Թուրքիան փակել է իրանական բեռնատարների համար բոլոր անցակետերը
08 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2021 – ՏՆՏԵՍԱԿԱՆ:
Թուրքիան փակել է բոլոր անցակետերն իրանական բեռնատարների համար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի՝ Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալասը։
Թուրքական իշխանամետ «Yeni Akit» պարբերականը գրում է, որ Թուրքիայի այս գործողություններն այլ բան չեն, քան պատասխան Բաքվի և Անկարայի դեմ Իրանի կոշտ ու սադրիչ հայտարարություններին։
Ալասը հայտնել է, որ սկզբում թուրքական բեռնատարների արգելքն Իրանն էր սահմանել, Անկարան էլ ի պատասխան է նման որոշում կայացրել։
Նրա խոսքով՝ Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունն ամբողջովին դադարեցրել է Իրանի հետ Թուրքիայի առևտրաշրջանառությունը։
Ավելի ուշ Էրզրումում Իրանի հյուպատոսը հերքել է այս տեղեկատվությունը և հայտարարել, որ Թուրքիա իրանական բեռնատարների մուտքի արգելքի մասին լուրերը կեղծ են և միայն այսօր 400 իրանական բեռնատար է մուտք գործել Թուրքիա։
Աղբյուր` yeniakit.com.tr

ermenihaber.am/am/news/2021/10/08/Թուրքիա-Իրան-Ադրբեջան/217173