Ես իմ երկրում չգիտեմ մեկ թիզ հող, որը չոլ է: Ում համար չոլ է, ում համար հայրենիք – Գագիկ Գինոսյան

Ես իմ երկրում չգիտեմ մեկ թիզ հող, որը չոլ է: Ում համար չոլ է, ում համար հայրենիք – Գագիկ Գինոսյան

06.08.2021 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Մեր զրուցակիցն է հասարակական գործիչ, ազգագրական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանը

Ինչպես եք գնահատում նոր խորհրդարանի աշխատանքը: Ընդհանրապես ԱԺ-ի այս կազմը կարո՞ղ է բավարարել հասարակության սպասելիքները, թե ոչ:

Ես որևէ սպասելիք չունեմ Ազգային ժողովից: Ընդհանրապես, անկախության 30 տարիների ընթացքում որևէ Ազգային ժողովի նախագահ կամ իշխող որևէ կառույց թող ասի, թե ինչ կարևոր որոշում է կայացրել, որը կարևոր և բեկումնային է եղել նորանկախ Հայաստանի պետության համար: Այնպես որ, որևէ բան ակնկալելն անիմաստ է:

Սպասելիքներ չկան թե իշխանությունից, թե ընդդիմությունի՞ց:

Դե ընդդիմությունը ժամանակին իշխանության է եղել և իրենց օրոք էլ առանձնապես որևէ ազգային ու որոշիչ փոփոխություն չի արվել: Ես ոչ նախորդներից սպասելիքներ ունեի, ոչ էլ ներկաներից ունեմ: Երկիրն ապրել է անհատների շալակին, որի հաշվին իշխանությունները ապրել են: Այսինքն Կարեն Վարդանյանի նման, Սամվել Կարապետյանի նման նվիրյալներն իրականացրել են իրենց աշխատանքը, իսկ իշխանությունները որևէ կերպ ոչ կրթական համակարգում, ոչ մշակույթի մեջ որևէ դրական բան չեն արել, ոչ մի ֆիլմ չի նկարվել, ինչն էլ նկարվել է, ապականություն է եղել, ինչպես օրինակ Նժդեհի մասին ֆիլմը:

Դա խեղաթյուրում է իրականությունն ու Նժդեհի կերպարը: Սովետական Միությունը ժամանակին նկարահանեց «Զանգեզուր» ֆիլմը, որը Նժդեհի կերպարը վարկաբեկելու միտում ուներ, իսկ նոր նկարահանված ֆիլմն էլ լիարժեք չի ներկայացնում Նժդեհի կերպարը:

Այ այսպես մշակույթի ոլորտում, կրթության, բանակաշինության ոլորտներում որևէ գաղափարական, ազգային գաղափարախոսության միտում անգամ չկա: Էլ չասեմ, որ տարիներ շարունակ ամբողջ բանակի համակարգում գրագրությունը ռուսերեն էր:

Մինչ օրս իմ սպայական գրքույկում ռուսերեն է գրված: Ես պահանջել եմ, որ հայերեն գրեն, բայց չեն գրել: Որևէ կերպ որևէ ազգային գաղափարախոսություն ոչ բանակում, ոչ որևէ տեղ չկա: Էլ չեմ ասում, որ առաջին նախագահը հայտարարում էր, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է: Դա որևէ մեկի օրոք ոչ փոխվել է, ոչ հերքվել է:

Շատերը նշում են, որ նոր խորհրդարանը նրանով է վատը, որ բոլոր երեք ուժերն էլ ռուսամետ են, և առանց Ռուսաստանի որևէ ինքնուրույն քայլ չեն կարող անել:

Կարծում եմ՝ մենք երբևէ Ռուսաստանից անկախ չենք էլ եղել: Բոլոր ժամանակներում էլ այդ մոտեցումը եղել է, որ առանց իրենց հետ համաձայնեցման որևէ բան չի արվել: Օրինակ, ծաղր է, երբ մարդը, որ ընտրվում է նախագահ 5 տարով, ստորագրում է պայմանագիր ռուսական ռազմաբազայի ներկայության մասին 49 տարով:

Ես չեմ ասում՝ ռուսական ներկայությունը ճիշտ է, թե սխալ, տրամաբանությունն եմ ուզում հասկանալ, որ մարդը, որ 5 տարով է ընտրվել, ստորագրում է պայմանագիր 49 տարով ինչ-որ ուժերի ներկայության մասին: Ազգային ժողովում ուրիշ տարիներին գուցե 1-2 անհատներ կամ փոքր ուժեր եղել են, որոնք ազգային մոտեցումներ են ունեցել, բայց կարծում եմ, որ զուտ հայամետ, հայանպաստ քաղաքականություն, դիվանագիտություն Հայաստանը երբևէ չի վարել, և ես նման հույս էլ չունեմ:

Երբևէ Հայաստանի խորհրդարանն ազգային վեկտոր չի ունեցել: Եթե անգամ ազգային դիմագիծ ունեցող մի քանի պատգամավորներ են եղել, նրանք էլ որոշիչ դեր չեն խաղացել: Շատ դեպքերում դա օրվա իշխանությունների կողմից թողտվություն է եղել, գոլորշի բաց թողնելու եղանակ, որ ասեն՝ տեսեք, ազգային ուժեր կան: Այդ ուժերն էլ պայքարել ու ոչ մի բանի չեն հասել:

Ինչպե՞ս եք գնահատում այն, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայել:

Ավելի լավ է չարտահայտվեմ, որովհետև ցանկացած ինքնիշխան երկիր ինքն է պահում իր հայրենիքը: Միայն այդ արտահայտությունը, թե ինչու պետք է չոլերը հայ զինվորը պահի… ես իմ երկրում չգիտեմ մեկ թիզ հող, որը չոլ է: Ում համար չոլ է, ում համար հայրենիք: Մերօրյա նահապետ Սոս Սարգսյանը դիմելով ադրբեջանցիներին, ասում էր՝ ադրբեջանցու համար Արցախը տարածք է, հայի համար՝ հայրենիք: Այդտեղ շատ խորիմաստ միտք է թաքնված: Սկսած Արագածի ամենաբարձր գագաթից, կամ այն հողից, որ մշակել անգամ հնարավոր չէ, որովհետև ժայռեր են, մինչև այն տարածքը, որը չոլ է:

Գեղարքունիքում 3 զոհերը եղան այն պատճառով, որ ադրբեջանցիներն արդեն կրակ էին բացել Հայաստանի տարածքում իրենց զավթած բարձունքներից: Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ այդ չոլ կոչվածը ռազմավարական նշանակություն ունեցող և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանող տարածքներ են, դիրքեր են, որոնք որևէ կերպ չոլ կոչել չի կարելի:

Եթե դու չես ուզում, քո զինվորը չի ուզում պաշտպանել քո հայրենիքը, ապա հանուն ինչի՞ պետք է ռուս զինվորը պաշտպանի մեր հայրենիքը: Ոնց որ ես իմ ծնողին չուզենամ պաշտպանել, ասեմ՝ դե հարևանը մի քիչ հարուստ է, մի քիչ ուժեղ է, թող ինքը պաշտպանի, ես իմ պառաված ծնողին ինչի՞ պահեմ: Ցանկացած բանականություն ունեցող մարդ, պետականությունից, տարածքային ամբողջականությունից հասկացող մարդ տրամաբանորեն գիտակցում է, որ յուրաքանչյուր երկրի սահմանները պաշտպանվում են իր զինված ուժերով: Ոչ միայն մենք պարտավոր ենք մեր երկիրը ինքներս պաշտպանել, այլ նաև ազատագրելու հարցեր ունենք:

Եթե մենք հանկարծ ու հանկարծ այդպիսի ճակատագրական որոշման գնանք, դա նշանակում է ուղղակի բարոյազրկել, ողնաշարը կոտրել հայոց բանակի: Այդ դեպքում բանակն ընդհանրապես իր մոտիվացիան կկորցնի, թե ինքը հանուն ինչի գոյություն ունի, եթե իր երկիրը պաշտպանում է օտար զինվորը: Այդ դեպքում ծիծաղելի է խոսել անգամ ինքնիշխանության մասին:

Ակնհայտ է, թե այդ երկիրը ում է ենթակա, ում հրահանգները պետք է լսի, եթե մեր անվտանգությունը որոշվում է ոչ Երևանում: Մենք գիտենք, թե ինչ եղավ, երբ 1917 թվականին ցարական Ռուսաստանում հեղափոխություն եղավ:

Տեսանք, թե ինչպես ռուս զինվորը լքեց մարտադաշտը՝ զենքերը կամ իր հետ տանելով, կամ թողնելով թուրք բարբարոսին: Նման տգիտություն կարող է իրեն թույլ տալ կամ պատմությունից ոչինչ չհասկացող մարդը, կամ ստրկամիտը, կամ մեկը, որ ինչ-որ պարտավորություններ ու պարտքեր ունի ինչ-որ երկրի նկատմամբ: Ինչպես նախորդ իշխանությունները «գույք պարտքի դիմաց» արեցին, հիմա էլ «ինքնիշխանություն պարտքի դիմաց» է:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

lragir.am/2021/08/06/660076/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail