ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ – 1722 թ. ամռանը ռուսական զորքերը ցամաքով ու ծովով շարժվում են Այսրկովկաս – Հայե՛ր, գիտե՞ք, որ

Հին աշխարհի քարտէզը Հռոմը և Հայաստանը - Այս քարտէզի մէջ կարելի է փնտրել թէ ձեր ըսած օսմանեան կայսրութիւնը ուր է

ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ – 1722 թ. ամռանը ռուսական զորքերը ցամաքով ու ծովով շարժվում են Այսրկովկաս – Հայե՛ր, գիտե՞ք, որ

08 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2021 – Հայե՛ր, գիտե՞ք, որ

1722 թ. ամռանը ռուսական զորքերը ցամաքով ու ծովով շարժվում են Այսրկովկաս և օգոստոսի 23-ին առանց կռվի մտնում Դերբենդ: Պետրոս Ա-ն պաշտոնապես հայտարարում է, թե արշավանքը բացառապես աֆղան ապստամբներից Պարսկաստանին պաշտպանելու նպատակ է հետապնդում։

Իրանի թուլացումից փորձում են օգտվել նաեւ թուրքերը, որոնք Սպահանի անկումից ու Հուսեյն շահի սպանությունից հետո՝ պատրաստվում են ներխուժել Այսրկովկաս ու Ատրպատական։

Ցարը նախապես վրաց արքա Վախթանգ VI-ին տեղեկացնում է «Կասպիական արշավանքի» մասին, վերջինս էլ այդ մասին հայտնում է Արցախի առաջնորդ Եսայի Հասան Ջալալյանին։

Գանձակի մոտ, Չոլակ կոչվող վայրում, հայ-վրացական զինված ուժերն ապարդյուն սպասում են ռուսական զորքերին, որոնք պայմանավորվածության համաձայն մտնելու էին Շամախի, ապա միանալու էին տեղի ապստամբական ուժերին։ Հայերն ու վրացիները շուրջ երկու ամիս Չոլակում մնալուց հետո՝ 1722 թ. աշնան վերջին ցրվում են։

1722 թ. հոկտեմբերի 4-ին Պետրոս Ա-ն վերադառնում է Աստրախան՝ Այսրկովկասի գրավման գործը հետաձգելով անորոշ ժամանակով: Նա գեներալ Մատյուշկինին հրամայում է գրավել միայն մերձկասպյան շրջանները՝ հարկ չհամարելով նույնիսկ այդ մասին տեղեկացնել հայ-վրացական ուժերի ղեկավարներին, որոնք ոչ միայն վտանգել էին իրենց կյանքը, այլեւ՝ սեփական ժողովուրդների ճակատագիրը:

Գեներալ Մատյուշկինը 1723 թ. հուլիսի 28-ին գրավում է Բաքուն։ Կասպիականի արեւմտյան ափամերձ գոտին փաստացի անցնում է ռուսների վերահսկողության տակ, այնուհետեւ ստանում է իրավական ձեւակերպում (տես՝ Ս. Պետերբուրգի պայմանագիր, 1723 թ. սեպտեմբերի 12)։

Այսրկովկասն ամբողջությամբ գրավելու Պետրոս Ա-ի ծրագրի ձախողումից հետո՝ հայերն ու վրացիները հայտնվում են խիստ աննպաստ իրավիճակում: Նախ Շահ Թահմասպ Բ-ն Վախթանգ VI-ին մեղադրում է պետական դավաճանության մեջ ու գահընկեց անում, ապա օսմանյան զորքերը ներխուժում են Վրաստան եւ գրավում Թիֆլիսը (1723թ․, հունիս): Վրաց Վախթանգ թագավորը փախչում է Ռուսաստան։

1722 թ. նոյեմբերին ամբողջ Արցախն ազատագրվում է պարսկական լծից։ Ստեղծվում է հայկական անկախ իշխանություն՝ Եսայի կաթողիկոսի գլխավորությամբ։ 1724 թ. հունվարի 1-ին Գանձասար է հասնում ցարի պատվիրակ հայազգի Իվան Կարապետը, որը ներկայանում է կաթողիկոսին եւ հայտնում, որ «Ռուսաստանն անպայման օգնելու է հայերին, միայն թե չթուլացնեն դիմադրությունը, չկորցնեն հույսը և համբերեն այնքան, մինչև որ Պետրոս Ա-ն ի վիճակի կլինի նրանց օգնության հասնելու հզոր միջոցներով»։

Միաժամանակ ռուսներն շտապում են պայմանագիր կնքել Օսմանյան կայսրության հետ՝ վերջիններիս հետ բաժանելով Իրանի հյուսիս-արեւմտյան շրջանները։ Այսպես, 1724 թ. հունիսի 12-ին Կ․ Պոլսում Ռուսաստանը Օսմանյան կայսրության հետ կնքում է մի պայմանագիր, որով թուրքերը տիրանում են Վրաստանին, Հայաստանին ու Ատրպատականի զգալի մասին, իսկ Կասպից ծովի առափնյա շրջանները` Դերբենդից մինչև Մազանդարան, անցնում են ռուսների հսկողության տակ։

1724 թ. նոյեմբերի 10-ին, Պետրոսը հայերին հղում է մի հրովարտակ, որով «հայ ժողովրդին առնում է իր հովանավորության տակ»։ Ամիսներ անց օսմանյան զորքերը ներխուժում են Արցախ։ 1727 թ. փետրվարի վերջին Եսայի Հասան Ջալալյանը մի բազմամարդ պատվիրակություն է ուղարկում Դերբենդ՝ ֆելդմարշալ Վասիլի Դոլգորուկովի մոտ, ստանալու խոստացված օգնությունը: Վերջինս պատասխանում է, որ հայերին զորք հատկացնելու հրաման չունի:

Նույն օրերին իր կառավարությանը հղած զեկույցում Դոլգորուկովը զարմանք է հայտնում, թե սղնախների հայերն ինչպես են կարողանում դիմանալ թուրքական բանակի ուժգին հարվածներին։ Նա գրում է․ «Պետք է զարմանալ, թե հայերն ինչպես են դիմանում, երբ նրանք հարկադրված են մեն-մենակ պատերազմել օսմանյան բանակների դեմ։ Մարդկային մտքից վեր է, թե ինչպես են դիմանում հայերն այդքան զորեղ թշնամու առաջ»։

1727 թ. օգոստոսի 15-ի գաղտնի հրամանի մեջ Դոլգորուկովը գրում է. «Ներկայումս էլ պետք է հայերի համար հույս ներշնչող տեսարաններ սարքել՝ ցույց տալով թուրքերի թուլությունը։ Մենք նման հուսադրումով հայերին, որոնց դուք այստեղ էիք ուղարկել, հետ կուղարկենք ձեզ մոտ, իսկ դուք էլ նրանց ուղարկեք իրենց հայրենակիցների մոտ»։

Այդպես էլ վարվում էին․ Արցախից Բաքու մեկնած հայերին օգնության հույսեր ներշնչելով ուղարկում էին Պետերբուրգ, իսկ այնտեղից՝ Արցախ եւ այդպես շարունակ։ Կարեւորը, որ հայերը հավատային ու կռվեին թուրքերի դեմ։ Օգնություն տրամադրելու փոխարեն՝ էլ ավելի շռայլ խոստումներ էին տալիս։

Արցախի ու Սյունիքի հերոսամարտերը կասեցրին օսմանյան զորքերի առաջխաղացումը դեպի Կասպից ծովի առափնյա տարածքները, ուր հաստատվել էին ռուսները: Այդ պայքարը կոտրեց թուրքերի հարձակման թափը, ինչը Ռուսաստանին հնարավորություն տվեց խուսափելու ուժեղ ախոյանի հետ հնարավոր բախումներից։ Իսկ ի՞նչ տվեցին այդ հերոսամարտերը մեզ՝ հայերիս։

Հայոց պատմության հումանիտար հոսքի 11-րդ դասարանի դասագրքում գրված է․ «Արցախի ազատագրական շարժումը մեծ արձագանք գտավ ողջ հայության մեջ։ Այն ոգեշնչում էր նաեւ հայ ժողովրդի հաջորդ սերունդներին եւ հավատով լցնում իրենց ուժերի նկատմամբ» (Տես՝ Երեւան, 2010, էջ 115)։ Էլի՞ բարոյական հաղթանակ։

ԴԷՊԻ ԵՐԿԻՐ – ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Հայե՛ր, գիտե՞ք, որ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail