Եթե Արցախը միջազգային հարց դարձած չլիներ, ռուս-թուրքական դաշինքի շրջանակներում մեր հարցերը վաղուց լուծված կլինեին – Պարույր Հայրիկյան

Եթե Արցախը միջազգային հարց դարձած չլիներ, ռուս-թուրքական դաշինքի շրջանակներում մեր հարցերը վաղուց լուծված կլինեին – Պարույր Հայրիկյան

07.08.2021 | Հարցազրույց | Lragir.am,

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը

Պարոն Հայրիկյան, Ազգային ժողովն առաջին նստաշրջանն է գումարել, ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական քննարկումները։

Ես ուզում եմ սկսել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրություններից։ Խորհրդարանական մեծամասնությունը, որը սահմանադրական իրավունքի երաշխավորն է փաստորեն, խախտում էր իր սահմանադրական պարտականությունը։ Սահմանադրությամբ էր նախատեսված, ոչ թե ընդդիմադիրների քմահաճույքով, այսինքն՝ եթե դու չես էլ ուզում որևէ մեկին, ընդդիմադիրներից որևէ մեկը պետք է լինի փոխնախագահ։

Իսկ Սահմանադրությունը նախ և առաջ պարտավոր է կատարել պառլամենտական մեծամասնությունը, որին Սահմանադրությամբ է տրված այդ մեծամասնությունը, ոչ թե ժողովրդի ընտրությամբ։ Բայց իրենք այդքան ժամանակ խլեցին և ժողովրդից, և պառլամենտից, սա տունտունիկ չէ, ծաղրածու են, ի՞նչ են։

Եթե Սահմանադրությամբ այդպիսի կարգ կա, մեծամասնությունն իր բոլոր ձայները պետք է տար, ոչ թե հայտարարեր՝ մենք այսքան ձայն ենք տալիս, այնքան ձայն ենք տալիս։ Սրանով իրենք ցույց տվեցին և իրենց տգիտությունը, և հակասահմանադրական կեցվածքի պատրաստ լինելու ընդունակությունը։

Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ցավոք սրտի, իրենք բոլորը հիմնականում դատապարտված են բացասական գործերի, որովհետև դու չես կարող լինել բացասական համակարգում և առողջ գործեր կատարել։ Քանի դեռ սրանք զբաղված են Սահմանադրության հետ կապված իրենց իսկ տված խոստումները արհամարհելու, անտեսելու կեցվածքով, դա համարում են իրենց սրբազան պարտականությունը, ոչինչ չի փոխվի։

Եթե մենք կարգին երկիր լինեինք, նախագահը վաղուց պետք է ընդվզած լիներ, բոլոր քաղաքական ուժերը պետք է խոսեին։

Խոսում ենք օրենքի իշխանության մասին, հիմնական օրենքը Սահմանդրությունն է, Սահմանադրության վերաբերյալ որոշում է կայացվում, նույնիսկ հանձնաժողով է ստեղծվում, նույնիսկ ժամկետներ են նշանակվում, բայց ոչ մի գործ չի արվում նոր Սահմանադրության ընդունման ուղղությամբ։ Ինչո՞ւ, որովհետև իրական Սահմանադրությունն իրենց պետք չէ։

Ազգային ժողովի մեծամասնությունը մերժեց ընդդիմության առաջարկը՝ Արցախի հարցով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծելու մասին։ Արդյոք չպե՞տք է նոր խորհրդարանն աշխատանք տանի Արցախի ճանաչման ուղղությամբ։

Եթե կոնկրետ Արցախի ճանաչման մասին ենք խոսում, դա հարցի միայն մի մասն է։ Այսինքն՝ դա Հայաստանի կեցվածքն է։ Հայաստանի կեցվածքն ինչպիսին էլ լինի, Արցախի հարցը բարեբախտաբար դարձել է միջազգային հարց, որովհետև եթե միջազգային հարց դարձած չլիներ, ռուս-թուրքական դաշինքի շրջանակներում մեր հարցերը վաղուց լուծված կլինեին։

Ի վերջո, չմոռանանք, որ 1921 թվականի պայմանագրով Ռուսաստանը պարտավորություն ունի Թուրքիայի նկատմամբ և Թուրքիայի դեմ Հայաստանի որևէ դրսևորում պետք է կանխի։ Բայց քանի որ հարցը միջազգայնացավ, անկախ նրանից, թե ինչպիսի որոշում կընդունի միջազգային հանրությունը, այն չի կարող լինել կործանարար, դա կարող է լինել ոչ բավարար կամ ցանկալի մեր կամ մեր հակառակորդի համար։

Շուտափույթ կերպով պետք է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը տարածաշրջանում։ Արցախը վաղուց պետք է ճանաչված լիներ։ Երբ 1991 թվականի անկախության հանրաքվեին չմասնակցեց Արցախը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ մյուսների՝ Մոսկվայի կամակատարների պահանջով, մենք այն ժամանակ հարց բարձրացրեցինք՝ եթե Արցախը չի քվեարկում Հայաստանի անկախության հանրաքվեի համար, չի մասնակցում նախագահի ընտրություններին, ուրեմն մենք պետք է Արցախը ճանաչենք որպես ինքնուրույն միավոր։

Մոսկվան չէր ուզում լուծել Արցախի հարցը, որովհետև դա իր գլխավոր երաշխավորն է տարածաշրջանում։ Այն ժամանակ Արցախն արդեն իսկ միացված էր Հայաստանին՝ լավ կամ վատ օրենքներով։ Եվ այդ ժամանակ ոչ թե Ադրբեջանն էր գրավել Արցախը, այլ Հայաստանի իշխանությունները լակոտաբար, դավաճանաբար ու ստորաբար Արցախն արտամղեցին։ Մենք ուզում էինք, որ Արցախն ինքնորոշման ճանապարհով միանար Հայաստանին։

Ի՞նչ հարցեր պետք է բարձրացնի Հայաստանի Ազգային ժողովն այս փուլում։

Եթե Ազգային ժողովն իր հիմնական կոչումը կատարելու խնդիր է լուծում՝ որպես օրենսդիր մարմին, պետք է շուտափույթ կերպով զբաղվի իր գործունեությամբ։ Օրենսդիր մարմինն ունի նաև իրավասություն Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։

Բոլոր օրենքները բխում են հիմնական օրենքից, Հայաստանն օրենքի երկիր դարձնելու, նույնիսկ օրենքի դիկտատուրա հաստատելու իրենց հայտարարությունները պետք է նախ հանգեցնեն նրան, թե արդյոք հիմնական օրենքը համապատասխանում է դրան։ Կարող է տարօրինակ թվալ, որ այս իրավիճակում եմ խոսում այդ մասին, երբ սահմաններին խնդիրներ կան, երբ տարածքային ամբողջականության կարգավիճակն է վտանգի տակ, երբ գերիներ ունենք Բաքվում, բայց ես խոսում են հիմնական անելիքի մասին։

Մեր հիմնական հարցը պետք է լինի հիմնական օրենքը։ Եվ այստեղ մեր սերնդի բոլոր պատգամավորները, քաղաքական գործիչները մեկ գերխնդիր ունենք՝ ընդունել նոր Սահմանադրություն։

Ես 2014 թվականին տվել եմ բացարձակ ժողովրդավարության նախագիծ, այն պարտակվել է։ Հետո նախագիծը չորս անգամ ներկայացրել ենք Նիկոլին։ Եթե իրենք ունեն պատասխանատվության զգացում եթե հասկանում են իրենց գլխավոր առաքելությունը, դա պետք է ընդունեն։

www.lragir.am/2021/08/07/660215/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail