
«Ամեն ստորագրված թուղթ չէ, որ պետք է դառնա դատավճիռ մեզ համար». Տարոն Տոնոյան
Հոկտեմբեր 28,2021 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ: <<Արտերկրի անկախ հայերը խստիւ կը դատապարտէն Հայաստանի Հանրապետութեան վարչապետի եւ ազգային ժողովի վերջին օրերու կեցուածքները>>
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, զինվորական բժիշկ, վիրաբույժ Տարոն Տոնոյանը խոսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին, դրան հաջորդած եւ սպասվող ստորագրվելիք փաստաթղթերի նշանակության ու վտանգների մասին՝ ասաց. «Ամեն թղթի վրա գրված բան չէ, որ կարելի է իրականացնել: Մեկ մարդուց, մեզանից յուրաքանչյուրից շատ բան է կախված: Սուլթանն էլ էր ստորագրել Սեւրի պայմանագիրը, բայց մի հատ Աթաթուրք հայտնվեց եւ Թուրքիան վերակենդանացավ:
Աշխարհի բոլոր հզոր պետություններն էին ստորագրել: Ամեն ստորագրված թուղթ չէ, որ պետք է դառնա դատավճիռ մեզ համար: Մենք հայրենիքը իրոք կորցնելու վտանգի առջեւ ենք կանգնած: Առանց չափազանցեցնելու:
Հիմա հարցնում են՝ ամսի 9-ին որեւէ բան ստորագրվելո՞ւ է, թե՞ ոչ:
Այդ օրը չստորագրվի, կգան, կասեն՝ տեսա՞ք, որ սուտ էին ասում:
Հունվարի 11-ին էլ Մոսկվայում որեւէ բան չստորագրվեց: Բայց անցավ մի որոշ ժամանակ, թուրքերը եկան, նստեցին Շուռնուխում, ճանապարհները փակեցին, եւ էս մարդիկ ասացին թուրքական տեղանուններ, հայտարարեցին՝ իրենցն է: Նույնը՝ Սեւ լիճ, Գեղարքունիք եւ այլն: Ու այսքանից հետո ժողովուրդը դեռ հանդուրժում է:
Ես ամսի 27-ին, ժամը 5:30-ին եղել եմ Ջաբրայիլում եւ նոյեմբերի 10-ին Ստեփանակերտից վերադարձել եմ Երեւան: Լսելով չեմ ասում, այդ ընթացքում տեսել եմ մեր տղերքի հերոսությունները, շատ թերություններ էլ եմ տեսել եւ միանշանակ հայտարարում եմ. պատերազմը կարող էր այլ ելք ունենալ:
Այն անկազմակերպվածությունը, քաոսը, որ կար, դրա թիվ մեկ պատասխանատուն եւ մեղավորը մեր պետության ղեկավարն է»:
Զինվորական բժիշկը մտավախություն ունի, որ այսօրվա ընտրված ճանապարհը տանելու է անգամ զոհված հինգ հազար տղաների ուրացում:
«Տղաները զոհվել են ու իրենք չգիտեն՝ հաղթեցի՞ն արդյունքում, թե՞ պարտվեցին: Իրենք սա չտեսան:
Բայց ես տեսել եմ տղաներին, որոնք իրենց պարտքը կատարել են, տեսել եմ, թե ինչ պատվով են իրենց գործը կատարել: Տեսել եմ բազմաթիվ կամավոր եկածներին, որոնք պատվով կանգնել են մինչեւ վերջ՝ վստահ լինելով, որ իրենց հայրենիքը, իրենց Սուրբ սրբոցը, իրենց ընտանիքն են պաշտպանում:
www.aravot.am/2021/10/28/1225578/





