Լիլիթ Մակունցը չի կարողանալու ոչ մի հարց լուծել ո՛չ ԱՄՆ կառավարության, ո՛չ էլ ամերիկահայ համայնքի հետ. Հարութ Սասունյան

Լիլիթ Մակունցը չի կարողանալու ոչ մի հարց լուծել ո՛չ ԱՄՆ կառավարության, ո՛չ էլ ամերիկահայ համայնքի հետ. Հարութ Սասունյան

04 ՕԳՈՍՏՈՍ 2021 –

«Մեդիալաբի» հարցերին պատասխանումէ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

– Պարո՛ն Սասունյան, նախկինում, երբ դեռ նոր լուրեր էին շրջանառվում, որ Լիլիթ Մակունցը նշանակվելու է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, բավական մտահոգություններ ունեիք: Այսօր այդ նշանակումն իրողություն է, ինչպե՞ս են հայ համայնքը և հայկական կազմակերպություններն արձագանքում այս իրողությանը: Ընդհանրապես, Մակունցի նշանակումը որքանո՛վ էր նպատակահարմար: 

– Ես կասեի, որ այս նշանակումը շատ մեծ սխալ է վարչապետի կողմից, որովհետև հետ է կանչում մի փորձառու դեսպանի՝ Վարուժան Ներսեսյանին, և փոխարինում է մեկ այլ մարդով, որը ոչ մի փորձառություն, ոչ մի գաղափար չունի դիվանագիտական աշխատանքի մասին: Սա մեծ հարված է հասցնելու հայկական և Հայաստանի շահերին, որովհետև մանավանդ հիմա, երբ մեր պետությունը շատ վատ վիճակում է և կարիք ունի ամեն տեսակի կարող մասնագետների, որպեսզի փորձենք դուրս գալ այս խնդիրներից, Լիլիթ Մակունցը չի կարողանալու ոչ մի հարց լուծել ո՛չ ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ո՛չ էլ հսկայական ամերիկահայ համայնքի անդամների ու կազմակերպիչների հետ:

– Այսինքն՝ հայ համայնքը դեսպանի պաշտոնում ավելի ծանրակշիռ մեկի՞ն էր պատկերացնում:

– Ընդհանրապես, աշխարհի բոլոր երկրները, նույնիսկ ամենահետամնաց երկրի ղեկավարը հասկանում է, որ ԱՄՆ-ը՝ որպես գերհզոր պետություն, որի մայրաքաղաք Վաշինգտոնը ամենակարևոր քաղաքն է աշխարհում, միշտ փորձում են դեսպան ուղարկել իրենց ամենակարող, ամենափորձառու անձին:

Նույնիսկ եթե երկրի ղեկավարը չի հասկանում ամեն ինչ, առնվազն հասկանում է, որ Վաշինգտոնը կարևոր կենտրոն է միջազգային քաղաքականության մեջ, և եթե ուղարկեն մի փորձառու անձ, այդ երկիրը կարող է ավելի օգտվել, քան եթե ուղարկեն անփորձ մի անձի, որը ձեռքերը ծալած ամբողջ օրը նստում է և չգիտի, թե ինչ պետք է անի:

– Եթե ԱՄՆ-ում դժգոհություն լիներ Մակունցի թեկնածության հետ կապված, դիվանագիտական, քաղաքական առումներով նա չբավարարեր իրենց սպասումները, նրան կհաստատեի՞ն դեսպանի պաշտոնում: 

– Եթե հարցը վերաբերում է ԱՄՆ կառավարության կողմից դեսպանի թեկնածության հաստատմանը, ապա դա ԱՄՆ կառավարության գործը չէ:

Եթե Հայաստանն ուղարկում է մի անկարող անձնավորության, դա Հայաստանի խնդիրն է, ոչ թե Ամերիկայի: ԱՄՆ կառավարության միակ պահանջն այն է, որ այն անձը, որին ուղարկում են, չլինի ոճրագործ կամ հանցագործություն կատարած անձ: Բայց եթե Հայաստանն ուղարկում է անկարող անձի, Ամերիկան չի կարող դրան խառնվել: Ամերիկան երբեք չի ասելու՝ ուղարկեք ավելի կարող մի անձի, որովհետև դա Հայաստանի որոշումն է:

– Ընդհանրապես, հնարավո՞ր է, որ մենք սխալվենք մեր գնահատականներում, և Մակունցը կարողանա որոշակի առումով լուրջ աշխատանք իրականացնել:

– Առաջինը ես ուրախ կլինեմ, եթե սխալված լինեմ: Մեր գլխավոր նպատակը և թիրախը Մակունցը չէ, այլ մեր հայրենիքի շահերն են: Ով էլ լինի դեսպանը, սիրենք նրան թե չսիրենք, եթե այդ անձը կարողանում է մի լավ, հայանպաստ աշխատանք տանել, մենք անմիջապես ուրախանում ենք:

Տա Աստված, որ մենք սխալ լինենք, և Մակունցը կարողանա ինչ-որ դրական քայլեր իրականացնել: Բայց երեխան էլ կարող է հասկանալ, որ չես կարող գերհզոր պետության մայրաքաղաք դեսպան ուղարկել մի անձի, որը դիվանագիտական ոչ մի փորձառություն չունի, և սպասել, որ նա կարող է հրաշքներ գործել: Դրան դժվար է հավատալ:

Արդեն ամերիկահայ երկու գլխավոր կուսակցությունների՝ ՀՅԴ-ի և ՌԱԿ-ի կենտրոնների ներկայացուցիչները դեռ ամիսներ առաջ միացյալ մի հայտարարություն են ստորագրել՝ վարչապետին հորդորելով հետ կանգնել իր այդ որոշումից: Թե՛ Հայաստանում, թե՛ Ամերիկայում բազմաթիվ հայեր նույն խորհուրդն են տվել վարչապետին, բայց, դժբախտաբար, մեր վարչապետը ոչ մեկին չի լսում, անում է այն, ինչ ուզում է:

6 ամսից ավելի է, որ ԱԳ նախարար չունենք, ինչպես երևում է, մեր վարչապետը ԱԳ նախարարի կարիք չունի: Ես առաջարկում եմ, որ ընդհանրապես չնշանակի նոր ԱԳ նախարար, և ինքը լինի թե՛ վարչապետ, թե՛ ԱԳ նախարար: ԱԳ նախարար նշանակելն այս պարագայում իմաստ չունի, որովհետև վարչապետն ինքնագլուխ է որոշում է ամեն ինչ՝ առանց խորհրդակցելու, անգամ նույնիսկ առանց տեղեկացնելու:

Եթե այսպես շարունակվի, ոչ միայն ԱԳ նախարարի, այլ նաև հավանաբար մյուս նախարարների կարիքն էլ չենք ունենա, որովհետև վարչապետը միանձնյա է ամեն ինչ որոշում: Այսպես շարունակվելու դեպքում երկրում ունենալու ենք ոչ թե կառավարություն, այլ միահեծան մի անձ, մի դիկտատոր, որ ամեն ինչ միանձնյա է որոշում: Ինքը ոչ մեկի խորհրդի կարիքը չունի, ինքն ամեն ինչ գիտի: Երանի թե այդպես լիներ, որ ինքն ամեն ինչ իմանար, բայց մենք տեսնում ենք, թե ինչ ահռելի սխալներ է անում այս երեք տարիներին:

– Իսկ հնարավո՞ր է՝ վարչապետը նշանակում է մի այնպիսի անձնավորության, որին անվերապահ վստահում է:

– Հավանաբար վարչապետի մտքում հենց դա է, բայց այստեղ վստահել-չվստահելու հարց չկա: Վարուժան Ներսեսյանը, որ որպես դեսպան շատ պրոֆեսիոնալ աշխատանք էր տանում, ի՞նչն էր, որ վարչապետը չէր կարող վստահել, մանավանդ ես գիտեմ, որ Վարուժան Ներսեսյանը նախքան Վաշինգտոն ուղարկվելը աշխատել է վարչապետի հետ և շատ լավ հարաբերություններ ուներ իր հետ: Նա այն մարդկանց թվին չի դասվում, որ տարակարծություններ ուներ վարչապետի հետ, և անում էր այն, ինչ ինքն էր ուզում: Պարոն Ներսեսյանը շատը ջերմորեն աշխատում էր վարչապետի հետ:

Նաև ինձ մտահոգում է այն, որ երբ մի քանի ամիս առաջ Լիլիթ Մակունցին հարցրել էին՝ ինչ է իր կարծիքը, որ դիվանագիտության ոլորտում փորձ չունենալով լինելու է դեսպան, նա պատասխանել էր, թե դիվանագիտական փորձն այնքան էլ կարևոր չէ, ինքն ունի այլ կարողություններ:

Սա ցույց է տալիս, որ նա չի հասկանում, թե որքան կարևոր է այդ պաշտոնը, և որքան կարևոր է, որ այդ պաշտոնում նշանակված անձը հատուկ կարողություններ ունենա այս ոլորտում: Այսինքն՝ եթե Մակունցը մի քիչ ամաչեր և հասկանար այդ պաշտոնի կարևորությունը, հասկանար, թե որքան մեծ վնաս կարող է տալ հայրենիքին, նույնիսկ չպետք է համարձակվեր վարչապետից ընդունել այսպիսի պաշտոնի առաջարկ: Եթե վարչապետն այսքանը չի հասկանում, և եթե առնվազն Լիլիթը հասկանար, ինքը պետք է մերժեր այդ առաջարկը:

Մանե Հարությունյան

MediaLab.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail