Մարտունիի Մէջ «Թիւֆէնքեան»ի Հերթական Բարեգործական Ծրագիրը Յաջողութեամբ Պսակուեց

Թիւֆէնքեան բարեգործական հիմնադրամ – ԱՐՑԱԽ

Մարտունիի Մէջ «Թիւֆէնքեան»ի Հերթական Բարեգործական Ծրագիրը Յաջողութեամբ Պսակուեց

27 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2021 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ:

Նարինէ Հայրապետեան

«Թիւֆէնքեան» բարեգործական հիմնադրամն իր առաքելութեանը հաւատարիմ շարունակում է մնալ Արցախի ու արցախահայութեան կողքին:

Հոկտեմբերի 19ին հերթական կապիտալ (հիմական) վերանորոգուած առանձնատունը շահագործման է յանձնուել Մարտունի քաղաքում:

Հայրիեանների ընտանիքը բնակարանը ստացել է 2006ին` բազմազաւակ ընտանիքներին բնակարաններով ապահովելու պետական աջակցութեան ծրագրով: 44օրեայ պատերազմի հետեւանքով վնասուել է տունը, ծանր վիրաւորում ստացել 27ամեայ որդին` Հայկ Հայրիեանը: Հիմնադրամի հովանաւորութեամբ կապիտալ վերանորոգուել է 3 սենեականոց առանձնատունը:

«Թիւֆէնքեան» բարեգործական հիմնադրամի հանրային կապերի տնօրէն Ռուբէն Ճանպազեանն իր խօսքում նշեց. «Հայկը մեր այն հերոսներից է, ով պատերազմի ողջ ընթացքում պայքարել է հայրենիքի պաշտպանութեան համար: Այս քայլով մենք ուզում ենք ցոյց տալ Հայկին, որ ոչ միայն Արցախի ու Հայաստանի ժողովուրդը, այլեւ սփիւռքահայութիւնն իր կողքին է: Այս անգամ մենք ներգրաւեցինք մեր սփիւռքի ներուժը, համացանցի միջոցով նուիրահաւաք կազմակերպեցինք եւ այդ միջոցներով այսօր այս ընտանիքին յանձնեցինք վերանորոգուած բնակարանը»:

Ընտանիքի մայրը` Նորա Հայրիեանն, իր շնորհակալութիւնն ու երախտիքի խօսքն է ուղղել «Թիւֆէնքեան» բարեգործական հիմնադրամին` դժուար օրերին իրենց կողքին կանգնելու եւ սատար լինելու համար. «հիմնադրամի շնորհիւ այսուհետ ապրելու ենք բարեկեցիկ պայմաններ ունեցող մեր տանը», նշել է նա:

Նոյն օրը, յետ-պատերազմեան ժամանակահատուածում Մարտունու շրջանում թուով 8, իսկ Խերխանում` առաջին տունը շահագործման յանձնեցին` Սէյրանեանների ընտանիքին:

Ընտանիքի մայրը` Մարինէ Սէյրանեանը, պատմում է, որ 6 հոգանոց ընտանիքն այս տանն էր ապրում: Տան կցակառոյց հատուածի կառուցման աշխատանքները սկսել էին, առաջին հարկի պատերն արդէն դրել, երբ սկսուեց չարաբաստիկ պատերազմը: Ամուսինը` Ստեփան Սէյրանեանը, մեկնեց մարտադաշտ եւ Հոկտեմբերի 22ին, Ջիւանու տարածքում, անօդաչու թռչող սարքի հարուածից միացաւ անմահների գնդին: Պատերազմից յետոյ կցակառոյցի եւ վերանորոգման աշխատանքներն աւարտին հասցրեց «Թիւֆէնքեան» բարեգործական հիմնադրամը:

«Ցաւով ենք նշում, որ տանտէրն ու իր նման բազմաթիւ տղաներ այսօր մեզ հետ չեն: «Թիւֆէնքեան» բարեգործական հիմնադրամը նման ընտանիքների կողքին է: Փորձում ենք անել հնարաւորինս, որպէսզի փոքր ինչ դիւրացնենք հերոսների ընտանիքների անդամների կեանքը»,- իր խօսքում նշեց հիմնադրամի տնօրէն Գրիգոր Պետեանը:

«Տան կառուցման եւ վերանորոգման աշխատանքները սկսել են Սեպտեմբերի 5ին, աւարտել ուղիղ 44 օր յետոյ… Շնորհակալութիւն ենք յայտնում Հիմնադրամին` բանուորից մինչեւ տնօրէն, բոլոր բարերարներին` մեզ աջակցելու, մեր կողքին լինելու համար», նշեց Մ. Սէյրանեանը:

Տան բացման պատուաւոր առաքելութիւնն իրականացրեց ընտանիքի կրտսեր որդին` Արեգը: Չնայած նրան, որ ֆիզիկապէս կորցրել են տան հենասեանը, բայց նա հոգեպէս միշտ ընտանիքի հետ է ու կշարունակի ապրել ընտանիքի հետ` այդ մեծ առանձնատանը: Որդիները յստակ որոշել են. կը մնան ու կը շենացնեն հայրենի գիւղը:

Սէյրանեանների ընտանիքում առաջիկայում երկու ծնունդ կը լինի, ովքեր իրենց հետ նոր ապրումներ կը բերեն, նոր իմաստ ու ապրելու ուժ կը տան:

«Ամարաս»

asbarez.am/405897/մարտունիի-մէջ-թիւֆէնքեանի-հերթակա/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail