Ազգային նոր ապշանք. ԱԺ 8-րդ՝ «մահապարտների» գումարում – ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ
04/08/2021 ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
ՀՀ ութերորդ գումարման ԱԺ առաջին քառօրյայում եւ դրա շուրջ ծավալվող իդիոտիզմին այլ բնութագրում դժվար է գտնել: Սա մեր հանրային եւ անհատական արձագանքման յուրահատկությունն է՝ բացառիկ վտանգին առերեսվելիս բացառիկ ապշանք ենք ցուցաբերում: Հոկտեմբեր 27-ի ծամծմումը ավելի է լարում 72/33 քվոտայով ՌԴ դեսպան Կոպիրկինի ձեւավորած դեկորատիվ ԱԺ մթնոլորտը: Զոհասեղանին կամա թե ակամա հայտնվածների նյարդերը իզուր չէ, որ պրկվել են
Իշխանության մարմինների գիտակցված եւ անգիտակից տագնապը հասկանալու համար համադրենք ներկա վիճակը 2020 Արցախյան պատերազմին նախորդող ազդակների հետ: Պատերազմից մեկ շաբաթ առաջ դրանք բազմաթիվ եւ միանշանակ էին: Բավարար է հիշատակել ընդամենը երեքը. թրքական մամուլի մատնանշումները, միջազգային մամուլի բացահայտումները եւ Բաքվում տեղի ունեցողը:
Ազդակներ
Թուրք ընդդիմադիր մամուլը ակնարկում էր Տավուշի հուլիսյան մարտերից հետո Թրամպ-Էրդողան կարեւոր համաձայնությունը, որը տակնուվրա պիտի աներ Կովկասը [1]: Թեժ կետերում մասնագիտացած հայտնի լրագրող Լինդսի Սնելլը, իր հերթին, արդեն օրվա ճշտությամբ էր նշում Արցախի վրա կայանալիք Բաքվի, Անկարայի եւ սիրիացի վարձկանների գրոհի ժամկետը՝ 2020 սեպտեմբեր 27 [2]: Բաքվում եւ Գանձակում տեղի էր ունենում «ջիպ» մասնավոր ավտոմեքենաների համատարած հավաքագրում, Մերձկասպյան Արեւմուտքում կատարվել էր Ինտերնետ ցանցի կտրուկ եւ խիստ սահմանափակում: Այս ազդակները Հայաստանում ներկայացվել են մամուլով:
Պատերազմի առաջին շաբաթին, այնուհետեւ երրորդին մոսկովյան մամուլում հրապարակված նյութերը վկայում են ռուսական կողմի քաջատեղյակությունը պատերազմի նախապատրաստմանը: Էրդողան-Թրամպ օրինակով շտապ իրականացվել էր նաեւ ԱՄՆ-Ռուսաստանի անվտանգության պատասխանատուների շփումը: Բայց դա քիչ հետո էր:
Մինչ այդ Երեւանում եւ Արցախում
Երեւանում այդ օրերին կայացավ «Հայաստան 2030» ծրագրի շնորհանդեսը Նիկոլ Փաշինյանի կատարմամբ: «Պոլիտոլոգ» անձինք վարչապետին հավաստիացնում էին պատերազմի զրո հավանականությունը, ավանդաբար կրկնելով, թե «Կովկասում Ռուսաստանին ցնցումներ պետք չեն»: Սեպտեմբեր 27-ի 100-ամյա պատմական բեռ կրող ժամկետին եւ ակնհայտ ազդակներին ընդառաջ Արցախում չէր իրականացվում մարդուժի, տեխնիկայի եւ զինամթերքի որեւէ ապակենտրոնացում, չէին մշակվում կանխարգելիչ հարվածի կամ հիբրիդային պատերազմի ծրագրեր: Երեւանյան շնորհանդեսի արդյունքը եղավ այն, որ Բաքվի գրոհի առաջին 30 րոպեների ընթացքում ոչնչացվեց արցախյան հրետանու 30 տոկոսը, ինչը գեներալ Սամվել Բաբայանի վկայությամբ «արդեն իսկ աղետ էր»:
Իսկ հանրությու՞նը
Հանրությունը այն ժամանակ եւ հիմա էլ հավատարիմ է 2018-ի իր ընտրությանը: Ոչ, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին չէ: Խոսքը վերաբերում է հանրության հետեւյալ ընտրությանը. մենք ելել էինք կարճատեւ ու բուռն պայքարի եւ որոշել, որ հաջորդ նման բանի կարիքը կլինի մեկ էլ 30 տարի անց: Իսկ այդ ընթացքում աշխարհը անփոփոխ է մնալու եւ խաղաղ:
Նույնիսկ 4-ից 5 հազար երիտսարդների եւ հայրենիքի 12 000 քառակուսի կիլոմետրի կորուստը չի սասանել մեր վճռականությունը դիմագրավել որեւե աղետ բուրավետ խորտիկներով լի սեղանների շուրջ: Օրինաչափ հարց է, հանրությունը՝ հանրություն, բայց կա նաեւ էլիտա, վերնախավ: Նա՞ էլ այդ աստիճան պարզամիտ է:
Վերնախավը
Նոյեմբեր 9-ից հետո իշխանության ճամբարից հնչեց կատարվածի փիլիսոփայական ընդհանրացումը. «փոխարենը՝ այս անգամ մեզ ցեղասպանության չեն եթարկել»: Հայոց աղետի նշաձողը շատ ավելի բարձր է գտնվում. միլիոնավոր սպանվածներ ու 800 000 քկմ կորուստ:
Այս պահի հայրենական «էլիտան» ավելի քան երբեւիցե կրկնում է հանրության պատկերը: Ավազով լի մանկական քառակուսու մեջ ֆիգուրներ թխելու հակված հայ հանրությունը էլիտայի գագաթին Նիկոլ Փաշինյան անունով իր կատարյալ նմանակն է տեսնում եւ մեծ մասամբ երջանիկ է դրանից: Հանրությունը չի ցանկանում իրենից զգալի բարձր մեկին տեսնել իր գլխին կանգնած, քանի որ դա պարտավորեցնող է եւ հեռացնում է տաք խորտկեղենի հեռանկարը: Այ, միջին հայի մտավոր եւ հոգեւոր կարողությունից զգալի ցածր ընտրանին իսկը այն է, ինչ պետք է: Սա անգիտակից, բայց ընտրություն է: Հավելենք, որ դրությունը սթափ գնահատողներն էլ չեն շտապում «աղտոտվել» իրական քաղաքականությամբ: Պարոն Կոպիրկինը լավ էր պատկերացնում հայ իրողությունը, երբ ընտրություն էր նախաձեռնում:
«Հայաստան 2030»-ին հիմա եկել է փոխարինելու «Խաղաղության դարաշրջանի» շնորհանդեսը, որն էլ պիտի իրականացնեն ԱԺ 8-րդ գումարումը, վերափոխված բանակը, քարուքանդ ԱԳՆ-ն եւ այլ մարմիններ: Բայց ինչու՞ չկա էնտուզիազմ, ու՞ր է չքվել 30-ամյա պայծառ գալիքի կանխապրումը: Իշխանությունը այս անգամ ականջալուր է իր անձնական կաշին հսկող բնազդին, իսկ ազդակները մահապարտության տագնապով են գուժում, մանավանդ երբ սլիվի ծանոթ տեսքով ուղիղ Մոսկվայից են գալիս: Պատմությունն իրականանում է շուրջօրյա եւ ամեն Աստծու օր՝ նրանից արձակուրդ չես ստանա ու առանձնասենյակիդ դուռը բարիկադով չես փակի:
ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Ezerk.am
Կարդացեք նաեւ
Արցախն ու ՀՀ՝ ՌԴ տարածքային պահանջների մաս
եւ Ու՞մ գերին են հայ պատանդները Բաքվի բանտերում