Մենք պետք ունենք նոր մարդկանց, որոնք մեր ժողովրդին վստահություն կներշնչեն, որոնք հեռանկար ունեն մեր հայրենիքի համար
07.07.2021 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Մեր զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի որոշումով ՀՅԴ շարքերից հեռացված մտավորական, ՀՅԴ գաղափարախոս Նազարեթ Բերբերյանը
Հայաստանի նոր խորհրդարանում կլինի նաև ՀՅԴ-ն, որի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենք այլ որակի ընդդիմություն են լինելու: Ինչպե՞ս եք գնահատում նրանց ներկայությունը խորհրդարանում առհասարակ:
Դա արդեն մեկնաբանված թեմա է, որովհետև «Հայաստան» դաշինքում ներկայացված պատգամավորները փորձում են վերահայտնվել իբրև դաշնակցության ներկայացուցիչներ: Այն տոկոսը, որ մեր ժողովուրդը տվել է «Հայաստան» դաշինքին, դա հենց այդ դաշինքին տված քվեներն են, որի դեմքը Ռոբերտ Քոչարյանն է: Այդ ընտրազանգվածի նկատմամբ առնվազն անպատշաճ է «Հայաստան» դաշինքից դուրս, առանձին ներկայություն փորձել հաստատել նոր Ազգային ժողովում: Ավելին չարժե խոսել, որովհետև մեր ժողովրդի քվեով նոր խորհրդարանում գոյություն ունի ընդդիմություն, որը պատկանում է «Հայաստան» դաշինքին:
Նրանք հայտարարում են, որ այլ որակի խորհրդարանական ընդդիմություն են լինելու և օր ու արև չեն տալու իշխանություններին:
Մինչև հիմա այն չափով, որ օր ու արև չեն տվել, նույն ձևով շարունակելու են: Սեպտեմբերի 27-ից ի վեր այդ նույն մոտեցումն է եղել, որի արդյունքը մեր ժողովրդի իրական մեծամասնության կողմից անտեսումն ու արհամարհանքն է եղել: Տեսնենք հիմա ինչ տարբերություն կարձանագրվի:
Ինչպիսի խորհրդարան ունի Հայաստանը և ինչպիսի ակնկալիքներ կան այս Ազգային ժողովից: Ինչպե՞ս եք գնահատում ընտրության արդյունքները:
Այս խորհրդարանը բնականոն պայմաններում ձևավորված խորհրդարան չէ: Արտահերթ ընտրությունների գաղափարը մարտահրավեր էր հրապարակային ընդդիմության, գողապետական ճակատի կողմից: Նրանք ասում էին՝ պետք է հրաժարական տաս, այլապես մեր ժողովուրդը քեզ կքշի, կտանի: Երկար տևեց հրապարակներում այդ աղմուկը, մինչև որ Նիկոլ Փաշինյանը վերցրեց նետված ձեռնոցը և գնաց արտահերթ ընտրությունների:
ժողովուրդն էլ միայն հակադրվելու համար Քոչարյանին և նրա շուրջ խմբված հացկատակներին, նորից քվե տվեց Փաշինյանին:
Հետևաբար, սա նորմալ պայմաններում կատարված ընտրություն չէր, բնականոն ընտրարշավ չէր, ուժերին համախմբող, դրական տարրերին կողք-կողքի բերող ընտրապայքար չեղավ: Հուսանք, որ այս Ազգային ժողովը կնախապատրաստի մեր ժողովրդի կամքը ներկայացնող երիտասարդ նոր խորհրդարան: Մեր հանրությունը կարիք ունի նոր դեմքերի, որոնք այս երեք տարիներին կարողացան իրենց ասածին տեր լինել, իրենց սկզբունքներին հավատարիմ մնալ:
Այսօր այս կողմ, վաղը այն կողք թեքվելով իրենց անունը, վարկն են գցում: Մենք պետք ունենք նոր մարդկանց, որոնք մեր ժողովրդին վստահություն կներշնչեն, որ ինքնահավատարմություն ունեն, սկզբունք ունեն, հեռանկար ունեն մեր հայրենիքի համար:
www.lragir.am/2021/07/07/653578/