Մոսկվա-Բաքու-Անկարա ահաբեկչական արշավը չի լուծել խնդիրները․ դեռ շատ հանգամանքներ են բացահայտվելու

Armenian churches and monuments of Artsakh under Azerbaijani occupation are destroyed ISIS-style

Մոսկվա-Բաքու-Անկարա ահաբեկչական արշավը չի լուծել խնդիրները․ դեռ շատ հանգամանքներ են բացահայտվելու

13.09.2021 | Մեկնաբանություն | Lragir.am,

Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը Հետքի հետ զրույցում ասել է, թե «Կարող ենք հուսալ, որ հակամարտությունը լուծվել է, բայց այնտեղ բնակվող մարդկանց անվտանգության հարցը լուծված չէ։

Միայն Լաչինի միջանցքն է հնարավորություն տալիս կապ հաստատել Հայաստանի և Ղարաբաղի միջև։ Այդ տարածքում մենք ունենք շրջափակման մեջ գտնվող բնակչություն», ասել է նա, ընդգծելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո «որոշ հարցերի շուրջ փակուղում ենք։ ․․․ոչ մի քննարկում, բանակցություն չի ընթանում Ղարաբաղի հարցով։ Տեսնում ենք, որ այս ստատուս-քվոն վտանգավոր է»։

Շուշիի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը Լրագրի հետ զրույցում ասել է, որ Արցախի խնդրի լուծումը Հայաստանի հետ միացման ճանապարհով պետք է լինի։ «Լուծումը նորից միացումն է, ոնց ուզում եք արեք։ Բայց այսօրվա պայմաններում մենք խնդիր ունենք Արցախում զինված ինչ-որ բան կազմակերպել, որովհետև այսօր բնակիչն այնտեղ ապրում է իր ռիսկով։

Իրեն ասել են՝ ռուսները քո գառանտն են, եթե ռուսը հելնում գնում է, բա ո՞նց ենք անելու։ Ես ռուսի դեմ բան չունեմ, բայց ես ունեմ իր օրինակը՝ երկու անգամ իրենք մեզ լքել, թողել գնացել են։

Ցանկացած պահի իրենք կարան նորից թողնեն գնան։ Իրենք Արցախում մեր հաշվին են մնում, մեզ ասում են՝ եկեք Ղարաբաղ։ Ռուսին պետք է, որ բնակչության թիվ ներկայացնի, ասի՝ եկել եմ այսքան բնակչությանը պաշտպանելու», ասել է նա։

Ռուս փորձագետներից շատերը նույնպես գտնում են, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում պայմանավորված է հայ բնակչության առկայությամբ, այլապես նրանք այնտեղ ավելորդ են դառնում։

Նրանք նաեւ նշում են, որ Ռուսաստանը «երկար ժամանակով է եկել տարածաշրջան», ավելացնելով, որ խաղաղապահների մանդատի հարցը մնում է օդում կախված։

Քննարկվում են տարբերակներ, թե ինչպես կարող է լուծվել այդ հարցը, ընդհուպ՝ արցախցիներին ռուսական անձնագրեր տրամադրելու միջոցով, ինչը Մոսկվան արել է այլ շրջաններում։

Միեւնույն ժամանակ, ռուս փորձագետները բացառում են նույնիսկ «աբխազացման» տարբերակը, ավելի հավանական համարելով «դոնբասը»՝ գորշ գոտի՝ աշխարհքաղաքական առեւտրում։

Դեսպանի ու Շուշիի թանգարանի տնօրենի խոսքից մեջբերումները խնդրի արտաքին ու ներքին համարժեք ընկալումների օրինակներ են։ Հայ բնակչությունն Արցախում ոչ միայն սոցիալական աջակցության կարիք ունի, ինչով պարբերաբար հպարտանում են ՀՀ եւ Արցախի կառավարությունները, այլ նախեւառաջ՝ քաղաքական եւ ռազմա-քաղաքական։

Հակառակ պարագայում, հայ բնակչությունը Արցախում մնում է «շրջափակման» մեջ, ինչպես մեղմ բնորոշում է Ֆրանսիայի դեսպանը, իսկ իրականում՝ պատանդի կարգավիճակում։

Մոսկվա-Բաքու-Անկարա ահաբեկչական արշավը չի լուծել խնդիրները նախեւառաջ հայ զինվորի ու հայ հանրության նվիրումի շնորհիվ, ինչն իր հերթին միջազգային օրակարգում պահում է Արցախի քաղաքական կարգավորման խնդիրը։

Հայկական իրավունքների խնդիրը շատ ավելի լուրջ է ու օժտված ահռելի ներուժով, քան կարող է պատկերացնել հայկական մորթապաշտ ու բարդույթավորված «քաղաքական դասը»։ Իսկ պատերազմում «ադրբեջանի հաղթանակի» վերաբերյալ դեռ շատ հանգամանքներ են բացահայտվելու։

www.lragir.am/2021/09/13/667615/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail