Առաջարկը մի ամիս առաջ արդեն եղել է Ֆրանսիայի կողմից, հայկական կողմը պետք է համագործակցությանն ուղղված կոնկրետ առաջարկներ ներկայացնի
13.07.2021 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Մեր զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը
Օրերս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հետ, քննարկելով համագործակցության հնարավոր ոլորտները: Կարո՞ղ ենք արձանագրել, որ սրանով Ֆրանսիան նոր առաջարկ է անում Հայաստանին՝ հաշվի առնելով այն մեծ աջակցությունը, որ ԵՄ-ն տրամադրելու է Հայաստանին՝ 2,6 մլրդ եվրոյի չափով:
Կարծում եմ՝ այդ առաջարկը մի ամիս առաջ արդեն եղել է Ֆրանսիայի կողմից, և հայկական կողմը պետք է համագործակցությանն ուղղված կոնկրետ առաջարկներ ներկայացնի:
Իսկ հայկական կողմն այսօր պատրա՞ստ է նման առաջարկներ անելու համար, այստեղ բացեր կա՞ն:
Կարծում եմ՝ մասնակի կերպով պատրաստ է, բայց ոչ ամբողջական, որովհետև ծրագրեր հայկական կողմից առաջարկվել են, բայց ամբողջական չեն: Համապարփակ մեկ զարգացման ծրագիր պետք է կազմի Հայաստանը, որը, իմ տեղեկություններով, դեռ չի կազմել: Նախարարը մոտ օրերս պետք է գա Ֆրանսիա, հանդիպումներ պետք է ունենա, ինչը շատ լավ է: Ուրախ եմ, որ այսպես իրապաշտ ձևով են դիտում խնդիրը, բայց կարծում եմ՝ այս իրավիճակում Հայաստանը դեռ պատրաստ չէ ամբողջական թղթածրար պատրաստելու համար:
ԵՄ-ի կողմից նման մեծ աջակցությունն ինչո՞վ է պայմանավորված: Տարբեր ծրագրեր են նախատեսված, որոնցից մեկը Սյունիքի մարզի զարգացմանն է ուղղված:
Կարծում եմ՝ Ֆրանսիայի կողմից առաջարկված ծրագրերի մեծ մասը Ֆրանսիան փոխանցել է ԵՄ-ին: Այսինքն Ֆրանսիայի ֆինանսավորման մեծ մասը ԵՄ-ի միջոցով է գալու: Ֆրանսիան տարբեր ձևերով մասնակցելու է այդ ծրագրերին: Ընդհանրապես, այս ծրագիրը «Արևելյան գործընկերության» երկրների հետ ծրագիր է, որի մեջ Հայաստանը հատուկ տեղ ունի, որովհետև պատերազմ տեղի ունեցավ:
Ինչ-որ առումով կարելի է նշմարել, որ ԵՄ-ն ինչ-որ չափով հանցանքի զգացում ունի, որ ոչինչ չարեց պատերազմը դադարեցնելու համար: Ոչ մի միջամտություն չարեց որպես Եվրամիություն: Իմանալով, որ հարձակվողը Թուրքիան էր Ադրբեջանի հետ, և Թուրքիան պատերազմի թատերաբեմ էր բերել Միջին Արևելքից ահաբեկիչներ ու վարձկաններ, ԵՄ-ն այս ամենի հանդեպ լուռ եղավ: Այսօր ինչ-որ ձևով ԵՄ-ն ուզում է Հայաստանի զգացած ցավը ամոքել:
Ինչպե՞ս եք գնահատում դեսպանների այցելությունը Շուշի: Իհարկե, Ֆրանսիայի դեսպանը չի ընդունել Ալիևի այդ հրավերը:
Ես կարծում եմ, որ Հայաստանի ազդեցությունն աշխարհում այնքան չեզոքացված է, որ նման բան հնարավոր է եղել: Այսպիսի արարքի դիմաց ամբողջ աշխարհը պետք է ոտքի ելներ: Սա բացարձակ անընդունելի է թե հայկական կողմից, թե միջազգային հանրության կողմից: Այն բոլոր երկրները, որոնց դեսպաններն այցելել են Շուշի, այդ երկրներում այսօր ցույցեր պետք է կազմակերպվեին:
Այսօր ես այն տպավորությունն ունեմ, որ ոչ միայն ընտրությունները Արցախի թեման լրիվ շրջանցեցին, այլև այսօր ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականության մեջ Արցախը ես չեմ տեսնում, բացի Մինսկի խմբի վերականգնմանն ուղղված հայտարարություններից: Արցախի խնդիրն այսօր մոռացության է տրվել և ինչ-որ ձևով Սփյուռքի հայ համայնքները քնած վիճակի մեջ են:
Այսօր դեսպանների՝ Շուշիի այցելության դիմաց մենք պետք է աշխարհի բոլոր երկրներում ընդունեինք շուշեցի փախստականներ, որոնք պետք է պատմեին, թե ինչ տեղի ունեցավ, ինչպիսի ֆոսֆորային զենքերով հարձակումների ենթարկվեցին իրենք, ինչպես վտարվեցին իրենց տներից:
բոլորի մասին պետք է աշխարհի բոլոր երկրներում ցույցերով ու զանազան նախաձեռնություններով բարձրաձայնվեր՝ ազդելու համար թե հանրային կարծիքի, և քաղաքական շրջանակների վրա: Այդ ուղղությամբ ոչ մի քայլ ես չեմ տեսնում: Իսկապես զարմանալի, վրդովեցուցիչ և անընդունելի է սա: Ոչ միայն ՀՀ իշխանությունները ոչ մի խոսք չասացին, նաև տարբեր երկրներում մեր դեսպանների կողմից որևէ արձագանք չենք տեսնում: Չի կարելի այսպես շարունակել:
www.lragir.am/2021/07/13/654906/