Թուրքիան Ադրբեջանի հետ մասնակից է եղել Արցախում զինված գործողություններին, բայց Պուտինը դա ներկայացնում է որպես կայունության ջանք
30.09.2021 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Մեր զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը
Նախօրեին Սոչիում տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հանդիպումը, որտեղ Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի ներգրավվածությունն ապահովում է կայունություն արցախյան գոտում: Թեև շատերը կարծում էին, որ ռուս-թուրքական հարաբերություններում լարվածություն կա, սակայն հիմա տեսնում ենք, որ Մոսկվան ու Անկարան անհամաձայնությունների չունեն Հայաստանի հարցում: Ինչպե՞ս եք սա գնահատում:
Անշուշտ, դիվանագիտության ամենատգեղ երեսն է, որ պարզվում է մեր առջև, որովհետև Թուրքիան և Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունեն Սիրիայում: Մոտ անցյալում Սիրիայում 34 թուրք զինվորներ սպանվեցին ռուսների կողմից զորակցություն ստացած սիրիական ուժերի ռմբակոծման հետևանքով:
Այս ամենը բոլորը գիտեն, բայց ձևականորեն բարեկամության նշաններ են ցույց տալիս: Մենք չգիտենք, թե դրա հետևում ինչ է թաքնված, ինչ հարցերում են համաձայնության գալու: Անշուշտ, այստեղ անընդունելի է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ մասնակից է եղել Արցախում զինված գործողություններին, բայց ահավասիկ, Պուտինը դա ներկայացնում է որպես կայունության ջանք:
Ո՞րն է կայունության ջանքը, թուրքերն ու ադրբեջանցիները իրականացնում են իրենց վաղեմի նպատակները, և դա կոչվում է կայունության ջա՞նք: Դա դիվանագիտական խայտառակություն է, որը կարող է գալ և Պուտինից, և Էրդողանից, և ամեն կողմից:
Վերջին շրջանում այս պատկերն ենք տեսնում, որ հայերս այստեղ ենթական ենք, բայց մեզ հետ կապված չէ այս խայտառակությունը, աշխարհի այս անարդարությունը:
Էրդողանն ասել է, որ այս տարածաշրջանում խաղաղությունը կախված է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններից: Սա ինչպե՞ս եք գնահատում:
Այս տարածաշրջանում Էրդողանը տակավին հավակնություններ ունի, մանավանդ, գիտեք, որ ինքը նախապայման է դրել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար՝ Նախիջևանի միջոցով դեպի Ադրբեջան միջանցք ապահովել: Դա նշանակում է ոտնահարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն Էրդողանը ամենայն հանդգնությամբ նման պայման առաջադրեց:
Հետևաբար, հուսալի չեն Էրդողանի կողմից Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու միտումները: Ափսոս, որ Հայաստանի վարչապետը այդ բոլորը լուրջ է համարում և դրական պատասխաններ փոխանցելու կարիք է զգում: Մինչդեռ հիմա հայերի քաղաքական ռազմավարությունը պետք է լինի ամենաթույլ հարաբերությունն ընդդեմ Թուրքիայի:
Մենք 30 տարի շարունակ Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների համար ձեռք մեկնած կողմ մնացինք, և այդ ձեռքն օդում մնաց: Այսօր իրենք հակառակ, որ շոշափելի որևէ քայլ չեն արել, պարզապես պատգամներով, անհիմն խոսքերով բարեկամության կամ գոնե հարաբերությունները բարելավելու հնարավորության մասին են խոսում:
Այդ մասին խոսում են, բայց դրա վերաբերյալ ոչ մի շոշափելի ազդանշան չկա, ոչ մի քայլ չի արվում: Երկու օր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ չեն պատրաստվում Հայաստանի ԱԳ նախարարի հետ բանակցել:
Այսինքն իրենք այս հարցում ոչ մի ձեռագիր չունեն, պարզապես արար աշխարհով հայտարարում են, թե իբր Հայաստանի հետ հնարավոր են համարում հարաբերությունների կարգավորումը:
Այս հայտարարությունը մերոնք դիտում են որպես դրական ազդակ, բայց մեջտեղում ոչ մի դրական բան չկա: Թուրքիան նախապայման է դնում, ասելով՝ միջանցք տվեք, որպեսզի Նախիջևանով անցնենք Ադրբեջան: Սա՞ է դրականը: Այսօր Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որևէ դրական բան չկա: Հիմարություն է այդ խոսքերին այդպես արձագանքելը:
Մենք 30 տարի արդեն հարաբերությունների բարելավում ուզող, սահմանի բացում ուզող կողմն ենք: Եթե այդ ամենը այսօր նոր սակարկությունների սեղանին պետք դրվի, մեզ համար դա չի կարող ընդունելի լինել:
www.lragir.am/2021/09/30/671706/