Հայոց այբուբենի տառերը մետաքսի վրա – բացվեց լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանի անհատական ցուցահանդեսը

Հայոց այբուբենի տառերը մետաքսի վրա – բացվեց լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանի անհատական ցուցահանդեսը

24 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միության Արա Սարգսյանի անվան ցուցասրահում հոկտեմբերի 24-ի բացվեց լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանի «Սաղարթ» առաջին անհատական ցուցահանդեսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը նվիրված է Թարգմանչաց տոնին և ընդգրկում է հեղինակի 53 աշխատանք, որոնք ստեղծվել են հինգ տարում: Դրանք կտավներ են կատարված մետաքսի վրա՝ բատիկայի սկզբունքով: Ստեղծագործություններն անտիպ են, քանի որ առաջին անգամ փորձ է արվել հայոց այբուբենի տառերը ներկայացնել որպես արվեստի գործ՝ ինքնատիպ լուծումներով և պատկերազարդման նոր տեխնիկայով: Արաբական գեղագրության արվեստին քաջածանոթ լինելու փաստը մեծ հնարավորություն է տվել Արմենուհուն՝ յուրովի ուսումնասիրելու և յուրակերպ բացահայտելու հայկական տառարվեստի և մանրանկարչության առանձնահատկությունները:

Համադրված են հայկական զարդարվեստի նախշերը, կենդանակերպի, ինչպես նաև հայկական առասպելաբանության խորհրդանիշերը: Ստեղծագործություններում առկա են նաև արվեստի ժամանակակից ընկալումների նոր շերտավորումներ, որոնք աշխատանքները ձևակերպում են ժամանակին համընթաց:

Այս փորձառությունը հաճելի մարտահրավեր ու ոգեշնչման աղբյուր դարձավ մի մարդու համար, ով արվեստի բնագավառում չունի ակադեմիական կրթություն. «Հաշվի առնելով, որ հայկական տառերը մշակութային ինքնության անքակտելի և կարևորագույն բաղադրիչներից մեկն է՝ իմ մեջ ցանկություն առաջացավ բացահայտելու հնադարյան գիրն ու զարդարվեստը և յուրովի նոր շունչ պարգևելու դրանց՝ ժամանակի ոգուն համահունչ»,- ասում է Արմենուհին:

Ցուցահանդեսում սպասվում է հանդիպում հեղինակի հետ, ով կներկայացնի իր կրկին առաջին անգամ լույս տեսած, նույն աշխատանքների կատալոգը, որտեղ զետեղված են ստեղծագործությունների լուսանկարները՝ համապատասխան գեղարվեստական բացատրություններով:

Արմենուհի Սաղդասարյանի՝ «ԱրթԶ» կրթամշակութային ՀԿ-ի կազմակերպած ցուցահանդեսը տևելու է չորս օր:

armenpress.am/arm/news/1066347.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail