Սեւր, Վիլսոնի վճիռ, Արցախի կարգավիճակ․ Ռուս-թուրքական տանդեմը խնդրի առաջ
24.08.2021 | Մեկնաբանություն | Lragir.am,
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան շարունակում են բարձրացնել Արցախի կարգավիճակի հարցը, հայտարարելով, որ հակամարտությունը լուծված չէ։ Մոսկվան ու Բաքուն համարում են, որ հարցը փակված է, կարգավիճակի խնդիր չկա։ Մոսկվան, մի ոտքով մնալով Մինսկի խմբի համանախագահությունում, կարգավիճակի հարցով ժամանակ առ ժամանակ հայտարարում է, թե այն պետք է թողնվի հետագային, «փախստականների վերադարձի, խաղաղ գոյակցության ու ապաշրջափակման հարցերը լուծելուց հետո»։ Այս «նախապայմանները» միակողմանի են, այսինքն՝ խոսքը Բաքվի համար ճանապարհների բացման եւ ոչ հայ փախստականների վերադարձի մասին է, որի իրագործման պարագայում կարգավիճակի հարցի լուծումը դառնում է ձեւական։
Միեւնույն ժամանակ, կարգավիճակի հարցը դառնում է քաղաքական ունիվերսալ լծակ, որով ապալեգիտիմացվում է Հայաստանի դեմ կիրառվող Լավրովի պլանը, նույնիսկ եթե պաշտոնական Երեւանը համաձայնի ստորագրել «դեմարկացիոն եւ խաղաղության պայմանագիրը»։ Ի տարբերություն ռուս-թուրքական սեպարատ համաձայնությունների, կարգավիճակի հարցը միջազգային միակ մանդատ ունեցող լեգիտիմ կառույցում կարգավորման առանցքային հարցն է, եւ եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան շարունակում են պնդել այս հարցը, Լավրովի պլանը շարունակում է կախված մնալ օդում միջազգային լեգիտիմության տեսակետից։
Այս առումով, արժե հիշատակել Սեւրի պայմանագիրը եւ Վիլսոնի իրավարար վճիռը, որոնք միջազգայնորեն լեգիտիմ պայմանագրեր էին, որոնցով Թուրքիան շարունակում է մնալ ավազե հիմքի վրա, չնայած 1915-1923 թթ․ ցեղասպան գործողություններով եւ 1921 թ․ Մոսկվայի պայմանագրով Ռուսաստանն ու Թուրքիան փակված համարեցին Արեւմտյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի զգալի մասի հարցը։ Դա սակայն միջազգայնորեն լեգիտիմ համաձայնություն չէր, եւ ինչպես խոստովանում է Էրդողանը՝ Սեւրը դաշույնի պես կախված է Թուրքիայի գլխին։ Այսինքն, 100 տարի անց դրանք չեն կորցնում ակտուալությունը եւ ցանկացած պահի կարող են կիրառվել առնվազն որպես ճնշման լծակ։
Հայկական քաղաքակրթական հենքն այնքան ուժեղ է, իրավունքներն՝ անբեկանելի, որ նույնիսկ իր բնօրրանում հայերի բնաջնջումը չի լուծում խնդիրները։ Ռուսաստանն ու Թուրքիան դեռ ծանր գին են վճարելու այս ամենի համար, դա անխուսափելի է։
Սա իհարկե «մխիթարություն» չէ, համեմատություններն էլ մռայլ ասոցիացիաներ են առաջացնում, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան Հայաստանի հարցում շարունակում են համաձայնեցված քաղաքականությունը։ Միեւնույն ժամանակ, սա հնարավորություն է Հայաստանի համար՝ սեփական շահերն ու իրավունքները լայն շրջագծով արդյունավետ պաշտպանելու առումով, տվյալ դեպքում՝ որպեսզի Արցախի կարգավիճակի հարցը չմնա զուտ քաղաքական լծակ, ինչը պահանջում է դուրս գալ քաղաքականության հայկական ավանդական պատկերացումներից եւ մշակել ազգային օրակարգեր ու հայեցակարգեր։
«Եռակողմ փաթեթին»՝ Հայաստանի դեմ ռուս-թուրքական ծրագրերին հավատարմության հիմքով խորհրդարանում քվոտաներ ստացած ուժերից նման սպասելիքներ չկան, խոսքը հանրության այն շրջանակներինն է, որոնք համարժեք պատկերացնում են իրավիճակը, հնարավորություններն ու դրանց իրագործման մեխանիզմները։
www.lragir.am/2021/08/24/663302/