Վարչապետը սխալ ուղղությամբ է շարժվում, Թուրքիան երբեք սահմանը չի բացելու․ Հարութ Սասունյան

Վարչապետը սխալ ուղղությամբ է շարժվում, Թուրքիան երբեք սահմանը չի բացելու․ Հարութ Սասունյան

Վարչապետը սխալ ուղղությամբ է շարժվում, Թուրքիան երբեք սահմանը չի բացելու․ Հարութ Սասունյան

31 Օգոստոս, 2021 – Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում լույս տեսնող «Կալիֆորնիա Կյուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը։

Պարոն Սասունյան, մի քանի օր է Հայաստանում քննարկվում են Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները և ՀՀ վարչապետի պատասխանն այդ ամենին։ Սփյուռքում ի՞նչ են մտածում, հնարավո՞ր է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատում, դուք այդ դրական ազդակները տեսնո՞ւմ եք։

-Ես չեմ կարող 7 միլիոն սփյուռքահայերի կարծիքը հայտնել։ Բայց իմ կարծիքով՝ մեր վարչապետը սխալ ուղղությամբ է շարժվում։ Թուրքերը երբեք անկեղծ չեն եղել հայության ու հայերի հանդեպ։ Ճիշտ հակառակը՝ ուզեցել են ամեն ինչ անել, որ մեզ ջարդեն ու կործանեն, սպանեն։ Ոչ միայն 1915 թվականի ցեղասպանությունն եմ ասում, այլ վերջին օրինակը տեսանք՝ 2020 թվականի սեպտեմբերին, երբ թիկունք կանգնեցին իրենց ադրբեջանցի եղբայրներին ու միասնաբար մեծ ջարդ կազմակերպեցին մեր երիտասարդ զինվորների հանդեպ։ Ոչ մի լավ բան չի կարելի ակնկալել Թուրքիայից Հայաստանի ու հայության վերաբերյալ։ Մենք նման փորձ ունենք։ 2009 թվականին, երբ Հայաստան-Թուրքիա արձանագրությունն առաջարկեցին և Հայաստանի կառավարությունը պատրաստ էր այդ արձանագրությունները վավերացնել, նույնիսկ Հայաստանն ու Թուրքիան այդ արձանագրությունները ստորագրեցին, ես բազմաթիվ անգամներ ասել եմ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պարոն նախագահ, թուրքերը ձեզ խաբում են, իրենք երբեք չեն բացելու սահմանը, երբեք չեն ճանաչելու ցեղասպանությունն ու չեն վերադարձնելու մեր հողերը, մի խաբվեք։ Բայց նախագահը շարունակեց ու վերջիվերջո այնպես պատահեց, որ ոչ թե Հայաստանը հետ կանգնեց այդ սխալ քայլից, այլ թուրքերն իրենք հետ կանգնեցին՝ Ալիևի ճնշման տակ, որպեսզի Հայաստանի հետ հարաբերությունները չլավանան Թուրքիայի հետ՝ ի վնաս Ադրբեջանի։

2009 թվականի արձանագրությունների հարցը նախադեպ է և մեր ժողովուրդն ու ղեկավարները պետք է, որ մի լավ դաս քաղեին այդ ամենից։ Բայց ես տեսնում եմ, որ ոչ միայն դաս չեն քաղել, այլ կրկնում են նույն սխալը։ Զարմանալիորեն, երբ մեր վարչապետը ամեն օր քննադատում է նախկիններին, հիմա ուզում է կրկնել նախկինների սխալը։

-Այսինքն, մեծ հաշվով, Փաշինյանը հայ-թուրքական հարաբերություններում շարունակում է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը։

-Այո՛։ Եվ այդ քաղաքականությունը շարունակվում է մի մարդու կողմից, ով ամեն կերպ հակառակ էր գնում բոլոր նախկինների արածներին։ Բայց այս սխալ հարցում նույն քաղաքականությունն է շարունակում։ Էրդողանն ասում է՝ եթե հայերը դրական քայլեր անեն, մենք էլ այդ մասին կմտածենք, անշուշտ Էրդողանի ասած դրական քայլերը հասկանում ենք։ Թուրքերը երբեք չեն թաքցրել իրենց իրական պահանջները Հայաստանից, ուզում են, որ Հայաստանը հետ կանգնի Ցեղասպանության միջազգային ճանաչումից և երկրորդ՝ Հայաստանը ճանաչի թուրքերի հողային իշխանությունը։ Եվ երրորդը՝ որ Արցախը վերադարձնեն Ադրբեջանին։ Այս երրորդը մեծամասամբ բռնի ուժով թուրքերն ու ադրբեջանցիներն իրագործեցին։ Մեր վարչապետը չի հասկանում, որ երբ ինքը երկու օր առաջ պատասխանեց Էրդողանին՝ ասելով, որ մենք դրական ազդանշաններ ենք տեսնում Թուրքիայից հարաբերություններ բարելավելու համար, մենք էլ պատրաստ ենք նույն քայլերի դիմել, Էրդողանը նախապայմաններ է դնում։ Բայց նա իրավունք չունի նման նախապայմաններ դնել, որովհետև թուրքերն իրենք են սահմանը փակել և ոչ Հայաստանը։ Եթե Էրդողանն ուզում է սահմանը բացել, այդ ժամանակ Հայաստանի պատասխանը պետք չէ, իրենք կարող են վաղն առավոտյան սահմանը բացել, որովհետև Հայաստանը չէր այն փակողը։ Մեր վարչապետը չպետք է կուրորեն հետևի Էրդողանի խոսքերին, որովհետև եթե հայերը համաձայնվեն մի պայմանի, թուրքերը անմիջապես երկրորդ պայմանն առաջ կքաշեն։ Եվ այդպես շարունակ՝ անընդհատ զիջումներ կպահանջեն։ Տեսնում են, որ հայկական կողմը ջախջախիչ պարտություն է կրել, թույլ երկիր է ու իրենք որպես հզոր երկրներ իրենց կամքը բոլոր հարցերով ուզում են պարտադրել։ Այդ մտայնությամբ էլ շարունակելու են ու Հայաստանի կողմից հավելյալ զիջումներ են պահանջելու։

-Ի՞նչ կարող է անել Հայաստանը ստեղծված իրավիճակում։

Ես լինեի վարչապետի տեղը՝ կասեի, որ ոչ թե պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ բարելավել, ես կդնեի նախապայմաններ՝ օրինակ Ցեղասպանության ճանաչում, վնասների հատուցում։ Թող թուրքերը նեղ վիճակում հայտնվեին։ Մենք թուրքերին պետք է նեղը դնենք։ Վախենամ, որ պատերազմ տանուլ տված վարչապետը, պատրաստ է այլ բաներ զիջել։ Հուսամ՝ կսխալվեմ։ Ադրբեջանցիները պահանջում են խաղաղության պայմանագիր ստորագրել, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց եթե Հայաստանը գնա այդ ուղղությամբ ու ճանաչի տարածքային ամբողջականությունը, կնշանակի, որ ընդունում է, որ Արցախը վերջնականապես կորցրել ենք ու հույս չկա այն թեկուզ փոքր չափով փրկել։

www.1in.am/2997787.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail