Ռուսաստանի նահանջը և քաղաքական անկումն անխուսափելի է։ Մենք դա առաջիններից մեկը կտեսնենք

Armenia-Yerevan-Ararad

Ռուսաստանի նահանջը և քաղաքական անկումն անխուսափելի է։ Մենք դա առաջիններից մեկը կտեսնենք

08.07.2021 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյան

Մեր զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը

Պարոն Խզմալյան, Գեղարքունիքի մարզպետը երեկ հայտարարեց, որ ռուս սահմանապահներն արդեն Գեղարքունիքում են, և նրանց տեղակայումը մարզում օրերի հարց է: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, ինչո՞վ եք դա պայմանավորում: Հնարավո՞ր է, որ վերջին լարվածությունը հենց միտում ուներ, որ ռուս զինվորականներն այնտեղ տեղակայվեն:

Ես չեմ կասկածում, որ Ռուսաստանը ինչպես դիմել է նախկինում, այնպես էլ հիմա է պատրաստ դիմել ցանկացած սադրանքի, որպեսզի ընդլայնի իր ռազմական ներկայությունը, հետևաբար քաղաքական վերահսկողությունը Հայաստանի վրա: Դա մեծ հաշվով չի փոխելու հեռանկարները: Հեռանկարները, այնուամենայնիվ, անխուսափելիորեն բերելու են նրան, որ Ռուսաստանն անխուսափելիորեն հեռանալու է Հայաստանից: Իմիջիայլոց, նրանց հեռատես քաղաքական վերլուծաբանները՝ Կոլերով, Տարասով, արդեն փաստորեն հող են նախապատրաստում՝ մեղադրելով Հայաստանին, ՀՀ իշխանություններին, ընդդիմությանը և ասելով, որ ռուսները հեռանալու են, որովհետև դուք մեզ չեք սիրում, կամ լավ չեք սիրում, դուք եք ուզում, որ մենք գնանք:

Ռուսաստանը հեռացել է Հայաստանից 1918 թվականին, 1991 թվականին և դա ոչ թե մեր պահանջով էր, այլ իր ներքին խնդիրների պատճառով: Նույնը լինելու է նաև այս անգամ: Այն, որ գնալուց առաջ իրենք կուտակում են զորքերը, շատերին թյուրիմացության մեջ է գցում: Երբ մենք ասում ենք, որ Ռուսաստանը պատրաստվում է հեռանալ, մեզ ասում են՝ ի՞նչ եք խոսում, իրենց զորքերն ավելանում են: Դա կարելի է համեմատել նրա հետ, որ վերքի մեջ թարախը կարող է շատանալ, բայց դա չի նշանակում, որ հաղթելու է թարախը: Դա ուղղակի վերքի թարախակալում է և թարախը մաքրվելուց հետո կանհետայնա: Ռուսական զորքերի ավելացումը Հայաստանում խիստ ժամանակավոր է, դա լավագույն դեպքում ամիսների հարց է: Ռուսաստանի ընդհանուր թուլացումը, նահանջը և քաղաքական անկումն անխուսափելի է։ Մենք դա առաջիններից մեկը կտեսնենք:

Հայաստանում ՌԴ դեսպանն արձագանքել էր Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարությանը՝ կապված ՀԱՊԿ-ի հետ, սահմանին լարվածությունը չի թուլանում, և ականատես ենք Նիկոլ Փաշինյանի այցին Մոսկվա: Այս ամենն իրար փոխկապակացվա՞ծ են:

Այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի անվտանգության համակարգը հիմնված է լինելու Ռուսաստանի բարեհաճության հետ, խարսխված է լինելու Ռուսաստանի քաղաքական տրամադրությունների հետ, մենք չենք ունենա ոչ անվտանգություն, ոչ պետականություն: Դա վաղուց արդեն պարզ է, և վերջին պատերազմը դա ապացուցեց բոլորին: Բնականաբար Փաշինյանի այցերը Մոսկվա արձագանք է նրա, որ նրանք կարող են հրամայել: Կարելի է միայն ցավով արձանագրել, որ Փաշինյանն առ այսօր չի կարողանում փոխել այս իրավիճակը: Բայց Ռուսաստանի շուրջը փոխվում է աշխարհաքաղաքական իրավիճակը, և շուտով Ռուսաստանն այլևս չի կարողանա վերահսկել սեփական տարածքը, ինչպես արդեն տեղի է ունեցել Հյուսիսային Կովկասում, որտեղ կան տարածքներ, որտեղ չի գործում ՌԴ Սահմանադրությունը, օրենսդրությունը: Օրինակ, Չեչնիան: Մեզ էլ են թողնելու մենակ, ու մենք դրան պետք է պատրաստվենք, որ մենակ չմնանք մեր այլ թշնամիների հետ: Դա է պատճառը, որ Հայաստանի եվրոպական կուսակցությունը օր առաջ պահանջում է սկսել բանակցությունները արևմտյան ռազմաքաղաքական դաշինքների հետ՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի:

Իսկ ՄԱԿ դիմելու հավանականությունը կա՞, թե ոչ: ՀՀ իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ ակնարկում էին այդ մասին: Հայաստանը կգնա՞ այդ քայլին:

Ես այդ հարցը երկու օրից կտամ Նիկոլ Փաշինյանին, որովհետև հրավիրված եմ արտախորհրդարանական ուժերի առաջին համատեղ նիստին, որը կայանալու է հուլիսի 9-ին: Ես անկեղծորեն չգիտեմ՝ կգնան այդ քայլին, թե ոչ: Ես այդ կառավարության մասը չեմ կազմում, բայց ես գիտեմ, որ դա անհրաժեշտություն է: Եթե չանի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ուրեմն կանի հաջորդ հայկական ժողովրդավարական կառավարությունը:

Միակ ելքը այս պարագայում դա՞ է մնում:

Դա միակ ելքը չէ, դա կարևոր միջոց է, բայց ոչ վերջինը: Մինչ այդ կարելի է և ՀԱՊԿ-ից դուրս գալ, վաղուց անհրաժեշտ է դիմել Եվրամիություն՝ այդ քաղաքական դաշինքին անդամակցելու հայտ ներկայացնելով: Նույնը վերաբերում է ՆԱՏՕ-ին, ինչպես Վրաստանն ու Ուկրաինան տարիներ շարունակ պնդում են և ցանկանում են մտնել արևմտյան ռազմաքաղաքական դաշինքներ: Նույնը պետք է անի Հայասանը, դա կանենք մենք՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը:

www.lragir.am/2021/07/08/654023/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail