաջնահերթությունը պետք է լինի, մասնավորապես, հաշվի առնելով, որ թշնամիները պարբերաբար, միասնական զորավարժություններ են անում տարածաշրջանում և աննախադեպ հաճախականությամբ: Սա չափազանց մտահոգիչ երևույթ է մեզ համար և ենթադրում եմ՝ նաև ՀՀ կառավարության համար: Նաև հարկավոր է վերականգնել սեփական բանակը, որպեսզի օտար կազմակերպությունների, մասնավորապես ՀԱՊԿ-ին ռազմաքաղաքական օգնության պահանջով դիմելու պարագայում միայն մերժումների չարժանանանք:
Այդ ամենով հանդերձ, կարող եմ ասել, որ ՀԱՊԿ-ի կեցվածքը մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ դեպքերը տեղի են ունեցել Հայաստանի տարածքում: Իրականում, եթե Հայաստանն ինքն իրեն պաշտպանելու ունակությունն ունենար և բանակն ավելի արագ վերականգնած լիներ, ամեն գործիքակազմ պետք է օգտագործեր, որպեսզի բարձրաձայնի իր տարածքային ամբողջականության խախտումների մասին: Ընդ որում ոչ միայն ՀԱՊԿ-ի միջոցով, այլև ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի միջոցով: Որովհետև այդ խախտումները հստակ Հայաստանի տարածքային ամբողջականությունն են ոտնահարում: Բայց մենք պետք է նաև կարողանանք հասկանալ, թե այդ որ կազմակերպություններն են, որ կարող են դրական ձևով անդրադառնալ Հայաստանի պահանջներին, նաև հաշվի առնելով տարածաշրջանային իրականությունը և Հայաստանի ունեցած ռազմաքաղաքական պայմանավորվածությունները տարբեր կողմերի հետ:
www.lragir.am/2021/07/06/653472/