Բաքվի կառավարիչ Իլհամ Ալիեւ – Ալիեւը տվեց առիթը. Սկսենք
18.08.2021 | Ներքին կյանք | Lragir.am,
Բաքվի կառավարիչ Իլհամ Ալիեւը Քարվաճառում իր ԶԼՄ-ներին կոչ է արել օգտագործել Հայաստանի բնակավայրերի «ադրբեջանական» անվանումները եւ սկսել է Վարդենիսից: «Այս ճանապարհը ուղիղ տանում է դեպի Բասարկեչերի շրջան: Այն Հայաստանում կոչվում է Վարդենիսի շրջան: Բայց այս շրջանի եւ մարզի իսկական անվանումը Բասարկեչեր է», ասել է Ալիեւը:
Հայաստանում սովորաբար քամահրանքով կամ ծաղրով են վերաբերում Ալիեւի պատմական էքսկուրսներին: Դա ինչ որ առումով բնական է՝ ունենալով պատմական նման բեքգրաունդ՝ հայերի համար այդ ամենը ծաղրալի է թվում: Միեւնույն ժամանակ, դա բերում է այլ ծայրահեղության՝ անփույթ վերաբերմունք ունեցածին՝ թե տարածքներին, թե ժառանգությանը: Ընդ որում, դրանից է գալիս նաեւ այն, որ հայերի մոտ առկա է նաեւ սեփական պատմության, ստեղծած քաղաքակրթության մասշտաբների գոնե մակերեսային իմացության բացակայությունը:
Բաքուն սեփական ինքնության ծանր փնտրտուքների մեջ է՝ թուրք, օղուզ, կովկասյան թաթար, ալբանացի եւ այլն: Միեւնույն ժամանակ, այդ փնտրտուքները տեղի են ունենում հայկական պատմության ու քաղաքակրթական հետքի յուրացմամբ եւ ոչնչացմամբ: Սա նրանց համար քաղաքական ազգ եւ պետություն դառնալու ճանապարհն է, որում Բաքվին աջակցում են նրա «բախտակիցները»՝ հայկական հիմքի վրա կառուցված եւ հայկական քաղաքակրթական հետքը հետեւողականորեն ոչնչացնող Ռուսաստանը եւ Թուրքիան:
Փոխարենը, հայկական մոտեցումներն այս խնդրին բնորոշ են ծիսական համայնքին. քաղաքական մտածողության բացակայությունը, ցածր ինքնագնահատականը պարարտ հող են Բաքվի այս ջանքերի հաջողության համար: Այստեղ մեծ անելիք ունեն հանրային-քաղաքական, ակադեմիական շրջանակները, մեդիան:
Գուցե պետք է սկսել հենց մեդիայից: Օրինակ, սկսել «Ադրբեջան» բառը որպես պետության անուն չօգտագործելուց: Այս արհեստական կազմավորումը Մոսկվան 100 տարի առաջ ստեղծել ու «Ադրբեջան» անունն է դրել որոշակի քաղաքական նպատակներով, ընդդեմ Հայաստանի ու Իրանի: Եվ ներկայում էլ Ռուսաստանը «եռակողմ ձեւաչափով» զբաղված է իր հոգեզավակին որպես պետություն «լեգիտիմացնելու», Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի արդյունքները ճանաչել տալու գործով, Հայաստանին պարտադրելով համապատասխան պայմանագրերը:
Ավելորդ է ասել, որ «Ադրբեջանի» լեգիտիմացումը տեղի է ունենում հայկական տարածքների ու ժառանգության հաշվին: Մենք համաձա՞յն ենք դրան: Ըստ այդմ, կարելի է սկսել հիմքից՝ «Ադրբեջան» եւ «Ադրբեջանի նախագահ» արտահայտություններից: «Ադրբեջան»-ը կամ առնել չակերտների մեջ, կամ օգտագործել Մերձկասպյան արեւմուտքի կազմավորում ձեւը: «Ադրբեջանի նախագահի» փոխարեն՝ Բաքվի կառավարիչ ձեւը: Բաքուն՝ Բակուրակերտ, որը կառուցվել է 2-րդ դարում եւ կրել Բակուր թագավորի անունը: Բակուրակերտում 19-րդ դարում նավթարդյունաբերության ու քաղաքաշինության գործում հայերը վճռական ներդրում են ունեցել, իսկ Ռուսաստանում առաջին նավթամուղը՝ Բաքու-Բաթում, կառուցել է հայազգի գործարար Մանթաշյանը:
Գանձակ, Պարտավ, Ավեղու, Աղճապատ, Քարվաճառ, Թարթառ, Ակնա եւ այլ բազմաթիվ հին բնակավայրերի հայկական տեղանունների մասին խոսք անգամ չկա՝ դրանք Մերձկասպյան արեւմուտքում պահպանվել եւ պաշտոնապես կիրառվում են մինչ օրս: Նախիջեւանի մասին առավել եւս խոսք չկա:
Սա սովորական լեզվակռիվ չէ, այլ սեփական իրավունքների ու պահանջների խնդիր: Մոսկվան ու Բաքուն պետք է պատասխանատվության ենթարկվեն այս տարածքներում բնիկների՝ հայերի հայրենազրկման, ցեղասպան գործողությունների համար, որոնց վերջին դրսեւորումը 20-րդ դարավերջի երկու Կոլցո գործողություններն են եւ 2020-ի աշնանային ահաբեկչական արշավը:
www.lragir.am/2021/08/18/662165/