
Պետությունը մեկ անգամ ևս նույն սխալն է անում՝ Սփյուռքին դիտարկելով որպես կթան կով
03 Հոկտեմբեր, 2021 – Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը
Կառավարությունը փոփոխություն է պատրաստել «Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ, որտեղ նախատեսվում է Սփյուռքի պարտատոմսերի թողարկման դեպքում իրականացնել դրանց նկատմամբ պահանջարկի ուսումնասիրություն և դրա հիման վրա պարտատոմսերի տեղաբաշխմանն ուղղված ֆինանսական գործիքի մշակմանն ուղղված և կիրառման վերաբերյալ առաջարկի ներկայացում: Դուք ինչպես եք սա գնահատում և ինչ կտա այն ընդհանրապես:
Նախևառաջ ասեմ, որ ուրախ եմ, որ պետությունը Սփյուռքի մասին մտածում է, մի բան, որ հաճախ չեն անում: Երկրորդ այն է, որ մեկ անգամ ևս նույնն սխալն են անում՝ Սփյուռքին դիտարկելով որպես կթան կով: Մտածում են կամ նվիրատվություններ հավաքել, կամ պարտատոմսեր ծախել: Ես դրան դեմ չեմ, բայց Սփյուռքն ավելի մեծ ռեսուրս է, քան միայն նվիրատվություն և պարտատոմս: Ունենք հազարներով համաշխարհային մակարդակով մասնագետներ, որոնք ավելի շատ կարող են հայրենիքին օգտակար լինել, քան այն փողը, որ պետությունը հավաքելու է:
Ինչ վերաբերում է կոնկրետ պարտատոմսերին, այո, պարտատոմսեր հրապարակելը շատ լավ գաղափար է, սա մի բան է, որ վաղուց պետք է արվեր, բայց երբ այդ պարտատոմսերը թողարկեն, ունենալու ենք երկու տեսակի հաճախորդներ այդ պարտատոմսերի համար: Որոշ մարդիկ կարող են զգացական ձևով մոտենալ այս հարցին և պարզապես հայրենիքին օգտակար լինելու համար գնեն այդ պարտատոմսերը, նույնիսկ եթե վստահ չեն՝ ֆինանսական շահ ունենալու են, թե ոչ: Որպես հայրենասիրության ժեստ անելու են դա:
Եվ երկրորդ մասը պարտատոմսերը գնելու է որպես բիզնես:
Այս դեպքում հարցը մի քիչ բարդ է, որովհետև եթե մեկը հարցին մոտենում է որպես բիզնես, պետք է ունենա վստահություն, որ իր վճարածի դիմաց ապագայում կարող է ինչ-որ շահ ունենալ: Եթե չի վստահում, որ պետությունը կարող է իրեն շահ ապահովել, ներդրում չի անելու և չի գնելու այդ պարտատոմսերը: Իմ վերջին դիտարկումը վերաբերում է նրան, որ ֆինանսների նախարարությանը, Կենտրոնական բանկին, Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակին առաջարկում են ուսումասիրել, թե արդյոք Սփյուռքում կա պահանջարկ, թե ոչ:
Ես կառաջարկեի տարբեր մոտեցում. Քանի որ սա ֆինանսական հարց է, աշխարհում կան մեծ ընկերություններ, որոնք մասնագետ են այս հարցերում, պետք է այդ ընկերություններին դիմել, որպեսզի ուսումնասիրեն շուկան, նրա հնարավորությունները, ոչ թե վստահել Հայաստանի ներքին կառույցներին:
Ես վստահ չեմ, որ այս նշված մարդիկ բավարար մասնագիտական կարողությունն ունեն այս հարցն ուսումնասիրելու: Եվ վերջին մի փոքր կետ. Առաջին սյունակում ասում են՝ ուսումնասիրել Սփյուռքում պահանջարկը, հետո երկրորդ տողով ասում է՝ ուսումնասիրության արդյունքներով ներկայացնել Սփյուռքի պարտատոմսերի տեղաբաշխմանն ուղղված ֆինանսական գործիքի մշակման և կիրառման վերաբերյալ առաջարկություններ: Երկրորդ նախադասության մեջ պետք է լինի ուսումնասիրության դրական արդյունքի դեպքում ներկայացնել առաջարկներ: Որովհետև եթե ուսումնասիրության արդյունքում ստացվի բացասական արդյունք, այս աշխատանքը չեն կարող անել:
Նշվում է, որ սա մի գործիք կլինի, որի ներդրումը որակական լուրջ փոփոխություններ կարող է բերել: Այս դիտարկումները չափազանցվա՞ծ են:
Իմ կարծիքով այս պարտատոմսերն այդքան էլ ազդեցություն չեն ունենա Սփյուռք-Հայաստան կապի առումով: Եթե պետությունը լրջորեն ուզում է ապրապնդել կապերը Սփյուռքի հետ, պետք է լրիվ ուրիշ ուղղությամբ շարժվի, պետք է նախ լավ հասկանա Սփյուռքը, Սփյուռքի ներկայացուցիչներին լսի, նրանց առաջարկները լսի, հանդիպի սփյուռքահայերի հետ, նայի, թե ինչ պահանջներ ունեն, ինչ է իրենց մտածողությունը Սփյուռք-Հայաստան կապերի մասին:
Իմ կարծիքով, ամենակարևորն այն է, որ պետությունը մի լուրջ սխալ արեց՝ չեղարկելով Սփյուռքի նախարարությունը: Դա շատ կարևոր էր Սփյուռքի հետ կապերի համար, և երբ որ չեղարկվեց, Սփյուռքի ահագին կազմակերպություններ, գործիչներ բողոքեցին՝ ասելով՝ պահեք նախարարությունը: Բայց վարչապետը չլսեց ոչ մեկին: Դա ճիշտ մոտեցում չէ:
Եթե ուզում ես բարելավել քո հարաբերությունները մի ուրիշի հետ, այս պարագայում Սփյուռքի հետ, պետք է լսես այդ ուրիշին:
Ես կառաջարկեի, որ Սփյուռքի նախարարությունը վերականգնվի, սրբագրեն նախկին սխալը: Եթե կան մարդիկ, որ ասում են՝ նախկինում Սփյուռքի նախարարությունն այնքան էլ լավ չէր աշխատում, դա չի նշանակում, որ պետք է փակել: Եթե մի օր մի մարդ ասի, որ պաշտպանության նախարարությունը լավ չի աշխատում, դա չի նշանակում, որ պետք է ՊՆ-ն փակեն: Պետք է բարելավել, փոխել: Նույնը վերաբերում է նաև Սփյուռքի նախարարությանը:
www.1in.am/3011475.html





