Բաքվում ցնծում են․ Իրանի ԱԳ նախարարի հետ ասուլիսին Լավրովը բացեց բոլոր խաղաքարտերը
07.10.2021 | Մեկնաբանություն | Lragir.am,
Բաքվի ոչ պաշտոնական խոսափողն անդրադարձել է Մոսկվայում ՌԴ եւ Իրանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսին, այն վերնագրելով «Ինչպես Սերգեյ Վիկտորովիչը պոկեց Աբդոլլահիյանի պոչը»։ Ասուլիսին նախորդող իրադարձությունները՝ Պուտին-Էրդողան համաձայնությունները, Բաքվի ուղղությամբ Իրանի կոշտ հայտարարությունները, ինչպես նաեւ սահմանների փոփոխության անթույլատրելիությունը վկայում էին, որ վճռական խոսակցությունը պետք է տեղի ունենար Մոսկվայում։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ Մոսկվան այսպես կոչված եռակողմ համաձայնությունների երաշխավորն է։
Բաքվի ոչ պաշտոնական խոսափողը Կրեմլի քարոզչության օղակներից մեկն է եւ համակարգվում է Կրեմլից։ Վերոհիշյալ անդրադարձն էլ այդ շարքից է։ Մինչ հայ քաղաքական եւ մեդիա-փորձագիտական շրջանակները ընկղմված են «թուրք-ադրբեջանական» ոչինչ չասող սխեմայից բխող անհեթեթություններում, Լավրովը Աբդոլլահիյանի հետ ասուլիսում բացել է բոլոր խաղաքարտերը։ Մասնավորապես, 3+3 ձեւաչափի ու ՀՀ-ն արտատարածքային միջանցքներով մասնատելու ծրագրերի հեղինակային իրավունքը եւ գլխավոր շահառությունը։ Աջակցություն հայտնելով Բաքվին Իրանի հետ լարվածության, Կասպիցի խնդիրների եւ «ահաբեկիչների ու սիոնիստական ռեժիմի ներկայության» հարցում, Լավրովը հաստատել է նաեւ այն պնդումները, ըստ որոնց՝ Մոսկվայի ռազմավարության մեջ Բաքուն հայկական ու իրանական ուղղություններով քաղաքականության պրոքսի գործիքն է։
Բաքվի բոլոր քայլերը ոչ միայն համաձայնեցված են Մոսկվայի հետ, այլեւ առաջնորդվում են Մոսկվայից։ Բաքուն ռուս-թուրքական «եռակողմ» համաձայնությունների շրջանակներում չի անում որեւէ քայլ, եթե չունի Մոսկվայի հավանությունն ու առաջնորդությունը։ Հենց Մոսկվայի՝ Ալիեւը չի կարող հարվածի տակ դնել 25 հազար զոհերի ու այլ խոշոր կորուստների գնով ստացած իր «հաղթանակը»։

www.lragir.am/2021/10/07/673157/