«ԵՎ ՀԱՎԱՏԱ՛, ԵՎ ՏՈԿԱ՛»… Ինչպես անհատի, այնպես էլ Ազգի կյանքում ճակատագրական-եղերական իրադարձությունները հոգեբանական վնասներ են հասցնում, – Կարինե Ավետիսյան
27 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2021 – ԷՐԿԻՐ – ՊԱՏՄՈՒԹԻՒՆ – ՄՇԱԿՈՅԹ:
Կարինէ Աւետիսեան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱՂԸ:
«ԵՎ ՀԱՎԱՏԱ՛, ԵՎ ՏՈԿԱ՛»…
Ինչպես անհատի, այնպես էլ Ազգի կյանքում ճակատագրական-եղերական իրադարձությունները հոգեբանական վնասներ են հասցնում, որոնք հաճախ չեն ամոքվում, չեն մեղմվում ժամանակի հետ:
Սակայն, ի հեճուկս արտասովոր, ողբերգական դեպքերի, տոկունությամբ ու դիմադրողականությամբ է զինվում անձը, Ազգը՝ հաղթահարելով ու հնարավորինս վերականգնելով պատճառված վնասվածքները:
Դարեր ի վեր, քաղաքական պայմանների թելադրանքով, զանազան արհավիրքներից հետո Հայ ազգի բնականոն հոգևոր զարգացումն ապահովելու նպատակով, խաթարված հոգեկան աշխարհի ապաքինման ուղիներն են փնտրել ազգանվեր բազմաթիվ մտավորականներ:
1914 թվականին, Հայ ժողովրդի համար փորձություններով լի շրջանում, «Մշակի» էջերում տպագրվում է Վ. Տերյանի՝ «Հոգևոր Հայրենիք» հոդվածը, ուր կարդում ենք.
«Մենք չէինք կամենա, որ մեր ժողովուրդը ոտնատակ գնար այս շփոթ օրերում, որ նա զոհ լիներ սխալ գաղափարախոսության, սխալ ըմբռնված ազգային իդեալի և վերջը հուսահատության ու հիասթափության գիրկն ընկներ:
Այդ Հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տևական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ և գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը:
Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ հերոսներ են, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրենց կյանքը:
Եթե հիրավի այսօր պարզված է Հայության սիրտը դեպի ապագան, եթե հիրավի հավատում է նա իր ապագային, ապա իր հայացքը ո՛չ միայն դեպի Վան կամ Էրզրում պիտի ուղղի, այլ՝ իր նե՛րսը, իր հոգու խո՛րքը՝ տեսնելու համար, թե կա՞ արդյոք իր մեջ այն ամենը, որ կենդանություն է ներշնչում մեր նյութական Հայրենիքին, այդ Վան և Մուշ և Էրզրումին:
Իսկ եթե կա, ապա նա չի՛ նստի ծույլ և անհավատ, այլ կամքի մի գերագույն թափով կձեռնարկի՛ այդ Հոգևոր Հայրենիքի վերակառուցման:
Մեր Երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նո՛ր կյանքի կոչել:
Մեր Հոգևոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է, և այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգևորություն է հարկավոր:
Քննեցե՛ք ձեր սիրտը և նայեցե՛ք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգևոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար…
Նա չի կենդանանա: Նա հոգո՛վ միայն կարող է կենդանի լինել:
Դատարկ խոսքեր են մեր փոքր ազգ լինելու մասին հնչող ճառերը. ո՛չ բելգիացիք են մեծ ազգ, ո՛չ նորվեգացիք, մինչդեռ որպիսի դյութական անուններ են դրանք, որքա՜ն սիրելի ոչ միայն իրենց՝ այդ երկրների զավակների, այլև մեզ և ուրիշների համար»…
1932 թվականին Սոֆիայում հրատարակվող «Խռովք» ամսագրում՝ «Հոգևոր նորոգության խնդիրներ» խորագրի ներքո տպագրվում է Նժդեհի՝ «Ցեղակրոնությունն իբրև հաղթանակի զորույթ» հոդվածը, ուր հիշեցնում է.
«Եթե ցայսօր մեր ժողովուրդը հարվածներ է միայն ստանում և անկարող է հակահարվածել՝ դրա պատճառն այն է, որ նա չի ապրում ցեղորեն…
Ցեղակրոնությու՛ն – ահա՛ համադարմանը, առանց որի Հայությունը կմնա մարդկության քաղաքականապես ամենատնանկ մասը»:
«Թուրքը փորձեց բնաջնջել Հայությունը և հաջողեց մասամբ:
Ի՞նչ, ա՞յս է եղածը:
Միայն արևմտահայության երեք քառորդը կորցրինք. սրա և հարյուրավոր սերունդների երկրավոր ստացվածքն ամբողջապես:
Միայն ա՞յս է մեր կորուստը:
Հազարամյակներ ճամփու դրած Հայոց Աշխարհը մնաց անհայ և ավեր:
Միայն սրանո՞ւմ է մեզ վիճակված աղետի ահավորությունը:
Ո՛չ, դժբախտաբար, ո՛չ:
Աղետն ավելի ահավոր է, քան մարդկորեն կարելի է ըմբռնել:
Մեր կորուստը միայն մարդկայի՛ն չէր, նյութակա՛ն չէր միայն:
Թրքական հարվածը ուղղված էր ո՛չ միայն Հայ մարմնին, այլև՝ Հայ հոգեկանի՛ն:
Եվ դա պիտի ունենար իր վճռական ազդեցությունը Հայ հոգեբանության վրա:
Եվ ունեցավ:
Այլևս գիտությամբ հաստատված իրողություն է աղետների ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:
Հաստատված է և այն, որ անհատները տարբեր կերպով են դիմագրավում դժբախտությունը:
Ոմանք զոհ են գնում այն տխուր հոգեվիճակին, որ կոչվում է «անկումի հոգեբանություն»:
Այդ դեպքում բարոյալքվածները կորած են համարում ամեն ինչ և թեթև սրտով հրաժարվում անձնական, թե ազգային ամեն տեսակի իդեալից և սրբությունից: Նմանների մեջ գլուխ են բարձրացնում ամենաստորին բնազդներն ու կիրքերը՝ չարախոհություն, նախանձ, պարտվողականություն, և ենթակային մղում համապատասխան արարքների:
Օրինակ, թշվառամիտները, որոնք Հայոց քաղաքական դատը խորհրդանշող Եռագույնն են հայհոյում:
Ոմանք էլ իրենց ապրած «նավաբեկությանը» հակազդում են դրականապես այն բարձր հոգեվիճակով, որ հոգեգիտության մեջ հայտնի է «վսեմացում» անունով: Այդպիսիների մեջ ավելի ևս շեշտվում են բարոյական, սոցիալական, հայրենասիրական և այլ ազնիվ կիրքերը:
Սրանք՝ շնորհիվ իրենց դրական հակազդումին, դառնում են հոգեպես ավելի կայտառ, բարեսեր և անընկճելի:
Մասնավորապես մեծ աղետների առաջացրած հոգևոր շփոթների ամոթալի օրերում սրանք կատարում են բարոյական շանթարգելի դեր՝ փրկելով և պահպանելով ազգային իդեալներն ու արժեքները»: (Հատված Գ. Նժդեհի՝ «Ցեղային արթնություն» հոդվածաշարից՝ Խոսք երրորդ՝ «Աղետի հետևանքները», մեջբերված Անահիտ Հարությունյանի՝ «Տարոնի Արծիվ» կայքից):
Քաջազուն Հայորդիների կորստի վշտով համակված մեր հոգիներում այսօր նաև «Վեհ խորհուրդ» կա, որ Հաղթական Պայքարի է կոչում:
«Կանգնի՛ր, անկյա՛լ իմ ժողովուրդ,
Եվ հավատա՛, և տոկա՛,
Քո վշտում կա վեհ խորհուրդ
Եվ խաչվածին մահ չկա՛:
Պարզվի՛ր պայծառ դեպի վեր,
Ցոլա՛ Հրով անարատ,
Երկիրն մոխիր ու ավեր,
Դու՝ անմահ սիրտ, Արարա՛տ:
Ժա՛մ է, ե՛լ նորից, ի՛մ ծիրանավառ,
Զրահավորվի՛ր խանդով խնդագին,
Վառի՛ր երկունքի գիշերում խավար
Հրով մկրտված Նաիրյան Ոգին»…
Վ. Տերյան
karineavetisyan.am/archives/3243?