ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հուշում են Հայաստանին
14 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2021 – ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – Կարդալ նաեւ՝:
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին և Եվրոպայի նախարարության և ֆրանսիայի ԱԳ նախարարության՝ մայրցամաքային Եվրոպայի վարչության պետի տեղակալ Սիլվեն Գիոգեին: Զրուցակիցներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հայտնի սկզբունքների հիման վրա վերսկսելու անհրաժեշտությունը:
Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, հայտարարել է, որ «Ֆրանսիան պատրաստ է դիտարկել դիմումները (անվտանգության ոլորտում), որոնք կուղղվեն Հայաստանի կողմից»: Նա ասել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պայմանագիր չէ, այն ունի մեծ արժանիքներ, քանի որ թույլ է տվել հրադադար հաստատել Լեռնային Ղարաբաղում: «Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տեսնում ենք և համաձայն ենք, որ, իհարկե, դեռ շատ խնդիրներ կան: Ինչպես արդեն նշեցի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, և մենք բախվում ենք լուրջ հումանիտար խնդիրների, մասնավորապես ՝ մայիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած խնդիրները, Ադրբեջանում հայ ռազմագերիներին պահելը։ Կարծում եմ, որ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում համանախագահները կվերականգնեն իրենց առանցքային դերը: Այս խումբը բանակցությունների միակ հարթակն է, որը ճանաչված է բոլորի կողմից», ասել է դեսպանը:
Ֆրանսիացի համանախագահի այցը Երևան կապվա՞ծ է Մինսկի խմբի գործունեությունը վերսկսելու մտադրության հետ: Օրերս տարածաշրջան էր այցելել ռուսաստանցի նոր համանախագահը, ով չի խոսել բանակցությունների վերսկսման մասին: Երևանում է նաեւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Իր հերթին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է. «Հայաստանի ղեկավարությունը հստակ հայտարարել է, որ չի անցնի ավելի լայնածավալ քննարկումների, մինչև չլուծվի գերիների հարցը։ Մենք հույս ունենք, որ կհասնենք այն կետին, որտեղ բոլոր գերիները կվերադարձվեն: Իհարկե, իդեալական հարթակ չկա, բայց Մինսկի խումբն ունի մանդատ և լեգիտիմություն, և մենք դեռ այն համարում ենք հարմար հարթակ բանակցությունների համար»:
ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանների խոսքում ակնարկ կա առ այն, որ Հայաստանը բավարար ջանքեր չի գործադրում Մինսկի խմբում քաղաքական գործընթացի վերսկսման համար, պատճառաբանելով գերիների եւ այլ «հումանիտար» հարցերը: Արդյոք ԱՄՆ-ն ու Ֆրանսիան առաջարկում են առանձնացնել այս հարցերը և սկսել բանակցություններ:
www.lragir.am/2021/09/14/667906/