Հայութեան Խնդրի Արծարծումը Թուրք Պետական Գործիչների, Հասարակական-Քաղաքական Կազմակերպութիւնների Եւ Մտաւորականների Կողմից

Meline-Anumyan-ԱԿՈՒՔ
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
19 ՅՈՒՆՈՒԱՐ 2016
Վերջին տարիներին թուրք պետական գործիչների, ինչպէս նաեւ` հասարակական-քաղաքական կազմակերպութիւնների ներկայացուցիչների մեծ մասը կրօնափոխ հայերի խնդրին հիմնականում անդրադարձել է նման հայերի` «քրտի եւ ալեւիի դիմակի տակ` ահաբեկչական կառոյցներում ընդգրկուած լինելու եւ դրանցում աշխուժ դերակատարում ունենալու դիտանկիւնից»:

Յատկապէս Թուրքիայի ներկայիս իշխանութեան գլուխ կանգնած Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան (AKP) անդամները նման հայերի խնդիրն արծարծելիս, որպէս կանոն, կիրառում են վիրաւորական խօսքեր: Այսպէս, օրինակ, 2012 թ. օգոստոսին Արդարութիւն եւ Բարգաւաճում կուսակցութեան ցուցակով ընտրուած Էրզրումի (Կարին-Մ Ա) պատգամաւոր Մուհիէթթին Աքսաքը, ելոյթ ունենալով իր կուսակցութեան նահանգային ժողովին, առաջարկել է ՔԱԿ-ի սպաննուած անդամների վերաբերեալ օգտագործել ոչ թէ «չէզոքացուած», այլ «սատկացուած» բառը: Նա ՔԱԿ-ի անդամներին անուանել է նաեւ «Հայ կրօնափոխների զաւակներ»:

Նոյն դիտանկիւնից են սոյն հարցին անդրադարձել նաեւ Ազգայնական շարժում կուսակցութեան (MHP) անդամները` Թուրքական պատմագիտական ընկերակցութեան նախկին նախագահ Եուսուֆ Հալաչօղլուի գլխաւորութեամբ: Վերջինս, որը յայտնի է կրօնափոխ հայութեան մասին իր պարբերական յայտարարութիւններով, դեռեւս 2010 թ. էր նշել, թէ ՔԱԿ-ի անդամների 60-80 տոկոսը հայեր են: Հալաչօղլուն այն ժամանակ պատասխանելով «Թաքվիմ» օրաթերթի լրագրող Էմին Փազարճըի հարցերին, ընդգծել էր. «Այսօր ո՞րն է Թուրքիայի առջեւ ծառացած ամենամեծ խնդիրը: Բաժանման ու մասնատման հարցն է: Ուզում են Թուրքիային ներքաշել թուրք-քրտական ընդհարման մէջ, իսկ դա ցանկանում է իրագործել ՔԱԿ-ն: Ես ձգտում եմ բացատրել, թէ ի՛նչ է իրենից ներկայացնում այն եւ ումից է կազմուած: Դուք կը պնդէք, թէ ՔԱԿ-ն քրտական միաւորում է եւ պայքար է մղում յանուն քրտերի: Այնինչ, ՔԱԿ ահաբեկչական կազմակերպութեան մէջ 60-80 տոկոս հայ կայ»:

Նոյն Հալաճօղլուն 2014 թ. յուլիսին արդէն յայտարարում էր, որ ՔԱԿ-ն ուղիղ 80 տոկոսով հաստատապէս բաղկացած է միայն հայերից` թուարկելով նաեւ տուեալ կազմակերպութեան մի շարք առաջնորդների անուններ, որոնք, ըստ իրեն, հայկական ծագում ունեն. «Հայերի մօտ հանդիպող թուրքական անունները եւ յատկապէս թուրքական «ազգանունները» նրանց կողմից իրենց թաքցնելու նկատումով են վերցուած», ասում էր Հալաչօղլուն`  միտումնաւոր կերպով աչքաթող անելով այն փաստը, որ Թուրքիայում հայերին ուղղակի ստիպել են վերցնել թուրքական անուններ, եւ շարունակում. «35 հազար հոգու մահուան մէջ մեղաւոր ՔԱԿ-ի առաջնորդ Արթին Յակոբեանը` ԱՓՈՆ, (նկատի ունի Ապտիւլլա Օճալանին, Մ Ա) հայ է: «Մատ չունեցող խելացի» անուամբ յայտնի Շեմտին Սաքըքը հայ է: Նա ինքն է յայտնել, որ իր մեծ մայրը հայ է եղել: Անջատողական քրտական կուսակցութեան այսպէս կոչուած համանախագահ Էմինէ Այնան զտարիւն հայ է: 1977 թ. Սիլուանում ծնուած Պիւլենթ Պաքըրը հայ է: «Վտարանդի կառավարութեան» պատուիրակ Մերիէմ Թապաշը եւս հայ է: Պապը Հոքարն է, տատը` Հայկանուշը: «Զազան Պերթին» անուամբ հանդէս եկող` 1980 թ. Սիլվանում ծնուած Ռուշեն Թափանճըն հայ է: Նրա մեծ հօր անունը Օհաննիս է»:

Վերջերս Թուրքիայում լոյս տեսած «Խորքային ձախ» գրքի հեղինակ Հաքքը Օզնուրը նշել է, թէ ՔԱԿ-ի շարքերում 300 ծպտեալ հայեր գտնւում են բարձր դիրքերում, իսկ 2 հազար կրիպտոներ էլ ընդգրկուած են սոյն կառոյցի տարբեր ենթակառուցուածքներում: Այս հեղինակը յայտնելով, որ Թուրքիայի ծպտեալ հայերն այլեւս իրենց թաքցնելու կարիքն անգամ չեն զգում, գրել է նաեւ, թէ կրիպտոներն սկսել են մկրտուել եկեղեցիներում եւ օգտագործել իրենց իրական անունները: Նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի ծպտեալ հայերը մէկտեղուել են Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութեան տանիքի ներքոյ եւ այն ընտրել որպէս իրենց կենտրոնական ռազմակայան:
Այստեղ հարկ է նկատել, որ թուրք պատգամաւորների եւ մտաւորականների` քրտական ահաբեկչական կազմակերպութիւնների անդամների մեծ մասի հայ լինելու մասին յայտարարութիւնները հետապնդում են երկու հիմնական նպատակ. թիրախաւորել կրօնափոխ հայերին եւ քրտերի շրջանում հեղինակազրկել ՔԱԿ-ն:

ՔԱԿ-ի` որպէս զուտ հայկական կազմակերպութիւն լինելու մասին այս տարուայ սեպտեմբերին յայտարարել է նաեւ Պահպանողական վերելք կուսակցութեան (Muhafazakar Yukselis Partisi – MYP) առաջնորդ Ահմեթ Ռէյիզ Եըլմազը: Ի դէպ, այս կուսակցութիւնը, որը հիմնուել է 2013 թ. յունուարին, հասցրել է մասնակցել 2014 թ. մարտի 30-ին կազմակեպուած տեղական ինքնակառավարական ընտութիւններին: Ուշագրաւ է, որ Ահմեթ Ռէյիզ Եըլմազը պնդել է ոչ միայն ՔԱԿ-ի, այլեւ` Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութեան (ԺԺԿ) բացառապէս հայկական կազմակերպութիւն լինելու մասին` այդկերպ թերեւս փորձելով խոչընդոտել ԺԺԿ-ի` մեծ թուով ձայներ հաւաքելուն. «Հայերը գաղտնի կերպով ներթափանցել են այս երկրի քաղաքականութեան մէջ: Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութիւնը չի ներկայացնում քիւրտ ժողովրդին: Զինուած ահաբեկչական կազմակերպութեան մի քաղաքական ածանցեալը եղող այդ շարժումը հայկական շարժում է»:
Թուրքական իշխանութիւնների կողմից հիմնուած հասարակական-քաղաքական կազմակերպութիւնների որոշ ներկայացուցիչներ հանդէս են գալիս նաեւ այն պնդմամբ, թէ ահաբեկչական կառոյցներում ընդգրկուած անխտիր բոլոր ալեւիներն ունեն հայկական ծագում: Այսպէս, օրինակ, 2015 թ. օգոստոս ամսին նման յայտարարութեամբ է հանդէս եկել Թուրքմէնական, ալեւիական, պեքթաշիական հիմնադրամի նախագահ Օզտեմիր Օզտեմիրը: Անզէն աչքով էլ կարելի է նկատել, որ սոյն հիմնադրամը ստեղծուել է թուրքական իշխանութիւնների կողմից` իրական ալեւիականութեան հիմնադրոյթները կեղծելու նպատակով:

Օզտեմիրը «Kanal A Haber»-ի գլխաւոր խմբագիր Օկիւն Օճեքի հարցերին պատասխանելիս յայտնել է, թէ իբր փողոցային դէպքերին խառնուած բոլոր ալեւի քաղաքացիներն իրականում ծպտեալ հայեր են, որոնց թիւը շուրջ մէկ միլիոն է կազմում: Ըստ Օզտեմիրի, «Անատոլիայի ալեւիներից ոչ մէկը չէր խառնուի փողոցային դէպքերին: Փողոցային գործողութիւնների մէջ խառն է նաեւ Զուգահեռ կառոյցի մատը, իսկ 1 միլիոն կրիպտօ հայերը, համագործակցելով նրա հետ, ջանում են վնաս հասցնել երկրին»: Օզտեմիրն այդ հարցազրոյցում նաեւ նշել է. «… Ալեւիի հանդերձանքի տակ ծպտուած, իրենց որպէս քիւրտ ալեւի ներկայացնող այդ հայերը, որոնք, ըստ էութեան, ոչ մի կապ չունեն նաեւ քրտերի հետ, զաւթել են ալեւիական միութիւնների եւ ֆետերացիաների գլխաւոր պաշտօնները: (…) Փողոցային գործողութիւններ իրականացնող բոլոր ալեւիական կազմակերպութիւնները բաղկացած են հայկական արմատներով կրիպտոներից, որոնք երբեք չեն կարող ալեւիականութիւնը ներկայացնել: (…) Թուրքիայում ապրող 16 միլիոն ալեւիների մէջ 1 միլիոն կրիպտօ հայ քաղաքացիներ կան: Այդ 1 միլիոնը, որքան էլ դա տարօրինակ լինի, գտնւում է մամուլի, դիւանակալութեան, պետութեան եւ ձախ քաղաքական կուսակցութիւնների ամենավերին դիրքերում: Նրանք այդ դէպքերը թաքցնում են ալեւիի հանդերձանքի եւ քրտի ինքնութեան տակ»:

Հաւատափոխ եւ ծպտեալ հայերի խնդրին անդրադարձած թուրք մտաւորականների շրջանում կան այնպիսիք, ովքեր սոյն հարցը քննարկում են Հայոց ցեղասպանութեան ժամանակ հայ կանանց ու աղջիկների բռնի իսլամացման եւ ամուսնութիւնների պարունակում: Այսպէս, օրինակ, դոկտոր, փրոֆեսէօր Սելիմ Տերինկիլը դեռեւս 2010 թ. նոյեմբերին «Ակօս» շաբաթաթերթում գրում էր. «Դոկտոր Իպրահիմ Էթհեմ Աթնուրի` «Թուրքիայում հայ կանանց եւ երեխաների խնդիրը 1915-1923 թթ.է գրքում կարդում ենք. «Թուրքերի եւ այլ մուսուլմանական խմբերի ու հայերի միջեւ ամուսնութիւններ են եղել: Պատերազմի ժամանակ այս ամուսնութիւնների հարցում պետութեան դերակատարութիւնը եղել է կանանց եւ աղջիկներին պաշտպանելը: Այն, որ օսմանեան կառավարութիւնը բոլոր անտէր աղջիկներին եւ կանանց ամուսնացրել է մուսուլմանների հետ, չի կարող համարուել ընդհանուր ձուլում. պատերազմի պայմաններում անտէր, գեղեցիկ, հարուստ եւ կրթուած մի քանի աղջիկներ եւ այրի կանայք տեղահանութիւնից փրկուելու համար ընտրել են մուսուլմանների հետ ամուսնութիւնը»: Ինչպէս երեւում է, գրողը կարծում է, որ վերոյիշեալ «անտէր եւ գեղեցիկ» հայ կանայք այս «հովանաւորութեանն» արժանանալու համար գրեթէ երախտապարտ պէտք է լինեն,- գրում է Տերինկիլը, ապա շարունակում: Հարցի ամենավտանգաւոր կողմն այն է, որ այս տողերը տեղ են գտնելու ոչ թէ 1915 կամ 1916, այլ 2005 թ. հրատարակուած մի աշխատութեան մէջ, որը հանդիսանալու է ակադեմական ուսումնասիրութիւն: Այսինքն դուրս է գալիս, որ պետութիւնը, այս «խեղճ անտէրներին ամուսնացնելով», փրկել է նրանց: Երբեք չուղղուած հարցերի շարքում առաջինը, որ մարդու միտքն է գալիս, հետեւեալն է` ինչո՞ւ էին այդ կանայք անտէր մնացել…»:

Տերինկիլը 2010 թ. մարտին բռնի կրօնափոխուած հայ մանուկների վերաբերեալ հարցազրոյց էր տուել նաեւ «Թարաֆ» օրաթերթի թղթակից Նեշէ Տիւզելին` մասնաւորապէս նշելով. «1915 թ. «որդեգրուած» հայ աղջիկ ու տղայ երեխաների համար 300 հազար թիւն են սահմանում, բայց պէտք է այդ թիւն ուսումնասիրուի: Մենք Հրանդ Տինքի հետ խօսել էինք այդ հարցի շուրջ: Համատեղ նախագիծ էինք իրականացնելու` «Որդեգրման» թեմայի վերաբերեալ: Որդեգիրների մէջ կան նաեւ որպէս ծառայ կամ աղախին վերցուած երեխաներ: Թուրքիայում սոյն խնդրի շուրջ միայն յուշեր կան մեր ձեռքի տակ: Այն պահոցները, որ կարող էին աղբիւր ծառայել, գտնւում են Երուսաղէմում, ուր ոչ բոլորը մուտք գործելու հնարաւորութիւն ունեն: 1915-ին որդեգրւում են ենթադրաբար 7-16 տարեկան հայ երեխաներ, որոնց մեծ մասն աղջիկ էր: Առաւելապէս նախապատուութիւն էր տրւում փոքր տարիքի մանուկներին, քանի որ նրանց ինքնագիտակցութիւնը դեռեւս լիովին ձեւաւորուած չէր, եւ կարող էին հեշտ իսլամացուել»:

Սոյն խնդրին յաճախակի անդրադաձող թուրք մտաւորականների շարքում յիշատակման է արժանի յատկապէս Մեհմեթ Շեւքեթ Էյկին, ով կրօնափոխ ու ծպտեալ հայերի թեման մշտապէս քննարկում է նրանց` թուրքական պետութեան համար մեծ սպառնալիք եւ վտանգ լինելու դիտանկիւնից: Հիմնականում Առաքինութիւն (Fazilet) կուսակցութեան պարբերականը եղող «Միլլի «Կազեթէ» օրաթերթում հանդէս եկող Մեհմեթ Շեւքեթ Էյկին դեռեւս 2008 թ. մարտին նշելով, թէ Թուրքիայում քրիստոնեայ արմատներով 21 համալսարանների  տնօրէնների եւ նախագահների մեծ մասը հայկական ծագում ունի, գրում էր. «Այլեւս յայտնի է, որ մեր երկրի արեւելեան հատուածում գտնուող մի համալսարանի ղեկավարը, որը չափից դուրս թշնամաբար է տրամադրուած իսլամի եւ մահմետականների նկատմամբ, ունի հայկական արմատներ: Ես, որպէս մուսուլման, դէմ կը լինեմ որեւէ հայ նախագահի ու համալսարանի տնօրէնի նշանակմանը, եթէ անգամ նա լինի արժանաւոր ու հմուտ մասնագէտ…»:

Նոյն Էյկին այս տարուայ յունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւններում Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութեան` մեծ թուով ձայներ հաւաքելու առթիւ հանդէս եկաւ այն պնդմամբ, թէ ընտրութիւններում յաղթել են ծպտեալ հայերը: Նրա համոզմամբ, այդ կուսակցութիւնն իրականում քրտական չէ: Ըստ Էյկիի, այն արտաքուստ քրտական թուացող, իսկ իրականում ծպտեալ հայկական կուսակցութիւն է: «Ծպտեալ հայերն օգտագործում են մահմետական քրտերին: Այս գործից ամենամեծ վնասը սիւննի մահմետական քրտերն են կրելու», գրում է Էյկին` նշելով, որ նման դրութեան մէջ չյայտնուելու համար քրտերը պէտք է զարթօնք ապրեն, գիտակցեն իրենց մահմետական ինքնութիւնը, ճշտօրէն կատարեն պարտականութիւնները եւ թոյլ չտան, որ ուրիշներն օգտագործեն իրենց:

Թուրք մտաւորականների շրջանում կրօնափոխ հայութեան վերաբերեալ իր գիտական մօտեցումներով առանձնանում է թուրք պատմաբան, Միացեալ Նահանգների Քլարք համալսարանի փրոֆեսէօր Թաներ Աքչամը: Սոյն թեմայի վերաբերեալ նաեւ օսմանեան փաստաթղթերի հասու դարձած Աքչամը 2013 թ. օգոստոսին «Թարաֆ» օրաթերթում հրապարակուած իր յօդուածում անդրադառնում է 1915 թ. եւ դրանից յետոյ պետութեան` հայերի իսլամացման գործընթացը հսկողութեան տակ վերցնելու եւ նման հայերի ազատ տեղափոխուելու իրաւունքը սահմանափակելու գործընթացին. «կառավարութիւնը դեռեւս չի վստահում հայերին` չնայած նրանց կրօնափոխ լինելուն, եւ յատուկ միջոցներ է ձեռնարկում նրանց վերաբերեալ, որոշ արգելքներ սահմանում: Արգելքների ցանկը գլխաւորում է ազատ տեղափոխուելու իրաւունքը: Հաւատափոխ հայերը չեն կարողանում օգտուել այդ իրաւունքից, որը շնորհուած է միւս մահմեդականներին: Ճամբորդել կարողանալու համար պարտաւոր են լինում յատուկ թոյլտուութիւն ստանալ, բայց դա շնորհելու իրաւասութիւնը չի գտնւում տեղական իշխանաւորների ձեռքին: Թոյլտուութիւնը կարելի է ձեռք բերել միմիայն Պոլսից, անմիջականօրէն` ներքին գործերի նախարարութիւնից: Սակայն խնդիրը հետեւեալն է. ինչպէ՞ս պէտք է պարզել ուղեւորութեան մեկնել ցանկացողի կրօնափոխ հայ լինել-չլինելու հարցը: Այդ խնդիրը լուծելու համար միայն մէկ ուղի կայ. պէտք է հայերի անձնագրերում այնպիսի նշում անել, որը կ՛օգնի հասկանալ նրանց հայ լինելը: Այդ մասին որոշում է կայացւում: Այդպիսով հնարաւոր կը լինէր կանխել մահմետական անուն վերցրած հայերի` միւս մուսուլման բնակչութեան մէջ անհետ կորչելը…»:

Ցեղասպանագէտ Թաներ Աքչամը` 2014 թ. Պոլսում հրատարակուած «հայերի ՀԱՐԿԱԴԻՐ ԻՍԼԱՄԱՑՈՒՄԸ. ԼՌՈՒԹԻՒՆ, ԺԽՏՈՒՄ ԵՒ ԲՌՆԻ ՈՒԾԱՑՈՒՄ» վերնագրով իր մենագրութեան մէջ նշում է, որ բռնի ձուլումի եւս ցեղասպանութեան գործընթացի անքակտելի մասն է, եւ 1915-1918 թթ. Հայոց ցեղասպանութեան ամբողջ ընթացքում հայերի նկատմամբ նոյնպէս գործադրուել է բռնի ուծացման քաղաքականութիւնը, որն իրականացուել է 3 տարբեր ձեւերով. «Առաջինը «կամաւոր» եւ/կամ հարկադիր կրօնափոխութիւնն է: (…) Բռնի ուծացման քաղաքականութեան երկրորդ կարեւոր հենքը 12 տարեկանից ցածր տղայ եւ աղջիկ երեխաների հանդէպ գործադրուածն է, երբ մանուկները հարկադիր կերպով մուսուլման են դարձել, ցրուել որբանոցներում եւ մահմետականների տներում, որտեղ դաստիարակուել են` թուրք-իսլամական մշակոյթին համապատասխան: (…) Ձուլման երրորդ հենքը մանկամարդ աղջիկների բռնի ամուսնացումն էր մահմետական տղամարդկանց հետ: Այս բոլոր հարցերի շուրջ կենտրոնից անընդհատ հրամաններ են յղուել շրջաններ»:

Այսպիսով, թուրք պետական գործիչների եւ հասարակական-քաղաքական կազմակերպութիւնների ներկայացուցիչների մեծ մասը կրօնափոխ հայերի խնդրին անդրադառնում է միայն ՔԱԿ-ի պէս ահաբեկչական կառոյցներում նրանց ընդգրկուած լինելու դիտանկիւնից: Վերջերս շատ քաղաքական գործիչներ ու մտաւորականներ փորձել են առաջ քաշել նաեւ այս տարի խորհրդարանական ընտրութիւնների 10 տոկոս շեմը յաղթահարած Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութեան` գաղտնի հայկական կազմակեպութիւն լինելու վարկածը` դրանով իսկ փորձելով խոչընդոտել նրա` ձայների մեծ թիւ հաւաքելուն:
Այն դէպքում, երբ մի շարք թուրք ազգայնամոլ մտաւորականներ շեշտում են կրօնափոխ եւ ծպտեալ հայերի` թուրքական պետութեան համար կարողական սպառնալիք եւ մասնատման վտանգ լինելը, սոյն թեմայով ակադեմական ուսումնասիրութիւններ կատարած որոշ թուրք գիտնականներ խնդրին անդրադառնում են Հայոց ցեղասպանութեան գործընթացի դիտանկիւնից` Մեծ եղեռնի հետեւանքներից մէկը համարելով կրօնափոխ հայերին:

«Ակունք»
http://www.aztagdaily.com

Facebooktwitterredditpinterestlinkedinmail