Աշխարհաքաղաքական մրցակցություններն ու Հայաստանի խնդիրը – Հարութ Արթին Առաքելյան

Աշխարհաքաղաքական մրցակցություններն ու Հայաստանի խնդիրը

Աշխարհաքաղաքական մրցակցություններն ու Հայաստանի խնդիրը – Հարութ Արթին Առաքելյան

29 ՕԳՈՍՏՈՍ 2021 – Փակագիծ Վերլուծական Հարթակ

Հարութ Արթին Առաքելյան – Harut Artin Arakelyan

♦️ Ինչպես նախորդ մի քանի հոդվածներում, որտեղ անդրադարձել էի Արցախի պատերազմի դրդապատճառներին, միջազգային և տարածաշրջանային գերտերությունների աշխարհաքաղաքական և տնետսական մրցակցությունների արդյունքում, նաև բռնկվեց Արցախի վերջին պատերազմը, որտեղ, շահերի դասավորվածությունը հուշում էր, որ այս անգամ Հայաստանը և Արցախը պիտի լինեն պարտվող կողմը:

♦️ Հայաստանն ինչպես միշտ, նստած է արևելքը արևմուտքին կապող կարևորագույն կծիկի վրա և ինչքան էլ Հայաստանյան իշխանությունները չգիտակցեն մեր երկրի կարևոր դիրքավորումը, միևնույնն է, դա մեզ չի օգնի զերծ մնալ այդ գլոբար խաղերի ազդեցություններից:

♦️ Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, Արցախյան պատերազմը մի քանի խնդիր լուծելու նպատակով բռնկվեց:

▪️Նախ այն, որ Թուրքիան էներգետիկ հաբ՝ բաշխիչ դերում մնալու համար, պետք ուներ Կենտրոնական Ասիայի էներգիային և դրա ստանալու էժան և ապահով ճանապարհը Հայաստանով անցնելն է: Նաև այս տարածաշրջանում, միայն Հայաստանն էր, որ պոտենցյալ ուներ խոչընդոտելու դեպի Թուրքիա և այնտեղից Եվրոպա գնացող էներգակիր խողովակաշարերի անվտանգությունը, հետևաբար Հայաստանի այդ պոտենցյալն էլ պիտի չեզոքացվեր:

▪️ Չինաստանն իր «Մեկ գոտի – Մեկ ճանապարհ» մեգանախագծում, ծովային ճանապարհներից բացի, նպատակ ունի մի ցամաքային ճանապարհ ստեղծել դեպի եվրոպա, որը 1/3 անգամ կարճ և արագ է քան Սուեզի ջրանցքը:

Այդ ցամաքային ճանապարհի տրամաբանական ուղին Իրանով պիտի անցնի, բայց Թուրքիան ամեն ինչ արեց, որ դա անցնի Իրանի հյուսիսային երկրներով և այդ երկրների շարքում կար մեկ չլուծված հակամարտություն՝ Արցախը, որը պիտի արագորեն լուծվեր թյուրքալեզու երկրների դաշնակից Ադրբեջանի օգտին, որովհետև այդ ցամաքային ճանապարհի հիմնական մասը անցնում է հենց այդ թյուրքալեզու երկրների տարածքով:

▪️ Եւ երրորդ դրդապատճառը դա Իրանն էր, որը Իսրայելի մեծ ջանքերով և Թուրքիայի օժանդակությամբ, պիտի մեկուսացվեր և դուրս մնար միջազգային առևտրի շրջանակներից:

Այդ պատճառով անգամ, Թուրքիան ռազմական մուտք ունեցավ Իրաք և Սիրիա, Իրանի այդ ճանապարհն էլ վերջնականապես փակելու նպատակով:

♦️ Իսկ այսօր, ցանկանում եմ այս խնդիրը ավելի խորը հետազոտելու նպատակով, անդրադառնալ Չինաստան-Հնդկաստան և Իրան-ԱՄՆ-Ֆրանսիա աշխարհաքաղաքական գործոնների դերակատարությանը և շեշտը դնել Հայսատանի կարևոր դերակատար դառնալու փաստի վրա, որը ցավոք պատերազմում պարտվելուց հետո մենք պարզապես այդ մրցակցությունների ականատեսն ենք մեր երկրի տարածքում և չունենք որևէ քաղաքական գործոն լինելու կամք և կարողություն:

♦️ Չինաստանն ԱՄՆ-ից բացի, մի շատ կարևոր մրցակից ունի իր հարևանությամբ և դա Հնդկաստանն է:

Չինաստանը Հնդկաստանին շրջափակելու նպատակով կիրառում է «Մարգարիտների» ռազմավարությունը:
Փորձեմ բացադրել թե դա ինչ ռազմավարություն է:

♦️ Այս ռազմավարության մեջ Չինաստանը շրջապատում է Հնդկաստանին՝ տիրանալով Մյանմառի, Բանգլադեշի, Շրի Լանկայի, Մալդիվների, Պակիստանի, Օմանի, Սեյշելների, Ջիբութիի, Տանզանիայի և Քենիայի կարևոր նավահանգիստները: Այս նավահանգիստներից յուրաքանչյուրը Հնդկական օվկիանոսի Չինաստանի մարգարիտներն են:

♦️ Բայց հյուսիսից և ցամաքային կողմից, Չինաստանը լիովին օգտվում է Հնդկաստանի և Պակիստանի միջև թշնամական հարաբերություններից և ահռելի ներդրումներ կատարելով Պակիստանում, փորձում է շրջափակել Հնդկաստանին:

Չինաստանի ու Պակիստանի օգնությամբ ստեղծված այս շրջանակն լրացվում է Պակիստանի հին դաշնակիցներից մեկի՝ Թուրքիայի օգնությամբ:

Լինելով Պակիստանի ռազմական, քաղաքական և տնտեսական գործընկերը՝ Թուրքիան կարող է ոչ միայն անդամակցել Չինա-պակեստանյան դաշինքին, այլև իր ազդեցության տակ գտնվող թյուրքալեզու երկրները կօգնեն ամրապնդել այդ շրջափակումը:

♦️ Մենք գիտենք նաև, որ Չինաստանին «Մեկ գոտի – Մեկ ճանապարհ» նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ է դեպի Եվրոպա ցամաքային ճանապարհ բացելու անհրաժեշտությունը: Երթուղին վաղուց կենտրոնացած էր Իրանի վրա, բայց երևում է, որ Թուրքիան չարամտորեն փորձում է համոզել Չինաստանին անցնել իր ազդեցության տակ գտնվող ավելի հյուսիսային տարածքներով:

♦️ Հիմա, եթե ենթադրենք, որ լավագույն դեպքում Իրանը կարողանա ապահովել իր արևելյան երկրների թևը և ավարտին հասցնել երթուղին Միջերկրականի ափին հասնելով, ապա Իրանը ազդեցության ոլորտ կունենա Տաջիկստանից մինչև Լիբանան:

Կարելի է ասել այս ենթադրությունը շատ լավատեսական և անիրատեսական է, բայց այնուամենայնիվ, մենք դեռ այդ սցենարում էլ տեսնում ենք Հնդկաստանի դեմ կառուցվող պատնեշը:

Կարմիր պատը, որը տեսնում եք լուսանկարում, կկտրի Հնդկաստանը հյուսիսային հարուստ երկրներից: Եվրոպական և Ռուսաստանի խոշոր շուկաները անհասանելի կմնան Չինաստանի ապագա ամենամեծ մրցակցին:

♦️ Բայց այս պատմությունը ունի «եթե»-ներ: Հյուսիսային երթուղին մի կետում ընդհատվում է և ցամաքային կապը Թուրքիայի և Ադրբեջանի միջև կտրվում է: Այստեղ է, որ սկիզբ է առնում Արցախի պատերազմի պատմությունը: Թուրքիան և Ադրբեջանը կատարյալ խաղադրույք են կատարում ցամաքային կապը հաստատելու համար, և մինչ այժմ նրանք ունեն որոշակի հաղթանակներ:

♦️ Բայց պատմությունը դեռ չի ավարտվել: Իրանը և Հայաստանը Հնդկաստանի դարպասն են դեպի Եվրոպա և Ռուսաստան:

Թերեւս այդ է պատճառը, որ միակ գերտերությունը, որն այս հարթությունում ռազմավարական կախվածություն ունի Իրանից, Հնդկաստանն է:

Հնդկաստանը Իրանի կարիքն ունի ոչ միայն Հայաստանով և Վրաստանով Եվրոպային միանալու, այլև Աֆղանստան և Կենտրոնական Ասիա մուտք գործելու համար:

♦️ Հիմա գուցե ավելի հեշտ լինի պատասխանել այն հարցին, թե ինչու է Պակիստանը միակ երկիրը, որը չի ճանաչում Հայաստանի անկախությունը և թշնամական մոտեցումներ է դրսևորում Հայաստանի նկատմամբ:

Հայաստանը ոչ թե իսլամական երկրների թշնամին է, այլ Հնդկաստանի դարպասը դեպի Եվրոպա: Թե ոչ, այլ պատճառ չկա սունի ծայրահեղական պակիստանցիների եղբայրությունը Արաքսի հյուսիսում բնակվող շիա ադրբեջանցիների հետ:

♦️ Հիմա այս բոլորը իմանալուց հետո, արդեն ենթադրում եմ, որ կկարողանաք հասկանալ, թե ինչու է Իրանը ամեն գնով իրեն մխրճում Սյունիքի սահմանային միջադեպերի մեջ և կտրուկ հայտարարում թե Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի համար կարմիր գիծ է:

Հիմա ավելի լավ կըմբռնեք, թե ինչու է Ֆրանսիան փորձում է ակտիվանալ Սյունիքի միջադեպերում: Նկատի ունենալով, որ Հնդկաստանի ավանդական և կարևորագույն դաշնակիցը հենց Ֆրանսիան է:

Եւ վերջում, արդեն պարզ պիտի լինի, թե ինչու պատերազմից հետո, միանգամից լսեցինք Հնդկաստանի ձայնը, թե մտադիր է Հայաստանով ու Վրաստանով ճանապարհ կառուցել դեպի Սև ծով:

♦️ Հավանաբար, Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների գործընթացում, Հնդկաստանը որպես ԱՄՆ դաշնակից, կխնդրի, որ մեղմացվեն պատժամիջոցները Իրանի նկատմամբ, որը առիթ կտա Հնդկաստանին, Իրանով, Հայաստանով ու Վրաստանով դուրս գալ Սև ծով և այնտեղից միանալով հակաթուրքական ճամբարի այլ երկրներին՝ Բուլղարիային ու Հունաստանին, դուրս գալ եվրոպական շուկա:

♦️ Եւ ահա, Հայաստանը այս բոլոր մրցակցությունների գլխավոր դերակատարն է, բայց ցավոք ջարդված ողնաշարով, որը մեզ զրկում է կարևոր դերակատարում ցուցաբերել այս գործընթացներում: Հիմա մենք միայն ականատեսն ենք, թե գերտերությունների հակադիր ճամբարները, ինչպես են միմյանց դեմ պայքարում Հայաստանի տարածքում:

♦️ Իսկ վերջում կարող է հարց տաք, թե այս բոլորի մեջ ինչ մոտեցում ունի Ռուսաստանի Դաշնությունը, որը տարածաշրջանի մեկ այլ կարևոր դերակատարներից է:

Եթե փորձեմ կարճ ակնարկել Ռուսաստանին, հոդվածը շատ չծանրացնելու նպատակով, պիտի ասեմ, որ Ռուսաստանը երկու ճամբարների մասով էլ ունի իր գծած սցենարները:

Ռուսաստանն ավելի շատ դեմ է հորիզոնական երթուղուն՝ Չինաստան-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ճանապարհին և դրա համար փորձում է ներգրավվել թյուրքալեզու երկրների դաշինքում և զուգահեռ հայտարարում է, որ Հայաստանից հավանական անցնող ճանապարհները դեպի Թուրքիա պիտի վերահսկեն ռուսական FSB-ի ուժերը՝ այդ երթուղու զարկերակն իր ձեռքում պահելով:

Իսկ Ռուսաստանն ավելի կողմ է ուղահայաց երթուղուն՝ Հնդկաստան-Իրան ճանապարհով, բայց այստեղ մեկ խոչընդոտ կա և այն Վրաստանն է: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը կնախընտրի ոչ թե Հայաստանի ճանապարհը, այլ, կընտրի Ադրբեջանի ճանապարհը և դա է պատճառը, որ ամեն ինչ անում է, որ Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ դաշինքին, որտեղ արդեն Իրանով ճանապարհը կանցնի Ադրբեջանով և մտնելով Ռուսաստան, կգնա դեպի եվրոպա: Իսկ այդ ճանապարհին նախ կընդիմանա Թուրքիան և բնականաբար նաև Հնդկաստանը:
Այստեղ մնում է այն, որ եթե ճանապարհը Հայաստանով պիտի անցնի և Ռուսաստանը չխոչընդոտի այն, պիտի լուծվեն Ռուս-վրացական խնդիրները:

Իսկ արդեն Թուրքիան սկսել է դա խոչընդոտել, երեկ Էրդողանի կատարած մի հայտարարությամբ, առ այն, որ Թուրքիան հայտրարարեց պիտի Օսեթիայի և Աբխազիայի խնդիրները լուծվեն ի օգուտ Վրաստանի տարածքային ամբողջությանը:

♦️ Այս բոլորը տեսնելով, գալիս ենք այն եզրակացության, որ հաշվի առնելով Ռուս-վրացական հարաբերությունները մոտ ապագայում բարելավելու հույսեր չկան, և դրան զուգահեռ, դեռ պարզ չէ Իրան-ԱՄՆ հարաբերությունների ձևաչափը, Հայաստանի իշխանությունները նախընտրում են ընդգրկվել հորիզոնական երթուղու ճամբարում և դա է պատճառը, որ մեր ներկայիս իշխանությունները կտրուկ մերժում են Իրանի և Ֆրանսիայի առաջարկվող ռազմական օժանդակությունը և փորձում են Ռուսաստանի դերը կարևորելով, Մոսկվային հանձնեն Հայաստանից անցնող երթուղիների անվտանգության բանալիները, գոնե այդպես Ռուսաստանին մեր դեմ չդրդելով և միաժամանակ Հայասատնին ներգրավելով միջազգային մեկ մեգանախագծին:

Այդ իսկ պատճառով, Փաշինյանը ընդունելու է Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման արագացված պահանջները, որը խրախուսվում է թե Ռուսաստանի թե ԵՄ-ի կողմից, կնքելու է Թուրքիայի հետ սահմանների ճանաչման պայմանագիրը և դրա գինը լինելու է այն, որ Հայաստանը պաշտոնապես Արցախը կհամարի Ադրբեջանի տարածք և վերջակետ կդրվի Արեւմտյան Հայաստանի տարածքները պահանջելու մեկ դարյա պայքարին:

Դրան զուգահեռ, հնարավոր է, որ Թուրքիան նույնպես ճանաչի Օսմանյան ժամանակաշրջանում կատարված հայկական կոտորածները որպես ցեղասպանություն, բայց դա կանի որպես պատմական իրադարձության դատապարտում և ոչ մի իրավական հետևանք չի ստանձնի իր վրա:

Դրա ազդակը Թուրքիան արդեն ստացավ Բայդենից, երբ ԱՄՆ նախագահը նույնպես հայոց ցեղասպանությունը համարեց Օսմանյան դարաշրջանի դեպքեր և զուտ մարդասիրական սկզբունքներից ելնելով, այն որակեց ցեղասպանություն:

Ինչքան էլ, որ ԱՄՆ-ը դաշնակից լինի Հնդկաստանին, բայց եթե այս երթուղին իրականություն դառնա, նա չի ընդդիմանալու, այլ իր հավանությունը տալով, Թուրքիայի և թյուրքալեզու երկրները կդիտարկի հավանական սանձող միջոց Չինաստանի դեմ, եթե Չինաստանն իր նախագծերով վտանգի Ամերիկայի շահերը:

♦️ Այս բոլորը վերլուծելով է, որ նախորդ հոդվածում ասեցի (https://m.facebook.com/story.php?story_fbid=166233832178883&id=100063768007697),
որ առաջիկա ընտրություններում մեծ հավանականությամբ կհաղթի Փաշինյանը, որովհետև ոչ թե դա իմ սրտի ուզածն է, այլ որովհետև դա ձեռընտու է բոլոր ուժերին, որոնց շահերն անցնում են Հայաստանի տարածքով:

ՓԱԿԱԳԻԾ

ԴԷՊԻ ԵՐԿԻՐ – ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

ՀԱՅԱՍՏԱՆ 🇦🇲 – ԱՐՑԱԽ 🇦🇲 – ՉԻՆԱՍՏԱՆ 🇨🇳 – ՀՆԴԿԱՍՏԱՆ 🇮🇳 ՌՈՒՍԱՍՏԱՆ 🇷🇺 – ԹՈՒՐՔԻԱ 🇹🇷 – ԱՄՆ 🇺🇲 – ՎՐԱՍՏԱՆ 🇬🇪 –
ԱԴՐԲԵՋԱՆ 🇦🇿 – ՆԱՎԹ 🛢 – ԳԱԶ – ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐ – ԷՆԵՐԳԻԱ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail