Նէ օլդու, Պաշինյան*, Խանկենդին ի՞նչ եղավ (Մաս 1)
28/08/2021 – ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ
Էյվազլի ու Չայզամին, police ու patrol գաղտնաբառերը արտասանած վարչապետը կանգնած է հիրավի կյանքի ընտրության առջեւ. Էրիվանյ, թե Իրավան՝ որն է հոգեպես ավելի ազնիվ: Ալեքսանդրապոլ, թե Գյումրյուկ**: Դատարկ հարցեր չեն, որ պիտի «օր առաջ» պատասխան ստանան: Հայտնի է, թե ինչ պատասխան է լինելու: Համենայնդեպս, «Արցախից» հրաժարված վարչապետին Բաքվից արդեն պատասխանել են Շամսետդինով ու Բասարգեչարով
Խնդիրը միայն անվանումները չեն, անշուշտ: Ազգայինի ասպարեզը ներառում է բազմաթիվ չափումներ՝ առկա մշակույթից, լեզվից սկսած եւ պետականությամբ ու տարածքներով վերջացրած: Տարբեր ժողովուրդների համար ազգայինին բնորոշ ծավալը տարբեր է, մեծ է լինում ու փոքր: Կարեւոր է տեսնել, որ հայկական ազգային ծավալի ներկայիս սրընթաց կծկումը առաջին հերթին քաղաքականության հիմնարար դրույթների կեղծ ընտրության հետեւանք է: Ընդ որում, կեղծիքը շարունակական է՝ սերնդափոխության պարբերությունը գերազանցող վերարտադրությամբ:
2020 թվականի ռազմարշավի անբարենպաստ ընթացքը եւ Եռակողմ հայտարարությունը պատճառ չեն, այլ հետեւանք
Այժմ, միանգամայն որոշակի դիտավորությամբ հայության վզին է փաթաթվում «պարտության հետեւանքով առաջացած պետականության ճգնաժամի» նարատիվը: Ոմանք շեշտը պարտության վրա են դնում, ոմանք էլ՝ ճգնաժամի: Հետեւությունը նույնն է. պարտվել ենք ու ամեն բան դրա պատճառով է: Թշնամու նպատակը հեռուն է տանում: Անհրաժեշտ է վերնիվար խեղել իրողությունը եւ կանխել 1988-ին հետեւած տասնամյակների իրադարձությունների ռեֆլեքսիան կամ ինքնազննումը: Այլ կերպ ասած, պատմությունը նոյեմբեր 9-ի «զրոյական» կետից սկսել տալ: Ինչպես արեցին Սեւրի տակ գիծ քաշած նույն Մոսկվայում 1921 թվականին: Սկսվեց խորհրդային ծաղկումը՝ 1937-ի ջարդը, 1942-ի կոտորածը Կերչում, աքսորը Ալթայ, Կոլցոները եւ շրջափակումը:
Միայն այս եղանակով կարելի է կազմակերպել հայկական ողբերգության նոր, հերթական շրջապտույտը կամ «խաղաղ դարաշրջանը»: Ամեն բան մինչ այժմ ճիշտ էր, ուղղակի կռվեցինք ու պարտվեցինք, ինչ արած, պետք է շարունակել նույն ուղղությամբ ու նույն եռանդով: Ահա ՔՊ առաքելությունը՝ ավարտել կոտորածի մեկ շրջանը եւ հիմք դնել նորի համար: Գիտակցեն, թե չէ՝ քաղբեմի սկսնակները դա են անելու: Այլ բանի ոչ ընդունակություն ունեն, ոչ էլ գիտելիք, եւ դա 100 տոկոսանոց երաշխիք է պատվիրատուների համար:
Իրականում, 2020 թվականի ռազմարշավի անբարենպաստ ընթացքը եւ նոյեմբեր 9-ի հայտարարությունը պատճառ չեն, այլ հետեւանք: Հենց այն կեղծ կողմնորոշիչների, որ խնամքով գործադրվեցին 1988-ից ի վեր ու որոնց ջատագովմանն ենք ականատես: Այս օրերին տեղի ունեցողը այլեւս տեղ չի թողնում ընթացիկ, նեղ տեղային ընդգրկմամբ դիտարկումների համար:
Անցյալն ու ապագան երեւում են ամենայն պարզությամբ: Այս պարզությունը ձեռք է բերվել հազարավոր խիզախների կյանքի գնով: Ամբարտավանություն կլիներ գետնին թողնել արիաց ամագը եւ անտեսել նրանց բացած հորիզոնը: Դա են թելադրում թե հիշատակը, թե պատասխանատվությունը գալիք սերունդների առջեւ: Այս մասին՝ մանրամասն եւ հաջորդաբար:
ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Ezerk.am
lragir.am/2021/08/28/664493/