Արևմտահայության խնդիրը Թուրքիայի ազգային քաղաքականության համատեքստում – Հայկազուն Ալվրցյան
21 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2021 – ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ, ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ
Yerkir.am-ն ստորև ներկայացնում է բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրցյանի զեկույցը, որը ներկայացվել է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին
Խոսելով 1923 թվականից հետո Թուրքիայում բնակվող փոքրամասնությունների մասին՝ նախ պետք է մեկնել այն իրողությունից, որ Լոզանի պայմանագրով Թուրքիայի Հանրապետության ստանձնած պարտավորությունների շրջանակում ազգերի իրավունքների հարց չէր արծարծվում, քանզի, բացի թուրքերից, այլ ազգերի մասին պայմանագրում չէր հիշատակվում:
Փաստորեն Լոզանի դաշնագրով Թուրքիայի համար փոխվեց ազգային-կրոնական փոքրամասնություն հասկացության բուն բովանդակությունը: Ճիշտ է, Թուրքիան թեև նույն դաշնագրով ստիպված էր ընդունել երեք ազգերի՝ հայերի, հույների և հրեաների՝ կրոնական համայնք լինելու հանգամանքը, բայց մյուս բոլոր իսլամադավան ժողովուրդները՝ քրդեր, չերքեզներ, լազեր, թաթարներ, թուրքմեններ, զազաներ, բոշնաղներ, արաբներ, կարափափախներ, սուդանցիներ, ղրղըզներ, աբխազներ, օսեր, բոշաներ, նաև՝ իսլամացած վրացիներ, հույներ և հայեր (ներառյալ՝ համշենհայերը), ալևիներ, ոչ մահմեդական եզդիներ և այլ մեծ ու փոքր էթնոկրոնական խմբեր չճանաչվեցին փոքրամասնություն, այսինքն՝ համարվեցին թուրք: Ըստ էության՝ սրանք այն փաստական (ստեղծված իրավիճակը) և, հատկապես, միջազգայնորեն ճանաչված իրավական (Լոզանի դաշնագիրը) հիմքերն էին, որոնց վրա ձևակերպվեց նորաստեղծ հանրապետության սահմանադրության թիվ 66 հոդվածը, ըստ որի՝ «Թուրքիայի պետության հետ քաղաքացիական կապով կապված ամեն ոք թուրք է»: Այսինքն՝ օրենքով ամրագրվեց, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները թուրքեր են, ինչից էլ բխելու էր մյուս ազգերի և ժողովուրդների նկատմամբ գործադրվելիք քաղաքականությունը:
Հանրապետության հռչակումից հետո Թուրքիայի խշխանությունները ծրագրեցին և հետևողականորեն գործադրեցին երկրում բնակվող այլալեզու և այլակրոն ժողովուրդների ձուլման քաղաքականություն, որը տարբեր դրսևորումներով շարունակվում է առ այսօր:
Թուրքիայի ղեկավարությունն այս նպատակի վերջնական իրագործման համար պատրաստ էր ամեն քայլի: Այս առումով ծրագրային կարելի է համարել Թուրքիայի վարչապետ, հետագայում նախագահ Իսմեթ Ինոնյուի՝ 1925թ. մի ելույթում հնչած հետևյալ միտքը. «Մենք բացահայտ ազգայնականներ ենք: Ազգայնականությունը մեզ միավորած միակ պատճառն է: Թուրք մեծամասնության կողքին մյուս տարրերը ոչ մի ազդեցություն չունեն: Ինչ գնով ուզում է լինի, մենք թրքացնելու ենք մեր երկրում ապրողներին, իսկ թուրքերի և թրքականության դեմ դուրս եկողներին` ոչնչացնելու» (1):
Իսկ Թուրքիայի Հանրապետության արդարադատության նախարար Մահմութ Էսադի 1930 թ. ելույթում հնչած հետևյալ միտքը իր լկտիությամբ և այլամերժությամբ թերևս բացառիկ է. «Մենք ապրում ենք ամենաազատ երկրում` Թուրքիայում, որտեղ թուրքը այս երկրի միակ տերն ու տիրակալն է: Մարդիկ, ովքեր ծագումով մաքուր թուրքեր չեն, այս երկրում ունեն միայն ստրուկ, ճորտ լինելու իրավունք (2)»:
Այն, որ Մուստաֆա Քեմալը շարունակեց երիտթուրքերի ազգային քաղաքականությունը, զարմանալի չէ, քանի որ ինքը և իր կառավարության գրեթե բոլոր անդամները երիտթուրքեր էին:
30-ական թթ: Ժողովուրդների թուրքացման ու իսլամացման քաղաքականությունը կիրառվում էր հասարակական կյանքի բոլոր բնագավառներում անխտիր: Ըստ թուրք պատմաբան Բասքըն Օրանի` «Հանրապետության էթնոկրոնական ճարտարապետության հանդեպ քաղաքականությունը մշտապես ուղղված է եղել 2 նպատակի.
ա) «Ազատվել ոչ մահմեդականներից, քանի որ տարբեր կրոններ դավանելու պատճառով չէին կարող ուծացվել:
բ) Ձուլել քրդերին և ոչ թուրք մյուս մահմեդական խմբերին» (3):
Այս ծրագիրը ենթադրում էր օսմանցուն փոխարինած թուրքի նոր ինքնության կերտում, որին էլ ուղղվեցին կառավարության հիմնական միջոցներն ու ջանքերը: Այդ նպատակի իրականացման համար հատկապես կարևորվում էին.
- 1. Կրթությունը, գիտությունն ու քարոզչությունը:
- 2. Ազգային-հասարակական և սոցիալ-տնտեսական կյանքում թուրք տարրի գերակայությունն ամրակայող օրենքների ընդունումը:
Առաջին ոլորտում նշենք մի քանի սկզբունքային միջոցառումներ.
ա. Առաջին քայլը, ինչպես նշվեց վերևում, երկրի ողջ բնակչությանը սահմանադրությամբ թուրք հռչակելն էր:
բ. Արաբական այբուբենից անցում լատինականին (սրանով լուծվում էր նաև կարևորագույն խնդիր. նոր սերունդները զրկվում էին սեփական երկրի ու ժողովրդի պատմությանն ինքնուրույն կերպով ծանոթանալու հնարավորությունից):
գ. Թուրք ազգի բացառիկության գիտակցության սերմանումը երեխաների մեջ՝ դպրոցներում ամեն օր հայտնի երդումը կրկնելու ճանապարհով
Թուրք եմ, ազնիվ եմ, աշխատասեր եմ:
Սկզբունքս` փոքրերիս պահապան լինելը, մեծերիս հաշվի առնելն է,
Հայրենիքս, ազգս անձիցս առավել սիրելը:
Բարձրագույն նպատակս բարձրանալ–առաջ գնալն է:
Հե՜յ, մե՜ծ Աթաթուրք,
Երդվում եմ անդադար քայլել քո բացած ճանապարհով`
Դեպի քո կողմից մատնացույց արված նպատակը:
Թո՛ղ իմ գոյությունն ընծայվի թուրքի բարօրությանը:
Ի՜նչ երջանիկ է նա, ով ասում է` թուրք եմ (4):
դ. Դպրոցական և համալսարանական կրթության նոր ծրագրերի, նոր դասագրքերի, հատկապես՝ պատմության դասագրքերի ստեղծում:
ե. Թուրքիայի պատմության նորովի շարադրում, որը միակ պաշտոնական աղբյուրն էր և պարտադիր էր բոլորի համար:
Բնակչության թրքացումից ոչ պակաս կարևոր էր երկրի թրքացումը, այսինքն՝ հայկական, հունական և ասորական տեղանունների փոփոխությունը. այն սկսվեց 1928 թ. և շարունակվում է նաև մեր օրերում: Միայն Արևմտյան Հայաստանում, Փոքր Հայքում, Կիլիկիայում, Պոնտոսում և հարակից հայաբնակ այլ վայրերում փոխվեց մոտ 10 հազար բնիկ հայկական տեղանուն: Մի քանի տարին մեկ տպագրվող քարտեզներն իրարից տարբերվում էին անճանաչելիության չափ:
Այժմ տեսնենք, թե ոչ մահմեդականներից ազատվելու գործընթացն ինչպես ընթացավ: Առաջին քայլերն ուղղված էին բոլոր քրիստոնյաներին պետական, հասարակական կյանքից օտարելուն. 1926 թ. Պաշտոնեության մասին ընդունված` թիվ 788 օրենքի («Մեմուրին քանունու») 4-րդ հոդվածի համաձայն` հանրային ոլորտի պաշտոնյաները պետք է լինեին թուրքեր: Մյուս ազգերից կարելի էր ընդունել միայն նրանց, ովքեր համաձայն էին իսլամանալու-թրքանալու: Սա թերևս առաջին բացահայտ խտրական օրենքն էր, որը շատերին պետք է ստիպեր կամ հեռանալ երկրից, կամ ձուլվել:
Հաջորդ զանգվածային միջոցառումը 1929 թ. մի շարք նահանգներից (Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա և այլն) հայերին պարտադրված արտագաղթն էր. 1929-1930 թթ. այս նահանգներից աւելի քան 6.000 հայեր գաղթեցին Սիրիա: Մեկ պարտադրված արտագաղթ էլ կազմակերպվեց 1934 թ., այս անգամ՝ երկրի խորքերից դեպի Ստամբուլ:
1939 թ. Ալեքսանդրեթի նահանգը պոկվեց Սիրիայից և կցվեց Թուրքիային: Կիլիկիայի հայերի մի զգալի մասը՝ 35.000 մարդ, որ փրկվել էր կոտորածներից և հաստատվել այդ նահանգում, նորից ստիպված էր հեռանալ երկրից:
Այսպիսի զանգվածային արտագաղթերի միջև ընկած ժամանակահատվածներում ճնշումների հետևանքով բազմաթիվ հայեր ստիպված էին ընդունել իսլամ, իսկ ովքեր չէին համակերպվում, հեռանում էին կամ Ստամբուլ, կամ արտասահման:
1940-ական թվականներ: Քեմալ Աթաթուրքի մահվանից հետո (1938 թ.) իշխանության եկած Իսմեթ Ինոնյուի իշխանության քաղաքական ուղղվածության մասին լավագույնս վկայում է 1943 թ. Գերմանիայից Թալեաթի աճյունի տեղափոխումը Թուրքիա: Սա հայերի և, ընդհանրապես, մյուս փոքրամասնությունների նկատմամբ վարվող քաղաքականության մասին հստակ ազդարարություն էր:
Այս շրջանից հատկապես պետք է նշել զինակոչին, հարկային և լեզվական քաղաքականությանն առնչվող օրենքները:
1941 թ. մայիսին, երբ գրեթե ողջ Եվրոպան հայտնվել էր Գերմանիայի տիրապետության տակ, և ակնհայտ էր, որ նախապատրաստվում էր ԽՍՀՄ-ի վրա հարձակում, Գերմանիայի դաշնակից Թուրքիան ընդունեց զինակոչի մասին հատուկ օրենք, որով 25-45 տարեկան բոլոր հայերը, հրեաներն ու հույները զորակոչվեցին բանակ: Այն կոչվեց 20 դասակարգի զինակոչ: Զորակոչն անցկացվեց առանց զգուշացնելու և ավարտվեց երկու օրվա ընթացքում, ինչը խոսում է նախապատրաստական գաղտնի աշխատանքների մեծ ծավալի մասին: Մարդկանց հավաքում էին տներից, գործատեղերից, փողոցներից: Շատերը ծառայել էին բանակում, որոշների համար էլ դա երրորդ զորակոչն էր: Այս զորակոչը հիշեցնում է Առաջին աշխարհամարտի ժամանակ հատկապես հայերին (18-45 տարեկան) զորակոչելու և դավադիր կերպով ոչնչացնելու ծրագիրը: Այս անգամ ևս հայերն ուղարկվեցին բանվորական գումարտակներ՝ քարհանքերում աշխատելու կամ ճանապարհներ կառուցելու (հույներին և հրեաներին ուղարկեցին կատարելու այլևայլ աշխատանքներ, բայց ոչ բանվորական գումարտակներ): Սա ևս մի հավելյալ ապացույց է, որ հայերի նկատմամբ վերաբերմունքն էականորեն տարբերվում էր մյուս փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքից:
Այս մարդիկ ստույգ մահվանից ազատվեցին միայն արևելյան ճակատում իրավիճակի փոփոխությամբ: Ու թև նրանք փրկվեցին ստույգ մահվանից, բայց զորացրումից հետո շատերն արտագաղթեցին:
Տնտեսական ոլորտում պետք է առանձնացնել ունևորության հարկի մասին օրենքը (Varlık Vergisi), որն ընդունվեց 1942 թ. նոյեմբերին և գործադրվեց ամենայն խստությամբ ու հետևողականությամբ: Ըստ այս օրենքի՝ «…թուրք առևտրականը պէտք է վճարէր իր տարեկան եկամտի 4.74 տոկոսը, յոյնը՝ 150 տոկոսը, հրեան՝ 179 տոկոսը, իսկ հայը՝ 232 տոկոսը. այսինքն՝ յոյները, թուրքերի համեմատութեամբ, վճարում էին 31 անգամ աւելի, հրեաները՝ 36 անգամ, հայերը՝ 47 անգամ» (5): Օրենքի 11-րդ հոդվածով՝ նշանակված հարկի դեմ հարկատուներն առարկելու իրավունք չունեին: Ավելին՝ այն չկատարողներին սպառնում էր խիստ պատիժ, որն էլ, ըստ էության, օրենքի բուն նպատակն էր:
Կառավարությունը հստակ գիտեր, որ հայերը, հույներն ու հրեաները չէին կարող կատարել հարկային նման պարտականությունները: Եվ ահա շատ չանցած սկսվում են «օրինազանցների» դեմ պատժամիջոցները, ինչն էլ օրենքի բուն նպատակն էր: Հարկ է նշել, որ կրոնափոխների կամ օրենքի գործադրության ընթացքում իսլամ ընդունողների հարկի չափը կրկնակի քիչ էր:
Ովքեր չկարողացան վճարել հարկերը, նրանց ունեցվածքը աճուրդով վաճառվեց: Նրանք, ում ունեցվածքի վաճառքից գոյացած գումարը չէր բավարարում հարկի պարտքը փակելուն, աքսորվեցին Աշքալեի գավառ՝ քարհանքերում տաժանակիր աշխատանքի կամ Կարինից Սեբաստիա ճանապարհներ կառուցելու. նույնիսկ աքսորավայր հասնելու ծախսը գանձվում էր աքսորվողից: Շատերը զոհվեցին աքսորավայրերում:
Ունևորության հարկի մասին օրենքը չեղյալ հայտարարվեց 1944 թ. մարտին, երբ Երկրորդ աշխարհամարտի ելքը գործնականում վճռված էր, և Թուրքիայի դաշնակից Գերմանիան պարտության եզրին էր:
Փոքրամասնությունների դեմ ուղղված հաջորդ քայլը 1942 թ. իշխանությունների նախաձեռնությամբ սկիզբ առած «Քաղաքացի´, խոսի´ր թուրքերեն» շարժումն էր: Ազգայնամոլների խմբերն այս սպառնալից կոչով անցնում էին փոքրամասնությունների բնակավայրերով, թաղերով՝ տարածելով ահ ու սարսափ: Անասելի տառապանքներ տեսած մարդկանցից շատերի վրա այս շարժումը թողեց ակնկալված ազդեցությունը. փոքրամասնությունների լեզուներն աստիճանաբար դուրս էին մղվում գործածությունից, քանզի մայրենի լեզվով հասարակական վայրերում խոսելը դիտվում էր թուրքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք և հաճախ ողբերգական հետևանք էր ունենում:
Իշխանությունները լավ գիտեին, որ հայերի (և, ընդհանրապես, քրիստոնյաների) ինքնության պահպանման գործում եկեղեցին ուներ անփոխարինել դեր, ուստի հայերի ձուլման կամ երկրից վտարման ծրագրի մեջ առանձնահատուկ նշանակություն էին տվել հայկական եկեղեցիների և վանքերի ոչնչացմանը և հոգևորականների գործունեությանն ամեն կերպ խոչընդոտելուն: Ըստ 1914 թ. գրանցումների` օսմանյան պետությունում հայերն ունեցել են 2538 եկեղեցի, 451 վանք և 2 հազար դպրոց, որոնցից այսօր կանգուն են մի քանի տասնյակը, այն էլ՝ հիմնականում Կ. Պոլսում:
Թուրքիան կարողացավ օգտագործել ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ աշխարհամարտերի ընձեռած հնարավորությունները՝ միատարր երկիր ստեղծելու համար: Բազմաթիվ հայեր, հույներ, ասորիներ և հրեաներ լքեցին երկիրը, մնացողների զգալի մասն էլ իսլամացավ: 1923 թ. դրությամբ քրիստոնյա հայերի թիվը եղել է մոտ 400 հազար, որի կեսը՝ մոտ 200 հազարը՝ գավառներում, կեսը՝ Ստամբուլում:
Իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով, 1940-ականների ավարտին գավառահայության թիվը կտրուկ նվազել էր:
1950-ականներին այնպիսի ցնցումներ, ինչպիսիք էին տեղահանությունը, զորակոչը, հարկային քաղաքականությունը, չարձանագրվեցին՝ բացառությամբ 1955 թ. սեպտեմբերի 6-7-ի իրադարձությունների, որոնք թեև իշխանությունները փորձեցին ներկայացնել որպես ամբոխի տարերային գործողություններ, սակայն ակնհայտ էր, որ կազմակերպել էին հատուկ ծառայությունները և հիմնականում ուղղված էին հունական և հայկական համայնքների դեմ: Երկու օրում Ստամբուլում և Իզմիրում ամբոխը թալանում, ոչնչացնում է հույների, հայերի և հրեաների 4348 խանութ, 110 հյուրանոց, 27 դեղատուն, 23 դպրոց, 21 գործարան, 70 եկեղեցի, 3 գերեզմանատուն, հազարավոր տներ: Սպանվեց 16 հույն, որոնցից 2-ը քահանա, մեկ հայ: Բռնաբարվեցին բազմաթիվ կանայք ու աղջիկներ:
1960 թ. մարդահամարի տվյալներով Արևմտյան Հայաստանում, Փոքր Հայքում և Անատոլիայի մյուս գավառներում ապրում էր 53,173 հայ (6): 1947թ. այդ թիվը կազմում էր 57,559 մարդ: Կրոնափոխ հայերը չեն ներառված այս թվի մեջ: Ստացվում է, որ ժողովրդավարների կառավարման 13 տարում այն նվազել է 4426-ով կամ մոտ 7.5% -ով:
1960-1980-ականների դեպքերը (1960 թ, 1971 թ. և 1980 թ. ռազմական հեղաշրջումները) եկան փաստելու, որ անգամ կիսատ-պռատ ժողովրդավարությանը Թուրքիան պատրաստ չէ: 1960 թ. զորավար Գյուրսելի գլխավորությամբ ռազմական հեղաշրջումը վերահաստատեց բռնապետական համակարգը Թուրքիայում: Ի դերև ելան ազգային փոքրամասնությունների և թուրք հասարակության որոշ շրջանակների հույսերը ակնկալվող բարեփոխությունների հարցում: Այստեղ միայն փաստենք, որ գավառաբնակ հայության թիվը, ըստ ժամանակի Թուրքիո հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանի, տասը տարում (1960-1970) պակասեց ավելի քան կիսով չափ` հասնելով շուրջ 25 հազարի:
Արդի վիճակը: Այսօր կարող ենք փաստել, որ Թուրքիայի իշխանությունները, չնայած գործադրած մեծ ջանքերին և պետականորեն ծրագրված և իրականացված աննախադեպ հանցագործություններին, ոչ ցեղասպանության, ոչ ձուլման ճանապարհով չկարողացան «լուծել» ազգային հարցը: էթնոկրոնական տեսակետից Թուրքիան միատարրությունից շատ է հեռու, ինչպիսին փորձում է ներկայանալ թե երկրի ներսում, թե, առավել ևս, միջազգային հանրությանը: Վերջին տարիներին հեղինակավոր միջազգային կազմակերպությունների անցկացրած հարցումների տվյալներով Թուրքիայի բնակչության շուրջ կեսը (7) իրեն թուրք չի համարում: Այդ բազմամիլիոնանոց զանգվածը, բնականաբար, միատարր չէ նաև լեզվական առումով. Թուրքիայում բնակվող ժողովուրդները խոսում են 36 լեզվով (8): Սակայն մեկ ազգ-մեկ լեզու հիմնահարցը Թուրքիայի ներքաղաքական օրակարգում չի կորցրել իր արդիականությունը. 2009 թ. մարտ ամսին Հաքքարիում դարձյալ վարչապետ, հետագայում դարձյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ միտքը բանաձևեց առավել համառոտ. «Մեկ լեզու, մեկ ազգություն. ով որ չի հավանում, կթողնի-կգնա» (9):
Կարծում եմ՝ բոլորին, հատկապես հայերին, պարզ է, թե «կթողնի-կգնա» արտահայտությունն իրականում ինչ բովանդակություն ունի, որի հիշեցումով թուրքական իշխանությունները թիրախավորում են մի քանի նպատակ, որոնցից հիմնականը փոքրամասնությունների մեջ ինքնության վերադարձի՝ նկատվող զարթոնքը խեղդելն է: Տվյալ հարցում հայերին (ներառյալ՝ իսլամացվածներին) թիրախ դարձնելը պայմանավորված է հայ-թուրքական հարաբերություններով, ինչն այսօր նորանոր երանգներ է ստանում մի կողմից` Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պահանջի, մյուս կողմից` Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականության, երրորդ կողմից՝ արևմտահայության ազգային զարթոնքի դրսևորումներով:
- Օքթայ Բարան, Իսմեթ Ինոնյուն, քեմալիզմը եւ ժողովրդավարությունը
- www.noravank.am
- Տե´ս նաեւ «Ակօս», 29. 05. 2009:
- Գեղամեան Ս., Թուրքիայի ազգային բուրժուազիան երկրի տնտեսական եւ սոցիալ-քաղաքական կեանքում` 1945-50 թթ., Դրօշակ, 1989, փետրվար, էջ 31:
- Կիրակոսյան Ջ., Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, հտ. 2, Երեւան, 1983, էջ 445:
- Այն դպրոցներից հանվեց 2013 թ.:
- Հայ Դատն այսօր, Թեհրան, 2005, էջ 46: Նաև
- Թուրքիայում խոսվող լեզուներին եւ աշխարհի բոլոր լեզուներին նվիրված մի համապարփակ ուսումնասիրություն հրապարակած www.ethnologue.com-ի` Թուրքիայի մասին զեկուցման համաձայն` Թուրքիայում խոսում են 36 լեզվով` թուրքերենը ներառյալ:
- Milliyet օրաթերթ, 13.03.2009:
Ստորև ներկայացնում ենք բ.գ.դ. Հայկազուն Ալվրցյանի ելույթի տեսագրությունը.
yerkir.am/news/view/251042.html