Տէրսիմը Եւ Պատմութեան Հետ Առերեսումը
04 ՕԳՈՍՏՈՍ 2021 – ԿԻԶԱԿԷՏ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – Կարդալ նաեւ՝ – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Թարգմանեց ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆԸ
Ժխտուող եւ չընդունուող որեւէ յանցանք մեծացնում է դրա կրկնուելու հաւանականութիւնը: Եթէ պետութիւնը չի ընդունում կատարուած կոտորածը, նշանակում է` ասում է. «Ես այն դարձեալ կ՛անեմ»: Եթէ չընդունէք պատմութեան ընթացքում իրականացուած ոճրագործութիւնը, կայ հաւանականութիւն, որ այն նորից կը կրկնէք: Դա է հիմնական պատճառը, որ տէրսիմցիները նոյնիսկ այսօր անապահովութեան մեծ զգացումով են ապրում:
Թաներ Աքչամ
1937 թ. նոյեմբերի 15-ին մահապատժի ենթարկուեցին Տէրսիմի առաջադէմ մարդիկ` Սեյիտ Ռըզայի գլխաւորութեամբ: Նրանց մահապատիժը 37/38 թթ. Տէրսիմի կոտորածների կարեւոր խորհրդանիշն է: Այսօր նրանց գերեզմանների տեղը յայտնի չէ: Տէրսիմի մահապատիժների մասին խօսելով` ցանկանում եմ անդրադառնալ Թուրքիայում պատմութեան հետ առերեսուելու հետ կապուած խնդիրները:
Թեզ առաջին. Պատմութեան ընթացքում տեղի ունեցած ցաւալի դէպքերի մասին պէտք չէ խօսել, վէրքը փորփրելու ոչ իմաստ կայ, ոչ էլ օգուտ:
Ճի՞շդ է արդեօք այդ թեզը: Իսկապէս, ի՞նչ կը լինի, եթէ խօսենք: Չե՞նք ասելու` եկէք մոռանանք եւ առաջ նայենք: Կարող ենք պատասխանել` այո՛, վէրքերը փորփրելու իմաստ ի հարկէ չկայ: Սակայն արդէն իսկ 80 տարի է` հէնց դա՞ չենք ասում: Այդ դէպքում պէտք է հարցնել` «Վէրքերը չփորփրելը օգուտ տուե՞ց»: Ըստ իս, ոչ մի օգուտ էլ չի տուել: Այդ դէպքում հարց. մի՞թէ պատմութեան մասին խօսելը վէրքեր փորփրել է նշանակում: Պատասխան` ո՛չ, վէրք փորփրելը վէճն է, իսկ խօսելը վէճ չէ: Խօսել նշանակում է` վէրքերը վիրակապել, դասեր քաղել: Խօսել պատմութեան մասին նշանակում է` սպեղանի դնել վէրքին, չսպիացող վէրքը ապաքինել: Եթէ չխօսէք, չէք ապաքինուի:
Թեզ երկրորդ. Ի՞նչ է վէրքը, եւ ինչպէ՞ս է այն բուժւում: Պատասխան` վէրքը ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների բացակայութիւնն է: Վէրքը այն է, երբ ցաւի սուգն անգամ չի պահւում: Եթէ չսգաք, կը հիւանդանաք: Ոչ միայն դուք, ձեզ հարազատ իւրաքանչիւր ոք կը հիւանդանայ: Այսօր Թուրքիայում մարդու իրաւունքները յարգող ժողովրդավար վարչակարգի բացակայութեան ամենակարեւոր պատճառներից մէկն այն է, որ Տէրսիմում հանրապետութիւնից առաջ եւ հանրապետութիւնից յետոյ առաջացած ցաւերի մասին չի խօսւում:
Թեզ երրորդ. Ինչո՞ւ պէտք է խօսենք պատմութիւնից:
Չորս կարեւոր պատճառ կայ առ այն, որ պատմութեան հետ առերեսուելն անհրաժեշտութիւն է: Առաջին պատճառը. եթէ չառերեսուէք ձեր պատմութեան հետ, ապա ժողովրդավարութիւն չի հաստատուի ձեր երկրում: Այս երկրում ժողովրդավարութեան բացակայութիւնը Թայիփ Էրտողանի մէջ փնտռելուց սխալ տեսակէտ չի կարող լինել: Եթէ մինչեւ իսկ Էրտողանը գնայ, ժողովրդավարութիւն չի հաստատուի: Այս երկրում ժողովրդավարութեան բացակայութեան ամենակարեւոր պատճառը պատմութեան ընթացքում իրականացուած կոտորածների մասին չխօսելն է` Տէրսիմի կոտորածների գլխաւորութեամբ: Նշանակում է` այն անձը, որը փակում է Տէրսիմի մասին խօսելու թեման, չի ցանկանում երկրի ժողովրդավարացումը: Երկրորդ պատճառն այն է, որ եթէ չառերեսուէք ձեր պատմութեան հետ, ապա մարդու իրաւունքները յարգող վարչակարգ չէք կարողանայ ստեղծել: Չէք սովորի յարգել մարդուն եւ մարդկային արժանապատուութիւնը: Իւրաքանչիւր զանգուածային կոտորած մարդու իրաւունքների խախտում է, յարձակում է մարդու կեանքի իրաւունքի վրայ: Եթէ դուք անցեալում կատարուած մարդու իրաւունքների խախտումների նկատմամբ դիրքորոշում չունենաք, այսօր չէք կարողանայ ստեղծել մարդու իրաւունքները յարգող վարչակարգ: Հիմնական կանոնը հետեւեալն է. կոտորած անելու համար սպաննուող խմբի անդամներին պէտք է մարդ չհամարել, պէտք է նրանց արժանապատուութիւնը հողին հաւասարեցնել, թէ չէ` չէք կարողանայ սպաննել:
Նացիստները հրեաներին ներկայացնում էին որպէս մարմնի վրայ եղած մանրէներ: Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը հայերին, յոյներին եւ ասորիներին համարում էր մարմնի վրայ եղած հիւանդոտ ուռուցք: Ռուանտայում հութուները թութսիներին համարում էին ուտիճներ: Մանրէն մարմնից մաքրելը, ուռուցքը կտրել-գցելը, ուտիճին ճզմելը դիւրին է:
Երբ մարդկանցից վերցնում ես մարդ լինելու գաղափարը, նրան սպաննելը հեշտանում է: Սակայն չէք կարողանայ մարդու իրաւունքները յարգող վարչակարգ ունենալ` անցեալում ձեր կողմից սպաննուածներին մարդ չհամարելով, նրանց արժանապատուութեանը բացայայտ հարուած հասցնելը չուղղելով: Այդ պատճառով Սէյիտ Ռըզայի գերեզմանը գտնելն ու սովորոյթի համապատասխան վերաթաղելը Թուրքիայում մարդու իրաւունքները յարգող վարչակարգ հաստատելու գլխաւոր նախապայմանն է: Պատմութեան հետ առերեսուելու երրորդ կարեւոր պատճառն այն է, որ դա պէտք է լինի հասարակութեան մէջ խաղաղութեան ու հանգստութեան մթնոլորտի հաստատման նախապայմանը:
Իւրաքանչիւր մեծ կոտորած ստեղծում է կասկածամտութեան ու անվստահութեան մթնոլորտ: Եթէ անցեալում տեղի ունեցած սպանութիւնների հետ չառերեսուէք, հասարակութեանը պատած այդ կասկածն ու անվստահութիւնը չէք վերացնի: Այնտեղ, որտեղ առկայ է կասկած եւ անվստահութիւն դիմացինի նկատմամբ, յարգանքի փոխարէն ատելութիւն եւ թշնամանք է լինում: Նախկինում յանցագործութիւն կատարածները այսօր բնաջնջումից փրկուած մարդկանց մնացորդներին շարունակում են դիտարկել դեռեւս նոյն մեղքը գործելուն հակուած մարդիկ: Ըստ իրենց, հայերը անցեալում հայրենիքի դաւաճաններ էին. այսօր էլ շարունակելու են իրենց հայրենիքի դաւաճանութեան գործը: Դրա համար հայի դէմ ատելութիւն սերմանելու գործում խոչընդոտ չկայ: Տէրսիմցին անցեալում աւազակ էր, այսօր էլ կարող է շարունակել աւազակ լինել: Այդ պատճառով Տէրսիմի ռմբակոծման ժամանակ անտառները այրելու հարցում խնդիր չկար:
Եթէ պատմութեան մասին բացէ ի բաց չխօսէք, այլ կոծկէք եղածները, ապա զոհերը կը վախենան, որ իրենց հետ կարող է նոյնը կրկնուել եւ կը շարունակեն ապրել նոյն անվստահութեան եւ վախի մէջ: Դա պատմութեան հետ առերեսուելու չորրորդ կարեւոր պատճառն է:
Ժխտուող եւ չընդունուող որեւէ յանցանք մեծացնում է դրա կրկնուելու հաւանականութիւնը: Եթէ պետութիւնը չի ընդունում կատարուած կոտորածը, նշանակում է` ասում է. «Ես այն դարձեալ կ՛անեմ»: Եթէ չընդունէք պատմութեան ընթացքում իրականացուած ոճրագործութիւնը, կայ հաւանականութիւն, որ այն նորից կը կրկնէք: Դա է հիմնական պատճառը, որ տէրսիմցիները նոյնիսկ այսօր անապահովութեան մեծ զգացումով են ապրում: Տէրսիմցիների խաղաղ ու ապահով կեանքին հասնելու ճանապարհն անցնում է նրանց դէմ իրագործուած մեղքերն ընդունելով:
Այդ դէպքում ի՞նչ է պէտք անել: Եթէ ցանկանում ենք ժողովրդավար Թուրքիա, մարդու իրաւունքները յարգող վարչակարգ, հասարակական խաղաղութիւն, հանգստութիւն, երկրում առկայ կասկածանքի եւ անվստահութեան մթնոլորտի վերացում, պէտք է խօսենք Տէրսիմի մասին: Եթէ շարունակենք դա չանել, ապա վերը նշուածներից ոչ մէկ տեղի չի ունենայ:
Թեզ չորրորդ. Տէրսիմի կոտորածը կազմակերպել եւ իրականացրել է Ժողովրդահանրապետական (Ճումհուրիէթի հալք փարթիսի – ՃՀՓ) կուսակցութիւնը: Քանի դեռ այդ նախադասութիւնը նման բացայայտ կերպով չի ասուել, այդ երկիրը չի դառնայ ժողովրդավար ու խաղաղ երկիր: Ժողովրդահանրապետական կուսակցութիւնը ներողութիւն է պարտք տէրսիմցիներին: Քանի դեռ այդ նախադասութիւնը բացայայտ չի ասուել, այս երկրում կասկածամտութիւնը չի վերանայ, վստահութեան մթնոլորտ չի հաստատուի: Այսօր Թուրքիայում բազմաթիւ մարդիկ գերազանցապէս ԺՀԿ-ին ընտրելու պատճառով տէրսիմցիներին ասում են. «Մի՛ սիրահարուէք ձեր դահիճին»: Ըստ իս, ճիշդ չէ այն թեզը, որ տէրսիմցիները «սիրահարուել են իրենց դահճին»: Նոյնիսկ անհեթեթութիւն է: Տէրսիմցին վախենում է, որ իր հետ նման աղէտ կը պատահի, քանի որ Տէրսիմի մասին պարզ չի խօսւում: Խօսքը ոչ թէ սիրոյ, այլ վախի մասին է: Տէրսիմցին պետութիւնից վախենում է: Պետութիւնն էլ կասկածում է տէրսիմցուն: Թուրքիայում ժողովրդավարութեան ամենագլխաւոր խնդիրը պետութեան եւ քաղաքացու շուրջ հիւսուած վախի եւ անվստահութեան շրջանն է: Տէրսիմը դրա ամենավառ խորհրդանիշն է: Այդ շրջանի կոտրուելը նախապայման է ժողովրդավարութեան հաստատման համար: Եւ վախ-անվստահութիւն շրջանը կոտրող առաջին քայլը կարող է արուել ԺՀԿ-ի կողմից տէրսիմցիներից ներողութիւն խնդրելու միջոցով:
Թեզ հինգերորդ. Տէրսիմը Թուրքիայի պատմութեան տասնեակ մութ էջերից մէկն է: Մենք չենք կարող հասկանալ կամ պատմել Տէրսիմի մասին` քանի դեռ չգիտենք միւս մութ դէպքերի մասին՝ առանց այն դիտարկելու միւս մութ իրադարձութիւնների ընդհանուր պարունակում: Օրինակ` բռնաձուլումը բազմաթիւ ցեղասպանութիւնների դէպքում շատ կարեւոր զէնք է: Ամերիկայում` բնիկները, Աւստրալիայում` ապորիկենները, նացիստական Գերմանիայում սլաւոնները բնաջնջումից յետոյ ենթարկուել են բռնաձուլման: Կոտորածներից ողջ մնացած երեխաները հեռացուել են իրենց ընտանիքներից: Նրանց հարկադրաբար լցրել են որբանոցներ, գիշերօթիկ դպրոցներ եւ գերիշխող երկրի լեզուին, կրօնին համապատասխան են կրթել: Այսինքն այդ մարդկանց մայրենին ու մշակոյթն են ոչնչացրել: Թուրքիայում էլ հայերի եւ Տէրսիմի հետ նոյն բաները կատարուեցին: Ֆիզիքական բնաջնջումից յետոյ Տէրսիմից հաւաքուած երեխաների մօտից վերացրել են իրենց մշակոյթը: Ոչնչացրել են նրանց կրօնն ու մայրենին: Սըտըքա Աւարը այդ մշակութային ցեղասպանութեան խորհրդանշական ուսուցիչներից մէկն է, սակայն Թուրքիայի ԺՀ կուսակցականները, ձախերը երկար տարիներ Սըտըքա Աւարին փառաբանել են որպէս կատարեալ թուրք ուսուցչի: Սըտըքա Աւարը տէրսիմցիների հետ արել է նոյնը, ինչ Հալիտէ Էտիփը` հայերի հետ: Այսօր Հալիտէ Էտիփը ժամանակակից թուրք կնոջ խորհրդանիշն է համարւում:
Թեզ վեցերորդ. Եթէ չխօսէք ձեզ հետ կատարուածի մասին, ապա դրանք կը դադարեն ճշմարիտ լինել, կը համարուեն «անհիմն պնդումներ»: Ներկայում տէրսիմցին իր հետ տեղի ունեցածը չի ներկայացնում որպէս կոտորած: Հիմա ԺՀԿ-ի գլխաւորութեամբ ամբողջ Թուրքիան Տէրսիմում տեղի ունեցածները համարում է ապստամբութիւն: Ըստ այդ տեսակէտի, Տէրսիմը աւատապետական յետամնացութեան օճախ էր, իսկ Աթաթուրքի վարչակարգը առաջադէմ, յեղափոխական եւ ժամանակակից էր: Տէրսիմում աւատապետական յետամնացութիւնը ճնշումն էր, դա էլ բնական էր: Այդ պատճառով տէրսիմցիների` «ինձ կոտորեցին» արտայայտութեանը չեն հաւատում եւ կասկածանքով են մօտենում: Եթէ տէրսիմցիների հետ տեղի ունեցածները չորակուեն որպէս ճշմարտութիւն եւ չընդունուեն, տէրսիմցիների պատմածները համարուեն լոկ տեսակէտ, չկայ այլ ելք, քան` ճշմարտութեան մասին գոռալը: Չմոռանանք, որ տարբերութիւն չկայ հայերի վերաբերեալ ներկայացուող «անհիմն ցեղասպանութեան պնդումներ» եւ տէրսիմցիների վերաբերեալ ասուող «անհիմն կոտորածի պնդում» արտայայտութիւնների միջեւ:
Թեզ եօթերորդ. Մեզ նոր պատմագրութիւն է պէտք, պատմագրութիւն, որտեղ Տէրսիմում տեղի ունեցածների գլխաւորութեամբ կը ներկայացուեն միւս կոտորածները: Անգիր արուած պատմութեան ընկալմամբ, արդէն այսօրն ու վաղը չենք կառուցի: Նոր պատմութեան ընկալման կենտրոնում պէտք է լինեն անցեալում տեղի ունեցած ցաւալի իրադարձութիւնները: Ցաւերը մարդկանց միաւորում են: Ցաւի մասին խօսելը, սգալը մեզ միաւորում է: Անցեալի ցաւը մեր վէրքի սպեղանին է դառնում: Եթէ ցանկանում ենք այս հողի վրայ ապրել եղբայրաբար, խաղաղութեան մէջ, պէտք է սովորենք խօսել ցաւի մասին եւ սգալ: Վրիժառու չլինելու, ատելութիւն չզգալու ճանապարհն անցնում է ցաւի գինն իմանալով: Այդ պատճառով Տէրսիմում բնաջնջուածի արժէքն իմանալը, յարգելը Թուրքիայում ժողովրդավարութեան հաստատման պայմանն են:
Այս երկրի հասարակութեան առողջացման գլխաւոր պայմանն են Տէրսիմի ցեղասպանութեան ճանաչման համար ջանք թափելը, Սէյիտ Ռըզայի եւ ընկերների դիերը գտնելու ցանկութիւնը, յայտնի զանգուածային գերեզմանները բացելն ու մարդկանց յաւիտենական հանգիստն ապահովելու համար սովորոյթին համապատասխան թաղելը եւ Տէրսիմի բոլոր զոհերի համար յուշարձան ու թանգարան հիմնելը: Դրանք են այս երկրում հանգստութեան ու խաղաղութեան հաստատման, կասկածամտութեան եւ անապահովութեան մթնոլորտի վերացման գլխաւոր նախապայմանները:
Այն հասարակութիւնները, որոնց չի յաջողւում պատմութեան ընթացքում տեղի ունեցած ցաւալի դէպքերի առաջացրած բացը լրացնել, ցաւօք, դատապարտուած են ոչնչացման:
https://www.gazeteduvar.com.tr/dersim-ve-tarihle-yuzlesmek-haber-1504578
Akunq.net