
Ինչ էր գրում մամուլը 30 տարի առաջ.Ազգային գրադարանում տեղի ունեցավ զեկույց-ցուցադրություն Հայաստանի Անկախության 30 ամյակի առիթով
01 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2021 – Մագաղաթ.am
«Հայրենիք» հասկացությունն ունի աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են:
Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասի-րությանը:
Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ:
Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին:
Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է:
Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ:
Դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար:
Եվ ահա այս տարի չնայած 2020 թվականին եղած դժվարությունների,մասնավորապես համավարակ ու չարաբաստիկ պատերազմ ազգովի սեպտեմբերի 21-ին ազգովի նշելու ենք մեր հանրապետության անկախության 30-րդ տարելիցը:
Կապված սրա հետ շատ հետաքրքիր ցերեկույթ տեղի ունեցավ հայ մշակութասեր ու ընթերցասեր հասարակության վայրերից մեկում՝ Հայաստանի ազգային գրադարանում:
Այստեղ սույն թվականի սեպտեմբերի 23-ին կազմակերպվեց Հայաստանի անկախության 30-րդ տարելիցին նվիրված մամուլի ցուցադրություն և զեկույց:
Խոսելով ցուցադրության մասին կարող ենք ասել,որ ցուցափեղկերում գրքեր և պարբերականներ են, որտեղ արտացոլված է նորանկախ երկրի անցած ճանապաարհը՝ ձեռքբերումներն ու դժվարությունները:
Զեկույցով հանդես եկավ գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժնի գրադարանագիտության և տեղեկատու մատենագիտության ենթաբաժնի վարիչ Մհեր Ղազինյանը։
Բացելով դասախոսությունը նա նշեց,որ այն բաղկացած է երկու մասից՝ առաջին մասում նա ներկայացնելու է անկախության անցած ուղու պատմական ակնարկն,իսկ երկրորդում՝ անկախության հռչակման տարիներին մամուլի ունեցած դերի և նշանակության մասին:
Նա նաև անդրադարձ կատարեց 2014 թվականին Հայաստանի ազգային գրադարանում հրատարակվող Հոգևոր Հայրենիք թերթի մասին,որտեղ տնօրենի գիտական գծով տեղակալ Հայկանուշ Ղազարյանը հրատարակել է անկախության հռչակման տարիների վերաբերյալ մի հետաքրքիր հոդված:
Օրվա բանախոսը շատ հակիրճ ներկայացրեց այդ ժամանակաշրջանի մամուլի անդրադարձի մասին՝բոլորին պատմական էքսկուրս անցկացնելով դեպի անմոռանալի ժամանակներ Իր ելույթի ընթացքում անդրադարձավ նաև Հայաստանի ազգային գրադարանի 1990-ական թվականների գործունեությանը։
Այս գեղեցիկ ցերեկույթ-դասախոսությանը մասնակցում էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ,ոգրադարանային ոլորտի ներկայացուցիչներ և այլք:
Բանախոսն ելույթն ավարտեց միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին շնորհակալական խոսքով:Վերջում տեղի ունեցավ օրվա բանախոսին ուղղված հարց ու պատասխան ու խորագրի շուրջ ակտիվ քննարկում: Այսպիսով՝ցուցադրությունը բաց է մինչև սեպտեմբերի 25-ը:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի
Մագաղաթ.am / Magaghat.am





