«Հայկական Պետութեան Գոյութիւնը Չի Մտնում Ո՛չ Թուրքական, Ո՛չ Ադրբեջանական Քաղաքական Ծրագրերում»

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԽՈՅԻ(ՀԱՅԻ) ԴԱՐԱՇՐՋԱՆԻՆ, ՈՐԸ ՊԻՏԻ ՋՆՋԻ ՁԿԱՆ ԹՈՂԱԾ ԱՐՀԱՎԻՐՔԸ, ՈՐԸ ԳԼԽԻՑ ԱՐԴԵՆ ՀՈՏԱԾ ԷՐ...

«Հայկական Պետութեան Գոյութիւնը Չի Մտնում Ո՛չ Թուրքական, Ո՛չ Ադրբեջանական Քաղաքական Ծրագրերում»

09 ՅՈՒԼԻՍ 2021 – ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՂՂԻՋ ԳԻԾ – ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԹՈՒՐՔԱԳԷՏ ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.– Թուրքիայի ծաւալապաշտական քաղաքականութիւնը նոր փուլ արձանագրեց, երբ այդ երկրի նախագահ Էրդողանն այցելեց Շուշի՝ ամրագրելով մտադրութիւնները, որ Թուրքիան ընդլայնում է ներկայութիւնը նաեւ մեր տարածաշրջանում: Ի՞նչ ուղերձներ յղեց Էրդողանը Հայաստանին, տարածաշրջանի երկրներին ու աշխարհին:

ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- Էրդողանի այցը Շուշի, որն այս պահին ժամանակաւորապէս գրաւուած է Ադրբեջանի կողմից, ունէր մի քանի նշանակութիւն եւ միաժամանակ պարունակում էր մի շարք ուղերձ, որոնք ուղղուած էին տարբեր լսարանների: Առաջին կարեւոր, խորհրդանշական իմաստն այն է, որ ըստ էութեան, արցախեան երկրորդ պատերազմի ստուերային կազմակերպիչը, մասնակիցը, ով միաժամանակ հանդիսանում է այդ պատերազմից առաւել շատ արդիւնք ստացած կողմը, կամ գլխաւոր յաղթողը՝ այսինքն Թուրքիայի ներկայացուցիչը, նախագահի մակարդակով, այցելում է այդ յաղթանակի գլխաւոր խորհրդանիշ հանդիսացող հայկական Շուշի քաղաք: Դրանով նա փաստացի ցոյց է տալիս, որ յաղթանակի իրական տէրը ժամանել է տեսնելու յաղթանակի գլխաւոր խորհրդանիշը: Սա անշուշտ կարեւոր ուղերձ է բոլոր կողմերին՝ թէ՛ թուրք-ադրբեջանական հասարակութեանը եւ թէ տարածաշրջանում ներգրաւուած բոլոր ուժերին՝ Հայաստանից մինչեւ Ռուսաստան եւ Ֆրանսիա:

Երկրորդ կարեւոր նշանակութիւնը հետեւեալն է, որ Թուրքիան ոչ միայն համեստ ներկայութիւն ունի ռազմական՝ ի դէմս Աղդամում գործող թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգային (հսկողութեան) կենտրոնի, այլ, ըստ էութեան, Թուրքիայի Հանրապետութեան նախագահն այցելում է եւ նշում է այն տարածքը, որն այսուհետ ոչ միայն Թուրքիայի հետաքրքրութիւնների ծիրում է գտնւում, այլ նաեւ Թուրքիայի ներկայութիւնն է այդտեղ զգացուելու բոլոր հնարաւոր ոլորտներում՝ ռազմականից մինչեւ քաղաքական: Եւ սա, ի հարկէ նոյնպէս ուղերձ է թէ՛ տարածաշրջանի երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին եւ թէ տարածաշրջանում ներգրաւուած այլ խոշոր դերակատարների:

Եւ վերջապէս սա ուղերձ է նաեւ համաթուրքական աշխարհին, որ յուշում է կամ փորձում է նշան տալ, որ Թուրքիան հետեւողականօրէն իրագործելու է իր նախաձեռնութիւնը՝ ստեղծելու իւրայատուկ թուրքական միաւորում, որը կարող է նոյնիսկ այնքան լաւ կազմակերպուած, արդիական լինել, որ կարող է հասնել ընդհուպ մինչեւ քաղաքական միաւորի ստեղծման՝ այսինքն, համաթուրքական մէկ միութեան ստեղծում, եւ իր հերթին սա անշուշտ թաքնուած սպառնալիք ուղերձ է տարածաշրջանում բոլոր այն երկրներին, ովքեր հակադրւում են այդ թուրքական նախագծին՝ Ռուսաստանից մինչեւ Իրան, եւ այլ:

Այս բոլոր ուղերձները միով բանիւ նշանակում են, որ տարածաշրջանում մենք ստացել ենք եւս մէկ հեգեմոն (գերիշխան) պետութիւն՝ ի դէմս Թուրքիայի, որը շատ աշխուժ ներգրաւուելու է բոլոր գործընթացներում: Այսինքն, զսպման գործիքակազմերը, որոնք նախկինում կային՝ այլեւս չկան:

Այս համատեքստում անհրաժեշտ է նաեւ յիշատակել այսպէս կոչուած Շուշիի հռչակագրի ստորագրումը, որը բաւական համապարփակ եւ համալիր փաստաթուղթ է եւ անդրադառնում է Թուրքիա-Ադրբեջան տարածաշրջանային համագործակցութեան գրեթէ բոլոր ոլորտներին՝ տեղեկատուականից մինչեւ ռազմական, եւ իր մէջ պարունակում է մի շարք կէտեր, որոնք յուշում են, թէ որ ուղղութիւններով է յատկապէս զարգանալու այս համագործակցութիւնը: Այստեղ բնականաբար կարեւոր բաղադրիչ է հանդիսանում Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի դէմ սպառնալիքների մի նոր բոյլը, որը քօղարկուած է ներկայացւում՝ մինչդեռ իրականում յուշում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակելու են ճնշել Հայաստանին ու դրանով նաեւ Հայաստանի առկայ եւ հնարաւոր դաշնակիցներին եւս անհանգստութիւն ու խնդիրներ են պատճառելու:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ քօղարկուած սպառնալիքների մասին է խօսքը:

ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- Առաջին հերթին պէտք է արձանագրել, որ ի դէմս Թուրքիայի եւ Ադրբեջանի, մենք ունենք կայացած պետական համակարգեր, որոնք առաջ են շարժւում ոչ թէ այսրոպէական շահով, այլ՝ յստակ ճանապարհային քարտէզներով, որոնք վերաբերում են տուեալ պետութիւնների ամենակարեւոր խնդիրներին, եւ դրանք կարող են վերաբերուել թէ՛ արտաքին, թէ՛ ներքին քաղաքականութեանը:

Արտաքին քաղաքականութեան մէջ Թուրքիայի պարագայում, հիմնադրման օրուանից, եւ Օսմանեան կայսրութեան շրջանում խնդիր էր դրուած՝ եթէ ոչ ռազմական ճանապարհով նուաճել, ապա Հարաւային Կովկասն առնուազն դարձնել ամբողջութեամբ սեփական ազդեցութեան գօտի: Այսինքն, եթէ հնարաւոր չէ դա անել զօրքով՝ ամբողջութեամբ նուաճելով, ապա դա անել տնտեսաքաղաքական միջոցով: Հարաւային Կովկասը խիստ կարեւոր է Թուրքիայի համար, որովհետեւ դա այն կարեւոր հանգոյցն է, որին տիրելով Թուրքիան հնարաւորութիւն է ստանում երկարացնել իր ձեռքերը ոչ միայն Մերձաւոր Արեւելք, եւ իր ազդեցութիւնը մեծացնել Իրանի, Իրաքի Սիրիայի, Ռուսաստանի վրայ, այլ հասնել մինչեւ Միջին Ասիա, որտեղ ունի ռազմավարական շահեր, եւ դրանք այսօր ողջ թափով գործարկուած են:

Հայաստանն, ըստ էութեան, Հարաւային Կովկասում այն միակ վերջին չնուաճուած հատուածն էր, եւ շարունակում է դեռ մնալ այդ հատուածը, որը խոչընդոտ է հանդիսանում տուեալ նախագծի իրականացմանը: Այսինքն, թուրքական պետական հաշուարկներում որեւէ տեղ ամրագրում առ այն, որ այստեղ պէտք է լինի ուժեղ հայկական պետութիւն սեփական բանակով, սեփական աշխարհաքաղաքական հետաքրքրութիւններով՝ չկայ, եւ չի կարող լինել: Թուրքիայի խնդիրն ամբողջական տարածքի նուաճումն է, եւ ոչ թէ աջակցութիւնը հայերին, որ այստեղ երրորդ ուժ չլինի, օրինակ՝ Ռուսաստանը:

Ադրբեջանում աւելի բաց են խօսում, քօղարկելու խնդիր չունեն, եւ համարւում է, որ սա ոչ թէ հայկական հող է, այլ՝ Ադրբեջանի արեւմտեան հատուածներն են, որոնք անհասկանալի ձեւով յայտնուել են հայերի ձեռքում, հետեւաբար՝ պէտք է այս ամէնը վերցնել: Այս մասին խօսում է այդ երկրի նախագահը, նաեւ բնակչութեան 95 տոկոսը: Այս յստակ սպառնալիքը կայ, որովհետեւ այս տարածքում հայկական պետութեան գոյութիւնը չի մտնում ո՛չ Թուրքական, ո՛չ Ադրբեջանական քաղաքական ծրագրերում: Հետեւաբար, խօսել այն մասին, որ հնարաւոր է խաղաղ գոյակցութիւն, ինքնին անհեթեթութիւն է, իրականութեան հետ ոչ մի կապ չունի: Դա բարի ցանկութիւն է միայն, որ հողի վրայ հիմք չունի:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ .- Ինչպէ՞ս էք գնահատում ՀՀ պաշտօնական կեցուածքը թուրք-ադրբեջանական ծրագրերին:

ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- Թուրքական ծրագրերին հակադրուելու տեսլականը պէտք է լինի պետական կամ ազգային ծրագրի ռազմավարութեան մաս, ինչը մենք չենք տեսել Նոյեմբերի 9ից առաջ եւ առաւել եւս յետոյ: Հակառակը, մենք տեսնում ենք յարմարուողականութիւն այդ ծրագրերին, եւ արտայայտութիւններ, թէ դրանք այնքան էլ վատ չեն, կամ որոշ դէպքերում երբեմն բացայայտ յայտարարւում է, որ այդ ծրագրերը կարող են օգտակար լինել Հայաստանի զարգացման համար: Սա ինքնին անհեթեթութիւն է, որովհետեւ չի կարող մեր բացայայտ թշնամու ներկայացրած ծրագիրը բարօրութիւն բերել մեր երկրին, եւ եթէ փորձենք վերլուծել թուրք-ադրբեջանական ծրագրերին կողմ արտայայտուողների տեսակէտը՝ կը տեսնենք, որ որեւէ հիմնաւորում, հաշուարկ չկայ: Արեւելեան քաղցրախօսութիւն է, թէ ճանապարհները կը բացուեն, եւ մենք այլեւս թշնամութիւն չենք անի: Նման ցանկութիւն չկայ ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի մօտ, հետեւաբար կարող ենք յստակ ասել, որ նման մօտեցումը Հայաստանը դարձնում է աւելի խոցելի եւ փաստացի շարունակելու է հայկական պետութեան թուլացումը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի շուրջ ընդդիմութիւնը:

ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- Եթէ խօսքը խորհրդարան անցած երկու դաշինքների մասին է, ապա նրանք յստակ դիրքորոշում արտայայտել են, այն է՝ մտահոգութիւն, եւ դա դատելով նրանց թէ՛ հրապարակային ելոյթներից, թէ՛ նախընտրական ծրագրերից: Ցաւօք, խորհրդարանական ընդդիմութեան գործիքակազմն այնքան լիարժէք չէ, որպէսզի մենք կարողանանք դրա միջոցով լիարժէք յաջողութեան հասնել, բայց միաժամանակ, խորհրդարանական ուժերը, կարծում եմ, այդ հարթակը այնուամենայնիւ շարունակելու են օգտագործել: Յոյս ունեմ, որ դրան զուգահեռ չի դադարի ժողովրդական դիմադրութիւնն այս հնարաւոր բացասական երեւոյթների դէմ, եւ հանրային ճնշումը կ՛օգնի խորհրդրանական ուժերի այդ փոքրիկ գործիքակազմը դարձնել առաւել արդիւնաւէտ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պետութեան կողմից յարմարուողականութեան քաղաքականութեան պայմաններում ինչպէ՞ս պէտք է կազմակերպի հակազդեցութիւնը:

ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- Մեզ պէտք է հասկանալ, թէ ինչպէս ենք այս իրավիճակում առաջ շարժւում: Տարբերակ առաջին՝ համակերպւում ենք, որ ունենալու ենք կամ շատ թոյլ պետութիւն, կամ ընդհանրապէս պետութիւն չենք ունենալու եւ ուղղակի ապրելու ենք այս տարածքում, եւ դա էլ ժամանակաւոր: Կայ երկրորդ տարբերակը, որ ենթադրում է իրավիճակի սթափ գնահատում եւ փրկութեան ճանապարհների որոնում, կամ թուրք-ադրբեջանական նշուած ծրագրերին հակազդող քայլեր: Սա չի նշանակում, որ մենք երբեւէ չենք կարողանալու յարաբերութիւններ հաստատել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, սակայն այդ հաստատումը պէտք է հիմնուած լինի ուժի վրայ, այսինքն՝ մենք պէտք է լինենք հաւասար կողմ, այլ ոչ թէ պարտուած կողմ, որին ճնշում են, եւ պարտուողական դիրքերից ստիպում են համաձայնուել իրենց պայմաններին:

Այս ուղղութեամբ աշխատանքները պէտք էր սկսել Նոյեմբերի 9ից, մինչդեռ մենք տեսնում ենք, որ Հայաստանի դէ ֆակտօ իշխանութիւնը յարմարւում է, եւ այդ յարմարուողականութիւնը տեսնելով, Թուրքիան ու Ադրբեջանը պայմանները բաւարարելու համար, այսինքն՝ Հայաստանի հետ յարաբերութիւնների հատատում կամ օրինակ սահմանների բացում, ամէն օր մեզ առաջադրում են նորանոր պայմաններ: Եթէ մինչեւ պատերազմը Թուրքիայի կողմից նման պայման էր Արցախից հայկական զօրքի դուրս բերումը, Կարսի պայմանագրի ճանաչումը եւ Ցեղասպանութեան ճանաչումից հրաժարումը, ապա այժմ այս ամէնին գումարւում է նոր պայման, այն է՝ Հայաստանը պարտաւորւում է Սիւնիքով թուրքական միջանցք տրամադրել Թուրքիային եւ Ադրբեջանին: Վերջերս եւս մէկ պայման էլ առաջացաւ՝ մինչեւ Հայաստանը, բոլոր ականապատուած տարածքների քարտէզները չտրամադրի թուրք ադրբեջանական կողմին, յարաբերութեան հաստատման մասին ոչ մի խօսք լինել չի կարող: Մէկ այլ պայման էլ այն է, որ մինչեւ Հայաստանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը՝ չի լինելու յարաբերութեան ոչ մի հաստատում:

Վստահեցնում եմ, որքան զիջենք, այս պայմաններին համաձայնենք՝ վաղը մեզ նոր պայմաններ են առաջադրուելու, պարտադրելու են, որ դուրս գանք այս կամ այն միութիւնից, վերախմբագրենք Հայաստանի պատմութեան դասագրքերը եւ այնտեղից հանենք օրինակ Ցեղասպանութեան մասին յիշատակումը:

Միւս օրը ստիպելու են, որ Հայաստանում չլինեն Թուրքիայի դէմ բացասական կարծիք արտայայտող մարդիկ: Այսինքն, այս բոլոր խնդիրներն առկայ են, եւ դրանց հակազդելու միակ ձեւը ուղիներ փնտռելն է՝ այդ թւում օգտագործելով նաեւ արտաքին հնարաւոր օժանդակութիւնն ի դէմս եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Իրանի, եւ՛ Ֆրանսիայի: Փոխարէնը, այսօր որդեգրուած յարմարուողականութիւնը կործանարար նշանակութիւն ունի:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր նշած ուղիներ փնտռելու, ազգային, պետական շահերին ուղղուած քաղաքականութիւն կերտելու համար Հայաստանում եւ Սփիւռքում հանրային ուժ ձեւաւորելու ներուժ կա՞յ այսօր:

ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.– Հայաստանեան իրականութիւնը ենթադրում է, որ մեր ունեցած սակաւ միջոցների զօրաշարժի ամենաարդիւնաւէտ ճանապարհը պետութիւնն է: Ցաւօք սրտի պետութիւնը դրանով չի զբաղուելու, ես համոզուած եմ: Հետեւաբար, մեզ մնում է ապաւինել այն տարբերակներին, որոնք հնարաւորինս արդիւնաւէտութիւն կ՛ապահովեն, որը ցանկացած դէպքում աւելի քիչ է լինելու, քան այն դէպքում, երբ դրանով զբաղուէր պետութիւնը:

Այստեղ գործուն դեր պէտք է ունենայ այն ինչ կոչւում է քաղաքացիական հասարակութիւն, ազգային, որը ոչ թէ զբաղւում է անհասկանալի օրակարգերի առաջ մղմամբ, այլ հայ ազգի, պետութեան համար օրակարգային դարձած հիմնախնդիրների լուծմամբ՝ լինի դա միջանցքների, անկլաւների (կղզիացած տարածքներու), Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները եւ այլ հարցեր: Կարծում եմ, որ քաղհասարակութեան մի կարեւոր մաս գտնւում է Սփիւռքում, սակայն այն դարձեալ արդիւնաւէտ չի գործում այս պահին իմ դիտարկմամբ, որովհետեւ այդ քաղհասարակութիւնը, հայկական ներուժը եւս լիարժէք տեղեկացուած չէ այն խդնիրների մասին, որոնք առկայ են: Մենք յաճախ կարող ենք տեսնել, որ կայ հսկայական ներուժ, որն ուղղւում է սոցիալ կենցաղային խնդիրների լուծմանը, եւ ինչի համար խորին երախտագիտութիւն պէտք է յայտնել հայ համայնքին, բայց այնուամենայնիւ դրանք չեն լուծում հիմնաքարային խնդիրները:

Հետեւաբար, ես կարծում եմ, որ առաջնային է թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում ազգային քաղհասարակութեան ստեղծումը՝ հանրոյթ, որ նախաձեռնող է, պետութեանը զուգահեռ պետութեան կողքին կարողանալու է հարցեր բարձրաձայնել եւ հասնել պետութեան համարժէք արձագանգին:

Իրավիճակն այժմ շատ նման է 1915 թուականի նախընթաց շրջանին, երբ միտումը, թէ ինչ է սպասւում՝ յստակ էր, բայց հայ մտաւորականները, օրինակ, շարունակում էին պնդել, որ ոչինչ էլ չի լինի, ո՞վ կարող է 20րդ դարի սկզբին ցեղասպանութիւն թոյլ տալ, կը պայմանաւորուենք եւ այլն: Արդիւնքը տեսանք: Այսինքն, այն ժամանակ էլ, մարդիկ, ովքեր բարձրաձայնում էին հնարաւոր սպառնալիքների մասին, շատ յաճախ յարմարուողական դիրք որդեգրած ազգային մտաւորականութեան ներկայացուցիչների կողմից ընկալւում էին որպէս խուճապ տարածողներ, ինչն այս պահին նոյն կերպ կրկնւում է մեր աչքի առջեւ: Սա կործանարար նշանակութիւն կարող է ունենալ, այնպիսի հարուած կարող է լինել, որից հնարաւոր չլինի վերականգնուել: Այսինքն, սա պատմական մի փուլ է, երբ հայկական լեռնաշխարհում հայերը նման քիչ քանակով եւ նման փոքր տարածքում ներկայացուած չեն եղել: Սա պատմական նուազագոյնն է, եւ սրանից ցած՝ այստեղ պետութիւն ունենալու եւ պահելու, նաեւ մեր մշակոյթը, պատմութիւնը, ինքնութիւնը պահպանելու հնարաւորութիւնը մօտենում է զրոյի:

asbarez.am/հայկական-պետութեան-գոյութիւնը-չի-մտ/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail