«ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ»… Վաղնջական ժամանակներից ի վեր ու մինչ օրս զանազան ազգերի մոտ պահպանվել է Նախնիների պաշտամունքը՝ – Կարինէ Աւետիսեան

ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԵՒԱՆ

«ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ»… Վաղնջական ժամանակներից ի վեր ու մինչ օրս զանազան ազգերի մոտ պահպանվել է Նախնիների պաշտամունքը՝ – Կարինէ Աւետիսեան

03 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2021 – ԷՐԿԻՐ – ՊԱՏՄՈՒԹԻՒՆ – ՄՇԱԿՈՅԹ:

Կարինէ ԱւետիսեանՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱՂԸ:

«ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ»

Կարինէ Աւետիսեան – ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ

Վաղնջական ժամանակներից ի վեր ու մինչ օրս զանազան ազգերի մոտ պահպանվել է Նախնիների պաշտամունքը՝ «Նախնի»՝ընդհանրական իմաստով, նաև՝ որպես Ազգի համար հերոսացած առանձնահատուկ մի կերպար:

Ազգի, Ցեղի Ոգին մեծարելու, Նախնիների փառքը հավերժացնելու գեղեցիկ ավանդույթը սիրով պահել ու մեզ են հասցրել Արիասիրտ Հայկազունները՝ փառաբանելով մեր ազգի անվանադիր Դյուցազնին՝ Հայկին ու նրա ժառանգներին՝ Քաջարի Նահապետներին (Գեղամին, Հարմային, Արամին, Տիգրանին, Արտաշեսին…):

Քուրմ Հարութ Առաքելյանի բացատրությամբ՝ «Ըստ «Հայկեան Միաբանութեան Տօնացոյցի»՝ Նավասարդ ամսվա Արամ օրը (հունիսի 21-ին) Արեգնափայլն է՝ երբ Արևն իր «ամենափառավոր բարձունքում» է՝ առավելագույն բարձրակետում՝ ազդարարելով Ամառնամուտը՝ ամռան սկիզբը, իր ամենաշքեղ փայլով ու Լույսով, և նշվում է Հայրերի տոնը՝ Հայկ Հավատար Նահապետի գլխավորությամբ, կատարվում է նաև «Ծիրանօրհնեքի» արարողությունը:

Իսկ Տրէ ամսվա Մազդեզ օրը (սեպտեմբերի 22-ին)՝ Նահապետաց օրն է՝ Իմաստուն Նախնեաց տոնը»:

Լուսանկարը՝ Քուրմ Հարութ Առաքելյանից՝ շնորհակալությամբ

Նախահայրերի փառահեղ գործերը, դարեդար կերտած հաղթանակները նրանց ժառանգների, հատկապես՝ մարտի պատրաստվող ռազմիկների համար ոգեշնչման հզոր աղբյուր էին (պատմիչների վկայությամբ):

Գուսանական երգերով ու զանազան նվագարաններով ուղեկցվող տոների, ծիսակատարությունների ընթացքում, հագներգուների երգած «Վիպասանքի» զանազան դրվագներում թևածում էր Ազգային ոգին ու նորանոր սխրանքների կոչում:

Մեր ազգի համար դժվարին մի շրջանում, 1909 թվականին, Հայ քնարերգության «Մեծագույն փառքերեն մեկը, եթե ոչ՝ մեծագույնը» (Հակոբ Օշականի բնութագրմամբ), Դանիել Վարուժանը գրում է իր հայտնի շարքը՝ «Ցեղին սիրտը» վերնագրով՝ որպես բնաբան ընտրելով մեր Նախնիների բանահյուսությունից Խորենացու մեջբերած տողերը՝ «Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր», և
«Նախերգանգը» սկսելով հունական դիցաբանության մեջ Վրեժի Դիցուհու՝ Նեմեսիսի արձանի կերտման պատկերներով…

Մեր ազգակիցների կյանքում հիշյալ ժողովածուի դերի մասին խոսելիս՝ ռուս բանաստեղծ ու թարգմանիչ Սերգեյ Գորոդեցկին գրել է.

«Դանիել Վարուժանի … «Ցեղին սիրտը» ժողովածուն Աղոթագիրք էր ամեն մի ապստամբի համար այնտեղ՝ Թուրքահայաստանում, որտեղ գոյության իրավունքը թաթախված էր արյան մեջ՝ Եվրոպայի բարեմաղթությամբ։
Նրա երգերը բազում հերոսներ ծնեցին, նրա խոսքը՝ գործի վերածվեց»:

Հայկյան ոգով արիացած կռվելու և հաղթելու պատգամը, Վահագն Դիցի զորությամբ համակվելու կոչն էր հնչեցնում նաև Նժդեհը՝ կարևորելով ցեղի պատմական հիշողությունը, հոգևոր ու բարոյական արժեքները վառ պահելն ու սերունդներին փոխանցելը:

Նախնիների բոցաշունչ ոգին հավիտենաբար մշտավառ պահելը Հայկազունների սրբազան պարտականություններից էր, որն արտացոլվում էր ծեսերում ու տոներում:

Ազգի պատմության վերելքի ու վայրէջքի պահերին ազգային ճշմարիտ արժեքնե՛րը կրող առաջնորդն է պանծալի ապագայի ուղին հարթում:

Նախնիների պաշտամունքի հետ անքակտելիորեն կապված է նաև Հայրենիքի, Հայրենի Հողի Սրբազան Խորհուրդը (Փ. Բուզանդը շարադրել է Արշակ թագավորի ու Շապուհի պատմությունը՝ Հայրենի Հողի զորությունը շեշտելով):
Այդ գաղափարը հիանալի արտացոլվել է նաև Ավետիք Իսահակյանի մի հրաշալի ստեղծագործության մեջ՝ «Հայրենի Հողը», գրված 1920 թվականին՝ Ժնևում, ինչպես և՝ Դանիել Վարուժանի հոգեպարար տողերում՝ «Կարմիր Հողը», ուր կա Հայկից՝ մի հյուլե, Արամից՝ մի փոշի, Անանիայից (Շիրակացուց)՝ աստղերի ճաճանչներով թաթաղուն «բիբ մը դէտ»…
Հիշյալ քերթվածները՝ ստորև…

ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ

Եղել է հնում, պերճ արևելքում՝
Մի քաջ զորավար՝ հայրենապաշտպան.
Առանց ընկճելու երկրի թշնամուն`
Նըրա սուրը երբե՛ք չի մտել պատյան:

Նըրա արձակած տեգը խոլական
Թշնամու հողում ցըցվել է ահեղ,
Նըրա սարսափը օրհասի նման
Թշնամու գլխին կախվել ամեն տեղ:

Եվ ժողովրդի քնարը ազնիվ
Փառաբանել է անունը նըրա,
Հաղթանակները փայլուն ու անթիվ`
Սուրբ Հայրենիքի ոսոխի վըրա:

Բայց թագավորը` նենգ ու փոքրոգի,
Նախանձում էր խիստ նրա հռչակին.
Վառ լույսերի մեջ նըրա մեծ փառքի
Զգում էր իրեն նվաստ ու չնչին:

Անհուն նախանձի կրքով տոչորուն՝
Մի օր խնջույքում արքայական տան,
Մի զորականի՝ անհայտ, անանուն,
Ժպտաց սիրալիր, դրվատեց նըրան:

Եվ նա փոխարեն զորավարին մեծ՝
Տեղ տվեց նըրան՝ առընթեր գահի,
Հյուրերին բոլոր՝ զարմանք պատճառեց
Այնքան ապերախտ վարմունքն արքայի:

Մյուս օրը շըքով այն զորականին
Սպարապետի սուր տվեց արքան,
Եվ հրամանատար կարգեց բանակին,
Իսկ զորավարին` թիկնապահ նըրան:

Զայրացավ հոգին քաջ զորավարի,
Համհարզները իր սաստիկ զայրացան,
Առավ ընկերներն հին կռիվների,
Եվ Հողն հայրենի թողին, հեռացան:

Գնացին նըրա սուրի հետևից,-
Ճակատագիրը սուրն է քաջերի,-
Հողեր գրավեց բռնակալներից
Եվ դառավ իշխան՝ տիրած հողերի:

Եվ երբ հրճվանքով լսեց թշնամին,
Թե անպարտելի զորավարը քաջ
Լըքել է անդարձ երկիրն Հայրենի,
Եվ բաց են դռներն արշավի առաջ,-

Մոռացան իսկույն և՛ փորձ, և՛ սարսափ,
Հնչեց շեփորը գոռ պատերազմի,
Հին թշնամու դեմ խոյացան շտապ`
Լուծելու անմոռ վրեժն արյունի:

Սահմաններն անցան և խուժեցին խոր,
Հըրի մատնեցին գյուղեր ու ավան,
Սպարապետը փախավ գլխիկոր,
Զորք ու ժողովուրդ խուճապի ընկան:

Խուռըն խռնվեց հրապարակներում
Ժողովուրդը ողջ, հեղեղանման.
-Ո՞ւր է, գոչեցին, զորավարը մեր`
Սուրբ Հայրենիքի փրկիչ ու պաշտպան:

Նախարարներին ու թագավորին
Կարդացին բուռըն, խիստ սպառնալիք,
Որ խնդրեն իրենց քաջ զորավարին,
Պատվով ու փառքով բերեն Հայրենիք:

Եվ ավագանին նստեց խորհրդի,
Երեք փորձաշատ ծերեր ընտրեցին,
Որ թագավորի և Ծերակույտի
Խնդիրը տանեն քաջ զորավարին:

Պատվիրակները հասան հոգնաբեկ,
Իշխանի առաջ կանգնեցին ոտի,
Ողջույններ տվին զորավարին սեգ
Եվ աղերսները մեծ Ծերակույտի:

Զրույց էր անում զորավարը մեծ
Ընկերների հետ իր հավատարիմ,
Եվ պատմում էին հին արկածներից,
Հիշում մարտերը` վարած միասին:

Տարածեց ձեռքը իշխանը փութով,
Լռեց դահլիճը պերճ ապարանքի.
Պատվիրակները պատմեցին վշտով
Թշվառ վիճակը Մայր Հայրենիքի:

Լսում էր տխուր պատգամը նրանց,
Վարանմունքի մեջ վշտակոծ հոգին,
Վաղեմի քենը բռնկվեց հանկարծ
Եվ ձեռքը ժխտող տարածեց ուժգին:

Ոսոխն օրեցօր մխրճվում է խոր,
Ուր ոտք է դնում` ավեր ու ավար,
Եվ ժողովուրդը վհատ ու մոլոր
Հնար է փնտրում, չի գտնում հնար:

-Մայրենի տաղով, Հայրենի Հողով
Կերթանք նրա մոտ մեր գուսանն ու ես,-
Ձայնում է ուժով մի ծեր շինական,-
Կբերե՛նք նրան, նա չի՛ լքի մեզ:

Եվ ժողովուրդը ուղի է դնում
Իր հին գուսանին և ծեր գեղջուկին.
-Ողջույննե՛ր տարեք, մեր սե՛րը անհուն,
Նա չի՛ մոռանա իր ժողովրդին:

Գնացին նրանք, սահմանը չանցած՝
Շինականն արտից առավ մի բուռ Հող,
Լցրեց քսակը, և արագընթաց՝
Հասան իշխանի ապարանքը ճոխ:

Երեկո էր ուշ. կանթեղները լուռ
Նշույլում էին պերճ ձեղուններից,
Զորավարը հին՝ նստել էր տխուր,
Ընկերների հետ՝ մռայլ, թախծալից:

Տավիղն հինավուրց հանելով ուսից`
Գուսանը կանգնեց դահլիճում մարմար,
Զարկեց լարերին թափով, խանդալից,
Եվ լեզու առավ տավիղն ոսկելար:

Հին հայրենիքի մեղեդիներն հին
Մեղմ կարկաչեցին առվակների պես.
Գուսանը վառման` երգեց սրտագին
Ճերմակ լեռների կատարները վես:

Արծըվի կանչը` ժայռի գագաթին,
Ծըփուն արտերի զմրուխտը պայծառ,
Վիթերի վազքը՝ կիրճերում մթին,
Հոտերը բարի՝ դաշտերում դալար:

Երգեց ձիերի խրխինջը խրոխտ
Հայրենի փոշոտ ճանապարհներում,
Խաղողը ոսկի, հնձանները հորդ,
Եվ խրճիթների ծուխը ոլորուն:

Երգեց սիրազեղ վարդ-աղջիկներին,
Որոնք կարոտով կանչում են նրան,
Երգում են նըրա փառքը սխրագին,
Որ շողշողում է Արևի նման:

Մռայլ ճակատը դողդոջուն ձեռքին
Եվ աչքերը գոց՝ երազով տարված,
Լսում էր Քաջը գուսանի երգին,
Լսում էր՝ սրտին ականջը դըրած:

Ինչպե՜ս մայրենի խոսքերով անուշ
Կանչում են նրան, կանչում կարոտած.
Եվ վաղուց մեռած մոր ձայնը քնքուշ
Անհուն քաղցրությամբ լսում է հանկարծ:

Եվ թաց աչքերը սրբում է ափով.
Սակայն ծերունին քայլերով ամուր
Մոտեցավ, դրեց քսակը Հողով
Իշխանի առաջ և կանգնեց անդորր:

Իշխանը սուզված նայում է անթարթ,
Անհագ հայացքով նայում է Հողին,
Հողը խոսում է նըրա սրտի հետ,
Եվ սիրտը նըրա խոսում է Հողին:

Հայրենի Հողը քաշում է իրան,
Ինչքա՜ն ուժով է, ի՜նչ անպարտելի.
Եվ ինչպե՜ս քաղցըր հուշում է նրան
Վառ մանկությունը` երազներով լի:

Այդ Հո՛ղն է նրան ծընել ու սընել,
Իր մայրն ու հայրը այդ Հո՛ղն են դառել,
Եվ Հայրենի՛քն է, ժողովու՛րդն անմեռ,
Եվ Նախնիքնե՛րը, որ Հո՛ղ են դառել:

Լսում է խորհին այդ անհուն ձայնին,
Մայր ժողովրդի կոչին դարավոր,
Օ՜, ինչքա՜ն ուժով քաշում է նըրան
Հայրենի Հողի խորհուրդը հըզոր:

Եվ կարկառում է ձեռները դողդոջ,
Քսակը փոքրիկ վերցնում երկյուղաց,
Զգում է այնպես` թե աշխարհի ողջ
Գանձե՛րը ունի ափի մեջ բռնած:

Աչքերը լցված սրտի արցունքով`
Խոնարհում է հեզ գլուխն արքենի,
Եվ երեք անգամ անհուն կարոտով
Համբուրում է նա Հո՛ղը Հայրենի:

Եվ ապա ընդոստ կանգնում է ոտի,
Հեծնում հըրաբաշ նժույգը ռազմի,
Ընկերների հետ փառքի և վշտի
Սլանու՛մ է Սուրբ Հո՛ղը Հայրենի:

Նշված հղումով՝ Դ. Վարուժանի՝ «Կարմիր Հողը»՝ ասմունքում է Ռազմիկ Արզուեանը.

ԿԱՐՄԻՐ ՀՈՂԸ

Գրասեղանիս վրայ, սա
Սկաւառակին մէջ կայ բուռ մ’հող, բերուած հոն
Հայրենիքի դաշտերէն:
Նուէր է ան . – Զայն ինձ ձօնողը կարծեց
Սիրտն իր տրուած, առանց երբեք գիտնալու
Թէ կու տար իր պապերունն ալ միասին:
Զայն կը դիտեմ . – մերթ ժամեր
Բիբերս անոր վրայ յառած կը մնամ
Լո՜ւռ եւ թախծո՜տ, իբր այդ հողին մէջ յուռթի
Նայուածքս արմատ արձակէր : –
Կը մտածեմ . – Գուցէ իր գոյնը բոսոր
Չէ պարգեւուած բնութեան ներհուն օրէնքէն .
Վէրքերու սպունգ մ’ըլլալով
Խմած է մաս մը կեանքի, մաս մ’ արեւու .
Եւ իբր տարր անպաշտպան
Կարմիր հող մ’է եղած, հայ հող մ’ըլլալուն:
Գուցէ իր մէջ կը բաբախեն տակաւին
Դարերը հին-հին փառքին,
Կայծն ամրակուռ սմբակներու որոնց գոռ
Արշաւանքն օր մը ծածկեց
Հայկեան վաշտերն յաղթութեան տաք փոշիով:
Կ’ըսեմ . – Իր մէջ դեռ կ’ապրի
Ինքնատիպ ուժն այն որ կազմեց շունչ առ շունչ,
Կեանքս իմ, քու կեանքդ, ու տուաւ,
Կարծես ձեռքով գիտակից ,
Նոյն թուխ աչուին նոյն եւ նման հոգիով
Կիրք մ’ Եփրատէն առնուած,
Սիրտ մը կամշոտ, թաքստոց
Ըմբոստանքի ու նաեւ բո՛ւռըն սիրոյ:
Իր մէջ, իր մէջ կը կայծկլտայ հոգի մ’ հին՝
Հին դիւցազնի եղած փսոր մը գուցէ՝
Կոյսի մ’ աղուոր արցունքով .
Հիւլէ մը կայ Հայկէն , փոշի մ՝ Արամէն,
Անանիայէն բիբ մը դէտ՝
Դեռ աստղերու ճաճանչներով թաթաղուն.
Ա՜զգ մը կայ հոն, սեղանիս վրայ ազգ մը հին,
Որ այսօր իր վերաշողշող այգուն մէջ,
Հողի բնատուր մարմնոյն տակ ինձ կը խօսի,
Կ՚ոգեզինէ – եւ աստղերու ինչպէս ցանն
Անհունութեան մէջ կապոյտ –
Փոշիներովն իր հրաբորբ
Հոգիս քաղցրիկ փայլակներով կ’ոռոգէ:
Ու այն ատեն լարը ջղերուս կը դողայ
Սարսուռով մ’ յորդ , ա՛յն սարսուռով՝ որ մտքին
Հերկերուն վրայ աւելի՛
Ըստեղծիչ է, քան գարնան հովն արփագաղջ:
Ու կը զգամ անցքն ուղեղէս
Նոր յուշերո՜ւ, հոգիներո՜ւ դեռ կարմիր
Խոր վէրքերովն իրենց, վրէժի՛ շրթունքներ.
Եւ այդ հողն, այդ փոշին, զոր ես կը պահեմ
Այնքա՜ն սիրով՝ որքան հոգիս պիտ՚ չընէր
Եթէ մարմնոյս աճիւններն
Օր մը մահէն վերջ հովերուն մէջ գտնար.
Այդ պանդուխտ մասն Հայաստանի, մասունքն այդ
Մնացած մեր յաղթ պապերէն,
Բժժանքն ու ձօնն այդ կարմիր,
Սիրտս սեղմած մագիլներով անծանօթ,
Երկինքն ի վեր, գըրքի մը վրայ, թանկագին
Ժամու մը մէջ ժպիտներու, սէրերու,
Կամ քերթուածի մը ծնած վեհ վայրկեանին
Զիս հապըշտապ կը մղէ
Մերթ լալու, մերթ մռնչելու,
Եւ զինելու բռունցքս, հոգիս բռունցքիս մէջ:

Կարինե Ավետիսյան

karineavetisyan.am/archives/2821

Facebooktwitterredditpinterestlinkedinmail