Ֆրանսիացի լրագրող. Թուրքիայում հայերի վերածնունդը չի մարի
04.09.2015
Թուրքիայում հայերի ազգային վերածնունդը չի մարի: Այս մասին իտալական Osservatore Balcani e Caucaso պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ֆրանսիացի լրագրող եւ սոցիոլոգ Լորանս Ռիտերը:
Ռիտերը հայկական սփյուռքի մասին ֆրանսերենով երկու գրքի հեղինակ է: Դրանցից մեկը՝ Les restes de l’épée – les arméniens cachés et islamisé de Turquie («Հիշեցում սրի մասին. թաքնված եւ իսլամացած հայեր», 2010) Հրանտ Դինքի հիմնադրամի կողմից թուրքերեն է թարգմանվել:
Ներկայացնում ենք հատվածներ նրա հարցազրույցից:
«Կարծում եմ՝ զոհ հասկացությունն ամբողջությամբ չի նկարագրում հայ ժողովրդին: Հակառակը:
1915 թվականին այս ժողովուրդը 1.5 մլն մարդ կորցրեց, ինչպես նաեւ իր տարածքների մեծ մասը, որտեղ հայերն ապրում էին մեր թվարկության VII դարից: Իսկ հիմա Վանա լճի շրջակայքում հիմնականում քրդեր են բնակվում:
Ոչնչացրեցին ոչ միայն ժողովրդին, այլեւ նրա մշակույթը: Գրեթե ամբողջ ժառանգությունը, եկեղեցիները, վանքերը ոչնչացվեցին երկրի երեսից:
Նրանց ժառանգների մասին երկար ժամանակ լռում էին: Ինչո՞ւ: Առաջին հերթին այն պատճառով, որ փրկվածները չափազանց փոքր էին եւ չէին կարող շատ բան հիշել իրենց ծագման մասին, իսկ թուրքական եւ քրդական ընտանիքներում արագորեն հարմարվում էին նոր կյանքին: Երբեմն նրանց վերցնում էին՝ փրկելու անկեղծ ցանկությունից դրդված, բայց շատ հաճախ՝ որպես անվճար աշխառող կամ ծառա: Հիմա այդ երեխաների սերունդները, այն կանանց ժառանգները, որոնց բռնի վերցրել էին թուրքական եւ քրդական ընտանիքները, վերջապես խոսքի իրավունք են ստանում Թուրքիայում: Ճանապարհ բացեց Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մայրս» գիրքը (2005):
Բայց մեր առջեւ միայն նրանք չեն, որոնց նախնիներից մեկն է հայուհի, այլ ամբողջ ընտանիքներ, որոնք տասնամյակներ շարունակ ստիպված միմյանց հետ են ամուսնացել՝ հայ մնալու, իրենց լեզուն եւ մշակույթը պահելու համար: Նրանցից ոմանք մահմեդականություն են ընդունել, ոմանք՝ ոչ, կամ էլ միայն քողարկվելու համար:
Ինձ հաճախ հանգիստ չի տվել վախը՝ մինչեւ հիմա ապրող, ցեղասպանության ժամանակներից արմատներ ձգած վախը: Գոյատեւելու համար հայերը պետք է անհետանային որպես հայ: Այդ պատճառով թաքնված հայերին ոչնչով չես տարբերի նրանց հարեւաններից: Միայն Արեւելյան Անատոլիայի գյուղերում քուրդ հարեւանները գիտեն, թե գյուղում ովքեր են հայ:
Երբ ասում եմ վախ, ավելի շատ խոսում են հարեւանից, քան իշխանություններից վախի մասին: Վախ՝ երբեմն ե՛ւ թուրքերից, ե՛ւ քրդերից, հատկապես՝ որոշ խոշոր քաղաքներում: Եվ չմոռանանք, որ այդ մարդկանց հիշողությունների մասին պատմելու խնդրանքով դիմելը նշանակում է հիշեցնել, թե ում են սպանել, իսկ ով եւ ինչպես է փրկվել:
Կյանքը սրընթաց առաջ է շարժվում: 2010 թվականին Դիարբեքիրի մայր տաճարի վերաօծումը հզոր քայլ էր. բացի աղոթատեղիից, տաճարը դարձավ այն վայրը, որտեղ հայերեն են սովորեցնում, որտեղ հայերը կարող են խոսել, կարող են դուրս պրծնել լռության սարդոստայնից:
Այդ շրջաններում վերջապես սկսեցին հայկական կազմակերպություններ ի հայտ գալ: Հայերը ցանկանում են կրկին զգալ իրենց ազգությունն ու ինքնությունը, եւ այս շարժումը, անկասկած, կանգ չի առնի:
Եթե այսօր ես նոր սոցիոլոգիական հետազոտություն անցկացնեի, անշուշտ, այն կհիմնեի 1915 թվականի մասին քրդերի հիշողությունների վրա: Ես չեմ հանդիպել որեւէ քուրդ ընտանիքի, որոնք հստակ չիմանային, թե ինչ է տեղի ունեցել այդ տարիներին: Հիմա, երբ թուրքական կառավարության հետ քրդերի հակամարտությունն արդեն շուրջ 30 տարվա պատմություն ունի, նրանք համերաշխություն են ցուցաբերում հայերի հանդեպ, ասում են՝ թուրքերն իրենց օգտագործել են, իսկ դրանից հետո նաեւ իրենց են կոտորել:
Իրականում քրդերը ոչ միայն օգնել են թուրքերին, այլեւ խլել են հայերի տներն ու ունեցվածքը, այդ թվում՝ այնտեղ, որտեղ հարեւաններն իրենց քուրդ հարեւաններից հարուստ չէին: Գրավելով նրանց տներն ու հողերը՝ նրանց սկսեցին Թուրքիայի արեւելքը Մեծ Քուրդիստանի մաս համարել:
Յուրաքանչյուր հայ փախստականի ժառանգ է, որից զավթել են հողը, կոտորել են ընտանիքին, ոչնչացրել են մշակույթը: Բայց չի կարելի փակվել հանցագործությունների մասին հիշողություններում, քանի որ հակառակ դեպքում հայկական ինքնությունը կդառնա այնպիսին, ինչպիսին ցանկանում էին այն տեսնել դահիճները՝ ցավի անոթ: Սակայն հայկական մշակույթն այնքան հարուստ է, արմատներով այնքան հեռու անցյալ է գնում, որ դա տեղի չի ունենա»:
Լուրեր Հայաստանից – NEWS.am